ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 751-Ն
ԱՐՓԻԻ ԵՎ ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Արփիի և Կեչուտի ջրամբարներից ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրառն իրականացնել սույն որոշման հավելվածով նախատեսված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում գործող ջրօգտագործող ընկերությունների կողմից Արփիի և Կեչուտի ջրամբարներից ջրառ իրականացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ռեժիմները և ծավալները սահմանել այնպես, որպեսզի չխաթարվի Արփի լճի էկոլոգիական հավասարակշռությունը և Կեչուտի ջրամբարի շահագործման նպատակայնությունը` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պայմաններ սահմանելով ջրօգտագործման թույլտվություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 14 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՐՓԻԻ ԵՎ ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Արփիի և Կեչուտի ջրամբարների (այսուհետ` ջրամբարներ) էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակն է ջրամբարների էկոլոգիական ներուժի օգտագործմամբ վերականգնել և պահպանել համապատասխանաբար Սևանա և Արփի լճերի էկոլոգիական հավասարակշռությունը:
3. Ջրամբարների շահագործման ռեժիմը սահմանվում է ջրամբարների ջրօգտագործման թույլտվությունով:
4. Ոչ ոռոգման սեզոնին Արփի լճից ջրառն իրականացվում է բացառապես ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված էկոլոգիական թողքի ապահովման նպատակով` բոլոր ջրթափի կետերի հիդրոտեխնիկական կառուցվածքների` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից կապարակնքված լինելու պայմանով:
5. Ոչ ոռոգման սեզոնին Կեչուտի ջրամբարից ջրառն իրականացվում է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված էկոլոգիական թողքի ապահովման, ինչպես նաև Արփա-Սևան թունելով Սևանա լճի ջրալրման նպատակով` բոլոր ջրթափի կետերի հիդրոտեխնիկական կառուցվածքների` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից կապարակնքված լինելու պայմանով:
6. Ոռոգման սեզոնին Արփիի և Կեչուտի ջրամբարներից ջրառն իրականացվում է ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրօգտագործման ռեժիմներին և ծավալներին համապատասխան, ընդ որում, ջրառի յուրաքանչյուր ռեժիմի և ծավալի փոփոխման դեպքում ջրթափի հիդրոտեխնիկական կառուցվածքները կապարակնքվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
7. Կեչուտի ջրամբարից «Արփա-Սևան» թունելով լիճ տեղափոխվող ջրածավալները հաշվառման են ենթարկվում թունելի մուտքամասում և ելքամասում գտնվող ջրաչափական դիտակետերով:
8. Դիտակետերի շահագործումը պետք է ապահովի լիճ տեղափոխված և հաշվառված տվյալների առցանց մատչելիություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
9. Դիտակետերում հաշվառված տվյալները համարվում են վերջնական և ենթակա են օգտագործման Սևանա լճի ջրատնտեսական հաշվեկշռում` որպես մուտքի բաղադրիչ:
10. Մուտքամասի դիտակետը շահագործվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համատեղ կապարակնքված լինելու պայմանով:
11. Դիտակետերում տվյալների առցանց մատչելիությունը խափանվելու կամ տեխնիկական կամ այլ խնդիրներ առաջանալու դեպքում դիտակետերում դրանց վերացման աշխատանքներն իրականացվում են համատեղ ապակապարակնքման և աշխատանքների ավարտից հետո կապարակնքման պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |