ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2472/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2472/02/08 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան Գ. Մատինյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Նեմչինովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Սուսաննա Նեմչինովայի հայցի ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Սուրեն Առաքելյանի` 30.05.2008 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահաջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուսաննա Նեմչինովան պահանջել է անվավեր ճանաչել 30.05.2008 թվականին Սուրեն Առաքելյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշմամբ Սուսաննա Նեմչինովայի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշման դեմ Սուրեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2011 թվականի որոշմամբ Սուրեն Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ.Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2012 թվականի որոշմամբ Սուսաննա Նեմչինովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Նեմչինովան։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 8-րդ, 14-րդ, 163-րդ, 1186-րդ, 1225-րդ, 1227-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է, որ ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով ժառանգության բացման վայրի նոտարին Սուսաննա Նեմչինովան հանձնել է դիմում ժառանգական գույքի` Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար:
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով Սուրեն Առաքելյանը ժառանգական գույքի` Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի նկատմամբ չի ընդունել ժառանգությունը, իսկ Սուրեն Առաքելյանի անունից Հովհաննես Ղազարյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին 09.04.2007 թվականին հանձնել է դիմում ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար` առանց Սուրեն Առաքելյանի կողմից լիազորագիր տրամադրելու, մինչդեռ Սուրեն Առաքելյանը Հովհաննես Ղազարյանին իր անունից նոտարական գրասենյակ դիմելու նպատակով լիազորագիր տրամադրել է միայն 27.08.2007 թվականին:
Ավելին, Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում առկա ապացույցները և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուսաննա Նեմչինովային Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի 1/3-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասը բեկանվել է և այդ մասով Սուսաննա Նեմչինովայի դիմումը թողնվել է առանց քննության, գտել է, որ Սուրեն Առաքելյանին տրամադրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով չի խախտվել Սուսաննա Նեմչինովայի որևէ իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել և «օրինական ուժ տալ Թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով 07.12.2010 թվականին կայացված դատական ակտին»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սուրեն Առաքելյանը և Սուսաննա Նեմչինովան Ջեմմա Մեժլումյանի զավակներն են (հատոր 1-ին, գ.թ.7,14-16,63,70)։
2. ՀՀ Ազգային արխիվի 01.10.2007 թվականի թիվ 01-20/1802 արխիվային տեղեկանքի համաձայն` Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 11.11.1993 թվականի թիվ 45/17 որոշմամբ Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են Ջեմմա Սուրենի Մեջլումյանը, Մարգո Ալեքսանի Առաքելյանը, Էմմա Առաքելի Առաքելյանը, Մարգարիտա Յուրիի Առաքելյանը, Առաքել Գարեգինի Առաքելյանը և Սուրեն Առաքելի Առաքելյանը (հատոր 1-ին, գ.թ. 67,68):
3. 08.12.1993 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 6434 վկայագրի համաձայն` Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի սեփականատերը Ջեմմա Մեջլումյանն է, որպիսի իրավունքի գրանցման հիմքը Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 11.11.1993 թվականի թիվ 45/17 որոշումն է (հատոր 1-ին, գ.թ. 71):
4. 21.02.1996 թվականի կտակի համաձայն` Ջեմմա Մեժլումյանն իրեն պատկանող Երևանի Տեր-Գաբրիելյան (Ե.Կողբացու) փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանը կտակել է Սուրեն Առաքելյանին (հատոր 1-ին, գ.թ.11,65)։
5. 30.08.2007 թվականի թիվ 566185 վկայականի համաձայն` Ջեմմա Մեժլումյանը մահացել է 04.11.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ.60)։
6. Ժառանգական գործերի գրանցման մատյանի պատճենի համաձայն` 09.04.2007 թվականին Սուսաննա Նեմչինովան դիմել է Կենտրոն նոտարական տարածք ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու համար (հատոր 3-րդ, գ.թ.87-92)։
7. Սուրեն Առաքելյանի անունից Հովհաննես Ղազարյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին հասցեագրված 09.04.2007 թվականի դիմումով խնդրել է 04.11.2006 թվականին մահացած ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ տրամադրել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ.56)։
8. 27.08.2007 թվականի լիազորագրով Սուրեն Առաքելյանը լիազորել է Հովհաննես Ղազարյանին իր անունից դիմելու նոտարական գրասենյակ ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ստանալու «ժառանգության իրավունքի վկայագիր» (հատոր 1-ին, գ.թ.59)։
9. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի`11.04.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Սուրեն Առաքելյանի դիմումը` հաստատվել են իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ «15.12.1994թ-ին մահացած Մարգո Ալեքսանի Առաքելյանը հանդիսանում է 19.06.1960թ-ին ծնված Սուրեն Առաքելի Առաքելյանի հարազատ տատը: Ջեմմա Սուրենի Մեջլումյանի անվամբ տրված Երևանի Ե.Կողբացու փողոցի թիվ 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 11.11.1993թ. թիվ 45/17 որոշումը, այդ որոշման հիման վրա 08.12.1993թ. տրված սեփականության իրավունքի վկայագիրը և ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից 01.10.2007թ. տրված թիվ 01-20/1802 տեղեկանքը պատկանում են 25.08.1926թ. ծնված և 04.11.2006թ. մահացած Ջեմմա Սուրենի Մեժլումյանին» (հատոր 1-ին, գ.թ.61-62)։
10. 30.05.2008 թվականի ըստ կտակի ժառանագության իրավունքի թիվ 5252 վկայագրի համաձայն` 04.11.2006 թվականին մահացած ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի` Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի 1/6 բաժնի նկատմամբ ըստ կտակի ժառանգ է ճանաչվել Սուրեն Առաքելյանը (հատոր 1-ին, գ.թ.12)։
11. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2011 թվականի թիվ 08-1948 որոշմամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի թիվ 2-5121 վճռի` Սուսաննա Նեմչինովային (Առաքելյանին) Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի 1/3 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասը և այդ մասով Սուսաննա Նեմչինովայի դիմումը թողնվել է առանց քննության, իսկ վճռի` իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերի հաստատումը, որ «Առաքել Գարեգինի Առաքելյանը և Մարգո Ալեքսանի Առաքելյանը հարազատ մայր և որդի են: Առաքել Գարեգինի Առաքելյանը Սուսաննա Առաքելի Առաքելյանի (Նեմչինովայի) հարազատ հայրն է, իսկ Մարգո Ալեքսանի Առաքելյանը հարազատ տատիկն է: Մոսկվա քաղաքի Վիխինովի շրջանի ՆԳ բաժնի 772-044-ի կողմից տրված անձնագրում, 1-ԶԺ 132451 տեղեկանքում, Մոսկվա քաղաքի 20.03.07թ. թիվ 6624 նոտարական գրասենյակին ուղարկված դիմումում, Մոսկվա քաղաքից 09.10.07թ. ուղարկված թիվ 2-Լ-4977 լիազորագրում, Մոսկվա քաղաքի Վիխինովի շրջանի «Հարավ-արևմտյան վարչական տարածքի» անձնագրավարի 28.02.07թ. ա/համարի տեղեկանքում գրված Նեմչինովա Սուսաննա Առաքելի անվանումներով փաստաթղթերը պատկանում են նույն իրեն` Սուսաննա Առաքելի Առաքելյանին» մասերը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ.14-16, հատոր 5-րդ, գ.թ.52-54)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է ժառանգությունը ներկայացուցչի միջոցով ընդունելու իրավական կարգավորման առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 2-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը: Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգության ընդունումն իրականացվում է երկու եղանակով` ըստ կտակի և ըստ օրենքի: Ընդ որում, ժառանգման երկու եղանակի դեպքում էլ ժառանգի կողմից ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Հատկանշական է, որ ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից:
Օրենսդիրը նախատեսել է նաև ժառանգի կողմից դիմումը նոտարին անձամբ չհանձնելու դեպքում կատարել հետևյալ պայմաններից որևէ մեկը`
- դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը, կամ
- նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Նշված պայմաններից բացի օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգին ժառանգությունն ընդունել ներկայացուցչի միջոցով, և այն էլ մեկ պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի ժառանգությունն ընդունելու լիազորությունը:
Փաստորեն, օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը, հետևաբար ժառանգի կողմից ժառանգությունը ներկայացուցչի միջոցով ընդունելու դեպքում լիազորագիրը ևս պետք է ժառանգի կողմից ներկայացուցչին տրամադրված լինի ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետում:
Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի և 290-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով ժառանգության ընդունումը դիտվում է միակողմ գործարք` վերջինիս նկատմամբ կարող են կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական կարգավորումը և հաշվի առնելով ժառանգական իրավահարաբերությունների առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ժառանգի անունից լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ (օրինակ` լիազորված է ընդունելու միայն ըստ օրենքի ժառանգությունը, բայց ընդունել է ըստ կտակի ժառանգությունը) ներկայացուցչի կողմից գործելու դեպքում վերջինիս գործողությունների արդյունքում իրավական հետևանքներ չեն առաջանում ներկայացվողի` ժառանգի համար: Այդպիսի հետևանքներ չեն առաջանում նաև լիազորությունների բացակայությամբ դիմում ներկայացրած անձի նկատմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնների կիրառմանը, ապա ներկայացուցչի գործողություններին ապագայում հավանություն տալը կարող է տեղի ունենալ միայն ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքում, ինչը հավասարազոր է ժառանգի կողմից անձամբ ժառանգությունն ընդունելուն, այնքանով որքանով նման հավանություն տալու համար ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ընթացակարգը:
Սույն գործի փաստերի համաձայն` 04.11.2006 թվականին մահացած ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու նպատակով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին 09.04.2007 թվականի դիմումը հանձնել է Սուրեն Առաքելյանի անունից Հովհաննես Ղազարյանը։ Մինչդեռ, Սուրեն Առաքելյանը Հովհաննես Ղազարյանին իր անունից նոտարական գրասենյակ դիմելու և ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ «ժառանգության իրավունքի վկայագիր» ստանալու համար լիազորագիր տրամադրել է 27.08.2007 թվականին: Այսինքն` Սուրեն Առաքելյանը Հովհաննես Ղազարյանին իր անունից նոտարական գրասենյակ դիմելու համար լիազորագիրը տրամադրել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի ավարտից հետո:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին, 1226-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, Սուսաննա Նեմչինովայի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Տվյալ դեպքում, Սուրեն Առաքելյանի անունից հանդես եկող անձի կողմից նրա անունից 09.04.2007թ. դիմում է ներկայացվել Կենտրոն նոտարական գրասենյակ` ըստ կտակի ժառանգության վկայագիր տալու պահանջով, որը պատշաճ վավերացվել է նույն գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կնիքով: Դիմումի հիման վրա նոտարի կողմից 30.05.2008թ. տրվել է ըստ կտակի ժառանգության վկայագիր: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ ի վերջո Սուրեն Առաքելյանը կատարել է այն անհրաժեշտ և հստակ գործողությունները, որոնք ոււղղված են եղել նրա կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն` Ջեմմա Մեժլումյանի մահվան պահից վեց ամսվա ընթացքում և նոտարի կողմից այդպիսիք չեն մերժվել և ընդունվել են ու օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք է տրվել, որպիսի հանգամանքների առկայության պայմաններում վիճելի վկայագիրն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են»:
Մինչդեռ, հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ 04.11.2006 թվականին մահացած ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու համար Հովհաննես Ղազարյանի կողմից 09.04.2007 թվականին Սուրեն Առաքելյանի անունից դիմումը նոտարին հանձնվել է ժառանգի անունից լիազորության բացակայությամբ: Ժառանգը Հովհաննես Ղազարյանի գործողություններին ուղղակի հավանություն է տվել 27.08.2007 թվականին` տրամադրելով լիազորագիր նոտարական գրասենյակ դիմելու և ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ «ժառանգության իրավունքի վկայագիր» ստանալու համար: Այսինքն` Սուրեն Առաքելյանի կողմից Հովհաննես Ղազարյանի գործողություններին ուղղակի հավանություն տրվել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի ավարտից հետո:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն Առաքելյանին 30.05.2008 թվականին տրված ըստ կտակի ժառանագության իրավունքի թիվ 5252 վկայագիրը տրամադվել է վերը նշված օրենքների պահանջների խախտմամբ, հետևաբար Սուրեն Առաքելյանը ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունը չի ընդունել:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Վերաքննիչ դատարանի 13.04.2011թ. թիվ 08-1948 որոշմամբ մասնակիորեն բավարարվել է Սուրեն Առաքելյանի վերաքննիչ բողոքը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007թ. թիվ 2-5121 վճիռը` «Սուսաննա Առաքելի Նեմչինովային (Առաքելյանին) ճանաչել Երևանի Ե. Կողբացու 42 շենքի թիվ 105 բնակարանի 1/3 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ» մասով բեկանվել է և դիմումն այդ մասով թողնվել է առանց քննության: Հայցվորը 2008թ. սեպտեմբերին դիմել է Դատարան Սուրեն Առաքելյանին տրված վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով, և Դատարան դիմելու պահի դրությամբ նա նշված դատական ակտով ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ, որի հիմքով և վիճելի բնակարանի համասեփականատեր: Ներկայիս իրավիճակում այն դատական ակտը, որի հիման վրա հայցվորը դարձել էր վիճելի բնակարանի համասեփականատեր և ճանաչվել էր ժառանգությունն ընդունած ժառանգ ու ձեռք էր բերել վիճելի վկայագիրը վիճարկելու հնարավորություն, բեկանվել է, և այդ մասով հայցվորի դիմումը թողնվել է առանց քննության: Այսինքն` պետք է արձանագրել, որ վերացել են այն հիմքերը, որոնց առկայությամբ հայցվորը կարող էր վիճարկել պատասխանողին տրված վկայագիրը, այն է` հայցվորն այլևս վիճելի բնակարանի սեփականատեր չէ, ինչպես նաև դրա վերաբերյալ ժառանգության մասնակից չէ, որպիսի պայմաններում վիճելի վկայագրի առկայությամբ նրա որևէ իրավունք չի խախտվում, որի կապակցությամբ նա կարող էր դիմել դատական պաշտպանության` այն անվավեր ճանաչելու պահանջով»:
Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն Առաքելյանի կողմից ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունը չընդունելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի ուժով ծագում է այլ ժառանգի` տվյալ դեպքում Սուսաննա Առաքելի Նեմչինովայի կողմից ժառանգությունն ընդունելու իրավունքը: Ընդ որում, 09.04.2007 թվականին Սուսաննա Նեմչինովան օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմում է հանձնել Կենտրոն նոտարական տարածք ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու համար։
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում Սուսաննա Նեմչինովան շահագրգիռ անձ է, ով իրավասու է վիճարկելու ժառանգատու Ջեմմա Մեժլումյանի ժառանգական գույքի նկատմամբ Սուրեն Առաքելյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն օրենքով սահմանված կարգով տրամադրելու հիմքով, և սույն հայցապահանջը ներկայացնելու իրավունքի ծագումը պայմանավորված չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2011 թվականի թիվ 08-1948 որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի թիվ 2-5121 վճռի` Սուսաննա Նեմչինովային (Առաքելյանին) Երևանի Ե.Կողբացու փողոցի 42-րդ շենքի թիվ 105 բնակարանի 1/3 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասը բեկանելու և այդ մասով Սուսաննա Նեմչինովայի դիմումն առանց քննության թողնելու հանգամանքով:
Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ժառանգական գույքն օրենքով սահմանված կարգով ժառանգի կողմից ժառանգելու ինստիտուտը կարգավորող նորմերի պահանջները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել.
Սուսաննա Նեմչինովայի հայցը բավարարել` անվավեր ճանաչել 30.05.2008 թվականին Սուրեն Առաքելյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը:
2. Սուրեն Առաքելյանից հօգուտ Սուսաննա Նեմչինովայի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրք, 10.000 ՀՀ դրամ` 05.08.2009 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի, 10.000 ՀՀ դրամ` 04.07.2012 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |