«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 334-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնների 18-20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«18. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (բացառությամբ առևտրային հաշվառքի սարքերի) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը`
1) բազմաբնակարան շենքի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,
2) 0,22 կՎ լարմամբ սնվող մնացած սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,
3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:
19. Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տեղակայման և փոխարինման ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը: Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը, բացառությամբ սույն կանոնների 20-րդ և 64-րդ կետերով սահմանված դեպքերի:
20. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության պահպանման ծախսերը և պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող սպառող չէ, առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է սպառողի սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Պայմանագրում: Սույն կանոնների իմաստով սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը նրա պահպանումն է արտաքին մեխանիկական վնասվածքներից: Սպառողը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի վնասվածքները առաջացել են սպառողի կամքից անկախ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների արդյունքում:».
2) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 21-րդ և 36-րդ կետերը.
3) Կանոնների 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Պայմանագրում պարտադիր նշվում են հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Շ. Կիրակոսյան |