ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
31 մայիսի 2016 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ6 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով ֆինանսական պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրն (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին` Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին` Լյուքսեմբուրգում:
Պայմանագիրը բաղկացած է Ներածությունից, 12 հոդվածներից և Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 4 առդիրներից. Առդիր Ա (Ծրագրի բնութագիրը և հաշվետվությունները), Առդիր Բ (ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը), Առդիր Գ (Վարկառուի կողմից լրացվող ձևերը), Առդիր Դ (Վարկառուից ստացվող հավաստագրի ձևը): Պայմանագրին կցված են Հավելված I-ը (Լիազորագիր) և Հավելված II-ը (Ա/Բ ձևեր):
2. Բանկը Վարկառուին տրամադրում է 51.000.000 (հիսունմեկ միլիոն) եվրո գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ Պայմանագրի պայմաններին և դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում գտնվող Վանաձորի և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած Մ6 միջպետական ճանապարհի 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման նպատակով (հոդվ. 1, կետ 1.01 և Առդիր Ա.1):
Ծրագրի ընդհանուր արժեքը Բանկի գնահատմամբ կազմում է 102.000.000 (հարյուր երկու միլիոն) եվրո, և Հայաստանի Հանրապետությունը մտադիր է դրա մյուս կեսը ֆինանսավորել Ասիական զարգացման բանկի 51.000.000 (հիսունմեկ միլիոն) եվրո վարկով (Ներածության 5-րդ կետ, Հոդված 1, 1.01 կետ):
Համաձայն Պայմանագրի տեխնիկական նկարագրի (Առդիր Ա.1)՝ նախատեսվում է ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում (6,7 կմ), Վանաձոր-Ալավերդի հատվածում (43,9կմ), Ալավերդու քաղաքային գոտում (3,4 կմ) և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում (36,3կմ): Ծրագրի այդ հատվածներն ունեն ոլորաններ, կտրուկ զառիթափեր, նեղ կամուրջներ և 3 թունելներ (համապատասխանաբար` 105մ, 270մ և 171մ երկարությամբ), որոնք պետք է արդիականացվեն:
Ծրագիրը նաև ներառում է Ճանապարհային անվտանգության փոքր հատկացում, որի նպատակն է վերացնել ճանապարհային ցանցի վթարավտանգ հատվածները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում (Առդիր Ա.1, Ներածություն):
Ծրագրի օրացույցով շինարարությանը հատկացվել է 36 ամիս` 2017-2020թթ. (Առդիր Ա.1): Վարկի հասանելիության վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 3-ն է: Բանկի կողմից բոլոր Տրանշները հատկացվում են եվրոյով (Հոդված 1, կետ 1.03, Ներածություն):
3. Պայմանագրում ամրագրված են վերջինիս ընդհանուր պայմանները (մեկնաբանություններ և սահմանումներ), Վարկի հատկացման կարգն ու պայմանները, Վարկառուի ֆինանսական և այլ բնույթի մի շարք պարտավորությունները, Վարկի մարման կարգը և ժամկետները, Պայմանագրի կողմերի միջև ծագող վեճերի լուծման, Պայմանագրի ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև եզրափակիչ ու այլ դրույթներ:
Սահմանված է, որ Պայմանագիրը գործողության մեջ է մտնում միայն Բանկի կողմից Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04.Ա կետով պահանջվող փաստաթղթերն ստանալուց հետո:
Յուրաքանչյուր Տրանշի վերջին մարման օրը համարվելու է հատկացման սահմանված ամսաթվից հետո 4 տարուց ոչ շուտ և 20 տարուց ոչ ուշ ընկած վճարման ամսաթիվը: Սահմանված է նաև Վարկի մարման արտոնյալ ժամկետ` 2 ամսից մինչև 5 տարի: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո Վարկի մայր գումարը պետք է մարվի կիսամյակային մասնաբաժիններով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (Հոդված 4, կետ 4.01.Ա): Վարկառուն կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած Տրանշ` հաշվեգրված տոկոսներով և փոխհատուցումներով (Հոդված 4, կետ 4.02.Ա): Բանկը կարող է Պայմանագրով նախատեսված դեպքերում չեղարկել Վարկի չհատկացված մասը և պահանջել դրա վաղաժամ մարում (Հոդված 4, կետ 4.03.Ա):
Վարկը տրամադրվելու է առավելագույնը 15 Տրանշներով: Յուրաքանչյուր Տրանշի գումարը պետք է լինի նվազագույնը 1.000.000 (մեկ միլիոն) եվրո (Հոդված 1, կետ 1.02.Ա):
4. Պայմանագրի 3-րդ հոդվածի 3.01 կետի համաձայն` Վարկի տոկոսադրույքը կարող է լինել ֆիքսված կամ լողացող, որն ամրագրվելու է առանձին յուրաքանչյուր Տրանշի համար: Ֆիքսված տոկոսադրույքով Տրանշի դեպքում մայր գումարի մարումն իրականացվելու է կիսամյակային կտրվածքով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով, իսկ լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` մայր գումարի հավասար կիսամյակային մասնաբաժիններով: Լողացող տոկոսադրույքը հավասար է լինելու 6-ամսյա EURIBOR` գումարած ֆիքսված սփրեդ` 0.28,5%:
Ժամկետանց վճարումների գծով տույժը հաշվարկվում է` ֆիքսված տոկոսադրույքով Տրանշների դեպքում` կիրառելի ֆիքսված տոկոսադրույք + 2% կամ EURIBOR + 2% դրույքաչափերի առավելագույնով, իսկ լողացող տոկոսադրույքով Տրանշների դեպքում` կիրառելի լողացող տոկոսադրույք + 2% (Հոդված 3, կետ 3.02): Գնահատման միանվագ վճարը կազմելու է 50.000 (հիսուն հազար) եվրո, որը ենթակա է վճարման Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում (Հոդված 1, կետ 1.08):
5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Մասհանման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ Բանկ ուղարկել դրա մասին ծանուցում, կից ներկայացնելով IBAN ծածկագիրը կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված համապատասխան ձևաչափը (Հոդված 1, կետ 1.02.Գ),
- առաջին Տրանշի հատկացման համար Մասհանման սահմանված ամսաթվից 7 աշխատանքային օր առաջ Բանկին Պայմանագրով սահմանված կարգով ներկայացնել՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրված՝ իրավական կարծիք (այն հիմնավորող կից փաստաթղթերով) Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագիրը պատշաճ կերպով կնքելու և դրա վավերականության, կատարման ենթակա լինելու և պարտադիր բնույթ ունենալու մասին, ինչպես նաև ապացույցներ Պայմանագրի և Ծրագրի առնչությամբ պահանջվող բոլոր անհրաժեշտ լիազորումները (Հոդված 1, կետ 1.04.Ա),
- Տրանշի հատկացումը Բանկի կողմից մասամբ կամ ամբողջությամբ հետաձգելու, ինչպես նաև սահմանված ամսաթվի և Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04 կետում սահմանված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում վճարել հետաձգված Մասհանման գումարի հիման վրա հաշվարկված Հետաձգման փոխհատուցում (Հոդված 1, կետ 1.05.Ա),
- Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում վճարել Գնահատման միանվագ վճար` 50.000 (հիսուն հազար) եվրո գումար (Հոդված 1, կետ 1.08),
- սպասարկել և մարել Վարկը՝ Պայմանագրում սահմանված պայմաններին և ժամկետներին համապատասխան,
- յուրաքանչյուր Տրանշի առնչությամբ վճարման ենթակա տոկոսը, մարումները և այլ վճարները վճարել եվրոյով, իսկ ցանկացած այլ վճարում կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով (Հոդված 2, կետ 2.02),
- կիսամյակային կտրվածքով` վճարման համապատասխան ամսաթվերին, վճարել ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր Տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով տոկոս` Մասհանման առաջարկում սահմանված կարգով (Հոդված 3, կետ 3.01),
- վճարել ժամկետանց վճարումների գծով տույժ` ֆիքսված տոկոսադրույքով Տրանշների դեպքում` կիրառելի ֆիքսված տոկոսադրույք + 2% կամ EURIBOR + 2% դրույքաչափերի առավելագույնով, իսկ լողացող տոկոսադրույքով Տրանշների դեպքում` կիրառելի լողացող տոկոսադրույք + 2% չափով (Հոդված 3, կետ 3.02),
- ֆիքսված տոկոսադրույքով Տրանշի դեպքում մայր գումարի մարումն իրականացնել կիսամյակային կտրվածքով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով, իսկ լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` մայր գումարի հավասար կիսամյակային մասնաբաժիններով (Հոդված 4, կետ 4.01.Ա),
- ֆիքսված տոկոսադրույքով Տրանշի ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարելու դեպքում վճարել հաշվեգրված տոկոսներ և փոխհատուցումներ, իսկ Բանկի կողմից Պայմանագրով նախատեսված` Վարկի չհատկացված մասը չեղարկելու դեպքում` վաղաժամ (Բանկի պահանջի ամսաթվից ոչ ուշ, քան 30 օր հետո) մարել այն (Հոդված 4, 4.02 - 4.03 կետեր),
- պատշաճ ժամանակին տեղեկացնել Բանկին օրենքի փոփոխության կամ դրա տեղի ունենալու հավանականության մասին, եթե Բանկի կարծիքով դա էական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության կողմից սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման վրա (Հոդված 4, կետ 4.03.Ա(3)),
- սույն Պայմանագրի 4-րդ հոդվածի 4.03.Ա(4) կետով սահմանված` Բանկի կողմից Վարկի ցանկացած վաղաժամ մարման պահանջի դեպքում վճարել այն` հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված գումարների հետ միասին` Բանկի պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին (Հոդված 4, կետ 4.03.Բ),
- Տրանշն այլ ամսաթվով մարելու դեպքում փոխհատուցել Բանկին այն գումարը, որը, Բանկի հավաստմամբ, պահանջվում է համապատասխան վճարման ամսաթվից տարբեր այլ ամսաթվով միջոցների ստացումը փոխհատուցելու համար (Հոդված 4, կետ 4.04),
- եթե սույն Պայմանագրով կամ Բանկի պահանջով այլ բան սահմանված չէ, ապա տոկոսներից, փոխհատուցման և մայր գումարից տարբեր մյուս բոլոր գումարները վճարել Բանկի պահանջն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում և Բանկի կողմից ծանուցված համապատասխան հաշվին (Հոդված 5, կետ 5.02),
- օգտագործել սույն Վարկով փոխառված բոլոր գումարները Ծրագրի իրականացման նպատակով և ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Տեխնիկական նկարագրությանը համապատասխան (Հոդված 6, 6.01 և 6.02 կետեր),
- եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական դրույթում նշված թիվը, ապա առանց Բանկին դիմելու ձեռք բերել միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսը ֆինանսավորելու համար` այն ավարտին հասցնելու նպատակով և այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին (Հոդված 6, կետ 6.03),
- ապահովել, որ Ծրագրի համար կամ դրա առնչությամբ սարքավորումները ձեռք բերվեն, ծառայությունները մատուցվեն և աշխատանքները կատարվեն միջազգային բաց մրցույթով կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգով, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներով գնումների կանոններին, ներառյալ ԵՆԲ Գնումների ուղեցույցը, և ԵՄ-ի և ՀՀ իշխանությունների միջև կնքված ֆինանսավորման համաձայնագրում համաձայնեցված այլ կանոններին, որոնք պետք է բավարարեն Բանկի պահանջները (Հոդված 6, կետ 6.04),
- երաշխավորել և ապահովել, որ Օժանդակողը (ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն) կերաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից հետո Ծրագրի ներքո գնումների բոլոր պայմանագրերը նախատեսեն պահանջ, որ համապատասխան կապալառուն պատշաճ ժամանակին Բանկ ներկայացնի Ծրագրին առնչվող Արգելված վարքագծի մասով մեղադրանքը, բողոքը կամ տեղեկությունները, վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվեմատյաններ ու գրանցամատյաններ, նաև Բանկի իրավունքը` ենթադրյալ Արգելված վարքագծի մասով ուսումնասիրել կապալառուի Ծրագրին առնչվող հաշվեմատյաններն ու գրանցամատյանները և օրենքի թույլատրելի սահմաններում ստանալ փաստաթղթերի պատճենները (Հոդված 6, կետ 6.04),
- պահպանել, ըստ անհրաժեշտության` վերանորոգել, ստուգել և թարմացնել Ծրագրի մաս կազմող ողջ գույքը, Բանկի գրավոր համաձայնությամբ պահպանել սեփականության, տնօրինման կամ օգտագործման իրավունքը Ծրագրի մաս կազմող բոլոր ակտիվների նկատմամբ, կամ, նպատակահարմարության դեպքում, փոխարինել կամ նորացնել այդ ակտիվները և ապահովել Ծրագրի շարունակական գործունեությունը` դրա սկզբնական նպատակին համապատասխան` պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը կարող է վնասել Բանկին (Հոդված 6, կետ 6.05),
- ապահովագրել կամ պատշաճ կերպով ապահովել բոլոր այն աշխատանքների և գույքի ապահովագրումը, որոնք Բանկի կողմից ֆինանսավորվող Ծրագրի բաղադրիչների մաս են կազմում` ելնելով արդյունաբերական ոլորտի համապատասխան համապարփակ գործելակերպից (Հոդված 6, կետ 6.05),
- իրականացնել և գործարկել Ծրագիրը բնապահպանական և սոցիալական պահանջներին և ԵՄ օրենսդրությանը համապատասխան, ձեռք բերել Ծրագրի համար պահանջվող` Բնապահպանական կամ սոցիալական հաստատումները, պահպանել դրանք և ապահովել համապատասխանությունը դրանց պահանջներին, նախքան աշխատանքների մեկնարկը մշակել Բանկի պահանջները բավարարող Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան (Հոդված 6, 6.05 կետ),
- ապահովել, որ Օժանդակողը Ծրագրի իրականացման ողջ ընթացքում շարունակի պահել ԾԻԳ` համապատասխան ռեսուրսներով և անձնակազմով, պատշաճ վարի հաշվեմատյաններ և գրանցամատյաններ, որոնցում կմուտքագրվեն նաև Ծրագրին առնչվող ծախսերը, առանց Բանկի գրավոր համաձայնության չօտարի Ծրագրի մաս կազմող իր ակտիվները մեկ կամ մի շարք գործարքների միջոցով` կամավոր կամ հարկադիր կերպով (Հոդված 6, կետեր 6.10, 6.12 և 6.13),
- ապահովել, որ ՀՀ վճարման պարտավորությունները սույն Պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր` ներկա և ապագա` չապահովված ու չստորակարգված այլ պարտավորությունների վճարման Օրենքին հավասար առաջնահերթությամբ, որևէ երրորդ անձի Պարտքային փաստաթղթի կատարման երաշխիք կամ դրա առնչությամբ նախապատվություն կամ առաջնահերթություն տրամադրելու դեպքում սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համար համարժեք երաշխիք կամ համարժեք նախապատվություն կամ առաջնահերթություն տրամադրել Բանկին (Հոդված 7, կետեր 7.01 և 7.02),
- տրամադրել կամ ապահովել, որ Օժանդակողը տրամադրի Առդիր Ա.2-ում սահմանված ձևով ու բովանդակությամբ տեղեկություն, Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, գործարկմանը և բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պատճենը, անհապաղ Բանկի հաստատմանը ներկայացնել Ծրագրի էական փոփոխությունները, մինչև 2018թ. մարտը Բանկի հաստատմանը ներկայացնել Ծրագրի ճանապարհային հատվածների սպասարկման աշխատանքների նախագիծ (Հոդված 8, կետ 8.01),
- տեղեկացնել կամ ապահովել Օժանդակողի կողմից Ծրագրին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը Բանկին, Բանկի ողջամիտ պահանջի դեպքում քայլեր ձեռնարկել հետաքննելու և/կամ դադարեցնելու համար որևէ ենթադրյալ կամ կասկածվող գործողություն, որն ունի Պայմանագրի 6.09 հոդվածում նկարագրված բնույթը, Բանկին տեղեկացնել դրա հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկված միջոցների մասին, և դյուրացնել քննությունը, որը կարող է անցկացնել Բանկն այդ գործողության առնչությամբ (Հոդված 8, կետեր 8.02 և 8.03),
- վճարել սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կնքման կամ իրականացման ընթացքում առաջացող բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումները, ներառյալ պետտուրքը կամ գրանցման վճարները (Հոդված 9, կետ 9.01),
- վճարել ամբողջ հիմնական գումարը, տոկոսը, փոխհատուցման գումարը և վճարման ենթակա մյուս գումարներն առանց որևէ ազգային կամ տեղական հարկման նվազեցման. նվազեցման դեպքում պարտավորվել Բանկին վճարել այն հաշվարկով, որ նվազեցումից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը համարժեք լինի վճարման ենթակա գումարին (Հոդված 9, կետ 9.01),
- կատարել բոլոր վճարներն ու ծախսերը, այդ թվում՝ մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները, որոնք կատարվել են Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի մշակման, կնքման, իրականացման, հարկադիր կատարման կամ դադարեցման առնչությամբ, սույն Պայմանագրից կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, լրացման կամ դրանցից հրաժարման, ինչպես նաև Վարկի համար որևէ երաշխիքի փոփոխման, ձևավորման, կառավարման և իրականացման ուղղությամբ (Հոդված 9, կետ 9.02),
- վճարել Բանկին ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է կամ Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ներդրման կամ փոփոխության արդյունքում կամ ցանկացած օրենքի կամ կանոնակարգի փոփոխության արդյունքում, նաև փոխհատուցել Բանկին այն վնասները, որոնք առաջացել են Պայմանագրում հստակ սահմանված կարգից տարբերվող եղանակով վճարման կամ մասնակի մարման հետևանքով (Հոդված 9, կետ 9.03),
- Պայմանագրի 10-րդ հոդվածի 10.01.Ա և 10.01.Բ բաժիններում նախատեսված դեպքերում Բանկի կողմից ներկայացվող գրավոր պահանջի հիման վրա ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ վճարել Վարկը Պայմանագրի ներքո հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված այլ բոլոր գումարների հետ միասին (Հոդված 10, կետ 10.01),
- ֆիքսված տոկոսադրույքով տրանշի վերաբերյալ՝ Պայմանագրի 10-րդ հոդվածի 10.01 կետի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջվող գումարը վաղաժամ մարման ենթակա մայր գումարի դիմաց Վաղաժամ մարման փոխհատուցման հետ միասին (Հոդված 10, կետ 10.03.Ա),
- լողացող տոկոսադրույքով տրանշի վերաբերյալ՝ Պայմանագրի 10-րդ հոդվածի 10.01 կետի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջվող գումարը և ընթացիկ արժեքի 0.15%-ին համարժեք տարեկան գումար, որը հաշվարկվում և հաշվեգրվում է վաղաժամ մարման ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչպես կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը, Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն, մնար չվճարված մինչև Մարման ամսաթիվը (Հոդված 10, Բաժին 10.03, կետ 10.03.Բ):
6. Պայմանագրի 11-րդ հոդվածի 11.01 կետով սահմանվում է, որ սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են Անգլիայի և Ուելսի օրենքներով, իսկ 11.02 կետով կողմերը համաձայնում են, որ Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարան (Դատարան) և կողմերը ենթարկվում են Դատարանի իրավասությանը, հրաժարվում են Դատարանի իրավասությունից իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ այդ իրավասությունը վիճարկելու իրավունքից:
7. Պայմանագրի 12-րդ հոդվածի 12.03 կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է առանց նախապես Բանկի գրավոր համաձայնությունը ստանալու չզիջել կամ չփոխանցել Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ Բանկը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հանձնել կամ փոխանցել Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ արտոնությունները:
8. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Պայմանագրի Ներածությունում հղում է կատարվում 2008 թվականի փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում և 2008թ. փետրվարի 29-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կանոնակարգման (կառավարման) վերաբերյալ Շրջանակային համաձայնագրին, որը համաձայն սույն Պայմանագրի ներածության 2-րդ կետի՝ կշարունակի ուժի մեջ մնալ քննության առարկա Պայմանագրի գործողության ողջ ընթացքում։ Նշված Շրջանակային համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի Ն-099-4 որոշմամբ, իսկ դրանում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-759 որոշումը:
9. Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցի բարելավմանն ու պահպանմանն ուղղված միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման պրակտիկային՝ Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ 4/2 որոշմամբ հաստատված ընթացիկ հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Գյուղական ճանապարհների վերականգնում» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2010թ. նոյեմբերի 26-ի թիվ 34/2 որոշմամբ հաստատված ընթացիկ հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2013թ. մարտի 28-ի թիվ 6/3 որոշմամբ հաստատված ընթացիկ հաշվետվությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Պայմանագրի կատարման շրջանակներում հիշյալ փաստաթղթերում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված թերությունների ու բացթողումների բացառումը, ինչպես նաև արված եզրակացությունների ու առաջարկությունների կենսագործումը վերոհիշյալ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման, հետևաբար՝ նաև ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրների իրագործման երաշխիքներ են։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Պայմանագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի կառավարման ու թափանցիկ հաշվեքննության կազմակերպման առումով՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1273 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|