ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0288/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0288/02/12 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Սվետլանա Բեգլարյանի ընդդեմ Իջևան համայնքի ղեկավարի` 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սվետլանա Բեգլարյանը պահանջել է անվավեր ճանաչել Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումը և որպես անվավերության հետևանք՝ վերականգնել նախկին աշխատանքում՝ «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Դպրոց) տնօրենի պաշտոնում, ինչպես նաև բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար` սկսած 28.08.2012 թվականից:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Կուրեխյան) (այսուհետ՝ Դատարան) 27.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, Ի. Վարդանյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2013 թվականի որոշմամբ Սվետլանա Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշմամբ Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իջևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դպրոցի և Սվետլանա Բեգլարյանի միջև 10.11.2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշմամբ, որի հիմքում դրված է եղել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշումը վերանայելու հիմք է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշման հիման վրա Սվետլանա Բեգլարյանն ազատվել է Դպրոցի տնօրենի պաշտոնից: Ինչ վերաբերում է որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքին, ապա այդ վճիռն օրինական ուժի մեջ թողած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը Դպրոցի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշման կայացման պահից նոր երևան եկած հանգամանքն այլևս առկա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշմամբ դադարեցվել են տնօրեն Սվետլանա Բեգլարյանի լիազորությունները (գ.թ. 32)։
2) Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշմամբ հաստատվել է Իջևան համայնքի Դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի լիազորությունների դադարեցումը, և վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված (գ.թ. 33):
3) Դատարանի 27.12.2012 թվականի վճռով Սվետլանա Բեգլարյանի հայցն ընդդեմ Իջևան համայնքի ղեկավարի` 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին, մերժվել է, և նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 90-92, 148-149, 170-172):
4) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Բեգլարյանի ընդդեմ Դպրոցի տնօրենների խորհրդի անդամներ Բորիս Թանանյանի, Վարազդատ Գևորգյանի, Սերյոժա Քամալյանի, Լիանա Խաչինյանի և Գոհար Բարսեղյանի` տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով անվավեր է ճանաչել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշմամբ պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման դեմ բերված պատասխանողների վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
5) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել Դպրոցը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշմամբ մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Դպրոցի` որպես գործին մասնակից չդարձված անձի բողոքի հիման վրա բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` նոր երևան եկած հանգամանքի հիմքով, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը)։
Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք, վկայակոչել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով անվավեր է ճանաչվել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշմամբ պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման դեմ բերված պատասխանողների վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել Դպրոցը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշմամբ մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Դպրոցի` որպես գործին մասնակից չդարձված անձի բողոքի հիման վրա բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահին՝ 11.05.2015 թվականին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը եղել է օրինական ուժի մեջ, սակայն նշված վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Դպրոցի բողոքի հիման վրա բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննության ժամանակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռն այլևս օրինական ուժի մեջ չէ, հետևաբար այդ վճռով հաստատված հանգամանքը հիմք չէ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու անհրաժեշտությունը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով հիմնավորելուց բացի՝ այլ կերպ հիմնավորված չլինելու պայմաններում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 10.04.2013 թվականի որոշումը բեկանելու հիմքերը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |