ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0091/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0091/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Տ. Պետրոսյանի
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Արսեն Ադիլխանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է բռնագանձել Արսեն Ադիլխանյանից 1.036.669 ՀՀ դրամ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2010 թվականի որոշմամբ Արսեն Ադիլխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 08.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2008 թվականի դատավճռով հաստատվել է Արսեն Ադիլխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու փաստը, այն է` Արսեն Ադիլխանյանն առանց պետական գրանցման Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել և իրացրել 1.770.804 ՀՀ դրամ մաքսային արժեքով 7.276կգ քաշով մանդարին, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 1.036.669 ՀՀ դրամի չափով վնաս: Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում հանցագործություն կատարած անձի կողմից պետությանը պատճառված վնասի չափի պարզումը ենթակա չէ վերստին քննության:
Ինչ վերաբերում է ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասին վճռի առկայությանը, ապա այդ վճիռն ամենևին էլ չի հաստատում Արսեն Ադիլխանյանի հարկային պարտավորությունների բացակայության փաստը, քանի որ ստուգման ակտն անվավեր է ճանաչվել ձևական նկատառումներով, ինչը որևէ առնչություն չունի սույն գործի հանգամանքների հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.11.2008 թվականի դատավճռով Արսեն Ադիլխանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Նույն դատավճռի համաձայն` նախաքննության մարմնի կողմից Արսեն Ադիլխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, առանց պետական գրանցման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Արսեն Ադիլխանյանը 28.12.2007 թվականին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել և իրացրել 1.770.804 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով 7.276կգ քաշով մանդարին: Արսեն Ադիլխանյանը եկամուտների վերաբերյալ հարկային մարմիններին հայտարարագիր չի ներկայացրել, չի վճարել հարկերը և պարտադիր սոցիալական վճարները, ինչի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի` 1.036.669 ՀՀ դրամի վնաս: Նույն դատավճռով ապացուցված է համարվել Արսեն Ադիլխանյանի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ (հատոր 1-ին, գ.թ. 20-25):
2) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) 13.09.2008 թվականի փորձագետի թիվ 08-1136 եզրակացության «Հետևություններ» բաժնի 3-րդ կետի համաձայն` Արսեն Ադիլխանյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում պետությանը պատճառված վնասը կազմում է 1.036.669 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8-17):
3) ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 10.07.2008 թվականի թիվ 2328545 ստուգման ակտով Արսեն Ադիլխանյանին առաջադրվել է հարկային պարտավորություն` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար:
4) ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.09.2009 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Տեսչության 10.07.2008 թվականի թիվ 2328545 ստուգման ակտը` հարկվող օբյեկտը և հարկային պարտավորություններն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հաշվարկելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 40-47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր է հաշվի առնել, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով որոշակի գործողությունների և դրանք կատարած անձանց վերաբերյալ հաստատված փաստերը նախադատելի են:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2008 թվականի դատավճռով հաստատվել է Արսեն Ադիլխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու հետևանքով պետությանը խոշոր չափի նյութական վնաս պատճառելու փաստը: Մասնավորապես` նշված դատավճռով հաստատված է համարվել, որ Արսեն Ադիլխանյանն առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. 28.12.2007 թվականին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել և իրացրել 1.770.804 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով 7.276կգ քաշով մանդարին, իսկ պատճառված վնասի չափը որոշվել է Կազմակերպության 13.09.2008 թվականի փորձագետի թիվ 08-1136 եզրակացությամբ: Հետևաբար, Արսեն Ադիլխանյանի հիմնավորումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության պահանջը ենթակա է մերժման, քանի որ այն բխում է Տեսչության 10.07.2008 թվականի թիվ 2328545 ստուգման ակտից, որը ՀՀ վարչական դատարանի 09.09.2009 թվականի վճռով ճանաչվել է անվավեր, անհիմն է, քանի որ սույն գործում բացի նշված ստուգման ակտից առկա են այլ ապացույցներ, ինչպիսիք են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2008 թվականի դատավճիռը և Կազմակերպության 13.09.2008 թվականի փորձագետի թիվ 08-1136 եզրակացությունը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր պահանջի հիմքում դնելով Կազմակերպության 13.09.2008 թվականի փորձագետի թիվ 08-1136 եզրակացությունը, չի ապացուցել Արսեն Ադիլխանյանի կողմից պետությանը 1.036.669 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու փաստը, քանի որ նշված եզրակացության հիմքում որպես ելակետային տվյալ դրվել է Տեսչության 10.07.2008 թվականի թիվ 2328545 ստուգման ակտը, իսկ այն անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական դատարանի 09.09.2009 թվականի վճռով: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն, և որպես նոր քննության ծավալ սահմանել է վնասի չափի պարզումը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված այն պահանջը, որի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով որոշակի գործողությունների և դրանք կատարած անձանց վերաբերյալ հաստատված փաստերը պարտադիր են:
Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.11.2008 թվականի դատավճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Արսեն Ադիլխանյանն առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այն է` 28.12.2007 թվականին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել և իրացրել 1.770.804 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով 7.276կգ քաշով մանդարին, ինչի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի` 1.036.669 ՀՀ դրամի վնաս:
Հետևաբար, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.11.2008 թվականի դատավճռով Արսեն Ադիլխանյանի գործողությունների վերաբերյալ հաստատված փաստերը Վերաքննիչ դատարանի համար սույն գործը քննելիս պարտադիր էին, քանի որ նշված դատավճիռն իր ապացուցողական ուժով նախադատելի է որոշակի գործողությունների և դրանք կատարած անձանց վերաբերյալ հաստատված փաստերի առումով, իսկ վերը նշված դատավճռով հաստատվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն հանցագործությունը կատարվել է Արսեն Ադիլխանյանի կողմից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի արարքը կարող է որակվել նշված նորմի դիսպոզիցիայի սահմաններում որպես հանցագործություն, եթե նրա արարքում առկա են` 1. առանց պետական գրանցման, հաշվառման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, և 2. նշված գործողությունը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով:
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության 10.07.2008 թվականի թիվ 2328545 ստուգման ակտով Արսեն Ադիլխանյանին առաջադրվել է հարկային պարտավորություն` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար: Ստուգման ակտը ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.09.2009 թվականի վճռով անվավեր է ճանաչվել հարկվող օբյեկտը և հարկային պարտավորություններն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հաշվարկելու հիմքով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի ապացուցել Արսեն Ադիլխանյանի կողմից պետությանը 1.036.669 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու փաստը, անհիմն է և չի բխում սույն գործի տվյալներից, քանի որ Արսեն Ադիլխանյանի կողմից պետությանը խոշոր չափի` 1.036.669 ՀՀ դրամի վնաս պատճառելու փաստը հաստատված է համարվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 17.11.2008 թվականի դատավճռով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2010 թվականի վճռին:
2. Արսեն Ադիլխանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 31.100 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |