ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1361-Ն
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.08.13 N 871-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) գանգատարկման խորհրդի կողմից վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
(1-ին կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
2) գանգատարկման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 22.08.13 N 871-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային և մաքսային մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների, անգործության կամ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի վերաբերյալ վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ընդունած առանձին որոշումների` գանգատարկման խորհրդում (այսուհետ` խորհուրդ) քննարկման կարգը:
(1-ին կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
2. Խորհրդի հիմնական խնդիրը հարկային և մաքսային օրենսդրության կամ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների միատեսակ և ճիշտ կիրառմանը նպաստելն է:
3. Խորհրդի գործառույթներն են`
1) հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատների և դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումների քննարկումն ու եզրակացությունների ընդունումը.
2) հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունը կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
(3-րդ կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
4. Տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում, և դիմում-գանգատները, բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապված դիմում-գանգատների, մասամբ բավարարելու կամ դրանք մերժելու դեպքերում հանձնաժողովն իրենց որոշումների նախագծերը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (այսուհետ` գանգատի փաթեթ) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են խորհրդին` նիստերի անցկացման վայրի հասցեով:
(4-րդ կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով՝ ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում:
6. Խորհրդի անդամները խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ գրավոր (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով) ծանուցվում են խորհրդի հերթական նիստի անցկացման ժամկետների, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներին ծանուցագրի հետ միասին էլեկտրոնային կարգով ուղարկվում են նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճենները:
7. Խորհրդի աշխատանքը ղեկավարում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահը`
1) հրավիրում է խորհրդի նիստերը և վարում դրանք.
2) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
3) ստորագրում է խորհրդի ընդունած եզրակացությունները.
4) խորհրդի անդամների միջնորդության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ խորհրդում կոմիտեի ներկայացուցիչներից պահանջում է գանգատին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր.
5) պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
8. Խորհրդի նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
9. Խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմն ապահովում է խորհրդի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ: Խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը.
2) իրականացնում է խորհրդի ընթացիկ կազմակերպման տեխնիկական աշխատանքները.
3) քննարկման է ներկայացնում խորհրդի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը.
4) արձանագրում է խորհրդի նիստերի ընթացքը, կազմում և խորհրդի անդամների համաձայնեցմանն է ներկայացնում խորհրդի եզրակացությունների նախագծերը.
5) կազմում է գանգատի գործը, վարում խորհրդի գործերի հաշվառման և ընդունված եզրակացությունների գրանցամատյանները.
6) կազմում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող եռամսյակային հաշվետվության նախագիծը:
10. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի եզրակացությունն ըստ գանգատում բերված յուրաքանչյուր պահանջի ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների առկայության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված՝ գանգատ ներկայացրած անձի օգտին:
11. Խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
12. Խորհուրդն իր նիստերի ընթացքում քննարկում է հանձնաժողովի ներկայացրած յուրաքանչյուր գանգատի փաթեթը և խորհրդի նիստերի անցկացման վայրում դրա մուտքագրվելուն հաջորդող տասն օրվա ընթացքում իր եզրակացությունը ներկայացնում կոմիտե:
13. Կոմիտեի հանձնաժողովը, հաշվի առնելով խորհրդի ընդունած եզրակացությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
(13-րդ կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
14. Խորհրդի ընդունած եզրակացության վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում կոմիտեի նախագահը սահմանված կարգով երկարաձգում է որոշումների ընդունման համար սահմանված ժամկետները՝ գանգատի փաթեթը խորհրդի եզրակացության, կոմիտեի առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում գանգատի փաթեթը քննարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ, և հանձնաժողովը, քննարկման արդյունքներին համապատասխան, դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում են որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
(15-րդ կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
16. Կոմիտեի հանձնաժողովի որոշումները դրանց ընդունմանը հաջորդող տասն օրվա ընթացքում հրապարակվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքերում:
(16-րդ կետը փոփ. 22.08.13 N 871-Ն)
(հավելվածը փոփ. 22.08.13 N 871-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Գ. Մուրադյան |
- ՀՀ արդարադատության նախարարի | |
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական | |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական | |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Վ. Կտիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար | |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի | |
Տ. Մարկոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ | |
Հ. Թորոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ |
(հավելվածը փոփ. 03.03.11 N 182-Ն, խմբ. 16.08.12 N 1044-Ն, փոփ. 25.04.13 N 414-Ն, 22.08.13 N 871-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |