ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4071/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4071/05/09 2011 թ. |
Նախագահող դատավոր`
Դատավորներ` |
Գ. Ղարիբյան Ա. Աբովյան Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձինք Կարապետ Հաջիյանի, Գրիգոր Հաջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.07.2011 թվականի որոշման դեմ` ըստ Աբրահամ Հաջյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձինք Կարապետ, Սամվել Հաջիյանների, Գրիգոր Հաջյանի` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աբրահամ Հաջյանը պահանջել է Երևանի Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի 119 հասցեի անշարժ գույքի` Կարապետ, Սամվել Հաջիյանների, Գրիգոր Հաջյանի անվամբ տրված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` 310 քմ հողամասի մասով, ճանաչել անվավեր:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 07.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.07.2011 թվականի որոշմամբ Կարապետ Հաջիյանի, Գրիգոր Հաջյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարապետ Հաջիյանը, Գրիգոր Հաջյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աբրահամ Հաջյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ և 90-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը Կարապետ, Սամվել Հաջիյաններին, Գրիգոր Հաջյանին պատշաճ կերպով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի արդյունքում սահմանափակել է վերջիններիս` գործի քննության ամբողջ ընթացքում հավասար պայմաններում քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորությունից:
Բացի այդ, նույն խախտումը թույլ է տվել նաև Վերաքննիչ դատարանը` գործը քննելով առանց բողոք բերողներին պատշաճ ծանուցելու:
2. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 24-րդ, 53-րդ, 71-րդ և 85-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ երրորդ անձանց իրավունքների գրանցման առկայությունը Աբրահամ Հաջյանի որևէ իրավունք չի խախտում, ինչպես նաև այն, որ Աբրահամ Հաջյանը երբևէ չի տիրապետել հիշատակված 310 քմ մակերեսով հողամասը: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի գնահատել այն փաստարկները, համաձայն որոնց Աբրահամ Հաջյանը սույն գործով պատշաճ հայցվոր չի հանդիսանում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Դատարանը, մերժելով հայցային վաղեմություն կիրառելու մասին Կարապետ, Սամվել Հաջիյանների, Գրիգոր Հաջյանի դիմումը և վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2009 թվականի թիվ ՎԴ/4729/05/08 որոշումը, եկել է այն սխալ եզրահանգման, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը չի կարող տարածվել սույն վիճելի իրավահարաբերության վրա, քանի որ այդ դրույթը հետադարձ ուժ չունի:
Վերաքննիչ դատարանը 15.07.2011 թվականի որոշման պատճառաբանական մասում ընդամենը մեջ է բերել Դատարանի 07.10.2010 թվականի պատճառաբանությունները, այնինչ պարտավոր էր տալ դատական ակտի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով պատասխանողները գործի քննությունը դիտավորությամբ ձգձգելու նպատակով պահանջել են դատական ծանուցագրերն առաքել ՌԴ-ում իրենց հաշվառման հասցեով: Մինչդեռ այդ ժամանակ նրանք մշտապես գտնվել են Երևանում: Բացի այդ, և Դատարանը, և Վերաքննիչ դատարանը սույն գործով բազմիցս ծանուցագրեր են ուղարկել նաև ՌԴ, ք. Դոնի Ռոստով, Բելամորսկի նրբ. 20 ժ, բն. 20 հասցեով: Ընդ որում, այս հասցեն տրամադրվել է Հաջիյան եղբայրների կողմից: Մինչդեռ ուղարկված ծանուցագրերը հետ են վերադարձվել կապի ծառայությունների կողմից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 05.03.2010 թվականին և 09.03.2010 թվականին Կարապետ Հաջիյանի` ՀՀ վարչական դատարան մուտքագրված դիմումների համաձայն` վերջինս խնդրել է իրեն և Սամվել Հաջիյանին դատական նիստերի մասին ծանուցել ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքի Բելամորսկի 20ժ փողոցի թիվ 18 և 20 հասցեներով (հատոր 3-րդ, գ.թ. 2,6):
2. Գրիգոր Հաջյանին 29.04.2010 թվականի նախնական դատական նիստի ծանուցումը առաքվել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել «Չի բնակվում» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 17-18):
3. Կարապետ Հաջիյանին և Սամվել Հաջիյանին 20.05.2010 թվականի նախնական դատական նիստի ծանուցումներն առաքվել են ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել` «Տանը չի, ծանուցագրով չի ներկայանում» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 41-42, 49-50):
4. Գրիգոր Հաջյանին 20.05.2010 թվականի նախնական դատական նիստի ծանուցումը առաքվել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել «Չի բնակվում» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 45-46):
5. Կարապետ Հաջիյանին, Սամվել Հաջիյանին և Գրիգոր Հաջյանին հետագա ծանուցումներն ուղարկվել են ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել «Տանը չի, ծանուցագրով չի ներկայանում» և «Չի բնակվում» նշումներով (հատոր 3-րդ):
6. 06.07.2010 թվականին ՀՀ վարչական դատարանում կրկին ստացվել են Կարապետ Հաջիյանի և Սամվել Հաջիյանի դիմումները, որոնց համաձայն` վերջիններս խնդրել են իրենց դատական նիստերի մասին ծանուցել ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքի Բելամորսկի 20ժ փողոցի թիվ 18 և 20 հասցեներով (հատոր 4-րդ, գ.թ. 1-4):
7. Կարապետ Հաջիյանին, Սամվել Հաջիյանին և Գրիգոր Հաջյանին հետագա ծանուցումներն ուղարկվել են ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել «Տանը չի, ծանուցագրով չի ներկայանում» և «Չի բնակվում» նշումներով (հատոր 4-րդ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Այսպես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի «Արմենմոտոր» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ կրում է գործի քննության ընթացքում իր հասցեի փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականություն, իսկ վերջինիս կողմից հասցեի փոփոխության մասին դատարանին հայտելու պահից դատարանն է կրում այդ հասցեով ծանուցագիրն ուղարկելու պարտականություն:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը Կարապետ Հաջիյանին, Սամվել Հաջիյանին և Գրիգոր Հաջյանին սկզբնապես ծանուցել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, իսկ այնուհետև համապատասխան դիմումով տեղեկանալով Կարապետ Հաջիյանի, Սամվել Հաջիյանի հասցեի փոփոխության մասին` մեկ դատական նիստի ծանուցումներն ուղարկել է նրանց վերջին հայտնի բնակության վայրի հասցեով (ծանուցումները ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքի Բելամորսկի 20ժ փողոցի թիվ 18 և 20 հասցեներով), որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել` «Անհայտ է» նշումով, որից հետո կրկին ծանուցումներն առաքել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի նշված հիմքին, գտել է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է, որ նրանում առկա են բազմաթիվ դիմումներ, որոնք ներկայացվել են առձեռն բողոքաբերի կողմից: Վերջին դիմումով, որն ուղղված է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանին, Կարապետ Հաջիյանը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և «դիմումին» կից ներկայացրել Հաջիյան եղբայրների սեփականության իրավունքի վկայականի պատճենը և ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի թիվ 3-402 (ՎԴ) որոշման պատճենը: Կարապետ Հաջիյանը, նշված «դիմումը» 07.09.2010 թվականին առձեռն մուտքագրել է ՀՀ վարչական դատարան: Տվյալ դիմումը մուտքագրվել է ՀՀ վարչական դատարանի վերջին դատական նիստից առաջ, որը կայացել է 23.09.2010 թվականին: Վերոնշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ բողոքաբերները, տեղեկացված լինելով ՀՀ վարչական դատարանում կայացվելիք դատական նիստերի օրվա, ժամի մասին, չեն ներկայացել դատական նիստերին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Կարապետ Հաջիյանը, Սամվել Հաջիյանը կատարել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` հասցեի փոփոխության մասին Դատարանին հայտնելու դատավարական պարտականությունը, այնուհանդերձ Դատարանը վերջիններիս ծանուցումներն իրականացրել է այն հասցեով, որտեղ վերջիններս չեն բնակվում: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով այն չէր կարող բավարար համարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջները պահպանված լինելու համար:
Ինչ վերաբերում է Գրիգոր Հաջիյանի մասով Վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով դատական ակտը նույնպես ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Գրիգոր Հաջյանին 29.04.2010 թվականի նախնական դատական նիստի ծանուցումը առաքվել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել «Չի բնակվում» նշումով, 20.05.2010 թվականի նախնական դատական նիստի ծանուցումը առաքվել է ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել «Չի բնակվում» նշումով: Կարապետ Հաջիյանին, Սամվել Հաջիյանին և Գրիգոր Հաջյանին հետագա ծանուցումներն ուղարկվել են ք. Երևան, Վ. Փափազյան 2-րդ նրբ., 119 տուն հասցեով, որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել «Տանը չի, ծանուցագրով չի ներկայանում» և «Չի բնակվում» նշումներով:
Վերոնշյալից հետևում է, որ սույն գործում բացակայում է Գրիգոր Հաջյանին Դատարանում գործի քննության վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույց:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Կարապետ Հաջիյանի և Գրիգոր Հաջյանի վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ պատշաճ չեն ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պարտականության չկատարումն էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի նորմի էական խախտում:
2. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի խախտման պայմաններում դրան չի անդրադառնում, քանի որ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.07.2011 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Կարապետ Հաջիյանի, Գրիգոր Հաջյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` | Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |