«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունիսի 2015 թ. |
թիվ 152-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 33-րդ հոդվածի 6-րդ մասը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է միջին շաբաթական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում մեկ օրացուցային շաբաթվա ընթացքում միջին օրական փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից: Ընդ որում, սույն կետի իմաստով օրացուցային շաբաթն ընդգրկում է փաստացի պահուստավորման ժամանակաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթիից երեքշաբթի ընկած մեկ օրացուցային շաբաթը:»,
2) Կանոնակարգ 2-ի 53.1 կետում «միջոցները մարվում են մինչև դրանց մարմանը 2 տարի մնալը և (կամ) նույն կետերով սահմանված պարտատոմսերով» բառերը փոխարինել «միջոցների գծով» բառերով,
3) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ կետը «Զարգացման Եվրոպական Ֆինանսական Ինստիտուտների Ասոցիացիայի (Association European Development Finance Institutions) անդամ ֆինանսական կազմակերպություններից» բառերից հետո լրացնել «, «Ռեսփոնսաբիլիթի Ինվեսթմենթս Էյ-ջի»-ից (responsAbility Investments AG), Միկրոֆինանսավորման ընդլայնման հաստատությունից (Microfinance Enhancement Facility S.A.), Տրիոդոս Բանկ Վի-Էն-ից (Triodos Bank VN), «Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: ՀՀ տարածքում գործող բանկերն իրենց գործունեությունը համապատասխանեցնում են սույն որոշման պահանջներին 2015 թվականի հուլիսի 8-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. հուլիսի 3 Երևան |
|