ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-7-Ո-12
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ` դատավոր |
Ա. Խաչատրյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2013 թվականի փետրվարի 28-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 27.12.2012թ. թիվ N-Կ-2-14/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 74/12-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է 22.04.2011թ., որով Կարինե Արմենի Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ 02.06.2011թ. որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
Քրեական գործը Դատարանում ստացվել է 14.02.2012թ. և նույն օրը դատավոր Ա.Խաչատրյանի կողմից ընդունվել է վարույթ:
Տվյալ քրեական գործով դատավարության կողմեր և մասնակիցներ են` մեղադրողը, ամբաստանյալը և նրա շահերի պաշտպանը, 2 տուժող և 1 վկա:
Դատարանի 27.02.2012թ. որոշմամբ դատական քննությունը նշանակվել է 06.03.2012թ.:
06.03.2012թ. դատական նիստին պատշաճ կերպով ծանուցված պաշտպանի չներկայանալու պատճառով գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 21.03.2012թ.:
21.03.2012թ. դատական նիստին դարձյալ պաշտպանը չի ներկայացել (ներկայացրել է գրավոր դիմում` իր վատառողջության պատճառաբանությամբ գործի քննությունը հետաձգելու մասին), և գործի քննությունը հետաձգվել ու նշանակվել է 02.04.2012թ:
02.04.2012թ. դատական նիստում տեղի է ունեցել պաշտպանի փոփոխություն, և նոր պաշտպանի միջնորդությամբ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու հիմքով գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 14.04.2012թ:
14.04.2012թ. դատական նիստին ամբաստանյալի` ՔԿՀ-ից Դատարան ներկայացված չլինելու պատճառաբանությամբ գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 14.05.2012թ.:
14.05.2012թ. դատական նիստում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանից և պաշտպանությունն անձամբ իրականացնելու կապակցությամբ ժամանակ է խնդրել` գործի նյութերին ծանոթանալու համար: Գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 24.05.2012թ.:
24.05.2012թ. դատական նիստում քննության է առնվել և մերժվել ամբաստանյալի բացարկը` գործով մեղադրող դատախազի դեմ: Այնուհետև ամբաստանյալը միջնորդել է իրեն տրամադրել 14.05.2012թ. և 24.05.2012թ. դատական նիստերի արձանագրությունները, ինչպես նաև դրանց ծանոթանալու և նոր միջնորդություններով հանդես գալու համար հետաձգել գործի քննությունը: Միջնորդությունը բավարարվել և գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով 31.05.2012թ.:
31.05.2012թ. դատական նիստում ևս քննության են առնվել և մերժվել ամբաստանյալի կողմից գործով մեղադրողի դեմ հայտնված երկու բացարկները, իսկ այնուհետև մեղադրողի բացակայության պատճառով գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 08.06.2012թ.:
08.06.2012թ. դատական նիստում քննության է առնվել և մերժվել ամբաստանյալի կողմից նախագահող դատավորի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը (միջնորդությունը պատճառաբանվել է նրանով, որ դատարանը մերժել է նախորդ դատական նիստին դահլիճն ինքնակամ լքած մեղադրողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով գլխավոր դատախազին դիմելու մասին իր միջնորդությունը): Այնուհետև նախագահող դատավորի կողմից այլ գործով նշանակված դատական նիստի կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 25.06.2012թ.:
25.06.2012թ. դատական նիստը, ըստ դատավորի օգնականի կողմից կազմված տեղեկանքի, տեղի չի ունեցել` նախագահող դատավորի վատառողջության պատճառով, գործի քննությունը վերանշանակվել է 10.07.2012թ.:
10.07.2012թ. դատական նիստը, ըստ դատավորի օգնականի կողմից կազմված տեղեկանքի, տեղի չի ունեցել` նախագահող դատավորի հարազատի մահվան կապակցությամբ աշխատանքի չներկայանալու պատճառով, գործի քննությունը վերանշանակվել է 19.07.2012թ.:
19.07.2012թ. Դատարանն անցել է դատաքննության, հարցաքննվել է տուժողներից մեկը, իսկ այնուհետև, որպես դատական սանկցիա, ամբաստանյալը 36 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից, և գործի քննությունը հետաձգվել` նշանակվելով 27.07.2012թ.:
27.07.2012թ. դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 06.09.2012թ.:
06.09.2012թ. դատական նիստում հարցաքննվել է գործով մյուս տուժողը, որին հարցեր տալուն նախապատրաստվելու պատճառաբանությամբ ամբաստանյալը միջնորդել է իրեն տրամադրել ժամանակ և դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը: Գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 14.09.2012թ.:
14.09.2012թ. դատական նիստում ամբաստանյալը միջնորդել է դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը` ՔԿՀ-ում դատական նիստի ձայնային արձանագրությանը ծանոթանալու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև նման հնարավորություն և ժամանակ դատարանում իրեն տրամադրելու մասին: Գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 27.09.2012թ.:
27.09.2012թ. դատական նիստը, ըստ դատավորի օգնականի կողմից կազմված տեղեկանքի, տեղի չի ունեցել` նախագահող դատավորի վատառողջության կապակցությամբ աշխատանքի չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը հետաձգվել է «այլ հերթի»:
Այնուհետև դատական նիստեր են տեղի ունեցել 16.11.2012թ., 29.11.2012թ., 07.12.2012թ., 28.12.2012թ., 15.01.2013թ.:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում ևս արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունը իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործի դատական քննության հետաձգման հիմքերը, համաձայն որի` դատական նիստին կանչված անձանց որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը, և միջոցներ է ձեռնարկվում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ»:
«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում: Գործի քննության ժամկետները որոշելիս քրեական գործերով գործի քննության ժամկետի սկիզբ պետք է համարել այն պահը, երբ առաջադրվում է մեղադրանքը, որը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան, այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել կամ նախնական քննություն սկսելու պահից:
Վերը նշվածի արդյունքում Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավորը պարտավոր է իր պարտականությունները կատարել ողջամիտ ժամկետներում: Այս պահանջը ներառում է երկու տեսակետ.
ա) գործերի արագ քննություն, բ) դատարանի աշխատանքների արագ կազմակերպում:
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «Արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:
Դատարանի կողմից վարույթի տևողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքում գնահատվում է ըստ քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների, մասնավորապես՝ դատաքննության ողջամտությունը գնահատելիս դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործի նյութերը, արձանագրում է, որ Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի կողմից թույլ են տրվել թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործով գործի քննության անհարկի ձգձգումներ:
Մասնավորապես սույն գործով նախաքննության մարմնի կողմից դատակոչվել է ընդամենը 1 վկա և 2 տուժող, մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որը գտնվում է անազատության մեջ: Որպես ամբաստանյալի շահերի պաշտպան հաջորդաբար ներգրավվել են 2 փաստաբաններ, իսկ մեղադրանքը Դատարանում պաշտպանել է 1 դատախազ: Սակայն նշված քրեական գործի քննությունը Դատարանում վարույթ ընդունվելու պահից տևում է ավելի քան 11 ամիս, իսկ Կ.Ավանեսյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահից` 1 տարի 7 ամսից ավել:
Այսպիսով, քրեական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ մինչ 27.09.2012թ. նշանակված 15 դատական նիստերից 1-ը հետաձգվել է ամբաստանյալին ՔԿՀ-ից Դատարան չներկայացնելու պատճառով, 1-ը` նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվելու, 2-ը` պաշտպանի չներկայանալու, 1-ը` գործի նյութերին ծանոթանալու համար նոր պաշտպանին ժամանակ տրամադրվելու, 1-ը` ամբաստանյալի կողմից պաշտպանից հրաժարվելու և պաշպանությունն անձամբ իրականացնելու նպատակով գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու, 2-ը` մեղադրողի բացակայության, 3-ը` նախագահող դատավորի աշխատանքի չներկայանալու, 1-ը` նախագահող դատավորի կողմից այլ գործով նշանակված դատական նիստ ունենալու պատճառաբանություններով, իսկ մնացած 3 նիստերը` ամբաստանյալի կողմից ներկայացված միջնորդությունների հիմքով:
Վերոգրյալից բացի, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ գործի քննությունը 2 անգամ հետաձգվել է միայն մեղադրողի բացակայության պատճառով, ընդ որում, դատական նիստերից 2-ին չի ներկայացել նաև պաշտպանը: Մինչդեռ մեղադրողի և պաշտպանի կողմից իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել, այդ թվում նաև չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սանկցիան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «(...) դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ դատական սանկցիաները` (...)
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «(...): Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ»:
Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ որոշ դեպքերում գործի քննությունը հետաձգվել է ողջամտության սահմաններում չտեղավորվող տևական ժամանակով, այն էլ այն պարագայում, որ ամբաստանյալը գտնվում է անազատության մեջ, մասնավորապես.
ա) 14.04.2012թ. դատական նիստին ամբաստանյալի` ՔԿՀ-ից դատարան ներկայացված չլինելու պատճառաբանությամբ գործի քննությունը հետաձգվել է 1 ամսով` նշանակելով 14.05.2012թ.:
բ) 27.07.2012թ. դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով գործի քննությունը հետաձգվել է 1 ամիս 9 օրով` նշանակվելով 06.09.2012թ.:
Միաժամանակ, հատկանշական է նաև այն, որ 1 տարուց ավելի արգելանքի տակ գտնվող անձի վերաբերյալ գործի քննությունը հետաձգվել է նաև նախագահող դատավորի մեկ այլ գործով դատական նիստ ունենալու պատճառաբանությամբ, ինչը ևս վկայում է գործի ողջամիտ ժամկետում քննության իրավական պահանջի նկատմամբ անհետևողական մոտեցման մասին:
Հաշվի առնելով վերոշարադրյալ միջազգային և ներպետական օրենսդրական դրույթները, ինչպես նաև Վարքագծի կանոնների 9-րդ կանոնը՝ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավոր Ա. Խաչատրյանի կողմից թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործով չեն ձեռնարկվել բավարար և անհրաժեշտ միջոցներ` գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար: Դատավոր Ա. Խաչատրյանի կողմից գործի քննության ընթացքում թույլ են տրվել օրենքներով և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջների էական խախտումներ:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա արդյունավետ և ողջամիտ ժամկետներում չի կազմակերպել իր վարույթում գտնվող դատական գործի քննությունը, ինչի արդյունքում թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Խաչատրյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Կարգապահական հանձնաժողովը Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանիս վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործի ուսումնասիրությամբ պարզել է, որ մինչև 27.09.2012 թ. նշանակված 15 դատական նիստերից`
ա/ 1-ը հետաձգվել է ամբաստանյալին ՔԿՀ-ից Դատարան չներկայացնելու պատճառով: Դատավորի մեղքը բացակայում է, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավարը և ՔԿՀ-ի ղեկավարը պատշաճ տեղեկացված են եղել դատական նիստի օրվա և ժամանակի մասին:
բ/ 1-ը` ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառելու պատճառով: Այդ հիմքով դատական նիստ երբևէ չի հետաձգվել:
գ/ 2-ը պաշտպանի չներկայանալու պատճառով: Դատավորի մեղքը բացակայում է, 2 դեպքերում էլ ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանին մեկ ուրիշ պաշտպանով փոխարինել, և հետևաբար գործի քննությունը հետաձգվել է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:
դ/ 1-ը` գործի նյութերին ծանոթանալու համար նոր պաշտպանին ժամանակ տրամադրվելու պատճառով: Դատավորի մեղքը բացակայում է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` պաշտպանն իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալու քրեական գործի բոլոր նյութերին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`… գործին նոր մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար, իսկ պաշտպանի կողմից այդ հիմքով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:
ե/ 2-ը մեղադրողի բացակայության պատճառով: Դատավորի մեղքը բացակայում է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական նիստին դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է, իսկ դատարանը գործով մեղադրողին փոխարինելու հնարավորություն չի ունեցել և հետևաբար գործի քննությունը հետաձգվել է /ուշագրավ է այն հանգամանքը, որ գործով մեղադրողին փոխարինելու ընթացակարգ որևէ օրենքով սահմանված չէ/:
զ/ 3-ը` նախագահող դատավորի աշխատանքի չներկայանալու պատճառով: Դատավորի մեղքը բացակայում է, քանի որ դրանց համար եղել են օբյեկտիվ պատճառներ:
Այսպես`
1/ 25.06.2012թ-ին նշանակված դատական նիստը չի կայացել ինքնազգացողությանս կտրուկ վատացման պատճառով:
2/ 10.07.2012թ-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ գտնվել եմ Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում, մասնակցել եմ մերձավոր ազգականիս` Նազիկ Խաչատրյանի հուղարկավորությանը /մահացել է 07.07.2012թ./:
3/ 27.09.2012թ-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ 26.09.2012թ.-ից մինչև 02.11.2012թ. գտնվել եմ ստացիոնար բուժման մեջ, ինչի վերաբերյալ փաստաթուղթը մինչև կարգապահական վարույթ հարուցելը գտնվել է կարգապահական հանձնաժողովի տրամադրության տակ:
է/ 1-ը` նախագահող դատավորի կողմից այլ գործով նշանակված դատական նիստ ունենալու պատճառաբանությամբ: Դատավորի մեղքը բացակայում է, քանի որ 2012 թվականի հունիսի 8-ի դատական նիստը տևել է 2 ժամ 30 րոպե շարունակ, ավարտվել է գործով տուժողի հարցաքննությունը, Դատարանը պետք է սկսեր մյուս տուժողի հարցաքննությունը, սակայն հաշվի առնելով, որ այն չէր կարող ավարտվել մինչև նշանակված հաջորդ դատական նիստի սկսվելը /նշանակված են եղել լսելու 3 այլ դատական գործեր, ժամը 15:00-ին` դատապարտյալ Արա Հրաչիկի Վարդանյանի կողմից ներկայացված իր նկատմամբ նշանակված որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին թիվ ԵԱՔԴ/0017/13/12 դիմումի քննարկում, ժամը 16:00-ին` Արմեն Բաբկենի Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0058/01/12 և ժամը 17:00-ին` Էդգար Ռոբերտի Բլբուլյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0063/01/12 քրեական գործերի քննություն/, ինչի պատճառով էլ ժամը 14:34-ին դատական նիստը հետաձգվել է:
ը/ 3-ը` ամբաստանյալի կողմից ներկայացված միջնորդությունների հիմքով: Դատավորի մեղքը բոլոր դեպքերում էլ բացակայում է:
Այսպես`
1/ 14.05.2012թ. դատական նիստում ամբաստանյալը հրաժարվել է դեռևս դատական քննությանը չմասնակցած իր 2-րդ պաշտպանից և միջնորդել է նիստը հետաձգել և իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը հաշվի առնելով …. և այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` մեղադրյալն իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, ուստի և միջնորդությունը բավարարել է:
2/ 24.05.2012թ. դատական նիստում ամբաստանյալը միջնորդել է նիստը հետաձգել ու իրեն տրամադրել 14.05.2012թ. և 24.05.2012թ. դատական նիստի արձանագրությունները, ինչպես նաև ժամանակ` դրանց ծանոթանալու և նոր միջնորդությունների ներակայացնելու համար: Միջնորդությունը բավարարվել է` ամբաստանյալի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված մեղադրյալի իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով:
3/ 06.09.2012թ. դատական նիստում տուժողը ժամը 12:18-ից մինչև 13:45 ցուցմունք է տվել, ամբաստանյալը միջնորդել է տուժողին հարցեր տալուն նախապատրաստվելու նպատակով իրեն տրամադրել դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը և դատական նիստը հետաձգել մի քանի օրով: Միջնորդությունը բավարարվել է` ամբաստանյալի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված մեղադրյալի իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով:
Հորվատն ընդդեմ Խորվաթիայի թիվ 51585/99 գործով 26.07.2001թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատաքննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հանգամանքների համակցությունը, ինչպես նաև դատարանի նախադեպային իրավունքում սահմանված չափանիշները, մասնավորապես, դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար քննության առարկայի կարևորությունը (տե'ս` նաև Հումենն ընդդեմ Լեհաստանի 1999թ. հոկտեմբերի 15-ի վճիռը GC, թիվ 26614/95, 1999թ. հոկտեմբերի 15, հրատարակված, կետ 60, ինչպես նաև Comingersoll S.A. ընդդեմ Պորտուգալիայի GC, թիվ 35382/97, ECHR 2000- IV) :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմողի վարքագծի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ դիմողը պարտավոր է միայն «ցուցաբերել պատրաստակամություն` մասնակցելու քննության բոլոր փուլերին, որոնք անմիջականորեն վերաբերում են իրեն, ձեռնպահ մնալ քննությունը ձգձգելուն ուղղված միջոցներ օգտագործելուց, ինչպես նաև առավելագույնս օգտագործել ներքին օրենսդրության բոլոր միջոցները դատական լսումների գործընթացն արագացնելու նպատակով» (Սnion Alimentaria Sanders S.A. v. Spain, գանգատ թիվ 11681/85, 1989 թվականի հուլիսի 7, պարբ. 35):
Սույն գործի քննության ընթացքում առնվազն 10 դատական նիստ հետաձգվել է ամբաստանյալի կամ պաշտպանության կողմի պատճառով:
Կարգապահական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ ամբաստանյալը գործի դատական քննության ընթացքում երբևէ իր պաշտպանությունը պաշտպանի միջոցով չի իրականացրել, վերջիններս բացի պաշտպան ներգրավելուց այլ դատավարական գործողության չեն մասնակցել:
Անհասկանալի է Կարգապահական հանձնաժողովի այն ձևակերպումը, թե պաշտպանի և մեղադրողի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել, այդ թվում չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սանկցիան: Այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու ... միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները. 1) նախազգուշացում … 4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` գործի քննությանը մանակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:
Եզակի դեպքով դատական նիստին կողմի չներկայանալը` օրենքով սահմանված այլ գործառույթ իրականացնելու կամ հիվանդության պատճառով ու այդ մասին Դատարանին նախապես տեղեկացնելու պայմաններում իմ կողմից չէր կարող դիտարկվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Գտնում եմ, որ կողմերի կողմից դատարան չներկայանալը պետք է լինի չարամիտ, որպեսզի դատարանը իրավունք ունենա կիրառել 2 սանկցիաներից որևէ մեկը և պարտադիր չէ առավել խիստը:
Պաշտպան Մարետա Բաբայանի մասով ավելացնեմ նաև, որ 1-ին նիստին վերջինս չի ներկայացել, և ըստ ամբաստանյալի բանավոր հայտարարության` իր պաշտպանը պետք է մասնակցեր այլ դատարանում դատական նիստին, իսկ 2-րդ նիստից առաջ պաշտպանը նախապես ներկայացված դիմումով տեղեկացրել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին: Անմիջապես հաջորդող դատական նիստի սկզբից ամբաստանյալը հրաժարվել է պաշտպան Մարետա Բաբայանից և որպես պաշտպան է ներգրավել Ռուզաննա Տեր-Վարդանյանին: Այսինքն` Մարետա Բաբայանը, դատական նիստին ընդհանրապես չներկայանալով, զրկվել է պաշտպանի իր դատավարական կարգավիճակից ու հետագայում էլ չի մասնակցել գործի քննությանը, ինչի դեպքում նոր միայն Դատարանը հնարավորություն կունենար պարզելու նրա դատական նիստին չներկայանալու պատճառների հիմնավոր լինելու մասին:
Զարմանալի է, թե ինչպես է կարգապահական հանձնաժողովը փաստել, որ գործի քննությունը 2 անգամ հետաձգվել է ողջամտության սահմաններում չտեղավորվող տևական ժամանակով, երբ իրենց տրամադրության տակ են ունեցել իմ ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու վերաբերյալ հրամանները: 14.04.2012թ-ին սույն քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց 3 աշխատանքային օր հետո մեկնել եմ հերթական ամենամյա վճարովի արձակուրդ և վերադարձել եմ աշխատանքի 2012 թվականի մայիսի 7-ին, իսկ դատական նիստը շարունակվել է աշխատանքային 4-րդ օրը: Հաջորդը. 2012 թվականի հուլիսի 27-ի դատական նիստը հետաձգելուց հետո հաջորդ աշխատանքային օրվանից մեկնել եմ հերթական ամենամյա վճարովի արձակուրդ և վերադարձել եմ աշխատանքի օգոստոսի 27-ին, և մեղադրողի արձակուրդում գտնվելու պատճառով նիստը շարունակվել է աշխատանքային 8-րդ օրը: ՀՀ Սահամանդրության 33-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք /այդ թվում դատավորը/ ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:
Կեսյանն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով դատական գործի քննության հետաձգումը 1998թ.-ի սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 28-ը չի դիտարկել որպես դատական գործի քննության ձգձգում և առհասարակ դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստի հետաձգման և ոչ մի դեպք, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից չի դիտարկվել որպես դատական գործի ձգձգում:
Բարեխղճորեն կատարել եմ իմ մասնագիտական պարտականությունները, սույն գործով իմ կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի քննությունն արդյունավետ, ողջամիտ ժամկետում կատարելու համար: Գործի քննության ընթացքում ապահովվել եմ կողմերի հավասարության, օրինականության (…) սկզբունքները, որոնք երաշխավորված են միջազգային պայմանագրերով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով:
Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ իմ կողմից դատավորի վարքագծի կանոնների /այդ թվում 9-րդ կանոնի/ և որևէ օրենքի խախտում թույլ չի տրվել: Գտնում եմ, որ Կարգապահական հանձնաժողովը կկարճի իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը»:
Հետագայում դատավոր Ա. Խաչատրյանի կողմից ներակայացվել է լրացուցիչ բացատրություն, որում նա նշել է, որ «(...) ամբաստանյալ Կ. Ավանեսյանը, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ և տեղյակ լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ոչ կատարյալ լինելուն, օգտագործելով օրենքով վերապահված բոլոր հնարավորությունները, անհիմն կերպով ձգձգում է գործի քննությունը:» Դատավոր Ա. Խաչատրյանը լրացուցիչ բացատրության մեջ ներկայացրել է նաև ամբաստանյալ Կ. Ավանեսյանի կողմից դատական նիստերի ընթացքում դրսևորած վարքագծի վերաբերյալ տեղեկություններ և պահանջել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է 22.04.2011թ., նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի` Կարինե Արմենի Ավանեսյանին, որը գտնվում է անազատության մեջ. նրա նկատմամբ 02.06.2011թ. որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը Դատարանում ստացվել է 14.02.2012թ. և նույն օրը դատավոր Ա.Խաչատրյանի կողմից ընդունվել է վարույթ:
2) Նշված գործով նախաքննության մարմնի կողմից դատակոչվել է մեկ վկա և երկու տուժող: Որպես ամբաստանյալի շահերի պաշտպան հաջորդաբար ներգրավվել են երկու փաստաբան, իսկ մեղադրանքը Դատարանում պաշտպանել է մեկ դատախազ:
3) Մինչ 27.09.2012թ. նշանակված 15 դատական նիստերից 1-ը հետաձգվել է ամբաստանյալին ՔԿՀ-ից Դատարան չներկայացնելու պատճառով, 1-ը` ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու, 2-ը` պաշտպանի չներկայանալու, 1-ը` գործի նյութերին ծանոթանալու համար նոր պաշտպանին ժամանակ տրամադրելու, 1-ը` պաշտպանից հրաժարվելու և պաշպանությունն անձամբ իրականացնելու կապակցությամբ ամբաստանյալին գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու, 2-ը` մեղադրողի բացակայության, 3-ը` նախագահող դատավորի կողմից աշխատանքի չներկայանալու, 1-ը` նախագահող դատավորի կողմից այլ գործով նշանակված դատական նիստ ունենալու պատճառաբանություններով, իսկ մնացած 3 նիստերը` ամբաստանյալի կողմից ներկայացված միջնորդությունները բավարարելու կապակցությամբ:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա.Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստին կանչված անձանց որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:
«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ 1997 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած DH (97) 336 հռչակագրում ամրագրվել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում մասնավորապես իրավունքի գերակայության համար»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էյչն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում նշել է, որ «...Դատարանն անտեղյակ չէ այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են տարբեր գործոնների արդյունքում և երբեմն կարող են ազգային դատարանների կողմից գործերի հետաձգման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունն ու վստահությունը վերջինիս նկատմամբ» (տե՛ս Էյչն (H.) ընդդեմ Ֆրանսիայի, 1989թ. հոկտեմբերի 24, գանգատ թիվ 10073/82, կետ 58):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված դիրքորոշումից երևում է, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով հանդիսանում է անձի արդար դատաքննության իրավունքի տարր, որը դատարանին պարտավորեցնում է բոլոր դեպքերում գործը քննել և լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից:
Անդրադառնալով դատաքննության տևողության ողջամտությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը (տե՛ս Հումենն ընդդեմ Լեհաստանի, 1999թ. հոկտեմբերի 15, գանգատ թիվ 26614/95, կետ 60):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված դիրքորոշումից երևում է, որ Եվրոպական դատարանը սահմանել է գործի քննության ժամկետի ողջամտության հետևյալ չափանիշները՝
- գործի բարդությունը,
- դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,
- համապատասխան մարմինների աշխատանքի օպերատիվությունը,
- դիմողի սեփական վարքագիծը:
Միաժամանակ քրեական գործերով դատաքննության ժամկետի ողջամտությունը գնահատելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ քրեական գործը պետք է առավել արագ քննվի, եթե մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի տակ:
Գործի քննության ողջամիտ ժամկետի հաշվարկի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումների համաձայն` քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան: Այդ ժամկետը հաշվվում է անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննությունն սկսելու պահից (տե՛ս Էկլեն ընդդեմ Գերմանիայի, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73):
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը Դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահից սկսած տևում է ավելի քան 1 տարի: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ մեղադրանքի առաջադրումից և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահից սկսած՝ Կ.Ավանեսյանը 1 տարի 9 ամսից ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Նշված հանգամանքները համադրելով վերը շարադրված ներպետական և միջազգային իրավունքի պահանջների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 1 տարին գերազանցող ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Ա.Խաչատրյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չպահպանելով իր վարույթում գտնվող գործի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Գ. Խանդանյան |