Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.8
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
08.05.2014
Дата вступления в силу
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1628/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1628/02/11

2014 թ.

Նախագահող դատավոր`  Լ. Գրիգորյան

Դատավորներ`   

Գ. Մատինյան

 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Սիսակունու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ Գագիկ Սիսակունու հայցի ընդդեմ Սարգիս, Տիգրան և Հայկ Գարուկյանների, Մարիամ Համբարյանի, Աննա Մասումյանի, երրորդ անձինք Ամալյա, Արմեն Քոչարյանների, Լիլլի Բերգի (Լիլիթ Քոչարյան)` ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին, ինչպես նաև Սարգիս Գարուկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գագիկ Սիսակունու, Ամալյա, Արմեն Քոչարյանների, Լիլլի Բերգի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Սիսակունին պահանջել է Սարգիս Գարուկյանին և նրա ընտանիքի անդամներին պարտավորեցնել դադարեցնել Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանի ապօրինի տիրապետումը, այն է` ազատել բնակարանը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սարգիս Գարուկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանի նկատմամբ:

27.02.2013 թվականի դիմումով Սարգիս Գարուկյանը հրաժարվել է հակընդդեմ հայցից:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 31.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Գագիկ Սիսակունին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 31.05.2013 թվականի վճռի` հայցը մերժելու մասի դեմ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.10.2013 թվականի որոշմամբ Գագիկ Սիսակունու վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Սիսակունին:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սարգիս Գարուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 198-րդ, 274-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Գագիկ Սիսակունուն համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանը Սարգիս Գարուկյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տիրապետվում և օգտագործվում է ապօրինի, այսինքն` վերջիններիս տիրապետումը և օգտագործումը հիմնված չէ ինչպես օրենքի կամ պայմանագրի, այնպես էլ սեփականատիրոջ` Գագիկ Սիսակունու համաձայնության հիման վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է բոլոր մասնակիցների կողմից` փոխադարձ համաձայնությամբ, հետևաբար ընդհանուր համատեղ սեփականատերերից մի քանիսի բանավոր թույլտվությամբ այլ անձանց կողմից ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը կամ օգտագործելը դեռևս հիմք չէ այդ գույքի տիրապետումն օրինական համարելու համար: Ավելին, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վիճելի բնակարանի համասեփականատերերի և Սարգիս Գարուկյանի հետ նշված բնակարանը տիրապետելու և օգտագործելու մասին պայմանագիր չի կնքվել, այնուամենայնիվ` Սարգիս Գարուկյանի և նրա ընտանիքի անդամների կողմից նշված բնակարանի տիրապետումը և օգտագործումը համարել է օրինական:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ սույն վեճը վերաբերում է գույքն ապօրինի տիրապետողներից հետ պահանջելուն և որևէ կապ չունի բնակարանի մյուս սեփականատերերի հետ, առավել ևս, բնակարանից Գագիկ Սիսակունու բաժինն առանձնացնելու կամ օգտագործման կարգ սահմանելու հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.10.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` Գագիկ Սիսակունու հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական է և հիմնավոր, ավելին, Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանը Սարգիս Գարուկյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տիրապետվում և օգտագործվում է նշված բնակարանի սեփականատերերի համաձայնությամբ, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 22.09.1994 թվականի անունը, հայրանունը, ազգանունը փոխելու մասին թիվ I-СЛ 265770 վկայականի համաձայն` 03.02.1948 թվականին ծնված Գագիկ Լիպարիտի Քոչարյանը փոխել է հայրանունը և ազգանունը` Գագիկ Արմենակի Սիսակունի (հատոր 1-ին, գ.թ.7).

2) 08.02.2002 թվականի թիվ 795442 և 12.05.2011 թվականի թիվ 2478200 սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Սիսակունուն, Ամալյա, Լիլիթ և Արմեն Քոչարյաններին, հիմք` Խորհրդային շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 01.08.1994 թվականի թիվ 30/10 որոշումը, 22.09.1994 թվականի անունը, հայրանունը, ազգանունը փոխելու մասին թիվ I-СЛ 265770 վկայականը (հատոր 1-ին, գ.թ.5-6, 9-11).

3) «Նոր Նորք 1/8» համատիրության 18.03.2013 թվականի թիվ 67 տեղեկանքի համաձայն` Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանում առանց հաշվառման բնակվում են Սարգիս Գարուկյանն իր ընտանիքի` Մարիամ Համբարյանի, Աննա Մասումյանի, Հայկ և Տիգրան Գարուկյանների հետ (հատոր 5-րդ, գ.թ.6).

4) Սարգիս Գարուկյանը, ներկայացնելով հակընդդեմ հայցադիմում, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ.29-34), որպիսի հայցային պահանջից 27.02.2013 թվականի դիմումով Սարգիս Գարուկյանը հրաժարվել է (հատոր 4-րդ, գ.թ.112).

5) Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանը Սարգիս Գարուկյանի և նրա ընտանիքի անդամների կողմից օգտագործելու և տիրապետելու վերաբերյալ համատեղ սեփականատերերի կողմից տրված որևէ համաձայնություն կամ պայմանագիր սույն գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բոլոր մասնակիցների կողմից տիրապետելու և օգտագործելու, ինչպես նաև այդ պայմաններում մասնակցի կողմից գույքն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով սեփականության ներքո գտնվող գույքի բաժնային և համատեղ սեփականության իրավունքի իրավական ռեժիմները, միաժամանակ ամրագրել է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը մասնակիցների կողմից միասին տիրապետելու և օգտագործելու ընդհանուր կարգ, ընդ որում, ելնելով համասեփականատերերի հայեցողությունը հաշվի առնելու սահմանադրական պահանջից, հնարավորություն է վերապահել համասեփականատերերին` փոխադարձ համաձայնությամբ սահմանելու տիրապետման և օգտագործման այլ կարգ:

Վերը նշվածից հետևում է, որ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման այլ կարգ նախատեսված չլինելու դեպքում նշված գույքը կարող է տիրապետվել և օգտագործվել բացառապես բոլոր մասնակիցների համաձայնությամբ, որը կոչված է ապահովել համասեփականատերերից յուրաքանչյուրի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գույքը միասին տիրապետելու և օգտագործելու իրավունքի իրացումը:

Վերոգրյալով է պայմանավորված համասեփականատերերից յուրաքանչյուրի կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր օգտագործման, տիրապետման, տնօրինման իրավազորությունները:

Տվյալ դեպքում սեփականատերն իրավասու է պահանջել վերացնելու իր սեփականատիրական իրավունքները լիարժեք իրականացնելու հետ կապված սահմանափակումները, ընդ որում, սահմանափակումները կարող են լինել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական, երբ ապօրինի գործողությունների միջոցով խոչընդոտում են սեփականատիրոջը օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը:

Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի:

Վերոգրյալ նորմերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքն այլ անձանց կողմից ապօրինի տիրապետվելու պայմաններում համատեղ սեփականության մասնակիցներից որևէ մեկը զրկված չէ հետ պահանջելու իր գույքն ապօրինի տիրապետողից, հատկապես այն պարագայում, եթե անգամ առկա չէ մյուս մասնակիցների համաձայնությունը գույքն այլ անձանց տիրապետումից հետ պահանջելու վերաբերյալ: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետը չի սահմանափակում մասնակցի սեփականության իրավունքի պաշտպանությունն ընդդեմ ապօրինի տիրապետող անձանց, եթե անգամ առկա չէ բոլոր մասնակիցների համաձայնությունը:

Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 198-րդ, 274-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանում 1995 թվականից մինչ այժմ բնակվում է, այսինքն` այն անհատույց օգտագործում է Սարգիս Գարուկյանն իր ընտանիքի անդամներով` նշված բնակարանի համասեփականատերերի` Ամալյա, Արմեն, Լիլիթ Քոչարյանների թույլտվությամբ, և հայցվորն այդ կապակցությամբ, մինչև սույն հայցով դատարան դիմելը (շուրջ 16 տարի), չի առարկել: Նույն բնակարանից հայցվորի բաժինն առանձնացված չէ, և հայցվորը երբեք չի դիմել դատական պաշտպանության` բնակարանի համատեղ օգտագործման կարգ սահմանելու պահանջով: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում հայցվորը չի հիմնավորել այն վկայակոչած փաստը, որ պատասխանողները վիճելի բնակարանում բնակվում են ապօրինի, մինչդեռ միայն այդ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն նա կարող էր պահանջել գույքը հետ վերադարձնել պատասխանողների տիրապետումից: Վիճելի բնակարանում պատասխանողները բնակվում են դրա համասեփականատերերի թույլտվությամբ, որն ապօրինի համարվել չի կարող, քանի որ դա բնակարանի սեփականատերերի` նման ձևով բնակարան օգտագործելու կամքի դրսևորումն է, և այս իրավիճակում հայցվորը խնդիր ունի ոչ թե պատասխանողների հետ, այլ բնակարանի մյուս համասեփականատերերի հետ` բնակարանը տիրապետելու և համատեղ օգտագործելու առումով:

Վերը շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Սիսակունուն, Ամալյա, Լիլիթ և Արմեն Քոչարյաններին: Ավելին, նշված բնակարանում առանց հաշվառման բնակվում են Սարգիս Գարուկյանն իր ընտանիքի` Մարիամ Համբարյանի, Աննա Մասումյանի, Հայկ և Տիգրան Գարուկյանների հետ: Ընդ որում, սույն գործում առկա չէ նշված բնակարանը համատեղ սեփականատերերի կողմից Սարգիս Գարուկյանի և նրա ընտանիքի անդամների օգտագործմանը և տիրապետմանը տրամադրելու վերաբերյալ որևէ համաձայնություն կամ պայմանագիր:

 Հաշվի առնելով սույն գործի փաստերի և համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բոլոր մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ տիրապետելու և օգտագործելու վերաբերյալ այլ կարգ սահմանված չլինելու իրավահարաբերությունների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընդհանուր սեփականության սուբյեկտները, միմյանց հետ գտնվելով գույքային շահերով փոխադարձ կապվածության և կախվածության մեջ, կրում են պարտավորություն` իրականացնել միասնական նպատակ հետապնդող փոխադարձ համաձայնեցված գործողություն: Հետևաբար, ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը մասնակցի կողմից ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելը չի կարող պայմանավորված լինել սեփականության իրավունքում բաժինն առանձնացված լինելու կամ բնակարանի համատեղ օգտագործման կարգ սահմանելու պահանջով դատական պաշտպանության դիմելու կամ բնակարանի մյուս համասեփականատերերի հետ` բնակարանը տիրապետելու և համատեղ օգտագործելու հանգամանքով հատկապես այն պարագայում, երբ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի բոլոր մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ գույքը տիրապետելու և օգտագործելու այլ կարգ սահմանված չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, ընդ որում, գործի նոր քննությունն անհրաժեշտ է իրականացնել այն ծավալով, որով Դատարանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որպիսի հիմքով նաև Վճռաբեկ դատարանում, այն է` Գագիկ Սիսակունու հայցի` Սարգիս Գարուկյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Նորքի 1-ին միկրոշրջանի թիվ 97/98 շենքի 38-րդ բնակարանի ապօրինի տիրապետումը դադարեցնելուն պարտավորեցնելու, այն է` բնակարանն ազատելու պահանջի մասով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.10.2013 թվականի որոշումը և գործը Գագիկ Սիսակունու հայցի մասով ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան