ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 693-Ն
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 29 Երևան |
Հավելված |
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման (այսուհետ` կատարողականի գնահատում) սկզբունքները, չափորոշիչները և կարգը:
2. Կատարողականի գնահատումը տեսչական մարմնի գործառույթ է, որի արդյունքում հավաստվում է, որ տեսչական մարմնի խնդիրներն իրագործվել են, նպատակներն իրականացվել են արդյունավետ և պատշաճ, կամ վերհանվում են տեսչական մարմնի գործունեության ընթացքում թույլ տրված բացթողումներն ու դրանց պատճառները:
3. Տեսչական մարմնի կատարողականի գնահատումն իրականացվում է սույն կարգին համապատասխան՝ առաջնորդվելով բազմակողմանիության, ամբողջականության և անկողմնակալության սկզբունքներով:
4. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման բազմակողմանիությունն ապահովվում է տեսչական մարմնի բոլոր գործառույթների իրականացման ընթացքի և դրանց արդյունքների, տեսչական մարմնի նպատակների իրականացմանն ուղղված գործունեության և ապահովման միջոցառումների վերլուծության ու գնահատման միջոցով:
5. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման ամբողջականությունն ապահովվում է տեսչական մարմնի գործառույթների իրականացման ընթացքի և դրանց արդյունքների, տեսչական մարմնի նպատակների իրականացմանն ուղղված գործունեության և ապահովման միջոցառումներն առանձին-առանձին գնահատելու, և ամփոփելով այդ գնահատականը` ամբողջ տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը գնահատելու միջոցով:
6. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման անկողմնակալությունն ապահովվում է գործունեության արդյունավետության գնահատման գործընթացում շահերի բախումը բացառելու և անաչառ մոտեցում դրսևորելու միջոցով:
7. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման չափորոշիչներն են՝
1) նպատակի չափորոշիչներ.
2) գործընթացի չափորոշիչներ.
3) արդյունքի չափորոշիչներ:
8. Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կատարվում է` տարանջատելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված չափորոշիչների քանակական և որակական բաղադրիչները:
9. Նպատակի չափորոշիչները վերաբերում են տեսչական մարմնի հիմնական նպատակին՝ համապատասխան ոլորտի անվտանգությանը և օրենսդրության հետ համապատասխանությանը:
10. Նպատակի չափորոշիչներն են՝
1) տեսչական մարմնի գործունեության հիմնական նպատակին հասնելու մակարդակը.
2) ոլորտի առավել ռիսկային բնագավառներում փոփոխությունների առկայությունը.
3) ռիսկերի պլանավորման, վերլուծության և գնահատման համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
4) խորհրդատվության, մեթոդական աջակցության և կանխարգելման միջոցների համար հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացված առաջարկությունների քանակը:
11. Գործընթացի չափորոշիչները վերաբերում են տեսչական մարմնի գործառույթների իրականացման ընթացքին:
12. Գործընթացի չափորոշիչներն են՝
1) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների միջին տևողությունը.
2) բարձր ռիսկային տնտեսվարող սուբյեկտներում և ստուգման օբյեկտներում ստուգումների քանակը` ստուգումների ընդհանուր քանակի համեմատությամբ.
3) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ստուգումների միջին տևողությունը.
4) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակի (որոնց շնորհիվ կանխվել է հանրությանը, շրջակա միջավայրին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային շահերին, պետությանը սպառնացող էական վնաս կամ ռիսկ) հարաբերակցությունը ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված և իրականացված ստուգումների ընդհանուր քանակին.
5) ստուգման ենթարկված օբյեկտների բավարարվածության աստիճանը տեսչական մարմնի աշխատանքների անաչառության, ընթացակարգերի թափանցիկության, տրամադրված տեղեկատվության որակի և տեսչական մարմնի ծառայողների արհեստավարժության վերաբերյալ:
13. Արդյունքի չափորոշիչները վերաբերում են տեսչական մարմնի կոնկրետ լիազորության իրականացման անմիջական արդյունքին:
14. Արդյունքի չափորոշիչներն են՝
1) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների քանակական հարաբերակցությունը.
2) տեսչական մարմնի վերահսկման երեքից հինգ բարձր ռիսկային ոլորտներում իրավիճակի փոփոխությունը.
3) ըստ առանձին ստուգման հատկացված ֆինանսական միջոցները և մարդկային ռեսուրսները.
4) տեսչական մարմնի, տեսչական մարմնի աշխատակիցների դեմ բերված դիմում-բողոքների քանակը և դրանց արդյունքները:
15. Տեսչական մարմնի կատարողականի գնահատումն իրականացնում է տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանումը:
16. Տեսչական մարմնի կատարողականի գնահատումն իրականացվում է որակի ապահովման ստորաբաժանման կողմից յուրաքանչյուր եռամսյակ և ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի հաստատմանը:
17. Տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցների քանակը, դրանց չափը կամ պատասխանատվության առաջադրման միջոցները չեն կարող դիտարկվել որպես տեսչական մարմնի կամ դրա ծառայողի գործունեության արդյունավետության բնորոշման և կատարողականի գնահատման դրական չափորոշիչ և հիմք դառնալ խրախուսանքի, այդ թվում՝ պարգևատրման համար:
18. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր տարի առնվազն 2 անգամ հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) տեսչական մարմնի ծառայողների տրամադրած խորհրդատվության օգտակարության վերաբերյալ արձագանքների վերլուծություն.
2) ստուգաթերթերի` որպես օրենսդրության պահանջներին համապատասխանությանը նպաստող գործիքի արդյունավետության վերաբերյալ արձագանքների վերլուծություն:
19. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է նաև «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մյուս տեղեկատվությունը:
20. Տեսչական մարմնի կատարողականի գնահատման արդյունքում վերհանված արդյունքների, առկայության դեպքում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ որակի ապահովման ստորաբաժանումը առաջարկություններ է ներկայացնում տեսչական մարմնի կառավարման խորհրդին:
21. Կառավարման խորհուրդը քննարկում է սույն կարգի 20-րդ կետում նշված առաջարկություններն ու տեսչական մարմնին տալիս է համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման նկատմամբ հսկողություն է իրականացվում որակի ապահովման ստորաբաժանման կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|