ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0084/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0084/02/12 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գայանե Խաչատրյանի, Նորայր Սարգսյանի ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի, Գայանե Առաքելյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման և անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 02-023-0003-0016 ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ և պատասխանողներին պարտավորեցնել վերադարձնելու անհիմն հարստացման առարկա գույքը:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 05.04.2012 թվականի վճռով Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Գայանե Խաչատրյանի ու Նորայր Սարգսյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի, 97,77 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ գործի վարույթն անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասով կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2012 թվականի որոշմամբ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի, Գայանե Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 05.04.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Առաքելյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 02-023-0003-0016 ծածկագիրը կրող անշարժ գույքը 1989 թվականից ամբողջությամբ օգտագործվում և տիրապետվում է Գայանե Խաչատրյանի ու Նորայր Սարգսյանի կողմից, որը վերջիններս ցանկապատով առանձնացրել են այլ անձանց պատկանող հողամասերից, տիրապետել և օգտագործել են որպես սեփական գույք:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ներկայացված ապացույցներն օբյեկտիվորեն գնահատելու արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ վիճելի գույքը հայցվորների կողմից 10 տարի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ տիրապետվել է որպես սեփական գույք, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Դատարանն արձանագրել է նաև այն փաստը, որ հայցվորների կողմից վեճի առարկա գույքի փաստացի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պահանջ չներկայացնելով` ինչպես հանգուցյալ Թոռնիկ Առաքելյանը, այնպես էլ Բուրաստան Դավթյանը, Գևորգ Առաքելյանը, Գայանե Առաքելյանն իրենց գործողություններով ըստ էության հրաժարվել են հիշյալ գույքից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա նյութերով ապացուցվում է նաև վեճի առարկա շինությունը Գայանե Խաչատրյանի ու Նորայր Սարգսյանի կողմից կառուցվելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.04.2012 թվականի վճռին։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը որևէ կերպ չեն ապացուցել իրենց կողմից վիճելի գույքը բարեխիղճ տիրապետելու փաստը: Ըստ հայցվորների` գույքը ձեռք են բերել առուվաճառքի միջոցով, սակայն դրա վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացրել:
Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը որևէ կերպ չեն ապացուցել նաև, որ գույքը տիրապետում են 10 տարի անընդմեջ, քանի որ բնակվելով Երևանում, չէին կարող գույքը փաստացի անընդմեջ տիրապետել: Ավելին, պատասխանողների կողմից վկայակոչված փաստերն ապացուցեցին, որ վիճելի գույքը փաստացի տիրապետել է Բուրաստան Առաքելյանը: Դատարանում չի ապացուցվել նաև այն հանգամանքը, որ Թոռնիկ Առաքելյանը հրաժարվել է վիճելի գույքից: Ընդհակառակը, պատասխանողների կողմից ապացուցվել է, որ Թոռնիկ Առաքելյանը ոչ միայն չի հրաժարվել իր գույքից, այլ կատարել է գույքի հետ կապված մի շարք ներդրումներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը ամուսիններ են (հատոր 1-ին, գ.թ. 12):
2) Համաձայն սույն գործով հարցաքննված վկաներ Վարազդատ Ամիրյանի, Մինաս Քամալյանի, Մհեր Ենգիբարյանի, Հրայր Կարապետյանի, Վազգեն Սարգսյանի ցուցմունքների և Ջավահիր Խուդոյանի գրավոր հայտարարության` վիճելի հողամասի վրա առկա շինությունը 1989 թվականից կառուցվել է Գայանե Խաչատրյանի ու Նորայր Սարգսյանի կողմից վերջիններիս միջոցներով, հողամասը ցանկապատվել է հայցվորների կողմից, իսկ Հրայր Կարապետյանը մասնավորապես նշել է, որ անձամբ է մասնակցել վեճի առարկա շինության կառուցման աշխատանքներին: Քանի որ Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը Երևանում էին ապրում, նրանց բացակայության ժամանակ Ջավահիր Խուդոյանը և վերջինիս հանգուցյալ ամուսինն են հետևել հողամասին և ուշադիր եղել, որ շինանյութ չգողանան, անասուններ չմտցնեն ցանկապատից ներս, չվնասեն տարածքը և այլն (հատոր 1-ին, գ.թ. 17, 85):
