ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 685-Ն
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Երկրորդային հումքի ցանկը հաստատելու մասին» N 107-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ
1. Թղթի և ստվարաթղթի թափոններ
2. Գունավոր և սև մետաղների ջարդոն ու թափոններ
3. Պոլիմերային նյութերի թափոններ
4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ
5. Տեքստիլ թափոններ
6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ
7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ
8. Էլեկտրոտեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ
9. Շինարարական թափոններ
10. Փայտանյութի թափոններ
11. Ռետինե թափոններ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |