Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.02.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

7 փետրվարի 2012 թ.

 թիվ 29-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ա/Ձ ՀԱՍՄԻԿ ՅԱՂՄՈՒՐՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 700) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկարագրական մաս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև՝ Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 2011 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 700/1 արձանագրությամբ արձանագրվել է հետևյալը.

Ա/Ձ Հասմիկ Յաղմուրյան (լիցենզիա թիվ 700) փոխանակման կետի (այսուհետ նաև՝ Փոխանակման կետ) կողմից տրամադրված դրամարկղի տեսաձայնագրությունների դիտարկման արդյունքում հայտնաբերվեցին մի շարք դեպքեր, երբ փոխանակման կետի կողմից արտարժույթի առուվաճառքի գործարքներ իրականացնելիս հաճախորդներին չեն տրամադրվել անդորրագրեր (մասնավորապես՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին և 2011 թվականի դեկտեմբերի 4-ին)։

Նշված փաստը հանգեցնում է Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 75-րդ կետի պահանջների խախտմանը։

Պատճառաբանական մաս

Ա/Ձ Հասմիկ Յաղմուրյան փոխանակման կետին պատշաճ կարգով ծանուցվել է իր նկատմամբ թիվ 700/1 արձանագրությամբ սկսված վարույթի վերաբերյալ, ինչի կապակցությամբ Փոխանակման կետի կողմից ներկայացվել են առարկություններ։ Մասնավորապես՝ Փոխանակման կետն իր առարկությունների մեջ հղումներ է կատարել ՀՀ ԿԲ խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված փոխանակման կետի կողմից կիրառվող համակարգչային սարքավորումներին և փոխանակման կետի աշխատանքը ապահովող կիրառական ծրագրային համակարգին վերաբերող դրույթներին՝ նշելով և մեկնաբանելով դրանք։ Փոխանակման կետն իր առարկությունների մեջ նշել է Նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ նշելով, որ արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով, ինչպես նաև 37-րդ հոդվածը, որի համաձայն վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։

Կենտրոնական բանկը չի ընդունում Փոխանակման կետի ներկայացրած առարկությունները՝ հաշվի առնելով հետևյալը.

Տեսագրությունների դիտարկումից երևում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին փոխանակման կետի կողմից անդորրագրեր չեն տրամադրվել։ Տեսագրություններից ենթադրվում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին հնարավոր եղել են տպիչ սարքի հետ կապված որոշ անսարքություններ։ Սակայն, այդուհանդերձ, աշխատակիցը չի դադարեցրել գործարքների իրականացումը՝ շարունակելով կատարել գործարքներ՝ առանց անդորրագրի տրամադրման։ Բացի այդ, 2011 թվականի դեկտեմբերի 4-ին ևս Փոխանակման կետում առկա է աշխատակցի կողմից գործարք իրականացնելիս անդորրագրի չտրամադրման դեպք։ Նշված օրվա տեսագրությունների դիտարկումից որևէ կերպ չեն երևում տպիչ սարքի աշխատելու հետ կապված խնդիրներ։ Ընդ որում, հարկ է նշել, որ նշված օրվա ընթացքում առկա են այլ գործարքներ, որոնց համար տրամադրվել են անդորրագրեր։ Ինչ վերաբերում է Փոխանակման կետի կողմից սույն վարույթի վերաբերյալ ներկայացված առարկություններում նշված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ձևական պահանջի դրույթներին, ապա նշվածը ևս չի կարող ընդունվել՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ Փոխանակման կետի կողմից անդորրագիր չտրամադրելը չի կարող դիտվել որպես ձևական պահանջ, քանի որ այն կարող է բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն փոխանակման կետի գործունեության վրա, այլ նաև հաճախորդների օրինական շահերի պաշտպանության վրա։

Փոխանակման կետը 2012 թվականի փետրվարի 2-ի իր դիմումով խնդրել է որպես պատասխանատվության միջոց ուժը կորցրած ճանաչել Փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 700 լիցենզիան։

Քննարկելով գործում առկա նյութերը, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է1» կետով, ինչպես նաև հաշվի առնելով Փոխանակման կետի 2012 թվականի փետրվարի 2-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սույն որոշմամբ նկարագրված խախտումը թույլ տալու համար ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Հասմիկ Յաղմուրյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 700 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Հասմիկ Յաղմուրյան փոխանակման կետ մուտքագրվելու կամ վերջինիս՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը։

3. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. փետրվարի 9
Երևան