ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ շնորհելու կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել լանդշաֆտի մրցանակի դիպլոմի և արձանիկի էսքիզն ու նկարագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. փետրվարի 22
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի շնորհման կանոններն ու չափանիշները, ինչպես նաև մրցույթի մասնակցության ու անցկացման պայմանները:
2. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակը պատվավոր պարգևատրում է, որը շնորհվում է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) իրագործման շրջանակներում արդյունավետ և տեսանելի արդյունք ունեցող գործունեության համար:
3. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակը կազմում է Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված լանդշաֆտի մրցանակ շնորհելու գործընթացի մասը: Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակով (այսուհետ` մրցանակ) պարգևատրվածները կարող են ներկայացվել Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակի հավակնություն ունեցող թեկնածությունների թվում:
4. Մրցանակի նպատակը լանդշաֆտային օրինակելի գործողությունների կիրառման նախաձեռնությունները պարգևատրելն է` մարդու կենսապայմանների բարելավմանն ուղղված` կոնվենցիայով սահմանված նպատակներին հասնելու համար:
5. Մրցանակով պարգևատրվում են լանդշաֆտի պահպանության, կառավարման և (կամ) պլանավորման գործում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների (այսուհետ` թեկնածու) կողմից իրականացված նշանակալի ներդրումները, ավարտված միջոցառումները կամ ծրագրերը (այսուհետ` ծրագիր):
6. Մրցանակն ունի դիպլոմի և արձանիկի տեսք: Կարող են շնորհվել նաև հատուկ շնորհակալագրեր` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 650-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից սահմանված անվանակարգերով:
7. Մրցանակի շնորհման արարողակարգը բաց է և հրապարակային` դրանով իսկ նպաստելով լանդշաֆտի արժեքների կարևորության, անհատների և հասարակության բարեկեցությանը դրանց նպատակաուղղվածության մասին մարդկանց իրազեկվածության բարձրացմանը: Մրցանակի շնորհման գործընթացը նպաստում է նաև լանդշաֆտի քաղաքականությունների վերաբերյալ որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության խթանմանը:
II. ՄՐՑԱՆԱԿԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
8. Թեկնածուների կողմից ներկայացվող ավարտված ծրագրերը պետք է համապատասխանեն սույն կարգի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված չափանիշներին:
9. Տարածքային կայուն զարգացում (1-ին չափանիշ)`
1) ծրագրերը պետք է ներկայացնեն լանդշաֆտների պահպանման, կառավարման և (կամ) պլանավորման ակնառու արդյունք.
2) ծրագրերը պետք է լինեն ավարտված և մինչև մրցանակի ներկայացվելը պետք է ճանաչված լինեն հանրության կողմից առնվազն 3 տարի, ինչպես նաև`
ա. համահունչ լինեն կայուն տարածական զարգացման քաղաքականության սկզբունքներին,
բ. ցուցադրեն շրջակա միջավայրի, տարածքային, սոցիալ-տնտեսական, մշակութային ու գեղագիտական կայունությունը,
գ. բարելավեն և հարստացնեն լանդշաֆտը, ինչպես նաև նպաստեն լանդշաֆտի հեռանկարային զարգացմանը,
դ. նպաստեն լանդշաֆտներին սպառնացող վտանգների կանխարգելմանը:
10. Օրինակելի արժեք (2-րդ չափանիշ)`
1) քաղաքականությունը և միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված կլինեն լանդշաֆտների պահպանության, կառավարման և (կամ) պլանավորման կատարելագործմանը, պետք է ներկայանան որպես լավագույն փորձի օրինակներ` այլ շահառուների համար.
2) ծրագրերը պետք է հստակ արտացոլեն լանդշաֆտի որակի նպատակները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին համապատասխան:
11. Հասարակության մասնակցություն և իրազեկվածության բարձրացում (3-րդ չափանիշ)`
1) ծրագրերը պետք է համակողմանի քննարկված լինեն հասարակության, տեղական և տարածքային իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ.
2) հասարակության մասնակցությունը պետք է ապահովվի ազգային, տարածքային կամ տեղական իշխանությունների կողմից իրականացվող` երկխոսության և կարծիքների փոխանակման ընթացակարգերի միջոցով (օրինակ` հասարակական քննարկումներ, բանավեճեր, խորհրդակցությունների կազմակերպում և այլն).
3) ծրագիրը պետք է պարունակի լանդշաֆտների արժեքի, դրանց դերի և փոփոխության վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ, որոնք իրականացվել են ներկայացվող ծրագրի շրջանակներում:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. Մրցույթի մասնակից (թեկնածու) կարող են լինել սույն կարգի 5-րդ կետով նշված մարմինները և կազմակերպությունները, որոնց կողմից իրականացված ծրագրերն ապացուցել են իրենց շարունակական արդյունավետությունը և նշանակալի ներդրում են ունեցել լանդշաֆտի պահպանության, կառավարման կամ պլանավորման բնագավառում:
13. Տեղական և տարածքային իշխանությունների խմբավորումները ևս կարող են թեկնածուներ լինել` պայմանով, որ միասին են կառավարում ծրագրով ներառված լանդշաֆտը:
14. Յուրաքանչյուր թեկնածու ներկայացնում է հայերենով հայտ, որը պետք է պարունակի`
1) թեկնածուի տվյալները (ոչ ավելի, քան 3 էջ).
2) լանդշաֆտի պահպանության, կառավարման և (կամ) պլանավորման համար իրականացված և ավարտված ծրագրի նկարագիրը, որով ապացուցվել է վերջինիս շարունակական արդյունավետությունը և որը կարող է օրինակ ծառայել այլ տարածաշրջանների, համայնքների և (կամ) կազմակերպությունների համար.
3) ծրագրի նկարագիրը պետք է ներկայացվի թղթային տարբերակով (ոչ ավելի, քան 20 էջ) և էլեկտրոնային կրիչով (*PDF ձևաչափի ֆայլերով), ինչպես նաև ցուցադրական պաստառների տեսքով: Ներկայացվող փաթեթում կարող է ներառված լինել նաև տեսաֆիլմ` 5 րոպեն չգերազանցող տևողությամբ.
4) ներկայացվող ցուցադրական նյութերը (գծագրեր, լուսանկարներ, ակնարկներ և այլն) չեն կարող ծանրաբեռնված լինել հեղինակային իրավունքով:
15. Սույն կարգով սահմանված չափանիշներին չհամապատասխանող հայտերը մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
16. Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Թեկնածուների հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն մինչև զույգ տարեթվերի սեպտեմբերի 1-ը` վերջինիս կողմից առնվազն երեք ամիս առաջ տրված հայտարարության հիման վրա:
IV. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
17. Մրցութային հանձնաժողովի և դրա նախագահի գործառույթները վերապահվում են համապատասխանաբար սույն կարգի 6-րդ կետով նշված միջգերատեսչական հանձնաժողովին և դրա նախագահին:
18. Մրցութային հանձնաժողովը որոշում է ընդունում մրցանակի և (կամ) հատուկ շնորհակալագրի շնորհման մասին` մինչև սույն կարգի 16-րդ կետում նշված տարվա հոկտեմբերի 1-ը:
19. Ընտրությունը կատարվում է քվեարկությանը մասնակցող անդամների առնվազն 2/3-ը կողմ քվեարկելու դեպքում:
20. Մրցանակը թեկնածուների կազմից ընտրված հաղթողին է հանձնվում սույն կարգի 18-րդ կետում նշված ժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
21. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթողի ընտրությունը պատշաճ կերպով հիմնավորվում և արձանագրվում է:
22. Մրցութային հանձնաժողովը կարող է առաջարկել առանձնացնել հատուկ շնորհակալագիր (շնորհակալագրեր)` սույն կարգի 6-րդ կետով նշված անվանակարգերով:
23. Մրցութային հանձնաժողովը հաղթողին ընտրելուց հետո ընդունում է որոշում` Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից հայտ ներկայացվելու վերաբերյալ: Այդ դեպքում թեկնածուն 14-րդ կետով նշված նյութերը ներկայացնում է անգլերենով կամ ֆրանսերենով` Եվրոպայի խորհուրդ ներկայացնելու նպատակով:
V. ՄՐՑԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
24. Մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքներով ընտրված հաղթողին, ինչպես նաև հատուկ շնորհակալագրերի արժանացած թեկնածուներին մրցանակը և հատուկ շնորհակալագրերը հանձնում է հանձնաժողովի նախագահը:
25. Մրցանակի և հատուկ շնորհակալագրերի արժանացած ծրագրերը, ինչպես նաև դրանց ընտրության հիմնավորումները ներկայացվում են հանձնաժողովի նախագահի կողմից` մրցանակի հանձնման հրապարակային արարողության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|