Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1225
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.707
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
28.07.2015
Дата вступления в силу
28.07.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հուլիսի 2015 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված երկու դիմումներն են, որոնց հիման վրա քննության ընդունված գործերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը, 2015 թվականի մայիսի 12-ի ՍԴԱՈ-29 որոշմամբ միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Նախնական քննության ժամկետները» վերտառությամբ 197-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ և 6-րդ մասերը սահմանում են.

«5. Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

6. Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»:

Օրենսգրքի 197-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 5-րդ և 6-րդ մասերում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչ Ե. Պետրոսյանի կողմից 2014 թվականի հուլիսի 21-ին և նույն թվականի օգոստոսի 21-ին հարուցվել և վարույթ են ընդունվել համապատասխանաբար` թիվ 16138514 և թիվ 16146914 քրեական գործերը: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին քննիչ Ե. Պետրոսյանը կայացրել է վերոնշյալ քրեական գործերով նախաքննությունների ժամկետները երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ /թիվ 16146914 քրեական գործով նախաքննության ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել էր 2014 թվականի սեպտեմբերի 18-ին/: Որոշումներն ուղարկվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին, որն իր` 2014 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 587քր-14 և թիվ 56/664քր-14 համապատասխան գրություններով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումները վերադարձրել է քննչական բաժնի պետին` քննիչի կողմից որոշումն ստորագրված չլինելու պատճառաբանությամբ և այն պատշաճ կարգով կազմելու և կրկին ներկայացնելու ցուցումով: Քննիչի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներն ստորագրվելուց հետո դրանք 2014 թվականի հոկտեմբերի 22-ին կրկին ուղարկվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին, որն էլ նույն օրը վերադարձրել է վերոնշյալ քրեական գործերը և նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումները, հայտնելով, որ ժամկետը երկարացնելու միջնորդությունները չեն բավարարվել, քանի որ միջնորդությունները ներկայացնելու պահին քրեական գործերի նախաքննության ժամկետները լրացած են եղել: Վերոնշյալ քրեական գործերով տուժողների ներկայացուցիչները 2014 թվականի դեկտեմբերի 4-ին միջնորդություններ են հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին` համապատասխան քրեական գործերով նախաքննությունների բաց թողնված ժամկետները վերականգնելու, վարույթն իրականացնող մարմնին նախաքննությունների կատարումը շարունակելու հանձնարարություն տալու և օրենքով սահմանված կարգով քրեական գործերի ընթացքը լուծելու վերաբերյալ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Խաչատրյանը քրեական գործերով տուժողների ներկայացուցիչներին 2014 թվականի դեկտեմբերի 16-ին համապատասխան գրություններով հայտնել է, որ վերոնշյալ գործերով վարույթ չի իրականացվում, ինչի պատճառով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին հասցեագրված միջնորդությունները չեն կարող քննարկվել: Թիվ 16138514 քրեական գործով տուժողի ներկայացուցիչը 2015 թվականի հունվարի 14-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Խաչատրյանի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Թիվ 16146914 քրեական գործով տուժողների ներկայացուցիչը 2015 թվականի հունվարի 13-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին իր վստահորդների իրավունքների խախտումը վերացնելու, այն է` թիվ 16146914 քրեական գործով նախաքննության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու և համապատասխան աշխատակիցներին նախաքննության կատարումը շարունակելը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Վերը նշված բողոքի և միջնորդության քննության արդյունքում 2015 թվականի ապրիլի 6-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել վերոնշյալ դատական գործերով վարույթները կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

 

3. Ըստ դիմողի`օրենսգրքի 188, 196 և 197-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր քրեական գործերով պարտադիր պետք է իրականացվի նախաքննություն, որը կարող է ավարտվել մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով, իսկ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել բացառապես դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման (նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման) հիման վրա, որը վերջինս պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:

Դիմողը գտնում է, որ տվյալ դեպքում դատախազը նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի որոշման վրա ստորագրությամբ պարզապես երկարացնում է նախաքննության ժամկետը, կամ, չստորագրելով քննիչի որոշումը` չի երկարացնում նախաքննության ժամկետը` առանց ներկայացնելու իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես թիվ 16146914 և թիվ 16138514 քրեական գործերի պայմաններում:

Օրենսգրքի 197-րդ հոդվածով կարգավորված չէ, թե դատախազն ինչ դատավարական ակտով է երկարացնում նախաքննության ժամկետը, սակայն, նկատի ունենալով, որ նախաքննության ժամկետը երկարացնելը դատավարական գործողություն է, ուստի, դիմողի համոզմամբ, դատախազը նախաքննության ժամկետը կարող է երկարացնել առանձին պատճառաբանված որոշում կայացնելով:

Ըստ դիմողի` ցանկացած միջնորդություն իրավասու մարմնի կողմից քննարկվելու արդյունքում կարող է մերժվել, բայց օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված չէ դատախազի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (նախաքննության ժամկետը չերկարացնելու) իրավական ռեժիմ, ինչպես նաև` այդ իրավիճակում քրեական գործի հետագա ընթացքը լուծելու ընթացակարգ: Դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու դեպքում նախաքննությունը հայտնվում է փակուղային իրավիճակում, քանի որ նախաքննության ժամկետից դուրս քննիչն իրավունք չունի կատարել որևէ դատավարական գործողություն, այդ թվում` նախաքննությունն ավարտելուն ուղղված գործողություններ: Այս պարագայում քրեական գործի հետագա ընթացքը մնում է առկախված վիճակում: Ուստի դատախազի` նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական գործիքի կիրառումը, դիմողի կարծիքով, չի տեղավորվում գործող քրեական արդարադատության տրամաբանության շրջանակներում:

Նման պայմաններում, ըստ դիմողի` օրենսգրքի վիճարկվող նորմերը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել օրենք, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:

Ամփոփելով վերոգրյալը` թիվ ԵՄԴ/0001/11/15 և թիվ ԵՄԴ/0003/11/15 դատական գործերով քննության ընթացքում, դիմողի կարծիքով, պարզվել է, որ առկա է վարույթում գտնվող գործերով կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության խնդիր, և նա գտնում է, որ օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 18, 19 և 103-րդ հոդվածներին:

 

4. Սույն գործով վիճարկվող դրույթների վերաբերյալ պատասխանողը, մասնավորապես, գտնում է, որ նախաքննության ժամկետի երկարաձգումը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, և այն պետք է իրականացվի բավարար իրավական և փաստական հիմնավորվածության պարագայում:

Ըստ պատասխանողի` նախաքննության ժամկետի երկարացման հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու իրավասությունն օրենսդիրը վերապահել է դատախազին, որն օժտված է հայեցողական լիազորությամբ: Հայեցողական լիազորությունների առկայությունն իրավական պետությանը բնորոշ հատկանիշ է, բայց օրենսդրորեն պետք է նախատեսվեն հնարավոր չարաշահումները կանխելու կառուցակարգեր, այսինքն` օրենսդիրը պետք է սահմանի հայեցողության իրականացման սահմանները և դրանց իրականացման եղանակները, ինչն անձանց համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց է: Հակառակ պարագայում, անսահմանափակ հայեցողական լիազորություններով օժտելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին:

Պատասխանողը համակարծիք է դիմողի այն պնդմանը, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ դատախազի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու և քրեական գործի հետագա ընթացքը լուծելու ընթացակարգ, ինչի պատճառով նախաքննությունը հայտնվում է փակուղային իրավիճակում, իսկ քրեական գործի հետագա ընթացքը մնում է առկախված վիճակում: Ուստի դատախազի` նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական գործիքի կիրառումը, պատասխանողի կարծիքով, չի տեղավորվում գործող քրեական արդարադատության տրամաբանության շրջանակներում:

Պատասխանողի կարծիքով` դատախազը, ստանալով քննիչի` նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն պարունակող պատճառաբանված որոշումը, կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`

- համաձայնելով քննիչի դիրքորոշմանը` կայացնել առանձին որոշում նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին,

- համաձայնելով քննիչի դիրքորոշմանը` կայացնել որոշում նախաքննության ժամկետը երկարացնելու կամ նախաքննության ժամկետն այլ պատճառաբանությամբ երկարացնելու մասին,

- չհամաձայնելով քննիչի դիրքորոշմանը` կայացնել որոշում քրեական գործի վարույթը կարճելու մասին կամ նախաքննության ժամկետը երկարացնել այնքանով, որքանով անհրաժեշտ է նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացություն կազմելու համար:

Պատասխանողը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե նախաքննության ժամկետը երկարացնելու հարցի վերաբերյալ դատախազի որոշումն ինչպես կարտահայտվի` առանձին դատավարական փաստաթղթի ձևով, թե քննիչի` միջնորդություն պարունակող որոշման մեջ մակագրություն կամ նշում կատարելով, այդպիսի որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Միաժամանակ պատասխանողը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի (Կ-084-14.09.2012, 29.11.2013-ՊԻ-010/0) 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում, իսկ 194-րդ հոդվածով նախատեսվում է, որ բացառիկ դեպքերում, երբ դա պահանջում է արդարադատության շահը, նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները վերադաս դատախազի կողմից կարող են երկարացվել առավելագույնը 2 ամսով:

 

5. Սույն գործի քննության շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

ա) վեճի առարկա դրույթների իրավակարգավորման առարկան և սահմանադրաիրավական բովանդակությունը,

բ) քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացնելու ինստիտուտի շրջանակներում հնարավոր օրենսդրական բացի կամ թերի իրավակարգավորման առկայությունը,

գ) քրեական գործերով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին ընդունվող դատավարական ակտի բնույթի վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկան:

 

6. Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ:

Վերոնշյալ սահմանադրաիրավական դրույթն իր արտացոլումն է գտել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի վիճարկվող մասերում, որոնց համաձայն` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար դատախազը լուծում է նախաքննության ժամկետի երկարացման հարցը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծության արդյունքում` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը քրեական գործերով որպես նախաքննության իրականացման առավելագույն ժամկետ է սահմանել երկամսյա ժամկետը: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը /հոդվ. 197, մաս 2/:

Միաժամանակ, օրենսգրքի վերաբերելի նորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ.

- օրենսգիրքը նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու վերաբերյալ քննիչի որոշումը դատախազի կողմից հաստատելու հստակ ժամկետ չի նախատեսում,

- նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու վերաբերյալ քննիչի որոշումը մերժելու իրավական հետևանքներն օրենսգրքով հստակ կանոնակարգված չեն,

- օրենսգրքով նաև հստակ կանոնակարգված չէ սահմանված ժամկետի խախտմամբ նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հանգամանքը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ միմյանցից հստակ սահմանազատել է օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք լինելու այն դեպքերը, որոնք կարող են քննվել սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքերից, որոնց լուծումը վերապահված է բացառապես օրենսդիր մարմնին:

Նշված որոշման 6-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ սկզբունքային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումները.

ա) «…Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:»,

բ) «... բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորման բացերն օրենսգրքի այս կամ այն հոդվածում լրացնելու հարցը գտնվում է բացառապես օրենսդրի իրավասության շրջանակներում, և այս պարագայում առկա է մի իրավիճակ, երբ իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ բացակայում են մի շարք նորմատիվ պատվիրաններ, և այդ բացերի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

 Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ օրենսդրի կողմից նախաքննության ժամկետի երկարացման ինստիտուտի շրջանակներում վերոգրյալ հարցերի նորմատիվ կարգավորումը թույլ կտա խուսափել սահմանադրականության տեսանկյունից հնարավոր խնդրահարույց իրավիճակներից, կբարձրացնի նախաքննության մասնակիցների համար այդ ինստիտուտի իրավական որոշակիության և մատչելիության մակարդակը, կհստակեցնի քննիչ-դատախազ փոխհարաբերությունների իրավական սահմանները:

 Կարևորելով քրեական գործերով նախաքննության իրականացման համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորման բացերով պայմանավորված նախաքննության հնարավոր փակուղային վիճակում հայտնվելն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի մի շարք սահմանադրական իրավունքների, մասնավորապես` արդար դատաքննության իրավունքի խախտման:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան:

Սահմանադրական դատարան ներկայացված` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 17-ով թվագրված եզրակացության վերլուծությունից հետևում է, որ բացակայում է նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ միասնական իրավակիրառ պրակտիկան, ավելին, ձևավորվել է նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ տարբեր մոտեցումներ, որոնք պայմանականորեն դասակարգվել են երեք խմբի.

- նախաքննության ժամկետը երկարացվում է քրեական վարույթ իրականացնող քննիչի` նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդության մասին որոշման վերին աջ անկյունում տպագրված նշագրման ազատ հատվածում դատախազի ստորագրություն դնելով,

- հսկողություն իրականացնող դատախազը համապատասխան միջնորդություն պարունակող որոշման վրա` վերին մասում կամ որոշման եզրափակիչ մասից հետո ձեռագիր կերպով երկարացնում կամ չի երկարացնում նախաքննության ժամկետը, ընդ որում, որոշ դեպքերում համապատասխան գրառման բացակայության պատճառով պարզ չի լինում, թե ինչ ժամանակով է երկարացվել նախաքննության ժամկետը,

- հսկողություն իրականացնող դատախազը համապատասխան միջնորդություն պարունակող որոշման հիման վրա կայացնում է առանձին դատավարական ակտ:

Նման իրավիճակը կարող է հաղթահարվել օրենսդրական կարգավորումների հստակեցման, ինչպես նաև դատախազական հսկողության իրականացման պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջի ամրագրման պայմաններում: Սակայն առկա վիճակը պայմանավորված չէ վեճի առարկա դրույթների սահմանադրականությամբ: Վերջիններիս իրավական բովանդակության հիմնական բաղադրատարրերն են.

- դատախազի վերահսկողական լիազորության ամրագրումը` նախաքննության ժամկետը երկարացնելու կապակցությամբ,

- քննիչի կողմից դատախազին պատճառաբանված որոշում ներկայացնելու պարտավորության ամրագրումը,

- նման որոշում ներկայացնելու վերաբերյալ ժամկետի հստակ սահմանումը:

Նման բոլոր իրավակարգավորումները սահմանադրականության տեսանկյունից հետապնդում են իրավաչափ նպատակ և խնդրահարույց չեն:

Միաժամանակ, հստակ է նաև, որ դատախազն օժտված չէ նախաքննության ժամկետը երկարացնելու ինքնուրույն լիազորությամբ:

Տվյալ դեպքում դատախազը` հանդես գալով որպես հսկողություն իրականացնող սուբյեկտ, կարող է ստուգել քննիչի որոշման պատճառաբանվածությունը և հաշվի առնելով քրեական գործերով նախաքննության օրինականության, լրիվության, բազմակողմանիության և արդյունավետության սկզբունքները` հաստատել կամ չհաստատել քննիչի համապատասխան դատավարական ակտը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հուլիսի 2015 թ.

ՍԴՈ-1225