3) 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վիճելի հողամասի նկատմամբ ծագել է Թոռնիկ Առաքելյանի սեփականության իրավունքը:
4) 15.06.2011 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 02-023-0003-0016 ծածկագիրը կրող 0,207 հա հողամասի և դրա վրա առկա շինության նկատմամբ գրանցվել է 20.05.2002 թվականին մահացած Թոռնիկ Առաքելյանի ժառանգներ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի, Գայանե Առաքելյանի սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/3 մասով (հատոր 1-ին, գ.թ. 54-58):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
⚖Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումը ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեղճությունը:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ:
Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով գործով վկաների ցուցմունքները և հայցը մասնակիորեն բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել են վիճելի անշարժ գույքը։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գայանե Խաչատրյանի ու Նորայր Սարգսյանի կողմից չի ներկայացվել վիճելի հողամասի ձեռքբերման և դրա դիմաց վճարում կատարված լինելու, ինչպես նաև հողամասի վրա գտնվող շինությունը սեփական միջոցներով կառուցելու վերաբերյալ որևէ ապացույց։
Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով ստորադաս դատական ատյանների դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է հայցվորների` վիճելի հասցեում իրենց զբաղեցրած մասը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։ Մասնավորապես` վկաներ Վարազդատ Ամիրյանի, Մինաս Քամալյանի, Մհեր Ենգիբարյանի, Հրայր Կարապետյանի, Վազգեն Սարգսյանի ցուցմունքները, ինչպես նաև Ջավահիր Խուդոյանի գրավոր հայտարարությունը վկայում են այն մասին, որ Գայանե Խաչատրյանն ու Նորայր Սարգսյանը վեճի առարկա հողամասը սկսել են փաստացի տիրապետել 1988 թվականից, իսկ 1989-1991 թվականին այդ նույն հողամասի վրա սկսել են բնակելի տան շինարարական աշխատանքները: Նշված շինարարական աշխատանքները հայցվորների կողմից սկսելը, հողամասը ցանկապատելն ու այն հարևան հողամասերից առանձնացնելը և մյուս կողմից Թոռնիկ Առաքելյանի կողմից, ում անունով ի սկզբանե հողամասը հատկացվել էր և ումից ձեռք էին բերել հայցվորները, առարկություն, անհամաձայնություն, հողամասը հայցվորների տիրապետությունից հետ վերադարձնելուն կամ շինարարական աշխատանքները դադարեցնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելն ինքնին վկայում է այն մասին, որ հիշյալ հողամասը հայցվորների փաստացի տիրապետմանն է անցել Թոռնիկ Առաքելյանի կամքին ոչ հակառակ: Ավելին, նշված վարքագիծը Թոռնիկ Առաքելյանի, այնուհետև պատասխանողների կողմից շարունակվել է մինչև 2011 թվականը, երբ արդեն լրացել էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ տասը տարվա ժամկետը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում տեղ գտած այն փաստարկին, որ հայցվորները, բնակվելով Երևանում, չէին կարող գույքը փաստացի անընդմեջ տիրապետել, ապա այն հերքվում է Սամվել Մարդոյանը և այլոք ընդդեմ Գրետա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմամբ առ այն, որ բնակելի տան տիրապետումը կարող է դրսևորվել ոչ միայն այնտեղ փաստացի բնակվելով, այլև դրա կառավարմանն ուղղված այնպիսի գործողություններ կատարելով, ինչպիսիք են գույքի պահպանմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, գույքի պահպանման ծախսերը հոգալը, ինչպես նաև այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պահպանելը, որոնք ակնհայտորեն վկայում են գույքը որպես իր սեփականն ընդունելու հանգամանքը (տես` Սամվել Մարդոյանը և այլոք ընդդեմ Գրետա Հարությունյանի թիվ ԵԱՔԴ/1272/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը):
Նշվածից բխում է, որ ամենևին պարտադիր չէ բնակվել վիճելի հասցեում կամ համապատասխան համայնքում, որպեսզի ապահովվի գույքի տիրապետման անընդմեջությունը, այլ այդ պայմանի առկայությունը կարող է դրսևորվել տիրապետողի կողմից գույքի կառավարմանն ուղղված գործողություններ կատարելով:
Վերոգրյալ փաստերի գնահատումը, սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանի վճիռը հիմնավոր է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճռին։
2. Բուրաստան Դավթյանից, Գևորգ Առաքելյանից, Գայանե Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |