ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ/0244/06/13 |
Գործ թիվ ՇԴ/0244/06/13 |
|
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Վ. Ծառուկյանի |
2014 թվականի մարտի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ մեղադրյալ Արամ Ռոբերտի Կարապետյանի պաշտպան Վ.Ծառուկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 30104613 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Արամ Ռոբերտի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
2. 2013 թվականի հոկտեմբերի 23-ին մեղադրյալ Ա.Կարապետյանի պաշտպան Վ.Ծառուկյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կարապետյանի պաշտպան Վ.Ծառուկյանի միջնորդությունը մերժվել է:
3. Մեղադրյալ Ա.Կարապետյանի պաշտպան Վ.Ծառուկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա.Կարապետյանի պաշտպան Վ.Ծառուկյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդես գալով «Մայնինգ Ստոոն» սահմանափակ պատասխանատվության ընկերության գնորդ, 2013 թվականի հունվարի 15-ին առուվաճառքի թիվ 1 պայմանագրով Գյումրի քաղաքի բնակիչ` Հովհաննես Վլադիմիրի Բաղդասարյանից 8.000.000 ՀՀ դրամով գնել է ՍՄՌ-028Ա տեսակի քար կտրող մեքենա` պայմանագրում արժեքը նշելով 2.600.000 ՀՀ դրամ: Արամ Կարապետյանը պարտավորվել է կանխիկ 5.400.000 ՀՀ դրամ վճարելուց հետո Ախուրյան գյուղից տեղափոխել վերը նշված մեքենան, իսկ մնացած 2.600.000 ՀՀ դրամը փոխանցել հետագայում: Սակայն Արամ Կարապետյանը խաբեությամբ, Հովհաննես Բաղդասարյանի վստահությունը չարաշահելով, առանց քար կտրող մեքենայի արժեքը վճարելու և ընկերությանը հանձնելու, այն 800.000 ՀՀ դրամով տեղում վաճառել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ` Արմենակ Ռազմասերի Սիմոնյանին` Հովհաննես Բաղդասարյանին պատճառելով 7.800.000 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի նյութական վնաս» (տե´ս նյութեր, թերթ 44):
6. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 6-ի որոշման համաձայն` «[Կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ] միջնորդության հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում այն, որ [որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին] որոշմամբ արդեն իսկ լուծել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրության պայմաններից մեկի` հիմնավոր կասկածի հարցը, որին դատարանն այլևս չի անդրադառնում:
(…):
Դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Արամ Ռոբերտի Կարապետյանի գործողություններում առկա են` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով սահմանված խափանման միջոցի ընտրության հիմքերից հետևյալը` կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից:
Նշված հանգամանքը միջնորդության դատաքննության ժամանակ հաստատեց քրեական վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը՝ հայտնելով, որ մեղադրյալ Ա.Կարապետյանը նախաքննության ընթացքում փորձել է խուսափել, մի քանի կանչից հետո միայն նոր ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին: Բացի այդ, նրա կողմից նոր հանցավոր արարք կատարելու փաստով հաղորդում է ստացվել: Այդ փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, (…):
Այսպիսով, նկատի ունենալով, որ առկա է մեղադրյալի կողմից գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու և նախաքննությունից թաքնվելու իրական վտանգ, դատարանը գտնում է, որ (…) կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը պետք է մերժել, (…)» (տե´ս նյութեր, թերթ 24):
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, փաստական հանգամանքները, գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Արամ Կարապետյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների հետ:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի միջնորդության դատաքննության ժամանակ քրեական վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցչի մեջբերմանն այն մասին, որ մեղադրյալ Ա.Կարապետյանը փորձել է խուսափել վարույթն իրականացնող մարմնից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա չէ վերոնշյալ փաստը հաստատող որևէ ապացույց: Ուստիև այդ հիմնավորումը չի կարող դրվել որոշման հիմքում:
(…)
Մեղադրյալ Արամ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով, որից հետևելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արամ Կարապետյանին վերագրվող հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը նույնպես սույն քրեական գործի շրջանակներում ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:
Նկատի ունենալով վերը շարադրվածը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բարձր է մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում քննությունից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, այդ ձևով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանություններին, որ մեղադրյալ Ա.Կարապետյանն ընտանիքի միակ կերակրողն է, ունի երեք երեխա, որից երկուսն անչափահաս են, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրականորեն, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք դատավարության այս փուլում չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու համար» (տե´ս նյութեր, թերթ 56):
8. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Նոր Նորք 1/7» համատիրության թիվ 351 տեղեկանքի համաձայն` Ա.Կարապետյանը փաստացի բնակվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի 20 շենքի 37-րդ բնակարանում (տե´ս նյութեր, թերթ 5):
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Նոր Նորք 1/7» համատիրության տեղեկանքի համաձայն` Ա.Կարապետյանի խնամքի տակ են գտնվում մայրը` Գրիգորյան Իվետա (1937թ.), կինը` Կոստանյան Լուսինե (1975թ.), դուստրը` Ամիրյան Իռեն (1994թ.), տղաները` Կարապետյան Ռոբերտ (1999թ.) և Կարապետյան Միքայել (2007թ.) (տե´ս նյութեր, թերթ 7):
9. Հ.Բաղդասարյանի կողմից տրված ստացականի համաձայն` Հ.Բաղդասարյանը ստացել է կտրող մեքենայի (…) շարժիչները (…) և նմանատիպ մեքենա: Հետևաբար, Ա.Կարապետյանից գույքային և դրամական որևէ պահանջ չունի (տե´ս նյութեր, թերթ 4):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջների խախտում այն առումով, որ Ա.Կարապետյանին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելիս չի վկայակոչել նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավի կիրառումը կարող է ճանաչվել անթույլատրելի միայն այն դեպքում, երբ պարզված չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր, կամ փորձել է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, մինչդեռ սույն գործով նման փաստեր բացակայում են: Ավելին, Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելով, հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Ա.Կարապետյանը բնութագրվում է դրական, նրա խնամքին են գտնում 76 ամյա մայրը, 3 երեխաները, որոնցից երկուսն անչափահաս են և նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը:
11. Անդրադառնալով Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին՝ բողոք բերող անձը նշել է, որ այն Ա.Կարապետյանին չի վերաբերում, քանի որ նրա նկատմամբ է բռնություն կիրառվել և այդ գործով Ա.Կարապետյանը հանդիսանում է տուժող: Ուստի, նման պայմաններում Ա.Կարապետյանի մեղադրանքում և, համապատասխանաբար, կալանքի վերաբերյալ որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մատնանշումն անհիմն է:
12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը և մեղադրյալ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավո՞ր են արդյոք Ա.Կարապետյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
(…)
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
«1. Գրավը (…) հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
(…)»:
Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, Դ.Ալիխանյանի և մի շարք այլ գործերով կայացված որոշումներում, որտեղ հետևողականորեն ամրապնդել և զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները:
15. Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(….) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
(…)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե´ս Արամ Սեյրանի Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):
Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:
(…)
[Դ]ատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէր օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ էր կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:
Ընդ որում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, և որը պետք է բխի անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից:
(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե´ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ, 22-րդ և 36-րդ կետերը):
Դ.Ալիխանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` կալանքը գրավով փոխարինելը մերժելու մասին դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով և ոչ թե բավարարվել ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքով:
(…) անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանավորման պայմանի, այն է՝ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այլ խոսքով՝ եթե առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ անձը հանցանք է կատարել, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, հետևաբար՝ չի կարող քննարկման առարկա դառնալ նաև գրավի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը: Հետևաբար, հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը չի կարող հիմք հանդիսանալ անձին կալանքից գրավով ազատ արձակելն անթույլատրելի ճանաչելու համար» (տե´ս Դավիթ Գրիգորի Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0138/06/12 որոշման 13-րդ և 16-րդ կետերը):
16. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, Դ.Ալիխանյանի գործերով որոշումներում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ կալանքը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա տվյալներով:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու թույլատրելիության հարցի քննության արդյունքում որոշում կայացնելիս դատարանները պետք է հիմնվեն միայն այն տվյալների վրա, որոնք բխում են դատարանում հետազոտված նյութերից, հետևաբար ցանկացած այլ, գործի նյութերից չբխող տվյալների հիման վրա գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելը հանդիսանում է անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու թույլատրելիության հարցը քննարկելիս դատարանները պետք է ղեկավարվեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի առնեն նշված հոդվածով թվարկված հանգամանքները:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Ա.Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե´ս սույն որոշման 1-ին կետը):
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ա.Կարապետյանն ունի մշտական բնակության վայր և նրա խնամքի տակ են գտնվում մայրը, կինը և երեք երեխաները, որոնցից երկուսն անչափահաս են (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):
Ա.Կարապետյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ.
ա) առկա են տվյալներ այն մասին, որ մեղադրյալի գործողություններում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված մի շարք հիմքեր, մասնավորապես՝ Ա.Կարապետյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից, ինչը հիմնավորվում է նրանով, որ մեղադրյալը մի քանի կանչից հետո միայն ներկայացել է քրեական վարույթն իրականացնող մարմին և նրա կողմից նոր հանցավոր արարք կատարելու փաստով հաղորդում է ստացվել, հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ պատճառաբանելով, որ.
ա) առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Ա.Կարապետյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների հետ:
բ) Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով: Նշված արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանն էական նշանակություն ունեն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ բարձր է մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում քննությունից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, այդ ձևով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ա.Կարապետյանը փորձել է խուսափել վարույթն իրականացնող մարմնից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նյութերում առկա չէ վերոնշյալ փաստը հաստատող որևէ ապացույց, ուստի այդ հիմնավորումը չի կարող դրվել որոշման հիմքում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ա.Կարապետյանն ընտանիքի միակ կերակրողն է, ունի երեք երեխա, որից երկուսն անչափահաս են, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանք դատավարության այս փուլում չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու համար (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ա.Կարապետյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մի շարք խախտումներ, մասնավորապես՝
ա) գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչել հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ Ա.Կարապետյանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, մինչդեռ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը չի կարող հիմք հանդիսանալ անձին կալանքից գրավով ազատ արձակելն անթույլատրելի ճանաչելու համար (տե´ս սույն որոշման 15-րդ կետը):
բ) գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչել այն պատճառաբանությամբ, որ Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով, և նշված արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանն էական նշանակություն ունեն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հիմնավորմանը, որ մեղադրյալ Ա.Կարապետյանի ընտանիքի միակ կերակրողն լինելը, երեք երեխա ունենալը, որից երկուսն անչափահաս են, մշտական բնակության վայր ունենալը, դրականորեն բնութագրվելը դատավարության տվյալ փուլում չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու համար (տե´ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Նշված հոդվածի իմաստով՝ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս ի թիվս այլոց հաշվի են առնվում մեղադրյալի անձը, խնամարկյալների և բնակության մշտական վայրի առկայությունը: Մինչդեռ սույն գործով նշված հանգամանքների առկայության պայմաններում, ինչպես նաև այն պայմաններում, երբ մեղադրյալ Ա.Կարապետյանը վերականգնել է Հ.Բաղդասարյանին պատճառված վնասը, Վերաքննիչ դատարանը, առանց որևէ հիմնավորման, նշել է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար:
19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Կարապետյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Այս առումով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի էական խախտումներ, մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված որոշման կայացմանը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը հակասում է Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, Դ.Ալիխանյանի գործերով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներին:
20. Սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են հանդիսանում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեղադրյալ Արամ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արամ Ռոբերտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |