ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0011/14/15 |
ԵԿԴ/0011/14/15 |
Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2015 թվականի օգոստոսի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2007 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14119907 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Գրիգոր Գրիշայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը որոշում է կայացվել Գ.Գրիգորյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2007 թվականի հոկտեմբերի 12-ին Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2010 թվականի մայիսի 10-ին Գ.Գրիգորյանը ձերբակալվել է Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից և 2010 թվականի դեկտեմբերի 11-ին ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: 2010 թվականի դեկտեմբերի 13-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերահաստատվել է:
Նախաքննության մարմնի 2011 թվականի մայիսի 23-ի որոշմամբ թիվ 14119907 քրեական գործով Գ.Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ:
2011 թվականի հուլիսի 26-ին Գ.Գրիգորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:
3. ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջնորդության քննության արդյունքում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2013 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ բավարարելով միջնորդությունը, Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցրել է և այն փոխարինել հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` հարկադիր բուժմամբ:
ՀՀ առողջապահության նախարարության «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ) երեք անգամ (ըստ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշման և բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության` 2013 թվականի հունիսին, 2014 թվականի ապրիլին և 2014 թվականի սեպտեմբերին) միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ընդհանուր տիպի հոգեբուժական հաստատությունում Գ.Գրիգորյանի նկատմամբ հարկադիր բուժումը տարածքային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին, որոնք մերժվել են: Վերջին դեպքում բերվել է վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը:
4. «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գ.Սայադյանը 2015 թվականի փետրվարի 20-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Գ.Գրիգորյանի նկատմամբ հարկադիր բուժումը տարածքային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարվել է, Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցվել և փոխարինվել է արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ:
5. Դատախազ Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշումը:
6. Վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
7. Նախաքննության մարմինը Գ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա 2007 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16-րդ շենքի բակում գործով դեռևս չպարզված անձի հետ ատրճանակներից կրակել է Ջնդի Ամարյանի և նրա աներորդի Ջամալ Ավդալյանի վրա, փորձելով դիտավորությամբ նրանց կյանքից զրկել և դիմել փախուստի: Կատարվածի արդյունքում Ջ.Ամարյանը ստացել է աջ սրունքի փոքր ոլոքի կոտրվածք, իսկ Ջ.Ավդալյանը աջ ձեռքի և աջ գոտկային շրջանի թափանցող հրազենային վնասվածք» (տե՛ս նյութեր, 27-28 թերթեր):
8. Բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության համաձայն` «Գրիգոր Գրիգորյանը`
1. նախկինում տառապել է և ներկայումս տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում անձի քրոնիկական փոփոխություններով և աֆեկտիվ անկայունությամբ գլխուղեղի ախտահարման ֆոնի վրա», այս մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները:
2. Գ. Գրիգորյանը ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում, չունի ագրեսիվ նկատառումներ շրջապատի նկատմամբ: Ներկայումս հասկանում է իր արա[ր]քի հակաօրինականությունը և պատժելիությունը: Ներկայումս վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար: Ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ» (տե՛ս նյութեր, 12 թերթ):
9. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշման համաձայն` «(...) քննելով ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Սայադյանի միջնորդությունը և հետազոտելով ներկայացված նյութերը` մասնավորապես, բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացությունը, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Գրիգոր Գրիգորյանը ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում, չունի ագրեսիվ նկատառումներ շրջապատի նկատմամբ, ներկայումս հասկանում է իր արարքի հակաօրինականությունը և պատժելիությունը, վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար և ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ, այսինքն` նրա առողջական վիճակը բարելավվել է և վերացել կիրառվող բժշկական բնույթի հարկադրական միջոցի տվյալ տեսակի` ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժման, հետագա կիրառման անհրաժեշտությունը, ուստի քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել հարկադիր բուժում` արտահիվանդանոցային հսկողություն տեղամասային հոգեբույժի մոտ» (տե՛ս նյութեր, թերթ 30):
10. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 9-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի պատճառաբանությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացությունը` անտեսելով Գրիգոր Գրիգորյանի կողմից կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը:
Առաջին ատյանի դատարանը, օբյեկտիվորեն գնահատելով գործում առկա փաստական տվյալները, հանգել է հիմնավոր հետևության և իրավացիորեն բավարարել է ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջնորդությունը:
(...) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ որոշումը բեկանելու համար» (տե՛ս նյութեր, թերթ 59):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանների հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` Արտավազդ Ծատուրյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածին տրված մեկնաբանություններին:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Գ.Գրիգորյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություններ, ինչը վկայում է վերջինիս անձի և կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին: Անձի վտանգավորության աստիճանը որոշվում է ոչ միայն նրա ներկա հոգեկան վիճակով, այլ նաև նրա կողմից կատարված հանցագործության բնույթով:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել հարկադիր բուժումը փոփոխելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում` արարքի ծանրության և անձի վտանգավորության աստիճանը:
Ավելին` ստորադաս դատարանների կողմից հիմք են ընդունվել ՀՀ առողջապահության նախարարության բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունում արված այնպիսի եզրահանգումները, որպիսի եզրահանգումների առկայության պայմաններում նախկինում ներկայացված երեք միջնորդությունները (2013 թվականի հունիսին, 2014 թվականի ապրիլին և 2014 թվականի սեպտեմբերին) մերժվել են:
Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները չեն հիմնավորել, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադիր բուժման անհրաժեշտությունը վերացել է, և նրա նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տեղամասային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժում:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի, Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 9-ի դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու (ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդված) կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գ.Գրիգորյանի նկատմամբ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցնելու և այն արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ փոփոխելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
15. ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝
1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.
(…)
2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝
1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.
2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն` «Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձն իր հոգեկան վիճակով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորման կարիք չունի»:
ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
(…)
3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել (…) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին»:
16. Անդրադառնալով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելիս դատարանի կողմից քննության առարկա դարձվող հարցերի շրջանակին` Վճռաբեկ դատարանն Ա.Ծատուրյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ «(…) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը կաշկանդված չէ բժշկական հաստատության եզրակացությամբ:
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկման յուրաքանչյուր դեպքում դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ պետք է քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե ինչ օբյեկտի, ինչպիսի հասարակական հարաբերությունների դեմ է ուղղված եղել անձի ոտնձգությունը: Օրինակ՝ մարդու կյանքի և առողջության դեմ կատարված հանրորեն վտանգավոր արարքը կարող է վկայել այն կատարած անձի ավելի բարձր վտանգավորության մասին:
Դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը: Մասնավորապես՝ դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը: Դատարանը պետք է ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե ոչ: Այս հանգամանքների պարզումը ևս կարող է էական նշանակություն ունենալ անձի` իր կամ շրջապատի համար վտանգավորության աստիճանը պարզելու հարցում:
[Ն]շված հանգամանքների համատեղ գնահատմամբ միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին» (տե՛ս Արտավազդ Արտուշի Ծատուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման 15-րդ կետը):
17. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված` Ա.Ծատուրյանի վերաբերյալ որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենգրքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները միմյանցից տարբերվում են, նախևառաջ, անձին պահելու ռեժիմի խստությամբ: Դրանցից առավել մեղմ ռեժիմն ունի հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ենթարկվող անձի նկատմամբ, նրա վիճակի էական բարելավման դեպքում, մարդասիրության սկզբունքից ելնելով, կարող է փոփոխվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը` նշանակելով օրենքով նախատեսված` ավելի մեղմ ռեժիմ ունեցող հարկադրանքի միջոց: Միևնույն ժամանակ անձի վիճակի համապատասխան վատթարացման դեպքում նրա նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կարող է փոփոխվել ավելի խիստ ռեժիմ ունեցող միջոցով:
Անձի վիճակի բարելավման կամ վատթարացման հանգամանքը գնահատելիս դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ քննության առարկա պետք է դարձնի հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը, ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը:
Մասնավորապես հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը գնահատելիս դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը, ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե` ոչ: Ընդ որում, հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի ներկա հոգեկան վիճակը և վարքագիծը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե կոնկրետ պահի դրությամբ անձի հոգեկան վիճակը, որը կարող է կապված լինել հիվանդության համապատասխան փուլով պայմանավորված՝ վիճակի ժամանակավոր բարելավման հետ, այլ որոշակի ժամանակահատվածում իրականացված բուժման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց կայունությունը: Որպես այդպիսի ժամանակահատվածի մեկնարկման պահ դատարանը պետք է հիմք ընդունի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու, իսկ այն փոփոխելու հարցը քննարկված լինելու դեպքում` այդ հարցը լուծելու պահը:
18. Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև այն, թե դատարանի կողմից նախորդ անգամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելուց հետո ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը (նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը), ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
Դատարանն իրավասու է փոփոխել անձի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակն ավելի մեղմով, եթե համեմատական վերլուծության արդյունքում, հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և վտանգավորության աստիճանի հաշվառմամբ նրա մոտ ձևավորվի համոզվածություն առ այն, որ դատարանի կողմից նախորդ անգամ հարցի քննարկումից հետո անձի հոգեկան վիճակը և վարքագիծն այնպիսի դրական փոփոխությունների են ենթարկվել, որոնց արդյունքում անձը հանրության համար իրական վտանգ չի ներկայացնում, կամ այդպիսի վտանգն էականորեն նվազել է, ինչպես նաև հարկադրանքի միջոցի ավելի մեղմ տեսակի պայմաններում այդ անձի նկատմամբ բուժումը և վերահսկողությունը հնարավոր է արդյունավետ իրականացնել:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքները համակցության մեջ գնահատելու արդյունքում միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին:
19. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինը Գ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Այնուհետև նախաքննության մարմնի որոշմամբ Գ.Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ (տե՛ս սույն որոշման 1-ին, 7-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջնորդության հիման վրա Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադրական բուժումը փոփոխել է հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
2013 թվականի օգոստոսին, 2014 թվականի ապրիլ և հոկտեմբեր ամիսներին «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Գ.Գրիգորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ ներկայացված երեք միջնորդությունները մերժվել են Առաջին ատյանի դատարանի` համապատասխանաբար 2013 թվականի սեպտեմբերի 27-ի, 2014 թվականի ապրիլի 22-ի, 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումներով: Վերջին որոշման դեմ դիմող Գ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
Այնուհետև «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գ.Սայադյանը նույն պահանջով միջնորդություն է ներկայացրել, որը Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարել է: Այսպես` Առաջին ատյանի դատարանը ներկայացված նյութերի, մասնավորապես` բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության հետազոտման արդյունքում գտել է, որ Գ.Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվել է, նա ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում, չունի ագրեսիվ նկատառումներ շրջապատի նկատմամբ, հասկանում է իր արարքի հակաօրինականությունը և պատժելիությունը, վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար և ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ, հետևաբար վերացել է բժշկական բնույթի հարկադրական միջոցի տվյալ տեսակի` ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժման հետագա անհրաժեշտությունը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցրել և այն փոխարինել է արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 9-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ` գտնելով, որ պահպանվել են ՀՀ օրենսդրության պահանջները, կայացվել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում (տե՛ս սույն որոշման 5-րդ, 9-րդ կետերը):
20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 15-18-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով միայն բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության վրա և, իր դատական ակտում վերարտադրելով վերջինիս եզրահանգումները, գնահատման առարկա չի դարձրել Գ.Գրիգորյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և վտանգավորության աստիճանը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը տեղեկություններ է ունեցել (իր դատական ակտում արձանագրել է) այն մասին, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը մեկ անգամ փոփոխվել է մեղմացման առումով, իսկ դրանից հետո այն կրկին մեղմացման առումով փոփոխելու հարցը երեք անգամ քննարկման առարկա է դարձվել և մերժվել (վերջին անգամ` Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը չի պարզել և վերլուծության չի ենթարկել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը փոփոխելու հարցը վերջին անգամ դատական կարգով քննարկվելուց հետո Գ. Գրիգորյանի հոգեկան վիճակում և վարքագծում տեղի ունեցած փոփոխությունների առկայության հարցը: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում:
21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել Գ.Գրիգորյանի անձը, ինչպես նաև ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձրել նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը` ինչպես առանձին, այնպես էլ մնացած հանգամանքների հետ համակցության մեջ: Արդյունքում անհիմն եզրահանգել են, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը պետք է փոխարինվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքում ամենամեղմ ռեժիմ ունեցող տեսակով` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությամբ և հարկադիր բուժմամբ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցնելու և այն արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ փոփոխելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
22. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը և կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Նշված նյութական և դատավարական իրավունքների խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցը փոփոխելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 6-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |