«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ներդրումային ֆոնդի կառավարիչը կարող է իր անունից պատվիրակել կառավարչական գործառույթների մի մասը, իսկ պահառուն իր գործառույթների մի մասը կամ ֆոնդի ակտիվների մի մասի պահառության իր բոլոր գործառույթները երրորդ անձին` իր գործարար գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,
նպատակ ունենալով ապահովել կառուցակարգ, որը կզսպի պատվիրակման հետ կապված ռիսկերը` հաշվի առնելով պատվիրակվող գործառույթների էությունը և դրանց կարևորությունը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը, 89-րդ հոդվածի 7-րդ մասը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի գործառույթների պատվիրակմանը նախնական համաձայնության տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման կարգը, նախնական համաձայնության տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/13-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 300-Ն որոշմամբ |
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/13
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի գործառույթների պատվիրակման նպատակով նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը,
2) ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի գործառույթների պատվիրակման նախնական համաձայնության տրամադրման կարգն ու պայմանները,
3) ներդրումային ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների առավելագույն մասը, որի նկատմամբ ներդրման կառավարման գործառույթը կարող է պատվիրակվել:
2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի, ներդրումային ֆոնդի պահառուների, ինչպես նաև ցանկացած այլ անձանց վրա, որոնք հանդես են գալիս կամ մտադրություն ունեն իրականացնել ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից իրենց պատվիրակված գործառույթները վերջինիս հետ կնքված (կնքվելիք) պատվիրակման (ենթապահառության) պայմանագրի հիման վրա:
3. Այն գործառույթները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր հանձնման են ենթակա այլ անձի (իրականացվում են այլ անձի կողմից), չեն հանդիսանում սույն կանոնակարգի կարգավորման առարկա:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «պատվիրակող»` կառավարիչ կամ պահառու, որը պատվիրակում է իր գործառույթների մի մասը (պահառուի դեպքում նաև ֆոնդի ակտիվների մի մասի պահառության իր բոլոր գործառույթները) երրորդ անձին (անձանց).
2) «կոնտրագենտ»` անձ (ենթապահառու), որը կառավարչի (պահառուի) հետ գործառույթների պատվիրակման (ենթապատվիրակման) պայմանագիր է կնքել կամ կնքելու մտադրություն ունի.
3) «Օրենք»` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
5. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող իմաստները:
ԳԼՈՒԽ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ (ՊԱՀԱՌՈՒԻ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Կառավարիչը ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակման նպատակով նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) պատվիրակման թույլտվության միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) պատվիրակման պայմանագրի նախագծի պատճենը, որը ներառում է սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված պայմանները,
3) գործառույթների պատվիրակման անհրաժեշտության հիմնավորումը, որը պետք է ներառի նվազագույնը հետևյալ դրույթները. գործառույթների և պրոցեսների օպտիմալացում, ծախսերի խնայողություն, կոնտրագենտի փորձառության առկայություն որոշակի շուկայում, կոնտրագենտի մուտքի հնարավորություն գլոբալ առևտրային շուկաներում և այլն,
4) հիմնավորում, որ պատվիրակված գործառույթներն իրականացնելու համար կոնտրագենտն ունի բավարար կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ, մասնագիտական որակ, փորձառություն, աշխատակիցների լավ համբավ (չլինեն դատված, դատական վարույթների և (կամ) քրեական/վարչական պատժամիջոցների բացակայություն և այլն),
5) տվյալ գործառույթի իրականացման թույլտվությունը վկայող փաստաթուղթ (լիցենզիա), եթե տվյալ գործառույթի իրականացումը օրենսդրությամբ (օտարերկրյա կոնտրագենտի դեպքում` օտարերկրյա կոնտրագենտի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ) պահանջում է իրավասու մարմնի թույլտվություն (լիցենզիա), հակառակ դեպքում` հայտարարություն, որ պատվիրակվող գործառույթները իրականացնելու համար օրենսդրությամբ լիցենզիա կամ հատուկ այլ թույլտվություն չի պահանջվում,
6) հիմնավորում, որ պատվիրակման արդյունքում անհնարին չի դառնա կառավարչի և պահառուի նկատմամբ պատշաճ (արդյունավետ) վերահսկողության իրականացումը,
7) հիմնավորում, որ կոնտրագենտի և պատվիրակողի, ֆոնդի կամ ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախում չի առաջանա,
8) պատվիրակողի աշխատակիցների ցուցակը, կապի միջոցները և կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են լինելու կոնտրագենտի հետ համագործակցության և կոնտրագենտի նկատմամբ վերահսկողության իրականացման համար, այս անձանց իրավունքների ու պարտականությունների մանրամասն նկարագիրը,
9) պատվիրակման արդյունքում պատվիրակողի գործունեության մեջ կատարվելիք նշանակալից փոփոխությունները:
7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել այլ տեղեկատվություն` սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
8. Եթե նախկինում պատվիրակվող որևէ գործառույթի համար Կենտրոնական բանկ ներկայացվել են սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը, ապա հետագայում որևէ այլ գործառույթի պատվիրակման համար Կենտրոնական բանկ կարող են չներկայացվել այդ փաստաթղթերը (եթե տվյալ փաստաթղթերում ներառվող տեղեկությունները չեն փոփոխվել):
9. Եթե սույն կանոնակարգի 6-րդ կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար պատվիրակման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը, ներկայացված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ, ապա պատվիրակողը փոփոխված փաստաթղթերը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար պատվիրակման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Իսկ պատվիրակմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին որոշման կայացումից հետո պատվիրակողը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետում նշված տեղեկությունների փոփոխությունները յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության մասին տեղեկանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Սույն գլխով սահմանված պահանջները տարածվում են պահառուի կողմից իր գործառույթների պատվիրակման նպատակով ենթապահառության պայմանագրի կնքմանը նախնական համաձայնության ընթացակարգի վրա (ըստ կիրառելիության):
ԳԼՈՒԽ 4. ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ (ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Պատվիրակման (ենթապահառության) պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, որը, ի լրումն Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանների, ներառում է նաև հետևյալ պայմանները.
1) գործառույթի պատվիրակման ժամկետը,
2) պատվիրակողի և կոնտրագենտի իրավունքներն ու պարտականությունները (կոնտրագենտի նկատմամբ ստուգումներ իրականացնելու, գրանցամատյաններին մուտք ունենալու, տարածք գործելու` պատվիրակողի իրավունքը և այլ իրավունքներ),
3) պատվիրակողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովման կոնտրագենտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունը,
4) պատվիրակողի տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման` կոնտրագենտի պարտավորությունը (եթե պատվիրակված գործառույթը դա պահանջում է),
5) դրույթ կոնտրագենտի պարտավորության վերաբերյալ, համաձայն որի կոնտրագենտը պետք է անհապաղ տեղեկացնի պատվիրակողին այն դեպքերի մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ պատվիրակված գործառույթների` արդյունավետ և օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման հնարավորության վրա,
6) պատվիրակման պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացող դեպքերը (կոնտրագենտի անվճարունակության, լուծարման կամ սնանկ ճանաչվելու, սեփականատերերի փոփոխության, պատվիրակված գործառույթների կատարման նկատմամբ պահանջները չկատարելու, պատվիրակված գործառույթների ոչ լավ կատարողականի դեպքում և այլ դեպքերում),
7) պատվիրակման պայմանագրի լուծման ուժի մեջ մտնելու և ֆոնդի մասնակիցների վերաբերյալ տվյալների վերադարձի իրականացման կարգն ու ժամկետը,
8) վեճերի լուծման մեխանիզմները, ներառյալ այն դեպքերը, թե որ երկրի օրենսդրությունն է տարածվում դատական գործի նկատմամբ, եթե կոնտրագենտն օտարերկրյա կազմակերպություն է,
9) ֆոնդի ակտիվների ներդրման կառավարման գործառույթի պատվիրակման դեպքում` դրույթ այն մասին, որ կոնտրագենտի կողմից ֆոնդի կառավարումը պետք է համապատասխանի ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) և (կամ) ազդագրում, ինչպես նաև կառավարչի գործունեության կանոններով սահմանված ներդրումային քաղաքականությանը, ինչպես նաև դրույթ տվյալ քաղաքականության կիրառման ուղղությամբ կոնտրագենտին ցուցումներ տալու պատվիրակողի իրավունքի մասին,
10) դրույթ, համաձայն որի պատվիրակողը և կոնտրագենտը պարտավոր են պահպանել սույն կանոնակարգով և օրենքով սահմանված պահանջները պատվիրակման ամբողջ ընթացքում,
11) եթե պատվիրակման պայմանագիրը կնքվում է օտարերկրյա կոնտրագենտի հետ, ապա պատվիրակման պայմանագրում նշվում է նաև, թե իրավական պատասխանատվություն կրելու դեպքում որ երկրի օրենսդրությունն է կիրառվելու պատվիրակման պայմանագրի կողմերի նկատմամբ:
12. Ենթապահառության պայմանագրում, ի լրումն Օրենքով և սույն կանոնակարգի 11-րդ կետի 1-ից 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում սահմանված տեղեկությունների, ներառվում են նաև հետևյալ դրույթները.
1) ֆոնդի ակտիվների առանձնացման պայմանները, որի դեպքում հնարավոր կլինի ցանկացած պահի դրանք տարբերակել կոնտրագենտի և ֆոնդի մասնակիցների սեփական ակտիվներից (եթե պատվիրարկվող գործառույթի համար սույն դրույթը կիրառելի է).
2) պատվիրակման պայմանագրի լուծման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու և ֆոնդի ակտիվների վերադարձն իրականացնելու միջև ընկած ժամկետը և կարգը (եթե պատվիրարկվող գործառույթի համար սույն դրույթը կիրառելի է):
ԳԼՈՒԽ 5. ՊԱՏՎԻՐԱԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Կոնտրագենտի գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթը չի կարող պատվիրակվել:
14. Պատվիրակողը պետք է ապահովի պատվիրակված գործառույթների իրականացման անընդհատությունը, այդ թվում` պատվիրակման պայմանագրի դադարեցման կամ երրորդ անձի տվյալ գործառույթների պատվիրակման դեպքերում:
15. Պատվիրակողը պետք է ողջամիտ ժամկետում Կենտրոնական բանկին ներկայացնի տեղեկություններ կոնտրագենտի կողմից օրենքի կամ այլ իրավական ակտերի կամ ֆոնդի կանոնների (կանոնադրության) ցանկացած խախտման մասին:
16. Եթե ներդրողների շահերի պաշտպանության համար պահանջվում է պատվիրակողի կողմից պատվիրակման պայմանագրի լուծում, ապա պայմանագրի լուծմամբ պատվիրակումը դադարում է, և պատվիրակված գործառույթները անմիջապես վերադարձվում են պատվիրակողին կամ պատվիրակողի կողմից նշված այլ անձին, եթե առկա է վերջինիս և պատվիրակողի հետ համապատասխան պատվիրակման պայմանագիր:
17. Պատվիրակողը կոնտրագենտի հետ պատվիրակման պայմանագրի լուծման դեպքում պայմանագիրը լուծելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին:
18. Ի լրումն սույն կանոնակարգի 13-ից 17-րդ կետերով սահմանված պայմանների` պահառության գործառույթների պատվիրակման դեպքում.
1) օրենսդրությամբ կոնտրագենտի նկատմամբ սահմանվում և կիրառվում է նվազագույն կապիտալի պահանջ,
2) եթե պատվիրակման պայմանագիրը կնքվում է օտարերկրյա կոնտրագենտի հետ, ապա կոնտրագենտի գրանցման վայրի երկիրը չպետք է համարվի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր կամ տվյալ երկրի համար ՖԱԹՖ-ի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ որևէ հայտարարություն չպետք է հրապարակված լինի:
ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տալիս գործառույթների պատվիրակմանը կամ մերժում է համաձայնության տրամադրումը.
1) Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կետի «գ», «դ» պարբերություններով նախատեսված ծառայությունների, ինչպես նաև պահառուի կողմից իր գործառույթների մի մասի կամ ֆոնդի ակտիվների մի մասի պահառության իր բոլոր գործառույթների դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում,
2) Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ», «ե», «զ», «է» և «ը» պարբերություններով և 3-րդ կետով նախատեսված գործառույթների դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Կենտրոնական բանկը թույլատրում է ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի գործառույթների պատվիրակումը, եթե առկա չեն Օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերը և ներկայացված փաստաթղթերը կեղծ և (կամ) թերի չեն, կամ դրանցում չեն արտացոլվել անարժանահավատ և (կամ) կեղծ տվյալներ:
ԳԼՈՒԽ 7. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
21. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները (դրանց փոփոխությունները) Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերեն` պատվիրված նամակով, էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են կառավարչի կամ պահառուի իրավասու անձի կողմից և ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
ԳԼՈՒԽ 8. ՖՈՆԴԻ (ԵՆԹԱՖՈՆԴԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏՎԻՐԱԿՎԵԼ
22. Կառավարիչը կարող է պատվիրակել կառավարման ենթակա ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների առավելագույնը այնքան մասի կառավարումը, որի արդյունքում պատվիրակման պայմանագրի կնքման օրվա դրությամբ ընդհանուր պատվիրակված ակտիվների մասը էապես չի գերազանցում պատվիրակումից հետո կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների մասը: Ընդ որում` պատվիրակման ենթակա և պատվիրակումից հետո կառավարչի կառավարման ներքո գտնվող ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների մասը որոշելու համար հաշվի է առնվում ոչ միայն պատվիրակման ենթակա և պատվիրակումից հետո կառավարչի կառավարման ներքո գտնվող ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների մեծությունը, այլ նաև տվյալ ֆոնդերի (ենթաֆոնդերի) ակտիվների հետևյալ որակական չափանիշները.
1) ֆոնդի (ենթաֆոնդի) ներդրումային քաղաքականությունը, դրա ռիսկայնության աստիճանը,
2) ֆոնդի ներդրումային նպատակներին հասնելու տեսանկյունից ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների կարևորությունը,
3) ֆոնդի ակտիվների ներդրումների աշխարհագրական և ոլորտային բաշխվածությունը,
4) կառավարչի և կոնտրագենտի գործունեության տարածաշրջանները,
5) կառավարչի և կոնտրագենտի կառուցվածքը, այդ թվում` արդյոք կառավարիչը և կոնտրագենտը ընդգրկվում են միևնույն խմբում, թե ոչ:
Հավելված 1 «Ֆոնդի կառավարման և պահառությանԳործառույթների պատվիրակման համար նախնական համաձայնության Տրամադրման կարգը» կանոնակարգ 10/13-ի |
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
_____________________________ին
Հարգելի ______________
____________________________________________________________________________________
(Միջնորդագիր ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը)
որոշում է կայացրել պատվիրակել
____________________________________________________________________________________
(նշել պատվիրակվող գործառույթի (գործառույթների) տեսակը (տեսակները)
գործառույթը (գործառույթները):
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք պատվիրակման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը (առդիր` --- էջ):
Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:
Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել նշված գործառույթի (ների) պատվիրակումը:
Միջնորդագիրը ներկայացնող անձ`
_____________________________________________________________________________________
(կառավարչի (պահառուի) իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____________________________________________________________________________________
(կապի միջոցները, գտնվելու վայրը)
------ ---------------------- 20 թ.