ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
23 փետրվարի 2016 թ. |
«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Գ. Հայրապետյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության՝ 19.10.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1999 թվականի ապրիլի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 6-ից:
Օրենքի՝ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարովիությունը» վերտառությամբ` սույն գործով վիճարկվող 71-րդ հոդվածը սահմանում է.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների՝ դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին:
2. Դիմողները պարտավոր են վճարել սույն օրենքով սահմանված վճարները»:
Վերը նշված հոդվածը նախատեսվել է 2011թ. հունիսի 23-ից ընդունված ՀՕ-247-Ն օրենքով, որից հետո որևէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը Երևան քաղաքի փակ շուկայի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին:
Կոմիտեն 18.05.2013թ. թիվ ԿԽ-1/1813 գրությամբ մերժել է դիմումը՝ դիմողին չտրամադրելով հայցվող տեղեկությունը: Մերժումը պայմանավորված է եղել տեղեկատվության տրամադրման համար օրենքով սահմանված վճարը վճարված չլինելու փաստով, ինչպես նաև պահանջվող տեղեկությունների ծավալում ընդգրկված որոշակի տեղեկությունների տրամադրումը օրենքի ուժով սահմանափակված լինելու հանգամանքով:
Դիմողը 23.08.2013թ. ընդդեմ Կոմիտեի ՀՀ վարչական դատարան է ներկայացրել «Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմում։ Վարչական դատարանը 06.06.2014թ. N ՎԴ/7503/05/13 վարչական գործով վճիռ է կայացրել հայցադիմումը մերժելու մասին` պատճառաբանելով նաև, որ հայցվորը չի վճարել փնտրվող տեղեկության համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարը:
Դիմողը 30.06.2014թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն իր` 18.12.2014թ. կայացրած որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողել անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը դիմողի կողմից 18.01.2015թ. բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 01.04.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում։
3. Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 8, 18, 23, 27 և 27.1-րդ հոդվածներին՝ այնքանով, որքանով սահմանում են անձի՝ ինքն իր մասին կամ անձի իրավունքների պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող (հանրային շահի պաշտպանության համար կարևոր) տեղեկության մատչելիության իրավունքի սահմանափակում:
Դիմողի համոզմամբ` սահմանադիրը պետական մարմիններից տեղեկություն կամ փաստաթղթեր ստանալու իրավունքն անմիջականորեն կապել է հասարակական շահերի պաշտպանության հետ: Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 27-րդ և 27.1-րդ հոդվածներում նկարագրված իրավունքի կարևորությունն առարկայացել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում և նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որոնց` տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը, ընդ որում` մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված նման տեղեկություն տրամադրելիս գանձում չի կատարվում:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ վարձակալության հիմքերի մասին տեղեկություն ստանալու իր հարցումն ունի հանրային նշանակություն, գտնում է, որ հանրային նշանակության որևէ տեղեկություն պետք է անձին հասու լինի անառարկելիորեն, առանց որևէ վճարի կամ այլ պայմանի կամ նախապայմանի, անկախ նրանից, թե գաղտնիության որևէ աստիճան ունի տվյալ տեղեկությունը, թե` ոչ, և եթե ունի, ապա` ինչպիսի, տեղեկության գաղտնագրված լինելը չպետք է անձին հանրային նշանակության տեղեկության տրամադրումը մերժելու հիմք լինի:
Բացի դրանից, դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու անսահմանափակ իրավունքը՝ առանց որևէ միջամտության: Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում կամ որևէ այլ պետական հիմնարկում անձի վերաբերյալ առկա տեղեկությունը պետք է հասու լինի նրան՝ առանց ծանրաբեռնելու որևէ, այդ թվում` վճարելու, պարտականությամբ: Այդ իրավունքը բխում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանրահայտ փաստաթղթերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և այլն, պահանջներից։
Եզրափակելով` դիմողը շեշտում է, որ չի վիճարկում առհասարակ որևէ տեղեկություն ստանալու համար վճարելու սահմանադրականությունը, չի վիճարկում ծառայությունների մատուցման համար վճարելու սահմանադրականությունը, այլ վիճարկում է այն իրավակարգավորումը, որի շրջանակում պետությունը հանրային կարևորության տեղեկության տրամադրման համար գումար վճարելու պայման է առաջադրում:
Դիմողը հայտնել է նաև, որ ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 8-րդ հոդվածին համադրելի է ՀՀ Սահմանադրության (2015թ. խմբագրությամբ) 10-րդ հոդվածը, 18-րդ հոդվածին` 50-րդ և 61-րդ հոդվածները, 23-րդ հոդվածին` 34-րդ հոդվածը, 27-րդ հոդվածին` 42-րդ և 51-րդ հոդվածները, 27.1-րդ հոդվածին` 53-րդ հոդվածը: Միաժամանակ, դիմողը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության հոդվածների թվագրումը փոխվել է, սակայն դրանցում նշված իրավունքների բովանդակությունը մնացել է նույնը, ինչի կապակցությամբ, ըստ դիմողի, դիմումում նշված մեկնաբանությունները, դիրքորոշումները և փաստարկները փոփոխության ենթարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ տեղեկատվական հասարակության ներկա պայմաններում տեղեկատվության իրավունքը հանդես է գալիս որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Սերտորեն առնչվելով հասարակական կյանքի ոլորտներին` այս իրավունքի իրականացումը նախադրյալներ է ստեղծում մարդու այլ հիմնական իրավունքների իրականացման համար:
Տեղեկատվության ազատության իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովել այդ իրավունքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական պայմաններ:
Պատասխանողը նշում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքն իրականացվում է երկու եղանակով՝ ակտիվ և պասիվ: Եթե տեղեկատվություն ստանալու ակտիվ իրավունքն անձից պահանջում է անհրաժեշտ տեղեկություններն ստանալու համար դիմել համապատասխան տեղեկատվությունը տնօրինող մարմիններին, ապա տեղեկատվություն ստանալու պասիվ իրավունքին համապատասխանում է տեղեկատվությունը տնօրինող մարմինների պարտականությունը` իրենց նախաձեռնությամբ հրապարակել հանրամատչելի համարվող տեղեկատվությունը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ նախանշել է հանրային նշանակություն ունեցող այն տեղեկատվությունը, որը հրապարակելու կամ անհատույց տրամադրելու պարտականությունը դրվել է համապատասխան տեղեկատվությունը տնօրինող մարմինների վրա: Այդպիսի դրույթները երաշխիք են հանդիսանում քաղաքացիական հասարակության կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության, հասարակական կյանքի տարբեր ոլորտների նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար:
Ըստ պատասխանողի` ի տարբերություն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, որը սահմանում է տեղեկատվության տրամադրման ընդհանուր կանոնները, առանձին օրենքներով, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են առանձին ոլորտներում տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու իրավունքի կարևորությունը՝ տեղեկատվության տրամադրման դիմաց գանձվող վճարները չպետք է լինեն այնքան բարձր, որ խոչընդոտ հանդիսանան իրավունքի իրականացման համար: Տեղեկատվություն ստանալու վճարովիությունն ունի փոխհատուցող բնույթ, ինչպես նաև զսպող նշանակություն:
Պատասխանողը նշում է, որ անվճար սկզբունքով տեղեկատվության տրամադրումն ընդունված է միայն որոշ բովանդակությամբ տեղեկատվության դեպքում, որն ունի հանրային նշանակություն, հետաքրքրություն է ներկայացնում հասարակության լայն զանգվածների համար կամ դրա մասին հանրությանն անհապաղ իրազեկելը պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ: Անվճար հիմունքներով տեղեկատվության տրամադրումը պայմանավորվում է ոչ թե տեղեկատվությունը հայցող սուբյեկտների կարգավիճակով, այլ տեղեկատվության բնույթով:
Պատասխանողն անդրադառնում է նաև միջազգային փորձին` վկայակոչելով մի շարք երկրների օրենսդրությունները, որոնցում նույնպես նախատեսվում է տեղեկատվության ստացման վճարովիություն: Պատասխանողը նշում է, որ անգամ սկզբունքորեն անվճար հիմունքներով տեղեկատվություն ստանալու իրավունք նախատեսող երկրների օրենսդրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքներով նախատեսվում են համապատասխան ծառայությունների տրամադրման համար գանձվող վճարների չափերը:
Ամփոփելով` պատասխանողը եզրակացնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սահմանվել են` հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ հայցվող տեղեկատվության տրամադրման դիմաց նախատեսվող վճարները ոչ թե նպատակաուղղված են տեղեկատվության մատչելիության իրավունքի սահմանափակմանը, այլ հանդես են գալիս որպես նշված իրավունքի իրականացման ընթացակարգի բաղկացուցիչ հանդիսացող պայմաններ:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում դիմողը մատնանշում է երկու խնդիր, այն է՝
1. անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու վճարովիությունը,
2. անձի իրավունքների պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող (հանրային շահի պաշտպանության համար կարևոր) տեղեկություն ստանալու վճարովիությունը:
Ուստի սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյոք հանրային շահերից բխող տեղեկություն ստանալու վճարովիությունը չի խախտում ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,
- արդյոք անձի՝ իր մասին տեղեկություններ ստանալու իրավունքի իրականացման վճարովիությունը համահունչ է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջներին,
- արդյոք տեղեկություն տրամադրելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված վճարման կարգն ու վճարի չափը չեն հանգեցնում տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների հնարավոր արգելափակման:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու` անձի իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 51-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»: Սահմանադրական այս իրավունքն օրենքով կարող է սահմանափակվել երկու դեպքում՝
1) երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահերը,
2) երբ անհրաժեշտ է պաշտպանել այլոց հիմնական իրավունքները և ազատությունները:
Բացի դրանից, տեղեկատվություն ստանալու իրավունքին են առնչվում ՀՀ Սահմանադրության մի շարք այլ հոդվածներ, մասնավորապես՝ 34-րդ (Անձնական տվյալների պաշտպանությունը), 42-րդ (Կարծիքի արտահայտման ազատությունը) և 53-րդ (Հանրագիր ներկայացնելու իրավունքը) հոդվածները:
Տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այն ունի ընդհանուր բնույթ, սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները, տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը և այլն: Ըստ այդ օրենքի` տեղեկատվության տրամադրումն օրենքով սահմանված դեպքերում իրականացվում է անվճար սկզբունքով: Մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում՝
«1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս.
5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
6) տեղեկության տրամադրումը մերժելիս»:
Հիմք ընդունելով վերոհիշյալ օրենքի դրույթները` ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ սահմանել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը (այսուհետ՝ տեղեկության տրամադրման կարգ): Ըստ այդ կարգի` որոշակիացվել է տեղեկությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ հստակ սահմանվել են տեղեկության տրամադրման համար գանձվող վճարների որոշման հետ կապված դրույթներն այն դեպքերի համար, երբ ըստ օրենքի տեղեկատվությունն իրականացվում է վճարովիության սկզբունքին համապատասխան:
Միաժամանակ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու գործընթացը, համաձայն որի` այդ օրենքով նախատեսված տեղեկությունների տրամադրումը վճարովի է: Մասնավորապես, օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղեկատվություն հայցելու «դիմումին կից ներկայացվում է տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը»: Բացի դրանից, օրենքի 71-րդ հոդվածն իմպերատիվ կարգով սահմանում է անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար վճարելու պարտականություն` չնախատեսելով որևէ բացառություն: Նույն տրամաբանությունն է որդեգրված նաև օրենքի 73-րդ հոդվածում, որում նախատեսված են տեղեկություններ տրամադրելու համար վճարների չափերը:
Օրենքի 75-րդ հոդվածով նախատեսվում են տեղեկատվության տրամադրման համար վճարի մասով արտոնություններ: Դիտարկելով տեղեկությունների ստացման համար արտոնությունների համակարգը` ակնհայտ է, որ մի դեպքում` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ արտոնյալ պայմաններով տեղեկությունների տրամադրումը պայմանավորված չէ հայցող սուբյեկտի կարգավիճակով՝ յուրաքանչյուր անձ, ով հայցում է ստանալ նման տեղեկություններ, օգտվում է տեղեկատվության համար վճարի 50 տոկոսի զեղչից: Մյուս դեպքում` տեղեկության ստացման համար վճարելու պարտականությունից ազատվում են պետական համակարգի մի շարք մարմիններ, այսինքն` արտոնության կիրառումն ուղղակի կապվում է հայցող սուբյեկտի կարգավիճակի հետ: Տեղեկատվության համար վճարից ազատելու այլ դեպքեր օրենքը չի նախատեսում:
Համադրելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 71-րդ հոդվածների հետ` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնկրետ ոլորտին վերաբերող իրավական ակտով անտեսվել է տեղեկատվության ազատության` օրենքով նախատեսված երաշխիքների իրացումը: Նման իրավիճակը չի բխում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքից, համաձայն որի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
7. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում հարկ է անդրադառնալ նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR(81)19 հանձնարարականի պահանջներին, համաձայն որոնց՝
«I. Անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկատվությունը, բացառությամբ օրենսդիր և դատական իշխանության մարմինների:
II. Տեղեկատվության հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ:
III. Տեղեկատվության հասանելիությունը չի կարող մերժվել` պատրվակով, որ տեղեկատվություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում:
IV. Տեղեկատվության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա:
V. Վերոհիշյալ սկզբունքները ենթակա են սահմանափակման միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության օրինական շահերի պաշտպանության համար (ինչպես, օրինակ, ազգային անվտանգությունը, հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, երկրի տնտեսական բարեկեցությունը, հանցագործությունների կանխումը և կոնֆիդենցիալ տեղեկության բացահայտումը կանխելը), ինչպես նաև մասնավոր կյանքի և մասնավոր այլ իրավաչափ շահերի պաշտպանության համար, հաշվի առնելով յուրաքանչյուր անձի հատուկ հետաքրքրությունը պետական մարմիններում առկա այն տեղեկության առնչությամբ, որը վերաբերում է անձամբ իրեն:
VI. Տեղեկություն հայցելու դիմումները պետք է քննարկվեն ողջամիտ ժամկետներում:
VII. Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները:
VIII. Տեղեկատվության մերժման յուրաքանչյուր դեպք պետք է բողոքարկելի լինի»:
Բացի դրանից, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում անդրադարձել է տեղեկատվության ազատության խնդիրներին, մասնավորապես. 2009թ. ապրիլի 14-ի Társaság a Szabadságjogokért v. Hungary (գանգատ թիվ 37374/05) գործով դատարանը եզրահանգել է, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկության տրամադրման խոչընդոտները կարող են բացասաբար ազդել ԶԼՄ-ներում և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող անձանց վրա: Իսկ 2013թ. նոյեմբերի 28-ի Österreichische Vereinigung zur Erhaltung, Stärkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land und forstwirtschaftichen Grundbesitzes v. Austria (գանգատ թիվ 39534/07) վճռով դատարանը վերահաստատել է նախկին դիրքորոշումները, այն է` կողմնակից է «տեղեկություններ ստանալու ազատության» հասկացության ավելի լայն մեկնաբանմանը, որը ներառում է տեղեկությունների մատչելիության սկզբունքը:
Ամփոփելով վերոհիշյալ պահանջները և համադրելով վեճի առարկա օրենքի իրավակարգավորումների հետ` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը: Օրենսդիրը` կարգավորելով անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար վճար վճարելու հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է տեղեկատվության մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ։
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով:
Մասնավորապես՝ կախված տեղեկության բովանդակությունից և նշանակությունից, այն կարող է հասու լինել կամ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն, կամ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են տեղեկատվություն տնօրինողի կողմից իր գործունեությանն առնչվող ու տարին առնվազն մեկ անգամ հրապարակվող այն տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները, որոնց առնչությամբ ՀՀ Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ: Վերջինս, ըստ օրենսդրի, այն նվազագույն տեղեկատվությունն է, որը պետք է հասու լինի յուրաքանչյուրին որպես հանրային հետաքրքություն ներկայացնող տեղեկություններ: Սակայն դրանով չի սահմանափակվում հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության շրջանակը: Յուրաքանչյուր անձ, այդ թվում` կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Ընդ որում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով արդեն իսկ նախանշված է տեղեկությունների այն շրջանակը, որը ցանկացած պայմաններում չի կարող հիմք հանդիսանալ հանրային շահի խախտման հիմքով տեղեկությունների տրամադրման սահմանափակման համար:
Ինչ վերաբերում է անձի՝ իր մասին տեղեկություններին ծանոթանալու մատչելիությանը, ապա այդ իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներում, մասնավորապես` «Անձնական տվյալների պաշտպանությունը» վերտառությամբ 34-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին ...»։ Այս իրավունքը պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով կարող է սահմանափակվել օրենքով:
Տեղեկատվության մատչելիությանն առնչվող տեղեկատվության վճարովիությունը, եթե խոսքը չի վերաբերում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցված ծառայությունների կամ տեղեկությունների տրամադրման համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարված փաստացի և ողջամիտ ծախսերին, կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղեկություններ ստանալու իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տեղեկատվության վճարի սահմանման չափը թեև գտնվում է օրենսդրի լիազորությունների շրջանակներում, այնուամենայնիվ, այն պետք է համահունչ լինի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։
Բացի դրանից, օրենսդրի խնդիրն է ապահովել անվճարունակ անձանց համար իրենց մասին տեղեկատվություն ստանալու վճարովիության սկզբունքից արտոնություններ՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքների և ազատությունների, տվյալ պարագայում՝ տեղեկություններ ստանալու իրավունքի էության անխախտելիությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:
2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին` հաշվի առնելով իրավունքների սահմանափակման առնչությամբ 2015թ. սահմանադրական փոփոխություններով ամրագրված նոր հստակեցումները։
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
23 փետրվարի 2016 թ. ՍԴՈ-1256 |