Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.30/41(981).1 Հոդ.732.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.05.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
24.05.2013
Дата вступления в силу
24.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0217/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0217/02/10

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Ս. Միքայելյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հաբեթ Աբովյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հենրիկ Աբովյանի ընդդեմ Հաբեթ Աբովյանի, երրորդ անձ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նոտարական գրասենյակի` 18.06.2009 թվականի թիվ 710 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և ժառանգության բաժինն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենրիկ Աբովյանը պահանջել է անվավեր ճանաչել 18.06.2009 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և ճանաչել ժառանգության իր պարտադիր բաժնի իրավունքը:

ՀՀ Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշմամբ Հենրիկ Աբովյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Վ.Վարդանյան) 12.06.2012 թվականի վճռով Հենրիկ Աբովյանի հայցն ընդդեմ Հաբեթ Աբովյանի` 18.06.2009 թվականի թիվ 710 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով բավարարվել է: Անվավեր է ճանաչվել Հաբեթ Աբովյանի անվամբ 18.06.2009 թվականին կնքված, սեղանամատյանի 710 համարի տակ գրանցված ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը: Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Հենրիկ Աբովյանի ընդդեմ Հաբեթ Աբովյանի, երրորդ անձ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նոտարական գրասենյակի` ժառանգության բաժինն առանձնացնելու պահանջի մասին, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2012 թվականի որոշմամբ Հաբեթ Աբովյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաբեթ Աբովյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Աբովյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Հաբեթ Աբովյանը, նոտարի կողմից կատարված նշման համաձայն, եղել է ոչ թե կույր, այլ ծեր և հիվանդ, հիմնավորված է համարել, որ նվիրատվության պայմանագիրը վկաների ներկայությամբ կնքելով և այլ անձի ստորագրությամբ հաստատելով` խախտվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջները: Մինչդեռ որոշման «Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնում Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել նաև այն հանգամանքը, որ Հաբեթ Աբովյանի ծերության և հիվանդության պատճառով նրա խնդրանքով նոտարի ներկայությամբ կտակը ստորագրվել է Ատոմ Գրիգորյանի կողմից:

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ նվիրատվության պայմանագիրը Դատարանին է ներկայացվել և գործում առկա է միայն չվավերացված լուսապատճենի ձևով, մինչդեռ պայմանագրի բնօրինակը ներկայացվել է դատարանին գործի նոր քննության ժամանակ և կցվել է գործի նյութերին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ նվիրատվության գործարքը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով, որոնք հիմք են հանդիսանում այն անվավեր ճանաչելու համար: Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել ֆիզիկական անձի ինքնությունը և գործունակությունը անձը հաստատող փաստաթղթով` անձնագրով, մինչդեռ այն գտնվել է իր մոտ: Պայմանագիրը կնքելու պահին նվիրատու Հաբեթ Աբովյանը եղել է հիվանդ, չի գիտակցել իր գործողությունների իմաստը, ինչպես նաև կույր է եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 20.12.2002 թվականին տրված թիվ 997166 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գտնվող բնակելի տան սեփականատերը հանդիսացել է Հաբեթ Աբովյանը (հատոր 1, գ.թ. 15-17):

2) 17.10.2008 թվականին կազմված կտակով Հաբեթ Աբովյանն իր ամբողջ գույքը` բնակելի տունը, օժանդակ կառույցները, տնամերձ հողամասը, Վարդենիսի խնայբանկում պահվող գումարները կտակել է իր որդուն` Հենրիկ Աբովյանին: Հաբեթ Աբովյանի ծերության և հիվանդության պատճառով կտակը կտակարարի խնդրանքով նոտարի ներկայությամբ ստորագրել է Կարճաղբյուր գյուղի բնակիչ Ատոմ Գրիգորյանը (հատոր 1, գ.թ. 18):

3) 10.08.2010 թվականին Ատոմ Գրիգորյանի կողմից տրված հայտարարության համաձայն` կտակը կազմելու ժամանակ Հաբեթ Աբովյանի գիտակցությունը եղել է նորմալ, ճիշտ արտահայտել է իր մտքերը, և տեսողությունը եղել է բավարար (հատոր 1, գ.թ. 42):

4) 18.06.2009 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Հաբեթ Աբովյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 բնակելի տունը (բնակելի տուն, օժանդակ կառույցներ, տնամերձ հողամաս) նվիրել է իր թոռանը` Հաբեթ Զաքարի Աբովյանին: Նվիրատվության պայմանագիրը Հաբեթ Աբովյանի ծերության և հիվանդության պատճառով նրա իսկ խնդրանքով նոտարի ներկայությամբ ստորագրել է այլ անձ` Սանասար Գասպարյանը, որին ներկա են եղել Հրանուշ Գրիգորյանը և Դավիթ Գևորգյանը (հատոր 3, գ.թ. 55):

5) Սանասար Գասպարյանի, Հրանուշ Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի կողմից տրված բացատրությունների համաձայն` նվիրատվության պայմանագրի կնքման ժամանակ Հաբեթ Աբովյանը գիտակցել է իր գործողությունները, տեսողություն ունեցել է և խնդրել է, որպեսզի իր կողմից կազմված կտակը համարվի չեղյալ, իսկ նվիրատվության պայմանագիրն իր փոխարեն ստորագրի Սանասար Գասպարյանը: Վերջիններս միաժամանակ հայտնել են, որ գործարքի կնքման ժամանակ նոտարին են ներկայացվել Հաբեթ Աբովյանի անձը հաստատող փաստաթղթերը` անձնագիրը և զինվորական գրքույկը (հատոր 4, գ.թ. 98-110):

6) Նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 21.06.2009 թվականին Հաբեթ Աբովյանին տրվել է թիվ 2167923 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը (հատոր 1, գ.թ. 75-77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նվիրատվության պայմանագիրը նվիրատուի փոխարեն այլ անձի կողմից ստորագրելու իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54 (ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հաբեթ Աբովյանի, երրորդ անձ Ֆելիքս Սարգսյանի և նվիրատվության պայմանագրի կնքմանը ներկա գտնված անձանց ցուցմունքները արժանահավատ չեն, և դա պայմանավորված է Հաբեթ Աբովյանի հետ ունեցած բարեկամական և անձնական այլ հարաբերություններով. նրանց ցուցմունքները հերքվում են գործում առկա հայցվորի կողմից ներկայացված գրավոր ապացույցներով, վկաներ Հեղինե Հարթենյանի, Ռոման Հենրիկի Աբովյանի ցուցմունքներով, Ատոմ Գրիգորյանի հայտարարությամբ, Հենրիկ Աբովյանի կողմից հորը բժշկական հաստատություններ ուղեկցելու փաստով և հոր` Հաբեթ Զաքարի Աբովյանի անձնագիրը, զինվորական գրքույկը և այլ փաստաթղթերը Հենրիկ Աբովյանի մոտ գտնվելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին ներկայացնելու հանգամանքով, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ա. Անտոնյանի կողմից 16.12.2010 թվականին տրված թիվ Վ62 տեղեկանքով: Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ նոտարին չի ներկայացվել Հաբեթ Աբովյանի անձնագիրը: Բացի այդ, դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ նվիրատու Հաբեթ Աբովյանը ի վիճակի չի եղել անձամբ կարդալու և ստորագրելու նվիրատվության պայմանագիրը, ինչի պատճառով էլ նրա փոխարեն այն ստորագրել է Սանասար Գասպարյանը: Մինչդեռ Հաբեթ Աբովյանը, նրա մայր Գայանե Աբովյանը, վկաներ Դավիթ Գևորգյանը, Հրանուշ Գրիգորյանը և նոտար Ֆելիքս Սարգսյանը հայտնել են, որ պայմանագիրը հրապարակվել է միայն նոտարի կողմից:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վկաների ներկայությամբ գործարք պետք է կատարվի միայն այնպիսի դեպքերում, երբ գործարքի մասնակից անձն այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն ունենա, որոնք նրան զրկեն պայմանագիրը կարդալու և ստորագրելու հնարավորությունից, մինչդեռ դատարանին ներկայացված նվիրատվության պայմանագրում նոտարի կողմից ջնջված «անգրագետ» բառի վերևում գրվել է «ծերություն և հիվանդություն»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 596-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վկաների ներկայությամբ կատարված գործարքներն ամբողջությամբ ընթերցում է նոտարը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` փաստաթուղթն ընթերցելուց անմիջապես հետո դա ստորագրում է յուրաքանչյուր կողմ: Վկաների ներկայությամբ կատարված գործարքն ստորագրում են վկաները, իսկ թարգմանչի մասնակցությամբ` նաև թարգմանիչը: Նոտարը գործարքն ստորագրում է նրանցից անմիջապես հետո: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վկաների ներկայությամբ կատարված գործարքներն ամբողջությամբ ընթերցում է նոտարը, և եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել փաստաթուղթը, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ, իսկ վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը: Հաշվի առնելով այն, որ նշված կանոնները ընդհանուր են նոտարական կարգով վավերացվող պայմանագրերի համար` դրանք կիրառելի են նաև նվիրատվության պայմանագրի կնքման դեպքում: Հետևաբար նվիրատվության պայմանագիրը նվիրատուի փոխարեն այլ անձի կողմից ստորագրելը չի հանգեցնում այդ պայմանագրի անվավերության, եթե պահպանված են վերոնշյալ կանոնները:

Սույն գործի փաստերի համաձայն` 18.06.2009 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Հաբեթ Աբովյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 բնակելի տունը (բնակելի տուն, օժանդակ կառույցներ, տնամերձ հողամաս) նվիրել է իր թոռանը` Հաբեթ Զաքարի Աբովյանին: Նշված պայմանագիրը նվիրատու Հաբեթ Աբովյանի հիվանդության և ծերության պատճառով նրա իսկ խնդրանքով նոտարի ներկայությամբ ստորագրել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Սանասար Գասպարյանը: Պայմանագիրը կողմերի համար բարձրաձայն ընթերցվել է նոտարի կողմից, և պարզաբանվել են օրենսդրության նորմերը: Պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա են եղել նոտարի կողմից հրավիրված Կարճաղբյուր գյուղի բնակիչներ Հրանուշ Գրիգորյանը և Դավիթ Գևորգյանը, ինչի վերաբերյալ նշումներ են կատարվել նվիրատվության պայմանագրում: Նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքները 21.06.2009 թվականին ստացել են պետական գրանցում:

Վերոնշյալ իրավակարգավորման լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև Սանասար Գասպարյանի, Հրանուշ Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի կողմից տրված բացատրությունները, որոնցից պարզ է դառնում, որ պայմանագրի կնքման պահին Հաբեթ Աբովյանի գիտակցությունը եղել է նորմալ, ունեցել է տեսողություն, և նոտարին են ներկայացվել Հաբեթ Աբովյանի անձը հաստատող փաստաթղթերը: Նվիրատվության պայմանագիրը նվիրատուի ծերության և հիվանդության պատճառով վերջինիս խնդրանքով նոտարի ներկայությամբ ստորագրել է Սանասար Գասպարյանը, որի վերաբերյալ նշված է նաև նվիրատվության պայմանագրում: Այսինքն` ինչպես 17.10.2007 թվականին կազմված կտակի ժամանակ, այնպես էլ նվիրատվության պայմանագիրը կնքելիս Հաբեթ Աբովյանի խնդրանքով իր փոխարեն նոտարի և վկաների ներկայությամբ պայմանագիրը ստորագրել է այլ անձ: Պայմանագիրը նոտարի կողմից բարձրաձայն ընթերցվել է, և պարզաբանվել են օրենսդրության գործող նորմերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Հենրիկ Աբովյանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հաբեթ Աբովյանի անձը հաստատող փաստաթղթերը գտնվել են իր մոտ: Հաբեթ Աբովյանի անձը հաստատող փաստաթղթերի` Հենրիկ Աբովյանի մոտ գտնվելու հանգամանքը հերքվում է Սանասար Գասպարյանի, Հրանուշ Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի կողմից տրված բացատրություններով, որոնք փաստում են, որ նվիրատվության պայմանագրի կնքման ժամանակ օրենքով սահմանված կարգով նոտարին է ներկայացվել Հաբեթ Աբովյանի անձնագիրը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նվիրատվության պայմանագրում լրացված են նվիրատուի` Հաբեթ Զաքարի Աբովյանի անձնագրային տվյալները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 18.06.2009 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը կատարվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 596-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Հենրիկ Աբովյանի հայցը` Հաբեթ Աբովյանի անվամբ 18.06.2009 թվականին կնքված, սեղանամատյանի 710 համարի տակ գրանցված ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

2. Հենրիկ Աբովյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Հենրիկ Աբովյանից հօգուտ Հաբեթ Աբովյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան