ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1414-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 669-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական տեղեկության պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1414-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են անկախ ֆինանսավորման աղբյուրից ստացված երկրաբանական տեղեկության (այսուհետ` երկրաբանական տեղեկություն) պահպանության հետ կապված հարաբերությունները:
2. Մշտական պահպանության են ենթակա հետևյալ փաստաթղթերը`
1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների երկրաբանական հաշվետվությունները (համակարգչային ձևավորմամբ կազմված երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները).
2) ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանն առնչվող առաջնային փաստաթղթերը` երկրաբանական գրառումների օրագիրը, տոպոգրաֆիական և երկրաբանական քարտեզները, վերծանված օդատիեզերական լուսանկարները, մերկացումների ուրվագծերը, երկրաֆիզիկական դաշտային հետազոտությունների տվյալները, ստորերկրյա ջրերի փորձնաֆիլտրացիոն հետազոտությունների տվյալները, հետազոտման և նմուշառման կետերի կոորդինատները.
3) ընդերքօգտագործողների կողմից երկրաբանական հանույթի (քարտեզագրման) նյութերը և դրանց բացատրագրերը` երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները.
4) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված (ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով) երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում ստացված տեղեկությունը (հաշվետվության տեսքով) կազմված երկու թղթային օրինակից և դրանց էլեկտրոնային կրիչներից:
3. Երկրաբանական տեղեկության պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
4. Երկրաբանական տեղեկության նյութերը պետք է պահվեն այդ նպատակի համար հարմարեցված գրապահոցներում:
5. Գրապահոցներում պետք է պահպանվի օդի ջերմաստիճանի և խոնավության հետևյալ ռեժիմը`
1) օդի թույլատրելի ջերմաստիճանը` պլյուս (+16) - (+18) աստիճան՝ ±2 աստիճան շեղումով.
2) օդի հարաբերական խոնավությունը` 60-62 տոկոս` ± 5 տոկոս շեղումով:
6. Գրապահոցի յուրաքանչյուր սենյակում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափման համար պետք է տեղադրված լինեն ջերմաչափ և խոնավաչափ, որոնց ցուցմունքները յուրաքանչյուր օր պետք է գրի առնվեն մատյանում:
7. Գրապահոցներում պետք է ապահովվի օդափոխությունը: Այնտեղ, որտեղ բացակայում է արհեստական օդափոխությունը և կատարվում է բնական եղանակով օդափոխություն պատուհանների կամ օդանցքների միջոցով, պետք է վերջիններս ծածկվեն մանրանցք ցանցիկներով: Փոշոտված ֆոնդային նյութերը պետք է մաքրել փոշեծծիչով:
8. Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերում բորբոսի հայտնաբերման դեպքում դրանք պետք է չորացնել և մշակել ֆորմալինի երկուտոկոսանոց լուծույթով:
9. Պահպանության ենթակա մաշված և հնացած նյութերը պետք է վերականգնել: Չի թույլատրվում վերականգնման ենթակա նյութերը տրամադրել օգտագործման` մինչև դրանց վերականգնումը:
10. Գրապահոցներում նյութերը պահպանվում են դարակների (ստելաժներ) վրա, ստանդարտ թղթապանակների մեջ: Դարակները պետք է գտնվեն պատից 0.7 մետր հեռավորության վրա, իսկ ներքևի դարակները` հատակից 0.15 մետր բարձրության վրա: Դարակների միջև եղած հեռավորությունը պետք է 0.7 մետրից ոչ պակաս լինի, իսկ անցումների լայնությունը` 1.0 մետրից:
11. Պահպանման համար հատկացված գրապահոցները պետք է համապատասխանեն հակահրդեհային անվտանգության պահանջներին և ունենան`
1) վստահելի փականներ ունեցող մետաղյա կամ փայտյա ամուր դռներ.
2) պատուհաններից կողմնակի անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու համար պետք է դրանք պատված լինեն մետաղյա պաշտպանիչ ցանցով.
3) մուտքի դռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատուհանների ուղեկապում պետք է տեղադրված լինեն պահպանական ազդանշանակրեր:
12. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները պահպանվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
13. Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |