ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
11 ապրիլի 2012 թ. |
N 424-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 11-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» N 345-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է Երևանի քաղաքապետը, որը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից»,
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«5) հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է հողամասի կադաստրային արժեքի չափով,
6) հողամասերն օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով,
7) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման համար հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում ձեռք բերողների համար կարող է սահմանվել նաև տարաժամկետ վճարման իրավունք,
8) հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,
3) որոշման հավելվածի 3-րդ կետում «36-րդ կետի» բառերը փոխարինել «35-րդ կետի» բառերով,
4) որոշման հավելվածի 20-րդ կետում «75» թիվը փոխարինել «100» թվով,
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 36.1-ին կետով.
«36.1. Գույքն օգտագործման իրավունքով տրամադրվում է մինչև 99 տարի ժամկետով»,
6) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 38-րդ կետի 2-րդ ենթակետը,
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ VI-րդ գլխով.
«VI. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ
41. Սահմանել, որ սույն Ծրագրում ընդգրկված հողամասերն ենթակա են օտարման աճուրդային կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ, 65-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման III-րդ և IV-րդ գլուխներում նախատեսված հողամասերի սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու և ուղղակի վաճառքի դեպքերի:
42. Ծրագրում ընդգրկված օտարման ենթակա յուրաքանչյուր ծածկագրով հողամասերը կարող են օտարվել ինչպես ամբողջությամբ այնպես էլ մաս առ մաս:»
2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Համաձայնություն տալու մասին» N 11-Ա որոշումը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |