ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2016 թվականի N 1231-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու, ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններն ու ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 982-Ն որոշման N 1 հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ուղղությամբ որոշակի նախընտրելի ավիափոխադրող ընդհանրապես չի իրականացնում ավիատոմսերի վաճառք որևէ էլեկտրոնային հարթակի միջոցով, պատվիրատուին կամ գործուղման մեկնող անձին թույլատրվում է ձեռք բերել իր համար նախընտրելի ավիատոմսը ցանկացած անձից, սակայն հետևյալ պայմանով՝ պատվիրատուն կարող է ֆինանսավորել տվյալ ուղղությամբ ավիափոխադրման արժեքը ոչ ավել, քան համակարգում որոնում կատարելու արդյունքում նույն օրը և նույն ուղղությամբ ցանկացած այլընտրանքային չվերթով ավիափոխադրման նվազագույն արժեքով կամ նվազագույն արժեքի նկատմամբ մինչև 10 տոկոս տարբերություն ունեցող արժեքով: Ընդ որում, գերազանցող տարբերությունը կարող է ֆինանսավորվել ուղևորի անձնական միջոցների հաշվին: Նման եղանակով ավիափոխադրում ձեռք բերելիս պատվիրատուն պետք է պատշաճ հավաքագրի և պահպանի անմիջապես համակարգից տպված կամ օպերատորի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված կիրառելի գնանշումները և դրանք երրորդ անձից գնված ավիատոմսի, դրա արժեքը հիմնավորող փաստաթղթերի պատճենի հետ մեկտեղ երեք օրվա ընթացքում ուղարկի օպերատորի էլեկտրոնային հասցեով՝ ավիատոմսերի արժեքների կենտրոնացված հաշվառում կատարելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան