«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱ- ՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵ- ՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀ- ՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱ- ՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
2011 թ. դեկտեմբերի 26-ի N 31-Ն ք. Երևան |
2012 թ. հունվարի 11-ի N 02-Ն ք. Երևան |
2011 թ. դեկտեմբերի 30-ի N 258-Ն ք. Երևան |
2011 թ. դեկտեմբերի 29-ի N 301-Ն ք. Երևան |
2011 թ. դեկտեմբերի 27-ի N 325-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ` ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ (ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ) ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի ռազմավարական ուղղություն 2-րդ, 1-ին բաժնի 1-ին կետի պահանջները.
Հրամայում ենք`
Հաստատել կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք` երևույթների (վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ճառագայթային ախտահարումների դեպքեր) ստանդարտ բնորոշումները` համաձայն հավելվածի:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
ՀՀ գյուղա- տնտեսության նախարար |
ՀՀ բնապահ- պանության նախարար |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 31-Ն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թ. հունվարի 11-ի թիվ 02-Ն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2011 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 258-Ն ՀՀ բնապահպանության նախարարի 2011 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 301-Ն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն համատեղ հրամանով |
Ս Տ Ա Ն Դ Ա Ր Տ Բ Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ն Ե Ր
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ` ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ (ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ)
Բ Ա Ժ Ի Ն I
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔ` ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ (ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
ՏՈՒԼԱՐԵՄԻԱ (Ա 21)
1. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք: |
2) Հավանական |
Կասկածելի դեպք, և ախտաբանական նմուշներում F. tularensis-ին բնորոշ հակամարմինների հայտնաբերման 1 դրական թեսթ կամ, որը համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքի հետ: |
3) Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` ախտորոշումը հաստատված է լաբորատոր հետազոտության արդյունքում: |
2. Դեպքի սահմանում:
3. Կլինիկական նկարագիր
1) Անկախ կլինիկական ձևից, ընդհանուր ախտանշաներն են՝ հիվանդության հանկարծակի սկիզբ, դող, սարսուռ, ջերմության բարձրացում 39-400C (տևում է 2-3 շաբաթ), գլխացավ, գլխապտույտ, մկանային ցավեր, առատ քրտնարտադրություն, ծանր դեպքերում՝ փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության մթագնում, զառանցանք:
2) Հիվանդության հիմնական ախտանշանը բուբոնն է (մեկ` հաջորդիվ մի խումբ ավշային հանգույցների բորբոքում), որն առաջանում է վարակի ներթափանցման վայրին մոտ ավշային հանգույցներում (ընկույզից մինչև հավի ձվի մեծության, շարժուն):
3) Տուլարեմիայի կլինիկական ձևերի զարգացումը որոշվում է վարակի մուտքի դռներով:
4. Ըստ տեղակայման տարբերում են հետևյալ կլինիկական ձևերը`
1) տուլարեմիա` մաշկի, լորձաթաղանթների և լիմֆատիկ հանգույցների ախտահարումով.
ա. բուբոնային
բ. խոցաբուբոնային
գ. ակնաբուբոնային
դ. անգինոզբուբոնային.
2) տուլարեմիա` առավելապես ներքին օրգանների ախտահարումով.
ա. աբդոմինալ
բ. թոքային.
3) գեներալիզացված ձև:
5. Ըստ ընթացքի
1) սուր
2) ձգձգվող
3) ախտադարձող:
6. Ըստ ծանրության
1) թեթև
2) միջին ծանրության
3) ծանր:
7. Հիվանդությունը սկսվում է սուր դողով, ջերմության բարձրացումով մինչև 38 - 400C: Տենդը հաճախ թուլացնող կամ ընդմիջվող բնույթի է:
8. Հիվանդները գանգատվում են համառ գլխացավից, մկանացավերից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից: Ծանր ձևերի ժամանակ երբեմն դիտվում է զառանցանք, հիվանդները ավելի հաճախ գրգռված են, քան արգելակված:
9. Հիվանդի դեմքը հիպերեմիկ է, այտուցված, առկա է սկլերաների և շաղկապենիների արյունալեցվածություն: Երբեմն հանդիպում է ցան (էկզանտեմա)` էրիթեմատոզ, մակուլոպապուլյոզ, ռոզեոլյոզ կամ պետեխիալ: Ցանը ավելի հաճախ է հանդիպում հիվանդության ձգձգվող ընթացքի ժամանակ:
10. Հայտնաբերվում են լիմֆադենիտներ (բուբոններ), որոնց տեղակայումը կախված է հիվանդության կլինիկական ձևից:
11. Հիվանդության 1-ին շաբաթվա վերջին մեծանում են լյարդը և փայծաղը:
12. Կախված հիվանդության կլինիկական ձևից հիվանդները ներկայացնում են տարբեր գանգատներ, որը սովորաբար առնչվում է վարակի ներթափանցման տեղի հետ` ցավ աչքերում, կլման ժամանակ, կրծոսկրի հետևում, զարգացող բուբոնի շրջանում և այլն:
13. Հիվանդության սկզբնական շրջանն ունի ընդհանուր դրսևորումներ, հետագայում առաջին պլան են մղվում տեղային փոփոխությունները` կապված վարակի մուտքի դռների հետ:
14. Տենդն առանց հակաբիոտիկաթերապիայի տևում է մինչև 2 - 3 շաբաթ, լավացման շրջանում կարող է դիտվել երկարատև սուբֆեբրիլ ջերմություն: Հիվանդության ընդհանուր տևողությունը ձգձգվող և ախտադարձող ձևերի ժամանակ կարող է տևել մինչև մի քանի ամիս:
15. Տուլարեմիայի բուբոնային ձևն առաջանում է մաշկի միջոցով վարակի ներթափանցման դեպքում:
16. Բնորոշվում է՝
1) ռեգիոնար լիմֆադենիտով` բուբոնի առաջացումով,
2) բորբոքային փոփոխությունները մուտքի դռներում թույլ են արտահայտված կամ մնացել են աննկատ (հիվանդի բուժկանխարգելիչ կազմակերպություն ուշ ընդունվելու պատճառով),
3) հաճախ ախտահարվում են անութային, աճուկային և ազդրային ավշային հանգույցները,
4) հիվանդության 2 - 3 օրը ավշային հանգույցի շրջանում ի հայտ է գալիս արտահայտված ցավոտություն, հետագայում ավշային հանգույցը մեծանում է` հասնելով 2 - 3 սմ-ից մինչև 8 - 10 սմ` ձևավորվում է բուբոն:
17. Տուլարեմիային բուբոնի առանձնահատկություններն են`
1) չափավոր ցավոտությունը
2) բուբոնները միաձուլված չեն շրջակա հյուսվածքների և միմյանց հետ
3) բուբոնը ծածկող մաշկը երկար ժամանակ պահպանում է նորմալ գունավորումը
4) բուբոնը հստակ ուրվագծվում է
5) բուբոնների էվոլյուցիան տարբեր է:
18. Հիվանդների մի մասի մոտ դրանք 1 - 4 ամսվա ընթացքում ներծծվում են:
19. Այլ դեպքերում` 3 - 4 շաբաթ անց կամ ավելի ուշ բուբոնները թարախակալում են, փափկում, դրանք ծածկող մաշկը այտուցվում է, որից հետո թարախային պարունակությունը խուղակի միջոցով դուրս է գալիս: Խուղակը շատ դանդաղ է փակվում` առաջացնելով սպի: Բուբոնների թարախային պարունակությունը համեմատաբար մածուցիկ է, կաթնասպիտակավուն, առանց հոտի: Տուլարեմիայի ցուպիկը հայտնաբերվում է թարախում 3 շաբաթվա ընթացքում:
20. Երբեմն տեղի է ունենում բուբոնների կարծրացում, որոնք երկար ժամանակ պահպանվում են` հիվանդի լավ ինքնազգացողության և նորմալ ջերմաստիճանի ֆոնի վրա: Վերջիններս հակված չեն ներծծվելու:
21. Խոցաբուբոնային ձևի (հանդիպում է 50 - 70% դեպքերում) ժամանակ մուտքի դռներում զարգանում է առաջնային աֆեկտ` հիվանդության առաջին 7 օրվա ընթացքում հաջորդաբար ի հայտ է գալիս բիծ, որը վերափոխվում է պապուլայի, այնուհետև վեզիկուլայի, ապա պուստոլայի և վերջապես առաջանում է քիչ ցավոտ, բարձր եզրերով խառնարանանման խոց: Խոցը ծածկվում է մուգ կեղևով, որը շրջապատված է թեփոտվող երիզով: Ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարումն ընթանում է առաջնային բուբոնների ձևով:
22. Ակնաբուբոնային ձևը հանդիպում է հազվադեպ (1 - 2% դեպքերում): Զարգանում է աչքի լորձաթաղանթով հարուցչի ներթափանցման դեպքում:
23. Բնորոշվում է՝
1) հաճախ զարգացող Պարինոյի կոնյուկտիվիտ` աչքի շաղկապենու ախտահարումը հիմնականում միակողմանի է, խոցերի և հանգույցիկների առաջացումով: Հիվանդների մի մասի մոտ շաղկապենու վրա կարող է առաջանալ ֆիբրինոզ փառ, զարգանալ դակրիոցիստիտ: Եղջերաթաղանթը հազվադեպ է ընդգրկվում գործընթացի մեջ
2) տենդով
3) ռեգիոնար` հարականջային և ենթածնոտային ավշային հանգույցների մեծացումով (բուբոն)
4) երկարատև ընթացքով (մի քանի ամիս):
Ախտահարված աչքում կարող է տեղի է ունենալ տեսողության կորուստ:
24. Անգինոզ-բուբոնային ձևը (հանդիպում է 1% դեպքերում) զարգանում է վարակված սննդամթերքով և ջրով հարուցչի ներթափանցման դեպքում:
25. Բնորոշվում է`
1) ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով
2) կլման դժվարացումով, ըմպանում չափավոր ցավով
3) ինքնատիպ միակողմանի ֆիբրինոզ-նեկրոտիկ տոնզիլիտով: Քմային նշիկները մեծացած են, ծածկված գորշասպիտակավուն գույնի նեկրոտիկ փառերով, որոնք դժվարությամբ են հեռացվում, հիշեցնելով դիֆթերիա, բայց չեն տարածվում նշիկներից դուրս: Արտահայտված նեկրոտիկ փոփոխությունները բերում են նշիկների քայքայման և սպիացման: Նշիկների ախտահարումը, որպես կանոն, միակողմանի է
4) պարանոցային, հարականջային և անութային բուբոնների առաջացումով, որոնց զարգացման ընթացքը նույնն է, ինչ մաշկաբուբոնային ձևի ժամանակ:
26. Աբդոմինալ ձևը պայմանավորված է որովայնամզային ավշային հանգույցների բորբոքումով (մեզադենիտ):
27. Արտահայտվում է`
1) բարձր ջերմությունով, ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով
2) կծկանքանման և անդադար ցավերով որովայնում: Որովայնը շոշափելիս պորտի և աջ զստային շրջանում ցավոտ է, որի պատճառով տուլարեմիայի այս ձևը անհրաժեշտ է տարբերակել մեզադենիտով ուղեկցվող այլ վարակիչ հիվանդություններից (որովայնային տիֆ և պարատիֆեր, յերսինիոզ, փսևդոտուբերկուլոզ), նաև կույրաղու սուր բորբոքումից: Հաճախ հայտնաբերվում է որովայնամզի գրգռման ախտանշան
3) սրտխառնոցով, հնարավոր է փսխում
4) լուծով, երբեմն փորկապությունով: Կարող է դիտվել աղիքային արյունահոսություն
5) հեպատոսպլենոմեգալիայով:
28. Տուլարեմիայի թոքային ձև զարգանում է օդափոշային վարակման դեպքում:
29. Հիվանդության այս ձևը կարող է ընթանալ 2 տարբերակով` բրոնխային և թոքային:
30. Բրոնխային տարբերակ.
1) ուղեկցվում է չափավոր արտահայտված ինտոքսիկացիայի երևույթներով
2) ախտահարվում են կրծքավանդակի ավշային հանգույցները` բրոնխիալ, պարատրախեալ, միջնորմային
3) բնորոշ են ցավեր կրծքավանդակի հետևում, չոր բրոնխային հազ: Թոքերում լսվում են չոր խզզոցներ
4) հիվանդությունը տևում է 10 - 12 օր և ավարտվում է առողջացումով:
31. Թոքային տարբերակը բնորոշվում է`
1) սուր սկզբով` բարձր տենդով և արտահայտված ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով
2) կրծքավանդակում վաղ առաջացող ցավով և չոր հազով, քիչ քանակությամբ լորձային, երբեմն հեմոռագիկ խորխով
3) թոքերում լսվում են չոր և թաց խզզոցներ: Թոքերի ռենտգեն հետազոտության ժամանակ դիտվում է արմատամերձ, պարատրախեալ և միջնորմային ավշային հանգույցների զգալի մեծացում: Ինֆիլտրատիվ փոփոխությունները թոքերում ունեն օջախային բնույթ, հազվադեպ` բլթային և դիսեմինացված
4) երկարատև ընթացքով (մինչև 2 ամիս և ավելի), ախտադարձերի և բարդությունների հակումով` թոքերում թարախակույտերի, բրոնխոէկտազների, խոռոչների ձևավորումով:
32. Գեներալիզացված ձև:
33. Հիմնականում դիտվում է թույլ իմունային կարգավիճակ ունեցող անձանց մոտ: Հիվանդության այս ձևը ախտորոշման տեսակետից դժվարություն է ներկայացնում:
34. Բնորոշվում է`
1) ընդհանուր թուլությունով, ջերմության բարձրացումով մինչև 39 - 400C, մկանացավերով, համառ գլխացավով: Հիվանդների գիտակցությունը հաճախ խանգարված է, դիտվում է զառանցանք: Տենդը անկանոն բնույթի է, 3 շաբաթ և ավելի տևողությամբ
2) մուտքի դռներում, ինչպես նաև ռեգիոնար ավշային հանգույցներում բորբոքային փոփոխությունները բացակայում են
3) առաջին իսկ օրերից զարգանում է հեպատոսպլենոմեգալիա: Սրտի տոները խլացած են, պուլսը լաբիլ (տատանողական), ցածր զարկերակային ճնշում
4) հիվանդության ծաղկման շրջանում հիվանդների մեծամասնության մոտ ի հայտ է գալիս ռոզեոլոզ ցան, որը հավասարաչափ է վերին և ստորին վերջույթների վրա «ձեռնոցների» ու «ծնկապանների» տեսքով, դեմքին` «դիմակի», պարանոցին` «օձիքի» տեսքով: Ցանն աստիճանաբար ձեռք է բերում արնապղնձագույն երանգ և անհետանում 8 - 12 օրից
5) չափավոր արտահայտված լեյկոցիտոզով, լեյկոֆորմուլայի ձախ թեքումով, էրիթրոցիտների նստեցման արագության (այսուհետ` ԷՆԱ) բարձրացում մինչև 40 - 50 մմ/ժ:
Գլուխ 2
ԲՐՈՒՑԵԼՈԶ (Ա 23)
35. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված կամ կասկածելի հիվանդ կենդանիների կամ դրանցից ստացված վարակված սննդամթերքի օգտագործման կամ շփման հետ |
2) Հավանական |
Ռոզ-Բենգալի դրական փորձով հաստատված կասկածելի դեպք |
3) Հաստատված |
Լաբորատոր հաստատված կասկածելի կամ հավանական դեպք (սուր կամ քրոնիկ): |
36. Դեպքի սահմանում:
37. Կլինիկական նկարագիր - բրուցելոզը սուր կամ քրոնիկ ընթացող հիվանդություն է, որին բնորոշ են` ընդհատվող կամ անկանոն տևողությամբ տենդ, գիշերային ուժեղ քրտնարտադրություն, առանց պատճառի հոգնածություն, քաշի անկում, գլխացավ, հոդացավեր, մարմնի ընդհանուր ջարդվածության զգացում:
38. Հիվանդության կլինիկական արտահայտությունները շատ պոլիմորֆ են: Վարակի օջախներում հաճախ հանդիպում է գաղտնի բրուցելոզ, որի դեպքում բրուցելլաները գտնվում են «նիրհող» վարակի ձևով` առաջացնելով օրգանիզմի իմունոալերգիկ վերափոխում: Վարակված անձանց մի մասի մոտ մանրակրկիտ հետազոտման արդյունքում կարելի է հայտնաբերել հիվանդության որոշ ախտանշաններ` ավշային հանգույցների մեծացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, լյարդի և փայծաղի մեծացում և այլն: Այսպիսի մարդկանց մոտ շճաբանական և Բյուրնեի մաշկաալերգիկ փորձերը դրական են:
39. Սուր բրուցելոզի հիմնական կլինիկական արտահայտություններն են`
1) բարձր ջերմություն (39 - 400C և ավելի): Ջերմային կորագիծը մի շարք դեպքերում ունի հակում ալիքաձև ընթացքի, օրվա մեջ մեծ տատանումներով, հաճախ անկանոն (սեպտիկ) տիպի կրկնվող դողով և առատ քրտնարտադրությունով: Առանց հակաբիոտիկոթերապիայի տենդը կարող է տևել 3 - 4 շաբաթ և ավելի, չնայած մարմնի բարձր ջերմաստիճանի հիվանդի ինքնազգացողությունը մնում է բավարար, ինտոքսիկացիայի երևույթները բացակայում են.
2) գեներալիզացված լիմֆադենոպաթիա - բոլոր խմբերի, հատկապես պարանոցային և անութային ավշային հանգույցները չափավոր մեծացած են, շոշափելիս անցավ, միաձուլված չեն շրջակա հյուսվածքների հետ.
3) լյարդի և փայծաղի մեծացումը դիտվում է հիվանդության առաջին շաբաթվա վերջում:
40. Սուր բրուցելոզի գլխավոր տարբերակումն է օջախային փոփոխությունների (մետաստազների) բացակայությունը:
41. Հենաշարժական համակարգի ախտահարումը սուր բրուցելոզի ժամանակ արտահայտվում է կարճատև հոդացավերով:
42. Ժամանակին և ճիշտ իրականացված բուժման դեպքում հիվանդների որոշ մասը 1 - 2 տարի անց առողջանում է, չնայած հիվանդությունը հաճախ ձգձգվում և ընդունում է քրոնիկ ընթացք: Քրոնիկ բրուցելոզը հաճախ զարգանում է տարած հիվանդության սուր և ենթասուր ձևերից հետո (երկրորդային քրոնիկ բրուցելոզ), որոշ դեպքերում այն զարգանում է միանգամից, շրջանցելով հիվանդության սուր շրջանը (առաջնային քրոնիկ բրուցելոզ):
43. Քրոնիկ բրուցելոզի ընդհանուր նշաններն են.
1) երկարատև սուբֆեբրիլիտետը
2) ընդհանուր թուլությունը, աշխատունակության նվազումը
3) գրգռվածությունը, խանգարված քունը
4) ախորժակի անկումը
5) գեներալիզացված լիմֆադենոպաթիան:
44. Նոր ձևավորված փափուկ, շոշափելիս զգայուն կամ ցավոտ ավշային հանգույցների հետ մեկտեղ նկատվում են մանր, բավականին պինդ, անցավ, կարծրացած ավշային հանգույցներ (0.5 - 0.7 սմ տրամագծով)
1) հաճախ հայտնաբերվող հեպատոսպլենոմեգալիան
2) վերը նշված ախտանշանների ֆոնի վրա դիտվում են օրգանական ախտահարումներ: Ամենահաճախ ախտահարվում է հենաշարժական համակարգը, հետո նյարդային և սեռական, կարող են դիտվել այլ օրգանական ախտահարումներ` թոքաբորբեր, միոկարդիտներ, աչքի ախտահարում և այլն, որոնք հանդիպում են հազվադեպ:
45. Հենաշարժական համակարգի ախտահարման առանձնահատկությունները.
1) բնորոշ են պոլիարթրիտները, հաճախ ախտահարվում են խոշոր հոդերը` ծնկային, արմնկային, ուսային, կոնքազդրային, հազվադեպ` ոտնաթաթերի և դաստակների մանր հոդերը: Հոդերը երբեմն այտուցվում են, ձևափոխվում, տձևանում պերիարթրիտի, բուրսիտի, էկզոստոզների զարգացման հետևանքով, շարժունակությունը նրանցում սահմանափակվում է, մաշկի գույնը, որպես կանոն, չի փոփոխվում: Յուրաքանչյուր սրացման դեպքում ի հայտ են գալիս ըստ տեղակայման նոր օջախներ, ինչը վերաբերում է ոչ միայն հոդերին, այլ նաև ուրիշ օրգանային ախտահարումներին.
2) օստեոպորոզներ չեն դիտվում.
3) ախտահարվում է ողնաշարը` հաճախ գոտկային հատվածում.
4) բնորոշ են սաքրոիլեիտներ, որոնք ունեն մեծ ախտորոշիչ նշանակություն, քանի որ դրանք այլ էթիոլոգիայի հազվադեպ են լինում: Այս պատճառով վերջիններիս հայտնաբերումը կարևոր է:
46. Էրիքսոնի ախտանշան` հիվանդին պառկեցնում են վիրակապային սեղանին մեջքի կամ կողքի վրա և սեղմում վերին զստոսկրերի կատարին: Միակողմանի սաքրոիլեիտի դեպքում ցավն առաջանում է ախտահարման կողմում, երկկողմանիի դեպքում` սրբանում, երկու կողմից:
47. Նախլասի ախտանշան` հիվանդին երեսնիվայր պառկեցնում են սեղանին, ոտքերը ծալում ծնկային հոդում: Ոտքը բարձրացնելիս առաջանում է ցավ ախտահարված սրբանազստային հոդավորումում:
48. Լառռեյի ախտանշան` հիվանդին մեջքի վրա պառկեցնում են սեղանին, երկու ձեռքով բռնում են զստոսկրերի թևերից և ձգում դեպի դուրս, առաջանում է ցավ ախտահարված կողմում:
49. Ջոն-Բեռի ախտանշան` հիվանդին մեջքի վրա պառկեցնում են սեղանին, ցայլքը ուղղահայաց ներքև սեղմելիս առաջանում է ցավ սրբանազստային հոդավորումում:
50. Քրոնիկ բրուցելոզի ժամանակ հաճախ ախտահարվում են ոչ միայն հոդերը, այլ նաև մկանները:
51. Միոզիտները արտահայտվում են`
1) երկարատև, ինտենսիվ, բութ ցավերով, որոնք հաճախ կապված են եղանակի փոփոխման հետ.
2) շոշափելիս մկանների հաստաշերտում (հիմնականում վերջույթների և գոտկատեղի) հայտնաբերվում են տարբեր ձևերի (թմբիկների շարանի, հազվադեպ` կլոր և օվալաձև) պնդացումներ, ժամանակի հետ մկանների փոփոխությունները մի հատվածում անցնում են և ի հայտ գալիս այլ մկանախմբերում և այսպես շարունակ, մինչև քրոնիկ բրուցելոզը ձեռք կբերի երկրորդային գաղտնի ընթացք:
52. Քրոնիկ բրուցելոզով հիվանդների 50 - 60%-ի մոտ հայտնաբերվում են ֆիբրոզիտներ (ցելյուլիտներ), որոնք տեղակայվում են սրունքների, նախաբազուկների և առավել հաճախ մեջքի ու գոտկատեղի ենթամաշկային ճարպաբջջանքում: Սրանք իրենցից ներկայացնում են փափուկ, շոշափելիս ցավոտ կամ զգայուն (երբեմն հիվանդներն իրենք են ուշադրություն դարձնում դրանց վրա), 5 - 10 մմ-ից մինչև 3 - 4 սմ գոյացություններ: Հետագայում ֆիբրոզիտները կամ լրիվ ներծծվում են կամ կարծրանում, դառնում անցավ և պահպանվում երկար ժամանակ: Հիվանդության սրացումների ժամանակ հնարավոր է նոր ֆիբրոզիտների առաջացում:
53. Նյարդային համակարգի ախտահարումը հաճախ արտահայտվում է ռադիկուլիտներով, պլեքսիտներով, զգացողության խանգարումներով, միջկողային և այլ տեսակի նևրալգիաներով, լսողական և տեսողական նյարդերի ախտահարումով` լսողության և տեսողության սրության զգալի իջեցումով: Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը (միելիտներ, մենինգիտներ, էնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալիտներ) դիտվում է հազվադեպ, ընթանում է երկարատև և բավականին ծանր: Վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման դեպքում խախտվում է անոթների լարվածությունը /տոնուս/, ի հայտ է գալիս ծայրամասային ցիանոզ (ակրոցիանոզ), առատ քրտնարտադրություն, մաշկի սնուցման ախտահարումներ:
54. Սեռական համակարգի փոփոխություններն արտահայտվում են.
1) տղամարդկանց մոտ`
ա. օրխիտով
բ. էպիդիդիմիտով
գ. պոտենցիայի իջեցումով.
2) կանանց մոտ`
ա. սալպինգիտներ (փողերի բորբոքում)
բ. մետրիտներ
գ. էնդոմետրիտներ:
55. Ռեզիդուալ երևույթները կարող են լինել օրգանական.
1) հարհոդային հյուսվածքի գերաճի հետևանքով հոդերի դեֆորմացիա (ինչը հայտնաբերվում է կլինիկական և ռենտգեն հետազոտություններով)
2) հենաշարժական համակարգի կայուն և անվերադարձ փոփոխություններ, որոնք մի շարք դեպքերում պահանջում են վիրահատական միջամտություն:
56. Հիվանդության ելքը կյանքի առումով բարենպաստ է, աշխատունակության առումով` ոչ բավարար: Մահացությունը շատ ցածր է:
57. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
58. Մանրէաբանական` բրուցելլաների անջատում կենսաբանական նմուշից:
59. Շճաբանական՝ Ռայտի, Հեդելսոնի ռեակցիաներ (ստանդարտ ագլյուտինացիայի ռեակցիաներ, հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո վերցրած շիճուկում հակամարմինների տիտրի բարձրացում` >= 160) կամ իմունաֆերմենտային` (Իմունագլոբուլին Ա, Իմունագլոբուլին Ջ, Իմունագլոբուլին Մ), 2-մերկապտոէթանոլ, կոմպլիմենտի կապման, ֆլյուորեսցենտային թեսթերի և ռադիոիմունային հետազոտությունների միջոցով անտիլիպոպոլիսախարիդային հակամարմինների հայտնաբերում:
Գլուխ 3
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿ (Բ 03)
60. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք |
Գումարած |
բռնկման առկայություն և համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի, լաբորատորիայից վիրուսի արտահոսքի կամ կենսաահաբեկչական գործողության հետ: |
3) Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
61. Դեպքի սահմանում
62. Կլինիկական նկարագիր - Ջերմության հանկարծակի բարձրացում 380 և ավելի, որին հետևում է առանց այլ ակնհայտ պատճառի առաջացած մաշկի հյուսվածքում խորը տեղակայումով վեզիկուլների և պուստուլների առաջացում, որոնք գտնվում են զարգացման միևնույն փուլում:
63. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - պոլիմերազային շղթայական ռեակցիայով վիրուսի դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ԴՆԹ) նույնականացում, կամ մարդու մաշկի ցանից` վեզիկուլայի, պուստուլայի, կեղևի և թեփուկի մեջ, ինչպես նաև` լորձաթաղանթներից վերցված քսուքներում և արյան մեջ վիրուսի հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակման մեթոդով, ինչպես նաև շճաբանական մեթոդով` անուղղակի հեմագլյուտինացիայի իմունոֆլյուորեսցենտային մեթոդով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Նախնական արդյունքը ստացվում է 24 ժամից, հետագա հետազոտության ընթացքում վիրուսը անջատվում և նույնականացվում է:
Գլուխ 4
ՕՐՆԻԹՈԶ, ՊՍԻԹԱԿՈԶ (Ա 27)
64. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք, որն ունի հիվանդ թռչունների հետ համաճարակաբանական կապ |
2) Հավանական |
Ընդունված չէ |
3) Հաստատված |
Լաբորատոր հաստատված կասկածելի դեպք: |
65. Համաճարակաբանական հսկողության ձևեր:
66. Կասկածելի կամ հաստատված դեպքի մասին անմիջապես հաղորդում, ապա 12- 24 ժամվա ընթացքում շտապ հաղորդման քարտի ուղարկում:
67. Դեպքի համաճարակաբանական հետազոտություն:
68. Հաստատված դեպքերի վերաբերյալ ամփոփ տվյալների հաղորդում:
69. Դեպքի սահմանում:
70. Կլինիկական նկարագիր - սուր տենդային հիվանդություն է, որն ուղեկցվում է գլխացավով, ցանով, մկանացավերով, դողով և շնչառական ուղու վերին կամ ստորին հատվածների բորբոքումով: Կարող են արձանագրվել նաև հետևյալ բարդությունները` էնցեֆալիտ, միոկարդիտ, թրոմբոֆլեբիտ:
71. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են խորխից, արյունից կամ այլ կենսաբանական նյութերից հարուցիչների անջատում:
72. Դրական շճաբանական արդյունք` քլամիդիալ հակածինների նկատմամբ հակամարմինների տիտրի աճ:
Գլուխ 5
ԺԱՆՏԱԽՏ (Ա 20)
(մարդկային)
73. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական բնորոշմանը համապատասխանող դեպք, սակայն հետազոտվող նյութում (բուբոնի պունկտատում, խորխում, հյուսվածքներում, արյան մեջ) չեն հայտնաբերվել Գրամ բացասական, երկբևեռ կոկաբացիլներ: |
2) Հավանական |
Կասկածելի դեպք |
Գումարած |
Յերսինիա պեստիսի (Y. Pestis) հայտնաբերում ախտաբանական նմուշում կամ պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիայի ժամանակ Յերսինիա պեստիսի Ֆ1 անտիգենին սպեցիֆիկ հակամարմինների տիտրը մեծ է կամ հավասար 1:10 կամ համաճարակաբանական կապ լաբորատոր հաստատված դեպքի հետ |
3) Հաստատված |
լաբորատոր հաստատված կասկածելի կամ հավանական դեպք: |
74. Դեպքի սահմանում:
75. Կլինիկական նկարագիր և դասակարգում:
76. Տարբերում են ժանտախտի հետևյալ կլինիկական ձևերը.
1) տեղակայված ձևեր (70 - 80%)` մաշկային, բուբոնային, մաշկաբուբոնային
2) գեներալիզացված ձևեր (15 - 20%)` առաջնային սեպտիկ, երկրորդային սեպտիկ
3) թոքային ձևեր (5 - 10%)` առաջնային թոքային, երկրորդային թոքային:
77. Աղիքային ձևը չի ընդունվում որպես ինքնուրույն ձև:
78. Նկարագրված են ժանտախտի ջնջված, թեթև և սուբկլինիկական ձևեր:
79. Գաղտնի շրջանը տևում է 2 - 6 օր, պատվաստվածների մոտ կարող է երկարել մինչև 8 - 10 օր:
80. Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի` արտահայտված դողով, սարսուռով, ջերմության արագ բարձրացումով մինչև 39 - 400C: Հիվանդության սկզբնական բնորոշ նշաններից են մկանացավերը, տանջող գլխացավը, գլխապտույտը: Մաշկային ծածկույթները տաք են և չոր: Դեմքը և շաղկապենիները հիպերեմիկ են, հաճախ դիտվում է հեմոռագիկ ցան (պետեխիաներ և էկխիմոզներ) որոնք արագ ընդունում են բոսորապղնձային երանգ: Բերան-ըմպանի լորձաթաղանթը և փափուկ քիմքը կարմրած են կետավոր արյունազեղումներով: Շրթունքները չոր են, լեզուն հաստացած, ծածկված բնորոշ սպիտակ կավճանման փառով: Դեմքը սկզբում այտուցված է, հետագայում` սմքած, կապտավուն երանգով, աչքերի տակ մուգ շրջագծերով և տառապալի արտահայտությունով: Երբեմն այն արտահայտում է վախ կամ անտարբերություն շրջապատի հանդեպ: Բնորոշ է նյարդային համակարգի տարբեր արտահայտվածության տոքսիկ ախտահարում: Հիվանդների մի մասը արգելակված է, մյուս մասի մոտ դիտվում են գրգռվածություն, զառանցանք, հալյուցինացիաներ, փախչելու ձգտում, խանգարվում է շարժումների կոորդինացիան: Խոսքը դառնում է անպարզահունչ: Ավելի վաղ ախտահարվում է սիրտ-անոթային համակարգը, այն է` լայնանում են սրտի սահմանները, տոները խուլ են, զգալի իջնում է զարկերակային ճնշումը, հարաճում է տախիկարդիան (120 - 160 զարկ 1 րոպեում), զարգանում է առիթմիա, ի հայտ է գալիս ցիանոզ: Ծանր հիվանդների մոտ դիտվում են փսխում` արյունային կամ սուրճի թանձրուկի տեսքով, արյունային լուծ, հեմատուրիա, օլիգուրիա: Մեծանում են լյարդը և փայծաղը: Ժանտախտի ընդհանուր երևույթների հետ մեկտեղ զարգանում են հիվանդության տարբեր կլինիկական ձևերին բնորոշ ախտահարումներ:
81. Մաշկային ձև հանդիպում է հազվադեպ (3 - 4%), որպես կանոն այն հանդիսանում է մաշկաբուբոնային ձևի սկզբնական փուլ, հարուցչի ներթափանցման տեղում առաջանում է բիծ, որը վերափոխվում է պապուլայի, այնուհետև վեզիկուլայի և պուստուլայի:
82. Պուստուլան շրջապատված է կարմրության գոտիով, լցված է մուգ արյունային պարունակությունով, ունի պինդ կարմրաբոսորագույն հիմք, խիստ ցավոտ է, մանավանդ սեղմելիս: Պուստուլայի պատռման տեղում գոյանում է խոց, որի հատակը ծածկված է մուգ կեղևով: Ժանտախտային խոցերը ունեն երկարատև ընթացք, լավանում են դանդաղ, սպիացումով:
83. Երկրորդային մաշկային փոփոխությունները հեմատոգեն ցանի, բշտիկային գոյացությունների, երկրորդային հեմոռագեն թարախաբշտերի և կարբունկուլների տեսքով կարող են դիտվել ժանտախտի բոլոր կլինիկական ձևերի ժամանակ:
84. Բուբոնային ձև բնորոշվում է բուբոնի առաջացումով: Ժանտախտային բուբոնի առանձնահատկություններն են.
1) ձևավորվող բուբոնի վաղ դրսևորումներից է խիստ ցավոտությունը զարգացման տեղում, ինչը ստիպում է հիվանդին ընդունել հարկադրական դիրքեր: Փոքր բուբոնները ավելի ցավոտ են, քան մեծերը,
2) առաջին օրերին զարգացող բուբոնի տեղում կարելի է շոշափել առանձին ավշային հանգույցներ, որոնք հետագայում միաձուլվում են շրջակա բջջանքի հետ, բուբոնը ստանում է պինդ կոնսիստենցիայով, ոչ հստակ ուրվագծերով, խիստ ցավոտ ուռուցքանման գոյացության տեսք: Լիմֆանգիտներ չեն դիտվում,
3) բուբոնը ծածկող մաշկը լարված է, կարմրած, ձեռք է բերում կապտավուն երանգ, փայլում է,
4) բուբոնները հաճախ տեղակայված են լինում աճուկային (60 - 70%), անութային (15 - 20%), պարանոցային (5%) շրջաններում: Երկրորդային թոքային ժանտախտի զարգացման վտանգի պատճառով առավել վտանգավոր են անութային բուբոնները,
5) հաճախ առաջանում է մեկ բուբոն, հազվադեպ` 2 և ավելի:
85. Բուբոնի ձևավորումից հետո կարող է տեղի ունենալ`
1) բուբոնի ներծծում
2) բուբոնի կարծրացում
3) բուբոնի թարախակալում` խուղակի առաջացումով:
86. Ժամանակին սկսած հակաբակտերիալ բուժման դեպքում տեղի է ունենում բուբոնի լրիվ ներծծում 15 - 20 օրվա ընթացքում կամ կարծրացում (սկլերոզ):
87. Համապատասխան բուժման բացակայության դեպքում մահացությունը բուբոնային ձևի ժամանակ տատանվում է 40 - 90%:
88. Առաջնային սեպտիկ ձև
1) կարճատև գաղտնի շրջանից հետո (մի քանի ժամից մինչև 1 - 2 օր) սկսվում է սուր` դողով, ջերմության կտրուկ բարձրացումով՝ մինչև 390C և ավելի, ընդհանուր թուլությունով, ուժեղ գլխացավով, մկանացավերով, հոդացավերով, սրտխառնոցով, փսխումով,
2) մի քանի ժամից միանում են հոգեկան խանգարումներ` գրգռվածություն, արգելակվածություն, մի շարք դեպքերում` դելիրիոզ վիճակ, խոսքը դառնում է անպարզահունչ: Կարող են դիտվել մենինգոէնցեֆալիտի երևույթներ,
3) հիվանդությունից 12 - 40 ժամ անց հիվանդների մեծ մասի մոտ սկսում է հարաճել սիրտ-անոթային անբավարարությունը` ավելի արտահայտված են դառնում տախիկարդիան և զարկերակային հիպոտոնիան: Զարգանում է ինֆեկցիոն-տոքսիկ շոկ, որն արտահայտվում է օլիգոանուրիայով, հեմոռագիկ համախտանիշով` քթային արյունահոսություններ, արյունային փսխում, մաշկային արյունազեղումներ, որոշ դեպքերում` հեմատուրիա և արյունային լուծ,
4) լավացման դեպքերը շատ հազվադեպ են: Համապատասխան բուժական միջոցառումների բացակայության դեպքում հիվանդները 48 ժամվա ընթացքում մահանում են:
89. Սեպսիսի այսպիսի կայծակնային ընթացքի դեպքում բակտերեմիան այնքան արտահայտված է, որ հարուցիչը հեշտությամբ հայտնաբերվում է արյան մակարդուկի լուսավոր շերտում` ըստ Գրամի ներկելուց հետո: Ծայրամասային արյան մեջ նկատվում է լեյկոցիտոզ (մինչև 40 - 60 հազար)մկլ):
90. Երկրորդային սեպտիկ ձև
91. Իրենից ներկայացնում է հիվանդության այլ կլինիկական ձևերի բարդություն:
92. Բնորոշվում է
1) ծանր ընթացքով
2) երկրորդային օջախների, բուբոնների առկայությամբ
3) հեմոռագիկ համախտանիշի արտահայտված երևույթներով
4) կենդանության օրոք ախտորոշումը դժվարացած է:
93. Առաջնային թոքային ձև
94. Ժանտախտի ամենածանր և համաճարակաբանական տեսակետից ամենավտանգավոր կայծակնային ձևն է:
95. Տարբերում են հիվանդության 3 շրջան` սկզբնական, ծաղկման և սոպորոզ (տերմինալ):
96. Սկզբնական շրջանը բնորոշվում է`
1) մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով, ինչն ուղեկցվում է արտահայտված դողով և սարսուռով, ուժեղ գլխացավով, փսխումով,
2) առաջին օրվա վերջում ի հայտ են գալիս կտրող բնույթի ցավեր կրծքավանդակում, հևոց, տախիկարդիա:
97. Ծաղկման շրջանին բնորոշ են`
1) շնչառական համակարգի փոփոխությունները առավել արտահայտված են: Հազի ժամանակ արտադրվող խորխի քանակը տատանվում է մի քանի «թքոցից» («չոր» ժանտախտային թոքաբորբի դեպքում) մինչև մեծ քանակի («առատ թաց» ձևի դեպքում): Խորխը սկզբում թափանցիկ է, ապակենման, մածուցիկ, հետո դառնում է փրփրոտ, արյունային: Խորխի ջրիկ կոնսիստենցիան թոքային ժանտախտի բնորոշ նշանն է,
2) աուսկուլտատիվ տվյալները աղքատիկ են և չեն համապատասխանում հիվանդի ընդհանուր ծանր վիճակին: Ուշադրություն են գրավում հևոցը և տախիպնոէն (մինչև 50 - 60 շնչառական շարժումներ 1 րոպեում),
3) հիվանդի դեմքը կարմրած է, աչքերը արյունալեցված,
4) զարգանում է ինֆեկցիոն-տոքսիկ էնցեֆալոպաթիա: Ինտոքսիկացիայի աճին զուգընթաց հիվանդի արգելակված վիճակը փոխվում է ընդհանուր գրգռվածության, դիտվում է զառանցանք:
98. Տերմինալ շրջանը բնորոշվում է՝
1) բացառիկ ծանր ընթացքով
2) զարգանում է սոպորոզ վիճակ, հետագայում` կոմա
3) հևոցն ուժեղանում է, շնչառությունը դառնում է մակերեսային
4) զարկերակային ճնշումը գրեթե չի որոշվում, պուլսը հաճախացած է, թելանման
5) դեմքը ձեռք է բերում կապտավուն երանգ, հետո դառնում է հողագույն, դիմագծերը սրվում են: Մաշկի վրա առաջանում են պետեխիաներ, մեծ արյունազեղումներ:
99. Հիվանդին անհանգստացնում է մահվան վախը:
100. Մահն առաջանում է հիվանդության 3 - 5-րդ օրը` արտահայտված սիրտ-անոթային կամ շնչառական անբավարարությունից: Հնարավոր է ժանտախտի կայծակնային ընթացք, երբ հիվանդը մահանում է հիվանդության սկզբից մեկ օր անց:
101. Երկրորդային թոքային ձև
102. Կլինիկորեն նման է առաջնային թոքային ձևին, միակ տարբերությունն այն է, որ այն զարգանում է որպես հիվանդության բուբոնային կամ մաշկաբուբոնային ձևերի բարդություն:
103. Ժանտախտի առանձնահատկությունները պատվաստվածների մոտ:
104. Բնորոշվում է`
1) գաղտնի շրջանի երկարացումով մինչև 10 օր և ինֆեկցիոն գորի դանդաղ զարգացումով,
2) հիվանդության առաջին երկու օրերի ընթացքում դիտվում են սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր ինտոքսիկացիան արտահայտված չէ,
3) բուբոնը մեծ չափերի չի հասնում, առանց արտահայտված պերիադենիտի երևույթների, բայց պահպանվում է խիստ ցավոտությունը:
105. Եթե այսպիսի հիվանդները 3 - 4 օրվա ընթացքում բուժում չեն ստանում, հիվանդությունը զարգանալով այլևս չի տարբերվում չպատվաստվածների ժանտախտի կլինիկական ընթացքից:
106. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
107. Ախտորոշումը հիմնված է կլինիկական և համաճարակաբանական տվյալների վրա: Ժանտախտի ախտորոշումը դժվարություն է ներկայացնում հիվանդության սպորադիկ ձևերի ժամանակ, որոնք կարող են նախորդել բռնկմանը: Տենդի, լիմֆադենիտի, թոքաբորբի զարգացումը ժանտախտի էնզոոտիկ օջախում գտնվող անձանց մոտ պահանջում է նպատակասլաց մանրակրկիտ հետազոտություն:
108. Ժանտախտի վերջնական ախտորոշման համար որոշիչ նշանակություն ունեն լաբորատոր հետազոտությունները` մանրէաբանական, շճաբանական, բակտերիոսկոպիկ, կենսաբանական:
109. Հետազոտվող նյութերն են`
1) թարախակալած ավշային հանգույցի պունկտատը
2) խորխը
3) արյունը
4) խուղակների և խոցերի արտադրությունը, բշտիկների, թարախաբշտերի, կարբունկուլների պարունակությունը
5) մեզը
6) փսխման մասսաները
7) դիակի օրգանների կտորները
8) օդի փորձանմուշները և հիվանդի սենյակի իրերից վերցված քսուքները:
110. Հետազոտվող նյութը հասցվում է լաբորատորիա՝ հատուկ վտանգավոր վարակներով հիվանդների հետ աշխատանքի կանոնների համաձայն:
111. Մանրէաբանական հետազոտության համար օգտագործում են ըստ Գրամի ներկած պատրաստուկներ, ինչպես նաև ֆլուորեսցենտող սպեցիֆիկ հակաշիճուկով մշակված խոցերի արտադրությունը, բուբոնի պունկտատը, արյունային ագարի վրա ստացած հարուցչի կուլտուրան: Այս մեթոդը թույլ է տալիս 1 - 2 ժամից կատարել նախնական ախտորոշում: Վերջնական եզրակացությունը կատարում են 5 - 7 օր անց, մանրէաբանական մեթոդով միկրոբների կուլտուրան ստանալուց և իդենտիֆիկացիայից հետո:
112. Շճաբանական մեթոդներից կիրառում են պասսիվ ագլյուտինացիայի ռեակցիա, չեզոքացման ռեակցիա, անուղղակի իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա, որոնցով հիվանդության 2-րդ շաբաթում հայտնաբերում են հակամարմինների տիտրի աճ քառակի և ավելի անգամ: Մեծ նշանակություն ունի նաև կենսաբանական փորձը, որը դրվում է խիստ զգայուն ծովախոզուկների և սպիտակ մկների վրա` հարուցչի կուլտուրաների անջատման հավանականությունը բարձրացնելու և դրանց իդենտիֆիկացիան հեշտացնելու նպատակով:
113. Տարբերակիչ ախտորոշում
114. Ժանտախտի բուբոնային ձևը անհրաժեշտ է տարբերակել`
1) տուլարեմիայից, որի ժամանակ տենդը և ինտոքսիկացիան չափավոր են արտահայտված, բուբոնն ունի հստակ ուրվագծեր, պերիադենիտի երևույթները բացակայում են, բուբոնը դանդաղ է զարգանում, մեծ չափերի է հասնում առաջին շաբաթվա վերջում, բուբոնը խիստ ցավոտ է, որը չի արձանագրվում տուլարեմիայի ժամանակ, թարախակալում է հիվանդության միայն 3-րդ շաբաթում, բուբոնը հետ է զարգանում դանդաղ: Կարծրացման դեպքում մեծացած ավշային հանգույցը պահպանվում է նաև առողջացումից հետո
2) սոդոկուից
3) կատվի ճանկռոցի հիվանդությունից
4) սուր թարախային լիմֆադենիտներից
5) վեներական լիմֆոգրանուլեմատոզից:
115. Ժանտախտի մաշկային ձևը պետք է տարբերակել սիբիրախտի մաշկային ձևից:
116. Ժանտախտի թոքային ձևը տարբերակում են կրուպոզ թոքաբորբից, սիբիրախտի թոքային ձևից:
117. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
118. Մանրէաբանական` Յերսինիա պեստիսի հայտնաբերում բուբոնում, արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և խորխում կամ մաքուր կուլտուրայի անջատում ու նույնականացում:
119. Շճաբանական` պասիվ հեմագլուտինացիայի ռեակցիայի ժամանակ զույգ շիճուկներում Յերսինիա պեստիսի Ֆ1 անտիգենի համար սպեցիֆիկ հակամարմինների տիտրի քառակի բարձրացում (ՀI թեսթ):
Գլուխ 6
ԲԾԱՎՈՐ ՏԻՖ (Ա 75)
120. Դեպքերի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք, համաճարակաբանական տվյալներ |
3) Հաստատված |
Կասկածելի և հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
121. Դեպքի սահմանում:
122. Կլինիկական նկարագիր:
123. Ռիկեցիոզային հիվանդություն փոփոխական սկզբով` հանկարծակի, սարսուռով, թուլությամբ, գլխացավով, ախորժակի անկմամբ, ջերմության բարձրացմամբ: Այս երևույթները զարգանում են 2-3 օրվա ընթացքում: Հիվանդության 4-5-րդ օրը մարմնի վրա ի հայտ է գալիս վարդագույն բծավոր ցան (բացառությամբ դեմքի, ափերի շրջանի), լինում է լեզվի դող, ուժեղ գլխացավ, անքնություն, զառացանք, մենինգիզմի երևույթներ:
124. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
125. Շճաբանական` հիվանդի արյան շիճուկում ռիկեցիաներին յուրահատուկ հակամարմինների հայտնաբերում ագլյուտինացիայի ռեակցիայի միջոցով (դրական է համարվում 1:160 և ավելի նոսրացումները):
126. Շճաբանական զգայուն ռեակցիաներն են՝
1) Ռիկետսիաների ագլյուտինացիայի ռեակցիա
2) Կոմպլիմենտի կապման ռեակցիա /1:160 և բարձր/
3) Ոչ ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիայի /1:1000 և բարձր/:
127. Բրիլի հիվանդության ժամանակ հիվանդության առաջին օրերից
1) Կոմպլիմենտի կապման ռեակցիա /1:10240 և բարձր/
2) Ոչ ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիայի /1:64000 և բարձր/:
128. ԱՀԿ-ն առաջարկում է նաև ոչ ուղղակի իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա` հակամարմինների տարբերակման նպատակով:
Գլուխ 7
ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ (Ա 22)
129. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրության համապատասխան դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված կամ կասկածելի հիվանդ կենդանիների կամ դրանցից ստացված վարակված սննդամթերքի հետ |
2) Հավանական |
Կասկածելի դեպք՝ ալերգիկ մաշկային թեսթի դրական արդյունքով (չպատվաստված անձանց մոտ) |
3) Հաստատված |
Կասկածելի դեպք, որը լաբորատոր հաստատվել է: |
130. Դեպքի սահմանում:
131. Կլինիկական նկարագիր:
132. Մաշկային ձևը հանդիպում է սիբիրախտի 98 - 99% դեպքերում, որի ամենահաճախ դիտվող տարբերակներից է կարբունկուլոզ ձևը: Էդեմատոզ, բուլյոզ և էրիզիպելոիդ ձևերը հանդիպում են հազվադեպ:
133. Կարբունկուլոզ ձևին բնորոշ են. վարակի մուտքի դռներում առաջանում է կարմրակապտավուն բիծ (1 - 3 մմ), որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է պապուլայի, հետո` շճահեմոռագիկ հեղուկով լցված բշտիկի (վեզիկուլա): Վերջինս քորելիս կամ ինքնաբերաբար պայթում է, առաջացնելով մուգ շագանակագույն հատակով, բարձր եզրերով, շճահեմոռագիկ արտադրությունով խոց: Վերջինիս շուրջը զարգանում են երկրորդային` «դուստր» բշտեր, որոնք պայթելիս մեծացնում են խոցի չափերը: 1 - 2 շաբաթ անց խոցի կենտրոնական մասում զարգանում է սև, անցավ նույնիսկ ասեղով ծակելիս (կարևոր ախտանշան է) խիտ կեղև (ստրուպ), որի շուրջը առկա է կարմիր բորբոքային թմբիկ: Իր արտաքին տեսքով կեղևը կարմիր ֆոնի վրա նման է ածուխի, ինչը պատճառ է դարձել հիվանդության անվանմանը (հուն. antհrax - ածուխ): Մաշկի այս ախտահարումը անվանում են կարբունկուլ: Նրա չափերը տատանվում են մի քանի միլիմետրից մինչև 10 սմ: Վերը նշված մաշկի ախտահարումները ուղեկցվում են քորով և այրոցի զգացումով: Սովորաբար առաջանում է մեկ կարբունկուլ, երբեմն նրանց թիվը կարող է հասնել 10 - 20-ի և ավելի: Կարբունկուլի շուրջը զարգանում է հյուսվածքների այտուց և մաշկի հիպերեմիա, որն առավել արտահայտված է դեմքի վրա տեղակայվելու դեպքում: Պերկուսիոն մուրճիկով խփելիս հաճախ այտուցի շրջանում դիտվում է դոնդողանման դողդողում (Ստեֆանսկու ախտանշան): Կարբունկուլը հիմնականում տեղակայվում է մաշկի բաց մասերում, հաճախ` վերին վերջույթների վրա (մատներ, դաստակ, նախաբազուկ, բազուկ), ճակատին, քունքերի, կզակի շրջանում: Վտանգավոր է կարբունկուլի տեղակայումը դեմքի վրա (քիթ, շրթունքներ, այտեր), քանի որ այտուցը կարող է տարածվել վերին շնչուղիների վրա, առաջացնելով ասֆիքսիա: Ռեգիոնար լիմֆադենիտի ժամանակ մեծացած ավշային հանգույցները որպես կանոն անցավ են և չեն թարախակալում: Ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներն արտահայտվում է տենդով` մինչև 400C, ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ադինամիայով, տախիկարդիայով, որոնք զարգանում են 1-ին օրվա վերջում, 2-րդ օրվա սկզբում: Հիվանդության բարենպաստ ելքի դեպքում տենդը պահպանվում է 5 - 7 օր, մարմնի ջերմաստիճանը իջնում է: Տեղային երևույթները աստիճանաբար մարում են, կեղևը ընկնում է 2 - 3-րդ շաբաթվա վերջում: Խոցերի թվի ավելացումը հիվանդության ծանրության աստիճանի վրա զգալի ազդեցություն չի թողնում, ավելի մեծ նշանակություն ունի տարիքը: Սիբիրախտի դեմ պատվաստվածների մոտ հիվանդությունը ընթանում է թեթև, ինտոքսիկացիայի երևույթները կարող են բացակայել, մաշկային փոփոխությունները արտահայտված չեն (հիշեցնում են սովորական ֆուրունկուլ):
134. Էդեմատոզ տարբերակ հանդիպում է հազվադեպ: Ընթանում է ավելի ծանր` արտահայտված ինտոքսիկացիայի երևույթներով: Հիվանդության սկզբում զարգանում է այտուց` առանց կարբունկուլի առաջացման, պինդ, անցավ այտուցի տեղում ավելի ուշ զարգանում է մաշկի մեռուկացում, որը ծածկվում է կեղևով:
135. Բուլյոզ տարբերակ հանդիպում է հազվադեպ: Ինտոքսիկացիան և տենդը արտահայտված են: Վարակի մուտքի դռներում տիպիկ կարբունկուլի փոխարեն առաջանում են բորբոքված ինֆիլտրացված հիմքի վրա հեմոռագիկ հեղուկով լցված բշտեր, որոնք հասնելով մեծ չափերի, բացվում են հիվանդության 5 - 10-րդ օրը, առաջացնելով մեծ խոցային մակերես:
136. Էրիզիպելոիդ տարբերակ ամենահազվադեպ հանդիպող տարբերակն է: Ընթանում է ավելի թեթև, ունի բարենպաստ ելք: Առաջանում են մեծ քանակով սպիտակավուն բշտեր` լցված թափանցիկ հեղուկով, որոնք տեղակայված են այտուցված, կարմրած, բայց անցավ մաշկի վրա: Բշտերի բացվելուց հետո մնում են բազմաթիվ խոցեր, որոնք շուտ չորանում են:
137. Թոքային ձև
138. Սկիզբը սուր է` դողով, սարսուռով, մարմնի ջերմության արագ բարձրացումով մինչև 400C և ավելի: Հիվանդության առաջին իսկ ժամերից հիվանդի վիճակը շատ ծանր է, ի հայտ են գալիս հևոց, ուժգին ծակող ցավեր կրծքավանդակում, ցիանոզ, հաճախասրտություն (120 - 140 զարկ/րոպե), զարկերակային ճնշումն իջնում է: Թոքերում լսվում են չոր և թաց խզզոցներ, երբեմն` պլևրայի քսման աղմուկ: Դիտվում են վերին շնչուղիների կատառային երևույթներ (հազ, փռշտոց, հարբուխ, ձայնի խռպոտում), կոնյուկտիվիտ:
139. խորխը փրփրոտ է, արյունային, արագ մակարդվում է, ստանալով բալի դոնդողի տեսք: Մահացությունը բարձր է: Մահը վրա է հասնում հիվանդության 2 - 3-րդ օրը:
140. Աղիքային ձև
141. Սկսվում է սուր` ջերմության բարձրացումով, արտահայտված ինտոքսիկացիայի երևույթներով: Առաջանում են սուր, կտրող բնույթի ցավեր որովայնում, արյունային լուծ և փսխում: Որովայնը փքված է, շոշափելիս շատ ցավոտ, առկա են որովայնամիզի գրգռման նշաններ: Մահացությունը բարձր է: Հիվանդները մահանում են ինֆեկցիոն-տոքսիկ շոկից:
142. Սիբիրախտի վերը նշված բոլոր ձևերի ժամանակ կարող է զարգանալ բակտերեմիա երկրորդային օջախների զարգացումով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, լյարդի, փայծաղի, երիկամների ախտահարում:
143. Սեպտիկ ձևը հանդիպում է բավականին հազվադեպ:
144. Հիվանդության առաջին իսկ օրերից մահվան պատճառ կարող են լինել
1) ինֆեկցիոն-տոքսիկ շոկը
2) գլխուղեղի այտուցը
3) աղեստամոքսային արյունահոսությունը
4) պերիտոնիտը:
145. Ի տարբերություն սեպտիկ ձևի մաշկային ձևի ժամանակ ելքը բարենպաստ է:
146. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
147. Սիբիրախտի մաշկային ձևն անհրաժեշտ է տարբերակել` ֆուրունկուլոզից, կարբունկուլոզից, կարմիր քամու բուլյոզ ձևից:
148. Թոքային ձևը` ժանտախտի թոքային ձևից, տուլարեմիայից, մելիոիդոզից, լեգիոնելոզից, այլ ծագումնաբանությամբ ծանր թոքաբորբերից:
149. Ախտորոշումը հիմնված է կլինինիկական ախտանշանների վրա (վարակի մուտքի դռներում մաշկի բնորոշ փոփոխություններ, տեղակայումը մաշկի բաց հատվածներում, այտուցով, հիպերեմիայով և երկրորդային բշտերով շրջապատված մուգ կեղևի առկայությունը, խոցի անցավ լինելը): Համաճարակաբանական տվյալների վրա` հիվանդի մասնագիտությունը, շփումը հիվանդ կենդանիների հետ, մշակվող հումքի բնույթը, որտեղից է բերված հումքը և այլն:
150. Լաբորատոր հետազոտման (բակտերիոսկոպիկ և մանրէաբանական) տվյալների վրա: Սիբիրախտի լաբորատոր հաստատման համար անհրաժեշտ է հարուցչի կուլտուրայի անջատում և նրա իդենտիֆիկացիա: Հետազոտման համար վերցվում են բշտերի պարունակությունը, հյուսվածքային արտաազատուկը կեղևի տակից, սեպտիկ ձևի կասկածի դեպքում` արյունը, խորխը, փսխման մասսաները, կղանքը: Հետազոտման նյութի նմուշառումը և տեղափոխումը իրականացվում է հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հետ աշխատանքի կանոնների համաձայն (հետազոտությունները կատարում են այս նպատակի համար նախատեսված հատուկ լաբորատորիաներում): Վաղ ախտորոշման համար երբեմն կիրառում են իմունոֆլյուորեսցենտային մեթոդը: Օգտագործում են նաև մաշկաալերգիկ փորձը սպեցիֆիկ ալերգենով` անտրաքսինով, որը դրական արդյունք է տալիս հիվանդության 5-րդ օրվանից հետո: Ռեակցիան համարվում է դրական 10 մմ-ից ավելի տրամագծով ինֆիլտրատի և հիպերեմիայի առաջացման դեպքում, եթե այն չի անհետանում 48 ժամ անց: Փորձի արդյունքը հաշվի են առնում 24 - 48 ժամ հետո:
151. Ախտորոշման լաբորատոր չափանիշ
1) Ստորև թվարկվածներից մեկ կամ ավելին,
2) Սիբիրյան խոցի հարուցչի անջատում կենսաբանական նմուշներից (արյուն, ախտահարված հյուսվածք, արտազատուկ),
3) Մանրադիտակային մեթոդով արյան, վեզիկուլյար, ողնուղեղային, թոքամզային հեղուկի, կղանքի և այլնի քսուքների հետազոտում:
Գլուխ 8
ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ (Ա 27)
152. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Ընդունված չէ |
3) Հաստատված |
Լաբորատոր հաստատված կասկածելի դեպք |
153. Դեպքի սահմանում
154. Կլինիկական նկարագիր
155. Սուր տենդային հիվանդություն է, որն ուղեկցվում է գլխացավով, մկանացավերով և հյուծվածությամբ` զուգակցվելով ստորև նշված ախտանշաններից որևէ մեկով`
1) եղջերաթաղանթի կարմրություն
2) մենինգեալ գրգռվածություն
3) օլիգուրիա և/կամ պրոտեինուրիա
4) դեղնություն
5) արյունազեղումներ (աղիներում, թոքային հյուսվածքում)
6) սրտի ռիթմի խանգարում
7) մաշկի ցանավորում
8) վարակված կենդանու մեզով աղտոտված շրջապատի կամ վարակված կենդանու անմիջական ազդեցության փաստի առկայություն:
156. Մյուս ախտանշանները` սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, լուծ, հոդացավեր:
157. Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են լեպտոսպիրոզի՝
1) թեթև ձևեր
2) միջին ծանրության ձևեր
3) ծանր ձևեր:
158. Ծանր ձևերին բնորոշ արտահայտություններն են`
1) դեղնուկի առաջացումը
2) թրոմբոհեմոռագիկ համախտանիշի զարգացումը
3) սուր երիկամային անբավարարությունը
4) լեպտոսպիրոզային մենինգիտը:
159. Այսպիսով լեպտոսպիրոզի ծանր ձևերը կարող են լինել դեղնուկային, հեմոռագիկ, ռենալ, մենինգեալ և խառը, որի ժամանակ դիտվում են 2 և ավելի ծանրության ցուցանիշներ:
160. Հիվանդությունը սկսվում է սուր` դողով, մարմնի ջերմության բարձրացումով մինչև 39 - 400C, ուժեղ գլխացավով: Տենդը տևում է 5 - 10 օր, կայուն կամ թուլացնող տիպի է, ջերմաստիճանը իջնում է կտրուկ կամ կարճատև լիզիսի ձևով: Հիվանդների մի մասի մոտ մարմնի բարձր ջերմաստիճանը իջնելուց հետո կարող է դիտվել երկարատև սուբֆեբրիլիտետ:
161. Լեպտոսպիրոզի ծաղկման շրջանին բնորոշ են` արտահայտված մկանացավեր, հատկապես ձկնամկաններում, որոնք շոշափելիս շատ ցավոտ են: Պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել ազդրերի, գոտկատեղի մկանները, որոնք այնքան ուժգին են, որ հիվանդները դժվարությամբ են տեղաշարժվում, իսկ ծանր ձևերի ժամանակ ընդհանրապես չեն կարող շարժվել: Որոշ հիվանդների մոտ դիտվում է որովայնի պատի մկանների ցավոտություն, ինչը պահանջում է տարբերակում որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդություններից: Երբեմն մկանացավերը ուղեկցվում են մաշկի հիպերէսթեզիայով (ուժգին այրող բնույթի ցավ): Հիվանդի դեմքն այտուցված է, հիպերեմիկ, պարանոցի և կրծքավանդակի վերին հատվածների մաշկը կարմրած է («գլխանոցի ախտանշան»), հաճախ առաջանում է հերպետիկ ցան ռնգերի և շրթունքների վրա: Սկլերաների անոթները արյունալեցված են, սակայն կոնյուկտիվիտի երևույթներ (աչքի մեջ օտար մարմնի զգացողություն, արտադրություն) չկան:
162. Հիվանդության 3 - 5-րդ օրը հիվանդների 20 - 50%-ի մոտ մարմնի և վերջույթների վրա առաջանում է պոլիմորֆ (կարմրուկանման, ուռտիկար, բծավոր և այլն) ցան: Առավել հաճախ հանդիպում է էրիթեմատոզ ցանը: Հաճախ դիտվում է միկրոպոլիլիմֆադենիտ:
163. Հիվանդության ծանր ձևերի ժամանակ զարգանում է թրոմբոհեմոռագիկ համախտանիշ, որն արտահայտվում է պետեխիալ ցանով, ինչպես նաև մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներով, աղեստամոքսային, արգանդային արյունահոսություններով: Հաճախ առաջանում են արյունազեղումներ մկաններում (հատկապես գոտկային և որովայնի առաջնային պատի) և մակերիկամներում: Որոշ հիվանդների մոտ թոքերի արյունազեղումների հետևանքով դիտվում է արյունաթքում, հարաճող շնչառական անբավարարություն: Հիվանդության 3 - 5-րդ օրը կարող է ի հայտ գալ մաշկի և սկլերաների դեղնություն, որն ունի կարմրավուն (շաֆրան) երանգ և հաճախ ուղեկցվում է մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներով: Արյունազեղումները կարող են առաջանալ նաև լեպտոսպիրոզի ոչ դեղնուկային ձևի ժամանակ: Դեղնուկի աճն ուղեկցվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացումով: Հիվանդների մեծ մասը նշում է մաշկի քոր:
164. Լեպտոսպիրոզով գրեթե բոլոր հիվանդների մոտ հիվանդության 4 - 5-րդ օրը դիտվում է լյարդի մեծացում, որը շոշափելիս ցավոտ է, որոշ մասի մոտ` փայծաղի մեծացում: Արյան կենսաքիմիական հետազոտությամբ հայտնաբերում են հիպերբիլիռուբինեմիա (ավելանում է և՛ ազատ, և՛ կապված բիլիռուբինի մակարդակը), դիտվում է տրանսամինազաների նորմալ կամ չափավոր ակտիվություն (ի տարբերություն վիրուսային հեպատիտների), հիմնային ֆոսֆատազայի և 5-նուկլեոտիդազայի ակտիվության բարձրացում: Հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում են երիկամների ախտահարման նշաններ` պակասում է մեզի քանակը (մինչև անուրիա), մեզի մեջ առկա են մեծ քանակությամբ լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, սպիտակուց (1 գ/լ և ավելի), հիալինային և հատիկավոր գլանակներ, արյան մեջ ավելանում է կրեատինինի, միզանյութի, մնացորդային ազոտի մակարդակը: Ծանր դեպքերում կարող են զարգանալ ուրեմիայի նշաններ` հաստ աղու խոցային ախտահարում, ցնցումներ, գիտակցության խանգարում մինչև ուրեմիկ կոմա, սրտապատյանի քսման աղմուկ:
165. Սուր երիկամային անբավարարությունը լեպտոսպիրոզով հիվանդների մահվան հիմնական պատճառն է: Երբեմն դիտվում են հիվանդության ծանր ձևեր, որոնք բնորոշվում են սուր երիկամային անբավարարության արագ զարգացումով (առանց դեղնուկի և հեմոռագիկ համախտանիշի առաջացման) և կարող են ավարտվել մահով հիվանդության 3-5-րդ օրը: Սիրտ-անոթային համակարգի կողմից դիտվում են բրադիկարդիա, սրտի տոների խլացում, հիպոտոնիա (նույնիսկ սուր երիկամային անբավարարության ֆոնի վրա հիպերտոնիա դիտվում է հազվադեպ), ԷԿԳ-ով` սրտամկանի դիֆուզ ախտահարումներ, ծանր դեպքերում` սպեցիֆիկ լեպտոսպիրոզային միոկարդիտ: Որոշ հիվանդների մոտ զարգանում են վերին շնչուղիների լորձաթաղանթների չափավոր արտահայտված փոփոխություններ, հաճախ ռինոֆարինգիտի ձևով:
166. Սպեցիֆիկ լեպտոսպիրոզային թոքաբորբը հանդիպում է հազվադեպ: Հիվանդների 30 - 35%-ի մոտ հայտնաբերվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններ մենինգեալ համախտանիշի ձևով (ծոծրակային մկանների կարկամություն, Կեռնիգի, Բրուձինսկու ախտանշաններ և այլն): Ողնուղեղային հեղուկում նկատվում է սպիտակուցի քանակի բարձրացում, չափավոր պլեյոցիտոզով (400 - 500 բջիջ 1 մկլ-ում), նեյտրոֆիլների գերակշռումով, կարող են հայտնաբերվել լեպտոսպիրաներ:
167. Լեպտոսպիրոզի ժամանակ բարդությունները կարող են լինել սպեցիֆիկ` պայմանավորված լեպտոսպիրաներով`
1) մենինգիտ
2) էնցեֆալիտ
3) պոլինևրիտ
4) միոկարդիտ
5) իրիտ
6) իրիդոցիկլիտ
7) ուվեիտ
8) և ոչ սպեցիֆիկ` պայմանավորված երկրորդային ինֆեկցիայի միացումով` թոքաբորբ, օտիտ, պիելիտ, պարոտիտ:
168. Միայն երեխաների մոտ են հանդիպում` զարկերակային ճնշման բարձրացում, խոլեցիստիտ, պանկրեատիտ:
169. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
170. Լեպտոսպիրոզի դեղնուկային ձևերն անհրաժեշտ է տարբերակել` վիրուսային հեպատիտներից, այլ վարակիչ հիվանդությունների դեղնուկային ձևերից, փսևդոտուբերկուլոզ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, մալարիա, սեպսիս, սալմոնելոզ, հազվադեպ` տոքսիկ հեպատիտներից:
171. Արտահայտված թրոմբոհեմոռագիկ համախտանիշի դեպքում` հեմոռագիկ տենդերից, սեպսիսից, ռիկեցիոզներից:
172. Երիկամային անբավարարության զարգացման դեպքում` երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդից:
173. Մենինգեալ համախտանիշի առաջացման դեպքում` շճային մենինգիտներից (պարոտիտային, էնտերովիրուսային, պալարախտային, օրնիթոզային, լիմֆոցիտար խորիոմենինգիտից) թարախային մենինգիտներից (մենինգոկոկային, պնևմոկոկային և այլն):
174. Ախտորոշումը հիմնված է`
1) Բնորոշ կլինիկական ախտանշանների վրա (հիվանդության ցիկլիկ ընթացքը` վարակի գեներալիզացիայի նշաններով, լյարդաերիկամային խանգարումները):
2) Համաճարակաբանական տվյալների վրա (հիվանդի մասնագիտությունը, շփումը կրծողների հետ, սեզոնայնությունը և այլն):
3) Լաբորատոր հետազոտման տվյալների վրա
ա. լաբորատոր ախտորոշման համար նշանակություն ունեն սովորական լաբորատոր հետազոտությունների տվյալները` նեյտրոֆիլային լեյկոցիտոզը, ԷՆԱ-ի) բարձրացումը, մեզի փոփոխությունները, բիլիռուբինի քանակի և մնացորդային ազոտի բարձրացումը և այլն.
բ. ախտորոշումը հաստատելու համար կիրառում են հարուցչի հայտնաբերման մեթոդներ և շճաբանական թեստեր:
175. Հիվանդության առաջին օրերին լեպտոսպիրաները կարելի է հայտնաբերել արյան մեջ մութ դաշտում ուղղակի մանրադիտակային հետազոտման միջոցով, 7 - 8-րդ օրից` մեզի նստվածքում, մենինգեալ համախտանիշի առաջացման դեպքում` նաև ողնուղեղային հեղուկում: Հետազոտման այս մեթոդը հաճախակի ստացվող բացասական և սխալ պատասխանների պատճառով (մանավանդ եթե հիվանդը ստացել է հակաբիոտիկներ) լայն կիրառում չի գտել: Առավել արդյունավետ է արյան, մեզի, ողնուղեղային հեղուկի ցանքսը ֆոսֆատաշճային և այլ միջավայրերի վրա: Կիրառվում է նաև կենսաբանական մեթոդ` լաբորատոր կենդանիների (ծովախոզուկներ, համստերիկներ) վարակում, որոնց օրգաններում հետագայում ազոտաթթվային արծաթով ներկելիս հայտնաբերում են լեպտոսպիրաներ:
176. Շճաբանական մեթոդներից հիմնականում կիրառում են միկրոագլյուտինացիայի և լիզիսի ռեակցիան: Ախտորոշիչ է համարվում սպեցիֆիկ հակամարմինների 1:100 և ավելի տիտրը, ինչպես նաև արյան զույգ շիճուկներում տիտրի աճը 4 և ավելի անգամ: Կարող են կիրառվել կոմպլեմենտի կապման և անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիաները:
177. Ախտորոշման լաբորատոր չափանիշ` արյունից կամ այլ կենսաբանական նյութերից ցանքսի միջոցով ախտածին լեպտոսպիրաների անջատում և տիպավորում:
178. Դրական շճաբանական արդյունք:
Գլուխ 9
ԹՌՉՆԻ ԳՐԻՊ
179. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք գումարած համաճարակաբանական հետազոտության արդյունքում թռչունների հետ կապ, որոնց շրջանում դիտվել են անկումներ |
3) Հաստատված |
Հավանական դեպք + թոքերի ռենտգենաբանական հետազոտության դրական արդյունք կամ շնչառական անբավարարության արդյունքում թոքաբորբի առկայություն: |
180. Կլինիկական նկարագիր - հիվանդությունը սկսվում է սուր` դողով, մկանացավերով, հնարավոր է ցավ կոկորդում, ռինորեա: Հարավասիական երկրներում արձանագրված հիվանդների մոտ նկատվել է դիարեա` առանց լորձի և արյան, որոշակի դեպքերում` փսխում: Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը հանդիսանում է հիվանդության վաղ և մշտական ախտանշանը: Բոլոր հիվանդացածների մոտ նկատվել է բարձր ջերմություն, ստամոքս-աղիքային խանգարումներ, հեպատիտ և ծանր թոքաբորբ: Մահվան պատճառ է հանդիսացել առաջնային վիրուսային թոքաբորբը:
181. Հիվանդության առաջին իսկ ժամերից ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380 և հաճախ հասնում է մինչև հիպերէրգիկ նշանակության: Հիվանդության սրացման ժամանակ (հիվանդության 2-3 օր) բնորոշ է շնչական ուղիների ստորին հատվածի ախտահարում (ստորին շնչառական ախտանշան)` առաջնային վիրուսային թոքաբորբը հնարավոր զարգացմամբ. հազ, հևոց և դիսֆոնիա: Հազը հաճախ ուղեկցվում է խորխարտադրությամբ:
182. Ախտորոշման լաբորատոր չափանիշ
183. Կիրառվում է Հ5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն` Հ5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ Հ5 հակամարմինների որոշմամբ` հիվանդի արյան շիճուկում և խորխում մոլեկուլյար - գենետիկ հետազոտությամբ` ՊՇՌ - Ա/Հ5 կամ դրական վիրուսային կուլտուրայի Ա/Հ5) անջատումով:
184. Դեպքերի դասակարգում
185. Հետազոտության մեջ գտնվող հիվանդ
186. Ցանկացած անհատ, որի մոտ առկա է ջերմություն (380C կամ ավելի)` անութային փոսում և ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը`
1) հազ
2) կոկորդի ցավ, բորբոքում
3) շնչառության դժվարացում` հևոց
4) գտնվում է կլինիկական զննության և լաբորատոր հետազոտությունների մեջ:
187. Կասկածելի դեպք
1) Բարձր ջերմություն (380C և ավելի)` անութային փոսում,
2) հազ,
3) կոկորդի բորբոքում,
4) շնչառության դժվարացում` հևոց, որը չի հանդիսանում այլ հիվանդության հետևանք:
188. Ինչպես նաև ներքոհիշյալ կետերից առնվազն մեկը`
1) շփում հիվանդ կամ սատկած վայրի կամ ընտանի թռչնի հետ (թռչնի պահում տան պայմաններում, խաղ հիվանդ թռչնի հետ, թռչնի մորթ, թռչնամսի պատրաստում, հիվանդ թռչնի փետրահանում և այլն)` հիվանդության ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.
2) սերտ շփում թռչնի գրիպի հնարավոր, հավանական, հաստատված կամ կասկածելի հիվանդի հետ (օրինակ` վերջինս ապրում է միևնույն տնային տնտեսությունում, հիվանդի խնամք)` հիվանդության ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.
3) ցանկացած բուժաշխատող, որը խնամել կամ բուժել է հնարավոր, հավանական, կասկածելի կամ հաստատված հիվանդին` ախտանշանների սկսվելուց 7 օրվա ընթացքում.
4) լաբորատոր ցանցի աշխատողներ, որոնք առնչվել են թռչնի գրիպով հիվանդ անձից կամ կենդանուց վերցված նմուշների հետ` ախտանշանների սկսվելուց 7 օր առաջ.
5) գրիպ Ա-ի նկատմամբ լաբորատոր հետազոտության դրական պատասխանի նշաններ:
189. Հավանական դեպք
1) առկա չեն լաբորատոր հետազոտության արդյունքներ, սակայն նրանք ունեցել են ծանր ընթացքով շնչառական համակարգի հիվանդություն կամ շնչառության անբավարարություն,
2) գրիպի Ա ենթատիպի Հ5 շճատիպի լաբորատոր հետազոտության դրական արդյունք.
կամ
3) մահ շնչառական համակարգի սուր հիվանդությունից` առանց այլ պատճառի կամ ներքոհիշյալներից որևէ մեկը`
ա. հիվանդի բնակության վայրում ընտանի թռչունների շրջանում հաստատվել են թռչնի գրիպի դեպքեր և շարունակվում են արձանագրվել
բ. ախտանշանների ի հայտ գալուց 7 օր առաջ հաստատված թռչնի գրիպով հիվանդի հետ շփում կամ շփում շնչառական համակարգի անհայտ ծագումնաբանությամբ մահացածի հետ:
190. Հաստատված դեպք - յուրաքանչյուր անձի համար, որի համար լաբորատոր հետազոտությունը ներառում է ներքոհիշյալ կետերից առնվազն մեկը`
1) գրիպ Ա (Հ5) ՊՇՌ հետազոտության դրական արդյունք, կամ
2) գրիպ Ա (Հ5) դրական վիրուսային կուլտուրա, կամ
3) գրիպ Ա (Հ5) յուրահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ
4) դրական թեստ (IFA) օգտագործելով Ա (H5) մոնոկլոնալ հակամարմիններ, կամ
5) մահ շնչառական համակարգի անհայտ, անբացատրելի սուր հիվանդությունից և ներքոհիշյալը`
6) հիվանդի բնակության վայրում բարձր ախտածին թռչնի գրիպի կասկած կամ հաստատում:
191. Հավանական դեպք
1) Համաճարակաբանական անամնեզ + ջերմություն (380C) կամ սուր շնչառական վարակի (գրիպի) այլ ախտանշաններ, որը չի հանդիսանում այլ հիվանդության պատճառ:
2) Ջերմության հանկարծակի սկիզբ, 380C և ավելի, որը չի բացատրվում այլ հիվանդությամբ, գրիպանման երևույթներ` գլխացավ, ընդհանուր թուլություն, տարածուն մկանացավեր:
192. Հիվանդի վարում
1) հոսպիտալացում, մեկուսացում
2) Օզելտամիվիր (բուժումը` ըստ ծանրության և հիվանդի տարիքի)` 75մլգ-ից 5 օր կամ մինչև ախտանշանների անհետացումը, մինչև 15 տարեկան հիվանդ երեխաների համար մեծահասակների դեղաչափի կեսը:
Գլուխ 9
ԲՈՐ (Ա 30)
193. Դեպքի սահմանում
194. Դասակարգում և կլինիկական նկարագիր
195. Ըստ կլինիկահյուսվածքաբանական տվյալների տարբերում են հիվանդության 3 ձև` լեպրոմատոզ, տուբերկուլոիդ, սահմանային:
196. Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար: Որոշ հիվանդների մոտ կարող է դիտվել ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, հոդացավեր: Մյուս հիվանդների մոտ տենդը բացակայում է, դիտվում են սակավարյունություն, քնկոտություն, պարէսթեզիաներ, քրտնարտադրության խանգարումներ:
197. Հիվանդությանը բնորոշ վաղ նշան են համարվում մաշկային փոփոխությունները: Առաջանում են մեկ կամ մի քանի հիպոպիգմենտացիայի բծեր կամ հիպերպիգմենտացիայի վահանակներ, որոնցում զգայունությունը լրիվ բացակայում է կամ դիտվում է պարէսթեզիա: Ախտահարման օջախների դեմքին տեղակայված լինելու դեպքում զգայունությունը կարող է պահպանվել:
198. Տուբերկուլոիդ ձև սկզբնական շրջանում առաջանում են մաշկի հիպոպիգմենտացիայի հստակ սահմանագծված բծեր, որոնք հետագայում մեծանում են, եզրերը բարձրանում, ստանալով օղականման ձև: Դիտվում է ծայրամասային տարածում և լավացում կենտրոնում: Ձևավորված օջախները լրիվ կորցնում են զգայունությունը և մաշկային գոյացությունները (քրտնագեղձերը և մազային ֆոլիկուլները): Նյարդերը վաղ են ընդգրկվում պրոցեսի մեջ: Ախտահարման օջախով անցնող ծայրամասային նյարդերի չափերը դառնում են արտահայտիչ, այտուցվում են: Մեծացած ծայրամասային նյարդերը (հատկապես արմնկային, փոքր ոլոքային) կարող են շոշափվել և երբեմն զննման ժամանակ նկատելի լինել: Նյարդերի ախտահարման հետևանքով զարգանում է դաստակների մկանների ատրոֆիա, դաստակների և ոտնաթաթերի կոնտրակտուրաներ, ներբանային խոցեր, ֆալանգների կորուստ (որպես տրավմաների արդյունք): Զարգանում են կերատիտ, եղջերաթաղանթի խոցոտում` տեսողության կորստով:
199. Լեպրոմատոզ ձև - բնորոշ են մաշկի, լորձաթաղանթների և ավշային հանգույցների արտահայտված փոփոխություններ: Մաշկային փոփոխությունները արտահայտվում են բծերի, հանգույցների, վահանակների տեսքով: Բծերը սովորաբար հիպոպիգմենտացված են (թերգունավորված), ոչ հստակ սահմաններով, կենտրոնական մասերը բարձրացած են ինֆիլտրացիայի և պնդացման հաշվին (ի տարբերություն տուբերկուլոիդ ձևի): Օջախների միջև նույնպես կարելի է հայտնաբերել մաշկի ինֆիլտրացիա: Մաշկային ախտահարումների օջախները հաճախ տեղակայված են դեմքին (քիթ, այտեր, ունքեր), ականջախեցիների, դաստակների, արմնկային և ծնկային հոդերի, հետույքի վրա: Մաշկի ախտահարումները աստիճանաբար հարաճում են: Բնորոշ է ունքերի մազաթափությունը (հիմնականում կողմնային հատվածների), կախվում են ականջների բլթակները: Դեմքի մաշկի արտահայտված և խոր ինֆիլտրացիան բերում է խոշոր ծալքերի առաջացմանը, հատկապես ճակատին («առյուծի դեմք»): Ախտահարվում է քթի լորձաթաղանթը, ինչը բերում է քթով շնչառության խանգարման, քթային արյունահոսությունների, երբեմն` քթուղիների լրիվ փակման, քթի միջնորմի քայքայման` քիթը դառնում է թամբաձև: Աճուկային և անութային ավշային հանգույցները բավականին մեծացած են, բայց անցավ: Ծայրամասային նյարդերի արտահայտված փոփոխություններ չեն դիտվում (ի տարբերություն տուբերկուլոիդ ձևի): Սակայն վերջույթների դիստալ հատվածների զգայունությունը իջած է: Տղամարդկանց մոտ ամորձիների ինֆիլտրացիան և սպիացումը բերում է ամլության, հաճախ զարգանում է գինեկոմասթիա:
200. Սահմանային ձև
201. Զուգակցում է հիվանդության տուբերկուլոիդ և լեպրոմատոզ ձևերի նշանները (ախտանշաները):
202. Բարդություններ
203. Վնասվածքները և կրկնվող երկրորդային ինֆեկցիաները բերում են
1) դաստակների դեֆորմացիայի
2) մատների և վերջույթների դիստալ հատվածների կորստի:
204. Կարող են զարգանալ
1) կուրություն
2) ամիլոիդոզ:
205. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
Տարբերակիչ ախտորոշում
206. Բորոտությունն անհրաժեշտ է տարբերակել`
1) կարմիր գայլախտից
2) սարկոիդոզից
3) մաշկային լեյշմանիոզից
4) բազմաթիվ մաշկային հիվանդություններից:
207. Ախտորոշումը հիմնված է`
1) բնորոշ կլինիկական նշանների վրա` մաշկի, ծայրամասային նյարդերի ախտահարում,
2) համաճարակաբանական տվյալների վրա` շփում բորոտությունով հիվանդի հետ, երկարատև գտնվելը էնդեմիկ շրջաններում,
3) լաբորատոր հետազոտման տվյալների վրա:
208. Ախտորոշումը հաստատում են թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերումով մաշկային օջախներից քերուկ-տաշվածքների միջոցով ստացած նյութում, մաշկի բիոպտատների հյուսվածքաբանական հետազոտություններով: Մշակված են շճաբանական մեթոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել սպեցիֆիկ հակամարմիններ հիվանդների 50 - 95%-մոտ:
209. Ախտորոշման լաբորատոր չափանիշ
210. Բորի հարուցիչը (Հանսենի ցուպիկը) թթվակայուն է, հայտնաբերվում է սկարիֆիկացիայի միջոցով քսուքի լաբորատոր հետազոտությամբ:
211. Մոնո և զիգոբացիլյար լեպրայի ժամանակ հարուցիչների քանակը կարող է լինել չնչին և լաբորատոր հետազոտությամբ չհայտնաբերվել:
212. Դեպքերի դասակարգում
213. ԱՀԿ-ի սահմանմամբ` Բորի կլինիկական ախտանշաններով անձ` ախտորոշումը հաստատված կամ չհաստատված մանրէաբանորեն, ով կարիք ունի քիմիաթերապիայի (բացառությամբ այն հիվանդների, որոնք որպես բորով հիվանդ ստացել են հակավարակային բուժում և ունեն մնացորդային հաշմանդամություն):
214. Մանրէաբանական դասակարգում
215. Մոնոբացիլյար, զիգոբացիլյար (միջանկյալ, տուբերկուլոիդ, սահմանային տուբերկուլոիդ ձևեր), երբ քսուքի հետազոտության արդյունքը բացասական է:
216. Պոլիբացիլյար, երբ քսուքի հետազոտության արդյունքը դրական է:
217. Բորի կլինիկական դասակարգում` Մոնո, օլիգոբացիլյար՝ մինչև 5 բիծ, կամ մաշկի վնասվածք, պոլիբացիլյար՝ 5-ից ավելի բիծ:
Գլուխ 10
ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ (Ա 82)
218. Դեպքի դասակարգում
219. Մարդու կատաղություն
1) Կասկածելի Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական Կասկածելի դեպք` շփված կատաղությամբ կասկածելի կենդանու հետ
3) Հաստատված Կասկածելի դեպք` լաբորատոր հաստատված:
220. Շփում կատաղությամբ հիվանդ կենդանու կամ հիվանդի հետ
1) Հնարավոր շփում Կատաղության առումով բարձր վտանգ ներկայացնող տարածքներում բնակվող կատաղության նկատմամբ կասկածելի կենդանու հետ սերտ շփում (սովորաբար կծած վերքերի և քերծվածքների տեսքով) ունեցած անձ
2) Շփում Կատաղության նկատմամբ լաբորատոր հաստատված կենդանու հետ սերտ շփում ունեցած անձ (սովորաբար կծած վերքերի և քերծվածքների տեսքով):
221. Կլինիկական նկարագիր
222. Գրեթե մշտապես մահացու ելքով, սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ (գանգուղեղի բորբոքում) գերակտիվության դրսևորման ձևով (կայծակնային կատաղություն) կամ էլ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ (համր կատաղություն), որը զարգանում է հիվանդության առաջին նշաններից հետո 7-10 օրվա ընթացքում, ինտենսիվ բուժում չստանալու դեպքում շնչական անբավարարության պատճառով զարգանում են կոմա և մահ:
223. Հիվանդության կլինիկական ընթացքում առանձնացնում են հետևյալ շրջանները.
224. Գաղտնի շրջան (տևում է 10 - 90 օր, հազվադեպ` մինչև 1 տարի և ավելի): Գաղտնի շրջանի տևողությունը կախված է կծվածքի տեղակայումից: Առավել կարճ է գլխի և դաստակի կծվածքի դեպքում, առավել երկար` ոտնաթաթերի: Ինչպես նաև կախված է տուժածի տարիքից (երեխաների մոտ ավելի կարճ է, քան մեծահասակների), կծած կենդանու տեսակից, մարդու օրգանիզմի (մակրոօրգանիզմի) ռեակտիվականությունից, վերքի խորությունից և մեծությունից, վերքի մեջ ներթափանցած հարուցչի քանակից (հարուցչի դոզայից):
225. Պրոդրոմալ շրջան (տևում է 1 - 3 օր): Հիվանդությունը սկսվում է վերքի շրջանում տհաճ զգացումներից (այրոց, քոր, մաշկի գերզգայունություն, դեպի կենտրոն ճառագայթող ձգող բնույթի ցավեր), չնայած վերքը կարող է արդեն լրիվ սպիացած լինել: Երբեմն նորից զարգանում են տեղային բորբոքային երևույթներ` սպին կարմրում է և այտուցվում: Դեմքին տեղակայված կծվածքների դեպքում դիտվում են հոտառական և տեսողական հալյուցինացիաներ: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է սուբֆեբրիլ թվերի (37,2 - 37,30C), առաջանում է գլխացավ, բարձր զգայունություն լսողական և տեսողական գրգռիչների նկատմամբ, երբեմն դիսպեպսիկ երևույթներ: Միաժամանակ ի հայտ են գալիս փսիխիկայի խանգարման առաջին նշանները` անբացատրելի վախ, անհանգստություն, կարոտի զգացում, ընկճվածություն, հազվադեպ` գրգռվածություն: Հիվանդը ինքնամփոփ է, անտարբեր, ուտելուց հրաժարվում է, վատ է քնում, քունն ուղեկցվում է ահազդու երազներով:
226. Գրգռվածության շրջան տևում է 2 - 3 օր, երբեմն` մինչև 6 օր: Ընկճվածությունը և անտարբերությունը փոխարինվում են գրգռվածությամբ, անհանգստությամբ: Կատաղության կլինիկական վառ ախտանիշն է ջրավախությունը (հիդրոֆոբիա). խմել փորձելիս զարգանում են կլման և օժանդակ շնչառական մկանների ցավոտ սպաստիկ կծկումներ: Շուտով նույնիսկ ջրի մասին հիշեցումը և թափվող հեղուկի ձայնը առաջացնում են հիդրոֆոբիայի նոպա` սարսափի զգացում, ըմպանի և կոկորդի մկանների սպազմ: Նոպաները կարող են առաջանալ տարբեր գրգռիչների ազդեցությունից` օդի հոսանքի շարժումից (աերոֆոբիա), պայծառ լույսից (ֆոտոֆոբիա), բարձր ձայնից (ակուստոֆոբիա): Նոպան սկսվում է անհանգստությունով, վախի զգացումով, միանում է շարժողական անհանգստություն, որն ուղեկցվում է ըմպանի և կոկորդի մկանների չափազանց ցավոտ սպազմով, շնչառության խանգարումով: Առաջանում է ճնշման զգացում կրծքավանդակում, ցավ կլման ժամանակ: Շնչառությունը դառնում է աղմկոտ, ընդհատվող, ներշնչումը դժվարանում է, զարգանում է ինսպիրատոր հևոց. հիվանդը օդը ներշնչում է սուլոցով, աղաչում է օգնության մասին, երբեմն դիտվում է փսխում: Բնորոշ է հիվանդի տեսքը. գլուխը և մարմինը ճիչով հետ է գցում, առաջ է ուղղում դողացող ձեռքերը` հետ հրելով ջրով անոթը: Դեմքը այլայլվում է, կապտում, արտահայտում է սարսափ, բբերը լայնացած են, հայացքն ուղղված մեկ կետի, պարանոցը ձգված է: Նոպաների ժամանակ դիտվում են գիտակցության մթագնում, լսողական և տեսողական ահազդու բնույթի հալյուցինացիաներ: Նոպան տևում է մի քանի վայրկյան, որից հետո հիվանդները համեմատաբար հանգստանում են, գիտակցությունը պարզվում է, հիվանդը պատմում է իր տանջանքների մասին: Հիվանդության ծաղկման շրջանում հիվանդները դառնում են ագրեսիվ, ճանկռում և կծոտում են իրենք իրենց և շրջապատող մարդկանց, թքում են, գոռում, կոտրում գույքը` ցուցաբերելով կատաղի ոչ մարդկային ուժ: 1 - 2 օրից զարգանում է առատ, տանջող թքահոսություն (սիալոռեա): Հիվանդը թուքը կուլ չի տալիս, այլ անընդհատ թքում է կամ թուքը հոսում է կզակի վրայով: Մաշկը ծածկված է սառը, կպչուն քրտինքով, վերջույթները սառն են: Ջերմությունը բարձրանում է հիվանդության ընթացքին զուգահեռ: Հիվանդը նոպայի ժամանակ կարող է մահանալ սրտի կամ շնչառության կանգից:
227. Պարալիտիկ շրջան տևում է 3 - 7 օր, հազվադեպ` 2 շաբաթ և ավելի:
228. Բնորոշվում է`
1) հոգեկան «չարագուշակ» հանգստությամբ: Վախը, տագնապի զգացումը վերանում են, դադարում են հիդրո- և աերոֆոբիայի նոպաները, առաջանում է ուտելու և խմելու հնարավորություն, առողջացման հույս: Իրականում վերջինս մոտալուտ մահվան նշան է.
2) հարաճում են թուլությունը, անտարբերությունը, թքահոսությունը, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 420C, զարգանում են վերջույթների և գանգուղեղային նյարդերի տարբեր տեղակայման պարալիչներ: Հաճախ պարալիչները զարգանում են Լանդրիի վերընթաց պարալիչի ձևով: Խանգարվում է կոնքային օրգանների գործունեությունը:
229. Մահը վրա է հասնում սրտի կամ շնչառական կենտրոնի կաթվածից:
230. Հայտնի է կատաղության պարալիտիկ ձև` «Խաղաղ կատաղություն», որը հանդիպում է շատ հազվադեպ, բնորոշվում է պարալիչների (Լանդրիի տիպի) և ուղեղիկային խանգարումների դանդաղ հարաճով, բացակայում է պարալիչներին նախորդող գրգռման շրջանը, մահը վրա է հասնում բուլբար պարալիչների հետևանքով:
231. Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
1) ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանիշների վրա (սկզբնական շրջանին բնորոշ նշաններ, որոնք փոխարինվում են գրգռվածությամբ, որն ուղեկցվում է հիդրոֆոբիայով, աերոֆոբիայով, թքահոսությամբ, զառանցանքով, հալյուցինացիաներով), համաճարակաբանական տվյալների վրա (կծոց կամ մաշկի թքոտում կենդանու կողմից, որը սատկել կամ անհետացել է),
2) անկած կամ անհետացած կենդանու կողմից մաշկի կամ լորձաթաղանթների կծելու կամ թքոտման դեպքում, լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա:
232. Սպեցիֆիկ լաբորատոր ախտորոշումը հիվանդի կենդանության օրոք բարդ է:
233. Կիրառում են աչքի եղջերաթաղանթի մակերեսից վերցված պատճենի, մաշկի, ուղեղի բիոպտատների հետազոտություն լուսարձակող (ֆլուորեսցենցիա) հակամարմինների մեթոդով: Վիրուսի անջատում թքից, արցունքից, ողնուղեղային հեղուկից կենսաբանական մեթոդով` նորածին մկների ներուղեղային վարակման միջոցով:
234. Ճշգրիտ ախտորոշումը կատարվում է հետմահու` մարդու կամ կենդանու գլխուղեղի հիպոկամպի նեյրոններում հիստոլոգիական և իմունոֆլուորեսցենտային մեթոդներով Բաբեշ-Նեգրիի մարմնիկների հայտնաբերման միջոցով: Լաբորատոր աշխատանքը կատաղության վիրուսի հետ անհրաժեշտ է անցկացնել հատուկ վտանգավոր վարակների համար նախատեսված ռեժիմի համաձայն:
235. Տարբերակիչ ախտորոշում
236. Անհրաժեշտ է տարբերակել
1) փայտացումից, որին բնորոշ են` տետանիկ ցնցումները, տրիզմը, «սարդոնիկ ժպիտը», գիտակցության խանգարման բացակայությունը, հիվանդի նորմալ հոգեկան վիճակը.
2) էնցեֆալիտից (տարբեր էթիոլոգիայի), որի դեպքում պարալիտիկ փուլին նախորդող գրգռման փուլը բացակայում է: Բացակայում են հիդրոֆոբիան, աերոֆոբիան.
3) հիսթերոնևրոզից, որին բնորոշ են` սուբյեկտիվ գանգատների առատությունը, օբյեկտիվ նշանների բացակայությունը (չկա շնչառության խանգարում, տախիկարդիա, բբերի լայնացում), երկարատև ընթացքը` ստրիխնինով և ատրոպինով թունավորումից (բացակայում է հիվանդությանը բնորոշ փուլայնությունը), ալկոհոլային դելիրիումից (սպիտակ տենդից), որը չի ուղեկցվում ջրավախությամբ և ցնցումներով:
237. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
1) ուղեղային հյուսվածքում հակամարմինների հայտնաբերում իմունաֆլուորեսցենտային թեսթի միջոցով (նյութը վերցվում է հետմահու)
2) մաշկից, եղջերաթաղանթի քսուքից իմունաֆլուորեսցենտային թեսթի միջոցով հակամարմինների հայտնաբերում (նյութը վերցվում է հետմահու)
3) չպատվաստված անձանց ուղեղ-ողնուղեղային հեղուկում կատաղության չեզոքացնող հակամարմինների հայտնաբերում
4) կենսաբանական նյութերից (ուղեղային հյուսվածք կամ մաշկ, եղջերաթաղանթ կամ թուք) կամ հետմահու վերցված ֆիքսված հյուսվածքից վիրուսային անտիգենի հայտնաբերում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ:
Գլուխ 11
ԳՐԻՊ (Ջ 10)
238. Դեպքերի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք |
2) Հավանական |
դեպք, որը համապատասխանում է կլինիկական նկարագրին և համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքի հետ |
3) Հաստատված |
կլինիկական նկարագրությանը համապատասխանող և լաբորատոր հաստատված դեպք |
239. Կլինիկական նկարագիր
240. Վիրուսային ծագումնաբանությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հանկարծակի սկիզբը և կարճ տենդը` վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր ինտոքսիկացիայով, ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում 390 և ավելի: Շնչառական ախտանշաններ, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, հազ, մկանային ցավ և գլխացավ:
Գլուխ 12
ԿՈՒ ՏԵՆԴ (Ա 75)
241. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի Կլինիկական նկարագիր համապատասխանող դեպք
2) Հավանական Կասկածելի դեպք, համաճարակաբանական տվյալներ
3) Հաստատված Լաբորատոր հաստատված հավանական կամ կասկածելի դեպք
242. Դեպքի սահմանում
243. Կլինիկական նկարագիր
244. Սուր տենդային ռիկեցիոզային հիվանդություն է, որը բնորոշվում է հիվանդացման փոփոխական սկզբով` հաճախ հանկարծակի, արտահայտված ռետրոբուլբար գլխացավով, ընդհանուր թուլությամբ, մարմնի ջարդվածության զգացումով, դողով, սարսուռով, տենդով, մկանացավերով և ուժեղ քրտնարտադրությամբ:
245. Գաղտնի շրջանը սովորաբար տևում է 2-3 շաբաթ:
246. Հիվանդությանը բնորոշ են սուր սկիզբ` դողով, ջերմության կտրուկ բարձրացումով (մինչև 39 - 400C, երբեմն` ավելի), ինտոքսիկացիայի այլ երևույթներով` ցավեր ակնագնդերում, աչքերը շարժելիս, ռետրոբուլբար ցավեր, ուժեղ դիֆուզ գլխացավ, մկանացավեր, հոդացավեր: Տենդը հաճախ տևում է 1 - 2 շաբաթ: Դեմքի հիպերեմիա, սկլերաների անոթների արյունալեցում: Մաշկի ցան դիտվում է հազվադեպ (1 - 4% դեպքերում), այն չի ունենում կայուն տեղակայում և, սովորաբար, լինում է ռոզեոլոզ բնույթի: Ցանի առկայությունը ավելի շուտ ստիպում է մտածել տիֆ-պարատիֆային հիվանդությունների, քան Կու տենդի մասին: Սիրտ-անոթային համակարգի կողմից` զարկերակային ճնշման անկում, տոների խլացում: Լյարդի և փայծաղի վաղ մեծացում:
247. Վարակի աերոգեն փոխանցման դեպքում զարգանում են տրախեիտ, բրոնխիտ, ինտերստիցիալ թոքաբորբ, վերջինս աղքատիկ ֆիզիկական տվյալների պատճառով, որպես կանոն, հայտնաբերվում է միայն ռենտգեն հետազոտությամբ: Հիվանդները գանգատվում են ծակող բնույթի ցավերից կրծքավանդակում, ճնշման զգացումից կրծոսկրի հետևում, չոր կամ քիչ քանակությամբ խորխով (արյան աննշան խառնուրդով) հազից: Հեմոգրամմայում` լեյկոպենիա, նեյտրոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, մոնոցիտոզ, ԷՆԱ-ի չափավոր բարձրացում: Մեզում` պրոտեինուրիա, հեմատուրիա, ցիլինդրուրիա:
248. Կու տենդի ժամանակ մենինգիտներ, մենինգոէնցեֆալիտներ, փսիխոզներ դիտվում են շատ հազվադեպ:
249. Բարդություններ
1) սիրտ-անոթային համակարգի կողմից կարող են դիտվել
ա. կոլապս
բ. էնդոկարդիտ (հազվադեպ չէ առավելապես աորտալ փականի ախտահարումը)
գ. միոկարդիտ
դ. վերջույթների խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ.
2) շնչառական համակարգի կողմից
ա. պլևրիտներ
բ. թոքերի ինֆարկտ
գ. թոքերի աբսցես` սուպերինֆեկցիայի դեպքում.
3) կարող են դիտվել
ա. պանկրեատիտներ
բ. օրխիտներ
գ. էպիդիդիմիտներ
դ. նևրիտներ, նևրալգիաներ:
250. Ելքը բարենպաստ է, մահացու դեպքերը հազվադեպ են:
251. Հիվանդության լավացման շրջանում դիտվում է երկարատև ասթենիզացիա, աշխատունակությունը դանդաղ է վերականգնվում: Հնարավոր են ախտադարձեր:
252. Ներկայումս հիվանդության քրոնիկ ձևերը հանդիպում են բավականին հազվադեպ, բնորոշվում են երկարատև ընթացքով (մի քանի ամսից մինչև 1 տարի և ավելի), սուբֆեբրիլիտետով, հաճախակի սրացումներով, թոքերի, սրտամկանի և այլ օրգանների ախտահարումով:
253. Տարբերակիչ ախտորոշում
254. Անհրաժեշտ է տարբերակել
1) գրիպից
2) որովայնային տիֆից
3) սուր բրուցելոզից
4) լեպտոսպիրոզից
5) օրնիթոզից:
255. Ախտորոշումը հիմնված է կլինիկական, համաճարակաբանական, էպիզոոտոլոգիական, լաբորատոր-գործիքային տվյալների վրա:
256. Հիվանդության կլինիկական ախտորոշումը դժվարացած է ախտանշանների արտահայտված պոլիմորֆիզմի (բազմազանության) պատճառով:
257. Հիվանդության լաբորատոր ախտորոշման համար կիրառում են անուղղակի իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման նպատակով:
258. Կարևոր նշանակություն ունի հակամարմինների տիտրի աճը, քանի որ էնդեմիկ օջախներում սպեցիֆիկ հակամարմիններ Բեռնետի ռիկեցիոզների նկատմամբ առկա են նաև առողջ մարդկանց մոտ:
259. Ախտորոշման հավաստի հաստատում է արյունից, մեզից, ողնուղեղային հեղուկից, կրծքի կաթից կամ խորխից հարուցիչների անջատումը (ծովախոզուկների վարակման միջոցով): Այս մեթոդը մատչելի է միայն մասնագիտացված լաբորատորիաներին:
260. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` շճաբանական` յուրահատուկ հակամարմինների տիտրի աճի հայտնաբերում:
Գլուխ 13
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
261. Խոլերա (Ա00: Ա.00.0, Ա00.1, Ա00.9)
1) Կասկածելի՝ կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական՝ գոյություն չունի
3) Հաստատված՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
262. Կլինիկական նկարագիր` արտահայտված ջրազրկումով դեպք կամ 5 տարեկանից բարձր հիվանդի մահացու ելք, որի պատճառը սուր ջրային դիարեան է (այն տարածքներում, որտեղ բնորոշ չէ խոլերայի արձանագրումը), կամ 5 տարեկան և ավելի տարիքով հիվանդի մոտ սուր ջրային դիարեայով դեպք, որն ուղեկցվում է փսխումով կամ առանց դրա (այն տարածքներում, որտեղ արձանագրվել է խոլերայի համաճարակ): Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 24-72 ժամ:
263. Նկատառում՝ խոլերայի բռնկման ժամանակ անհրաժեշտ է սկզբից դիարեայի ցանկացած դեպք դիտել որպես խոլերայի կասկածելի դեպք:
264. Որովայնային տիֆ (Ա 01.0)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
265. Կլինիկական նկարագիր` երկարատև աստիճանաբար զարգացող (3 օրից ավելի) տենդ, սաստիկ գլխացավ, մկանացավեր, ախորժակի կորուստ, մեթեորիզմ, փորկապություն կամ լուծ, վարդացան` հիվանդության 8-10 օրը (60-90% դեպքերում):
266. Սալմոնելոզային այլ հիվանդություններ (Ա02: Ա02.0, Ա02.1, Ա02.2, Ա02.8, Ա02.9)
1) Կասկածելի դեպք կլինիկական մեկ կամ ավելի ախտանշաններով դեպք
2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
267. Կլինիկական նկարագիր՝ տենդ, որովայնային կծկանքներ, փսխում, փորկապություն կամ լուծ, կղանքը` կանաչ, գարշահոտ, 60-90% դեպքերում հիվանդության 8-10 օրը` վարդացան:
268. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` սալմոնելայի անջատումը հիվանդի կղանքից կամ արյունից:
269. Սալմոնելոզի բռնկում է համարվում, երբ հիվանդության երկու և ավելի դեպքեր համաճարակաբանորեն (ժամանակ, տեղ, սննդամթերք, հիվանդների մոտ հայտնաբերված հարուցչի նույն շճատիպը և այլն) կապված են միմյանց հետ:
270. Շիգելլոզ (Ա 03, Ա03.0-03.3, Ա03.8, Ա03.9)
1) Կասկածելի կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք:
2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
271. Կլինիկական նկարագիր՝ գաղտնի շրջանը տևում է 24-48 ժամ, ախտանշաններն են՝ ցնցումներ, տենդ, դիարեա` տեսանելի արյան պարունակությամբ, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հիվանդության սկզբում կարող է լինել միայն սուր ջրային դիարեա` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների: Հանդիպում է նաև անախտանիշ վարակ:
272. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` շիգելլաների անջատում կղանքի նմուշից:
273. Որպես բարդություններ կարող են լինել նյութափոխանակության շեղումները, սեպսիս, ռեկտալ իջեցումներ, թունավոր մեգակոլոն, աղիքի թափածակում և միզաարյունային համախտանիշ:
274. Կամպիլոբակտերիոզ (Ա04.5)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
275. Կլինիկական նկարագիր` կամպիլոբակտերիոզը բնութագրվում է ատիպիկ կլինիկական ընթացքով, գերազանցապես` տենդով, սուր սկզբով, դիսպեպսիկ երևույթներով, հոդամկանային ցավերով, լուծով: Լուծը ջրային է, իսկ որովայնի շրջանում ցավային համախտանիշը կարող է տևել մի քանի ժամից մինչև տասն օր:
276. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` կամպիլոբակտերների անջատում որոշ ախտաբանական նմուշներից:
277. Յերսինիոզ (Ա 04.6)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ
3) Հաստատված՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
278. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 3-5 օր, ախտանշաններն են՝ ջերմություն, դիարեամկանացավեր, հոդացավեր, որովայնի շրջանում ուժեղ ցավեր, փսխում, գլխացավ:
279. Ռոտավիրուսային վարակ (Ա08.0)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
280. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիվանդությունը սկսվում է սուր, բուռն, հաճախ` 3 ամսականից 2 տարեկան երեխաների մոտ: Ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում (24 ժամվա ընթացքում 1 և ավելի անգամ), ցնցումներ, կծկանքանման ցավերով որովայնի միջին հատվածում, դիարեա (24 ժամվա ընթացքում 3 և ավելի անգամ): Ախտանշաններն առավելագույն զարգացման են հասնում 12-24 ժամվա ընթացքում, հիվանդությունը տևում է 3-4-ից մինչև 8-10 օր:
281. Նկատառում` ռոտավիրուսային վարակի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է դետքային (պարեկ) համաճարակաբանական հսկողություն:
282. Նորովիրուսային վարակ (Նորվոլկ-վիրուսային) (Ա08.1)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
283. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիմնական կլինիկան ախտանշաններն են՝ սրտխառնոց, բազմակի փսխումներ, ցնցումներ, դիարեա, ջերմաստիճանի բարձրացում: Նորովիրուսը հաճախ առաջացնում է դիարեա և ուժեղ փսխում, բայց երբեմն կարող է լինել միայն փսխում: Որոշ հիվանդների մոտ լինում է կարճատև սուբֆեբրիլ ջերմաստիճան, մկանների կոտրտվածություն, գլխացավ, գլխապտույտ: Սովորաբար հիվանդության ախտանշաններն ինքնուրույն անցնում են 12-72 ժամից: Գերակշռում է հիվանդության թեթև ընթացքը:
284. Նորովիրուսը կարելի է ախտորոշել պոլիմերազային շղթայական ռեակցիայի, իմունաֆերմենտային անալիզի միջոցով: Սովորաբար ախտորոշվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայով, որը խիստ զգայուն է և կարող է որոշել տվյալ վիրուսը մինչև 10 վիրուսային միավոր խտությամբ:
285. Բալանտիդիազ (Ա 07.0)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հաստատված սուր և քրոնիկ ընթացքով բալանտիդիազով յուրաքանչյուր հիվանդ, որի կղանքում հայտնաբերվում է մակաբույծի վեգետատիվ ձևը կամ ցիստը (լաբորատոր ախտորոշված):
286. Կլինիկական նկարագիր` տարբերում են բալանտիդիազի 4 կլինիկական ձև`
1) սուբկլինիկական (ենթակլինիկական)` սուր, քրոնիկական ախտադարձող, անընդհատ ընթացող: Բալանտիդիազի սուբկլինիկական ընթացքի դեպքում հիվանդները գանգատվում են միայն աղիներում չափավոր անհանգստությունից:
287. Սուր ձևն ընթանում է առանց մարմնի ջերմաստիճանի բարձրացման (կարող է դիտվել և բարձրացում): Արձանագրվում է հաճախակի (օրական 8-20 անգամ) հեղուկ կղանք՝ լորձով և թարախով, երբեմն՝ արյունով: Հիվանդն ունենում է տեղայնացված կամ ցրված ցավեր հաստ աղիքի շրջանում, ստամոքսի թթվայնության իջեցում: Սուր բալանտիդիազի տևողությունը 1-2 ամիս է: Չբուժվելու դեպքում հիվանդությունն անցնում է քրոնիկ, ախտադարձող ընթացքի հակմամբ:
288. Բալանտիդիազի անընդհատ ընթացող ձևը հազվադեպ է հանդիպում: Ախտանշաններն են` քաշի արագ կորուստ, չբուժվելու դեպքում զարգանում է կախեքսիա և հնարավոր է մահ: Երբեմն բալանտիդիազը կարող է բերել խոցերի թափածակման:
289. Ջիարդիազ (լյամբլիոզ) (Ա 07.1) լյամբլիաներով ինվազիայի ցանկացած դեպք՝ անախտանշան կամ կլինիկական արտահայտված ախտանշաններով:
290. Կլինիկական նկարագիր` սուր շրջանը բնորոշվում է լուծով, սրտխառնոցով, ախորժակի բացակայությամբ, վերին և միջին վերստամոքսային շրջաններում կտրուկ ցավերով, աղիների փքվածությամբ: Բնորոշ է լակտոզայի նկատմամբ անտանելիությունը: Սուր շրջանը սովորաբար տևում է մի քանի օր, որից հետո լյամբլիոզը հիմնականում անցնում է ենթասուր կամ քրոնիկ փուլի, որոնց բնորոշ են կարճատև սրացումները, դրսևորվում են հեղուկ կղանքով և աղիների փքվածությամբ: Այս փուլում գանգատվում են գլխացավից, քաշի կորստից, հոգնածությունից:
291. Տարբերում են աղիքային լյամբլիոզի 2 կլինիկական ձև`
1) առաջնային վարակ` լուծով, մարսողական ուղում ներծծման գործընթացի խանգարման կլինիկական և լաբորատոր ախտանշաններով: Լյամբլիոզի այս ձևի ընթացքը կարճատև է, սովորաբար տեղի է ունենում հիվանդության ինքնաբերաբար լավացում կամ էլ այն հեշտ ենթարկվում է բուժման,
2) ձգձգվող, ախտադարձող ընթացք՝ աղիների լորձաթաղանթի սպեցիֆիկ կամ ոչ սպեցիֆիկ ռեզիստականության խանգարումով:
292. Առանձնացվում է լյամբլիոզի նյարդաբանական ձևը: Հայտնի են նաև ալերգիկ դրսևորումներով լյամբլիոզի կլինիկական ձևեր:
293. Երեխաների մոտ առաջնային ինվազիան սովորաբար ուղեկցվում է արտահայտված կլինիկական ախտանշաներով` ցավ որովայնի շրջանում, նողկանք, որովայնի փքվածություն, հաճախակի հեղուկ, անգույն կղանք լորձի պարունակությամբ, որովայնի ջղաձգություն, ներծծման խանգարումներ, քաշի կորուստ:
294. Մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ:
295. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են` կղանքի մեջ լյամբլիայի ցիստերի հայտնաբերում կամ կղանքի մեջ, 12 մատնյա աղիքի (դոուդենալ) հեղուկում կամ բիոպտատում լյամբլիայի տրոֆոզոիդների հայտնաբերում կամ լյամբլիայի հակամարմինների հայտնաբերում կղանքում յուրահատուկ իմունաախտորոշիչ թեստով:
296. Ամեոբիազ (Ա06)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
297. Կլինիկական նկարագիր`
298. Հիվանդությունը ընթանում է գերազանցապես հաստ աղիքի խոցային ախտահարումով, տարբեր աստիճանի ծանրությամբ՝ սուր, քրոնիկական, կայծակնային:
299. Հիմնական ախտանշաններն են` ախորժակի անկում, որովայնի ցավեր, հաճախակի կղանք (օրը 3-5 անգամ, հազվադեպ` 10-15) - կղանքը սկզբից ձևավորված է, հետո կիսաձևավորված կամ հեղուկանման, հետագայում դրան գումարվում է լորձը, այնուհետև` արյան մասնիկներ (ազնվամորու դոնդող), խոցային պրոցեսի զարգացման դեպքում հնարավոր են նքոցներ: Բարձր տենդը բնորոշ չէ:
300. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` աճեցմամբ կամ հյուսվածքաախտաբանությամբ էնտամեոբա հիստոլիտիկայի ցիստերի կամ տրոֆոզոիդների հայտնաբերում կղանքի մեջ կամ տրոֆոզոիդների հայտնաբերում հյուսվածքային բիոպտատում կամ խոցերի քերծվածքում:
301. Արտաորովայնային ամեոբիազ` էնտամեոբա հիստոլիտիկայի տրոֆոզոիդների հայտնաբերում արտաորովայնային հյուսվածքում:
302. Կրիպտոսպորիդիոզ (Ա07.2)
1) Կասկածելի համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հաստատված դեպք լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
303. Կլինիկական նկարագիր` գաղտնի շրջանը տևում է 5-14 օր: Հիվանդությունը դրսևորվում է սուր ջրային դիարեայով (3 և ավելի անգամ վերջին 24 ժամվա ընթացքում ջրային կղանքի արտազատում)` ջրազրկումով կամ առանց դրա, ընդհանուր թունավորման ախտանշաններով. 38-390C ջերմաստիճան, գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, որովայնի միջին հատվածում` կծկանքանման ցավերով, սրտխառնոցով, փսխումով, որովայնի վքնածությամբ: Արտաթորանքը ջրային է, առանց ախտաբանական խառնուրդների, գարշահոտ: Տևողությունը մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ է: Ավարտվում է լիարժեք առողջացումով:
304. Էշերիխիոզներ
1) Ա 04.0. Էնտերոպաթոգեն էշերիխիոզ
2) Ա 04.1. Էնտերոտոքսիգեն էշերիխիոզ
3) Ա 04.2. Էնտերոինվազիվ էշերիխիոզ
4) Ա 04.3. Էնտերոհեմոռագիկ էշերիխիոզ
5) Ա 04.4. Այլ ախտածին շճատիպերով հարուցված էշերիխիոզ
6) Էնետորհեմոռագիկ աղիքային ցուպիկ շիգա-տոքսին դրական (չտիպավորված)
7) Էնետորհեմոռագիկ աղիքային ցուպիկ շիգա-տոքսին դրական (տիպավորված` ոչ Օ157):
305. Կլինիկական նկարագիրը`
306. Դիարեա` հաճախ արյունային, որովայնային սպազմ: Հիվանդությունը կարող է բարդանալ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշով կամ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայով, կարող են անախտանիշ դեպքեր ևս լինել:
307. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ`
308. Էշերիխիա կոլիի (Escheric hia c oli) /Օ157:Հ7-ի անջատում նմուշներից, կամ Շիգա-տոքսին արտազատող E. coli-ի անջատում ախտաբանական նմուշներից:
309. Դեպքի դասակարգում`
1) Կասկածելի` հետդիարեային ՀՈՒՀ-ով կամ ԹԹՊ-ով դեպք:
2) Հավանական`
ա. ախտաբանական նմուշներից Էշերիխիա կոլիի Օ157:Հ7-ի անջատումով դեպք` Հ7-ի կամ Շիգա տոքսինի արտազատմամբ, կամ
բ. կլինիկորեն հաստատված դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ, կամ
գ. կլինիկորեն հաստատված դեպքից վերցված ախտաբանական նմուշում Շիգա տոքսինի անջատում, կամ
դ. կլինիկորեն հաստատված դեպք էնտերոհեմոռագիկ էշերիխիա կոլիի շճատիպի հայտնաբերմամբ:
3) Հաստատված` լաբորատոր չափանիշներով հաստատված դեպք:
310. Հեմոլիտիկ ուռեմիկ համախտանիշը բնորոշվում է՝
1) Հեմոլիտիկ անեմիա ֆրագմենտացված էրիթրոցիտներով
2) Թրոմբոցիտոպենիայով
3) Սուր երիկամային անբավարարությամբ:
311. Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա
1) Հեմոգլոբինի մակարդակը հաճախ ցածր է քան 8 գ
2) Բացասական Կումբսի փորձ
3) Պերիֆերիկ արյան մեջ էրիթրոցիտների ֆրագմենտացիա, շիստոցիտների առկայություն:
312. Թրոմբոցիտոպենիա
1) Թրոմբոցիտների մակարդակը հաճախ ցածր է քան 40,000/մմ3
2) Բացակայում է թրոմբոցիտոպենիկ պուրպուռան և սուր արյունահոսությունը:
313. Սուր երիկամային անբավարարություն
1) Սպիտա և արյունամիզություն
2) Օլիգոանուրիա, ծանր երիկամային անբավարարություն:
314. Հեմոլիտիկ ուռեմիկ համախտանիշի ժամանակ հնարավոր է երիկամի պարենխիմայի եռատեսակ ախտահարում
1) Կծիկային թրոմբոտիկ միկրոանգիոպատիա
2) Կեղևային նեկրոզ
3) Զարկերակային թրոմբոտիկ միկրոանգիոպատիա:
315. Այլ օրգան համակարգերի ընդգրկում
1) Կենտրոնական նյարդային համակարգ (ցնցում, արյունազեղում, հեմիպառեզ, կոմա):
2) Ստամոքսաղիքային համակարգ (ծանր հեմոռագիկ կոլիտ, աղիների նեկրոզ և թափածակում, պերիտոնիտ):
3) Սրտային համակարգ (սրտի իշեմիա, որը բնորոշվում է տրոպոնին 1-ի մակարդակի բարձրացմամբ, ուռեմիա, հեղուկներից սրտի ծանրաբեռնում):
4) Լյարդային համակարգ (հեպատոմեգալիա և/կամ տրանսամինազների մակարդակի բարձրացում):
Գլուխ 14
ԼԵՅՇՄԱՆԻՈԶ (Բ 55)
316. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք |
Գումարած |
համաճարակաբանական վերհուշում լեյշմանիոզի էնդեմիկ տարածքում գտնվելու փաստի առկայություն |
3) Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
317. Ընդերային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում:
318. Կլինիկական նկարագիր` երկարատև անկանոն տենդ, որն ուղեկցվում է փայծաղի չափսերի մեծացումով, քաշի կորստով:
319. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - ոսկրածուծից վերցված պունկտատի բարակ քսուքում լեյշմանիաների հայտնաբերում, կամ շճաբանական հետազոտության դրական արդյունք:
320. Մաշկային լեյշմանիոզ հիվանդության դեպքի ստանդարտ սահմանում:
321. Կլինիկական նկարագիր - դեմքի, իրանի, վերին և ստորին վերջույթների մաշկի բաց հատվածներում խոցերի առկայություն: խոցից կամ խոցի շրջապատող ինֆիլտրատից վերցրած քսուքում լեյշմանիաների հայտնաբերում:
Գլուխ 15
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՆ ՁԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՆԱԶՈՖԱՐԻՆԳԻՏ (Ա39)
322. Տարածուն ձևի հիվանդության դեպքի ստանդարտ բնորոշում:
323. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք |
Գումարած |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկում կամ արյան մեջ գրամբացասական դիպլոկոկկերի հայտնաբերում, և/կամ բռնկման առկայություն և համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի հետ: |
3) Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
324. Կլինիկական նկարագիր - ջերմության հանկարծակի բարձրացում մինչև 38-390, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում, կամ մաշկի վրա յուրահատուկ հեմոռագիկ ցանի առկայություն: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ ջերմության բարձրացումը ուղեկցվում է գաղտունի ուռչեցմամբ:
325. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի (Նեյսերիա մինինգիտիդիս) անջատում օրգանիզմի հեղուկներում (ողնուղեղային հեղուկ, արյուն) և շճաբանական մեթոդով հատուկ հակածինների հայտնաբերում:
326. Մենինգակոկային նազոֆարինգիտի դեպքի ստանդարտ բնորոշում:
327. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական Կասկածելի դեպք + բռնկման առկայություն և/կամ համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի հետ:
3) Հաստատված Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:
328. Կլինիկական նկարագիր - ջերմության չափավոր բարձրացում, գլխացավ, հիմնականում` ճակատագագաթային շրջանում, կոկորդի ցավ, չոր հազ, հարբուխ, հազվադեպ` քթից քիչ քանակի թարախալորձային արտադրություն, կոկորդի հետին պատի արտահայտված հիպերեմիա և այտուց, հաճախ` պատված թարախալորձային էքսուդատով:
329. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի անջատում քիթ-ըմպանի լորձից:
Գլուխ 16
ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲ
330. Կասկածելի դեպք
1) համարվում է անձը, ով նշում է` բարձր ջերմություն (380C և ավելի) և հազ կամ շնչառության դժվարացում և ախտանշանների ի հայտ գալու օրվանից հաշված` նախորդ 10 օրվա ընթացքում 1 կամ ավելի հետևյալ գործոնների առկայություն`
2) անբացատրելի սուր շնչառական հիվանդությունով, որը նրա մահվան պատճառ է դարձել, անձը, որին դիահերձում չի կատարվել և ախտանշաններ ի հայտ գալու օրվանից հաշված` նախորդ 10 օրվա ընթացքում 1 կամ ավելի հետևյալ գործոնների առկայություն`
ա. սերտ շփում (անձ, ով խնամել է հիվանդին, ապրել է նրա հետ և ուղղակի կոնտակտ է ունեցել կասկածելի կամ հավանական հիվանդի արտազատուկների կամ կենսաբանական հեղուկների հետ) ատիպիկ թոքաբորբի կասկածելի կամ հավանական դեպքի հետ,
բ. ախտահարված տարածքում (տարածքներ, որտեղ արձանագրվել են ատիպիկ թոքաբորբի տեղային դեպքեր գտնվելու հանգամանք, ախտահարված երկրների ցանկը ներկայացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ինտերնետային էջում,
գ. ախտահարված տարածքում բնակվելու հանգամանք:
331. Հիվանդության հավանական դեպք
1) կասկածելի դեպք` կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի ժամանակ թոքաբորբային ինֆիլտրատների կամ ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի առկայություն:
2) կասկածելի դեպք` դիահերձման արդյունքում առանց որևէ պատճառի ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի հայտնաբերում:
332. Բացառման չափանիշներ
333. Հարկավոր է դեպքը բացառել, եթե այլընտրանքային որևէ ախտորոշում լիովին կարող է բացատրել այս հիվանդությունը:
334. Հիվանդության դեպքերի կրկնակի դասակարգում
335. Ատիպիկ թոքաբորբ ներկայում ախտորոշվում է բացառման կարգով` կապված հիվանդի վիճակի փոփոխության հետ:
336. Հարկավոր է բացառել կասկածելի կամ հավանական նախապես դասակարգված դեպքերը, եթե այլընտրանքային որևէ ախտորոշում կարող է լիովին բացատրել այդ հիվանդությունը: Կասկածելի դեպքը, որը հետազոտությունից հետո համապատասխանում է հիվանդության հավանական դեպքի սահմանմանը, նորից պետք է դասակարգել որպես «հավանական դեպք»: Կասկածելի հիվանդներին` կրծքավանդակի նորմալ ռենտգենոգրամայով հարկավոր է բուժել համապատասխան կարգով և հսկողություն սահմանել 7 օրվա ընթացքում: Այն հիվանդներին, որոնց առողջացումն անբավարար է համարվում, հարկավոր է նորից կատարել կրծքավանդակի ռենտգենոգրամա: Այն կասկածելի հիվանդները, որոնց առողջացումը համարվում է բավարար, բայց որոնց հիվանդությունը չի կարելի ամբողջովին բացատրել այլընտրանքային որևէ ախտորոշումով պետք է մնա որպես «կասկածելի դեպք»: Կասկածելի հիվանդը, որը մահացել է և որի դիահերձումը չի կատարվել, պետք է մնա որպես «կասկածելի դեպք»: Սակայն, եթե տվյալ դեպքը ատիպիկ թոքաբորբ հիվանդության փոխանցման շղթայի մի մասն է, այն պետք է դասակարգել որպես «հավանական դեպք»: Եթե իրականացվել է դիահերձում և չի հայտնաբերվել ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի ոչ մի ախտաբանական նշան, ապա այդ դեպքը պետք է «բացառել»:
337. Ախտորոշման լաբորատոր չափանիշ Կլինիկական ախտանշաններով անձ, որի մոտ ներքոհիշյալ 1 կամ ավելի ախտորոշիչ ցուցանիշների հիման վրա առկա է ատիպիկ թոքաբորբի դրական լաբորատոր արդյունք.
1) ատիպիկ թոքաբորբի համար դրական պոլիմերազային շղթայական ռեակցիայի արդյունք՝ առնվազն 2 տարբեր նմուշների (օրինակ` քիթըմպանային և կղանք) հիվանդության ընթացքում հավաքված 2 կամ ավելի ախտաբանական նշուծի հետազոտություն (օրինակ՝ հաջորդական քիթըմպանային արտազատուկներ) 2 տարբեր հետազոտություններ կամ կրկնակի պոլիմերազային շղթայական ռեակցիայի արդյունք՝ օգտագործելով նոր ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ՌՆԹ) արտազատուկը սկզբնական-ախտաբանական նշուծից, թեսթավորման յուրաքանչյուր դեպքի համար,
2) սերոկոնվերսիա կամ իմունաֆլյուրեսցենցային մեթոդներով,
3) հիվանդության սուր շրջանում շիճուկում բացասական հակամարմինային թեսթ, որին հետևում է կոնվալեսցենտային (առողջացման) փուլում դրական հակամարմինային թեսթ (թեսթավորված՝ զուգահեռ), շիճուկում անտիբիոտիկների տիտրի քառակի կամ ավելի աճ սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (շիճուկի զուգահեռ թեսթավորում),
4) վիրուսի անջատում` բջջային կուլտուրաներում ցանկացած նմուշից ատիպիկ թոքաբորբի հարուցչի անջատում և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հաստատում՝ օգտագործելով վավերացված մեթոդ:
338. Թեստավորումը պետք է իրականացվի ազգային կամ տարածքային հսկիչ լաբորատորիաներում՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների: Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ աղքատ երկրներին կօգնի հաստատելու դրանց առաջին ատիպիկ թոքաբորբի դեպքերը՝ լաբորատորիաների համագործակցության միջոցով:
Գլուխ 17
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (Ա 15 - Ա 19)
Թոքային տուբերկուլոզ
339. Կասկածելի դեպք:
340. Ախտորոշման կլինիկական չափանիշ 2 և ավելի շաբաթ անզուսպ և տանջալից հազով դեպք, որն ուղեկցվում է ստորև նշված մեկ կամ ավելի ախտանշաններով.
1) խորխարտադրություն
2) քաշի կորուստ
3) արյունախխում
4) ջերմություն
5) հոգնածության զգացում
6) գիշերային քրտնարտադրություն
7) կրծքավանդակի ցավ` հազալու կամ շնչելու ժամանակ
8) մակերեսային շնչառություն
9) ախորժակի կորուստ:
341. Հավանական դեպք
342. Կասկածելի դեպքն է` գումարած
343. Ախտորոշման համաճարակաբանական չափանիշ
1) շփում մանրէազատող տուբերկուլոզով հիվանդի հետ (կոնտակտավոր` ընտանիքում, մասնագիտական ոլորտում և այլն): Ինչպես նաև կլինիկական ախտորոշման չափանիշին գումարած հետևյալ փաստերից որևէ մեկի առկայությունը,
2) դրական թթվակայուն մանրէների առկայությամբ քսուք,
3) տուբերկուլինային մաշկային թեստի դրական արդյունք,
4) կրծքավանդակի ոչ նորմալ, փոփոխված ռենտգեն պատկեր:
344. Հաստատված դեպք` կասկածելի կամ հավանական դեպքն է` գումարած լաբորատոր հաստատումը:
345. Ախտորոշման լաբորատոր չափանիշ` թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում մանրէադիտման և/կամ ցանքսի միջոցով:
346. Վերջնական ախտորոշում` թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում ցանքսի միջոցով (երկրում մեթոդի ներդրումից հետո):
347. Դեպքի դասակարգում
348. Ըստ գործընթացի տեղակայման
1) Թոքային տուբերկուլոզ
ա. Թոքային տուբերկուլոզ դրական քսուքով - հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական առնվազն երկու հետազոտությունը (անմիջական մանրէադիտում) թթվակայուն մանրէների նկատմամբ եղել են դրական: Հիվանդ, որն ունի քսուքի մեկ դրական պատասխան և թոքերի ակտիվ տուբերկուլոզի նկարագրին համապատասխան ռենտգենաբանական փոփոխություններ: Հիվանդ՝ քսուքի մեկ դրական արդյունքով և մանրէաբանական հետազոտության դրական արդյունքով:
բ. Թոքային տուբերկուլոզ բացասական քսուքով - հիվանդ, որի մոտ 2 անգամ կատարված խորխի եռանվագ հետազոտությունների արդյունքում յուրաքանչյուր անգամ առնվազն 2 նմուշ բացասական են եղել թթվակայուն մանրէների նկատմամբ, առկա են թոքային տուբերկուլոզին բնորոշ ռենտգենաբանական փոփոխություններ, մեկշաբաթյա լայն ազդեցության հակամանրէային բուժման արդյունքում կլինիկական պատասխանի բացակայություն, բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին: Հիվանդ, կլինիկական ծանր ընթացքով, որի մոտ առնվազն 2 նմուշ թթվակայուն մանրէների նկատմամբ բացասական են եղել, առկա են թոքային տուբերկուլոզին բնորոշ տարածուն ռենտգենաբանական փոփոխություններ (ինտերստիցիալ կամ միլիար), բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին: Հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական հետազոտություննեը բացասական են եղել թթվակայուն բացիլների նկատմամբ, բայց խորխի սկզբնական մանրէաբանական հետազոտությունները դրական են:
349. Ըստ դեպքի տեսակի
1) Նոր դեպք - հիվանդ, ով երբեք չի բուժվել տուբերկուլոզի կապակցությամբ կամ ընդունել է հակատուբերկուլոզային դեղամիջոցներ 4 շաբաթից ոչ ավելի:
2) Ախտադարձ դեպք (ռեցիդիվ) - ներկայումս հիվանդ մանրէադիտման կամ ցանքսի դրական արդյունքով, ով նախկինում (խորխի դրական կամ բացասական արդյունքով) ընդունել է քիմիաթերապիայի լրիվ կուրս կամ ճանաչվել է որպես տուբերկուլոզից բուժված, սակայն հետագայում դարձել է մանրէազատ:
3) Բուժման անբարեհաջող ելքով դեպք - նախկինում խորխի դրական քսուքով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ ամսից կամ ավելի հետո դառնում է դրական քսուքով: Այս հիվանդները ստանում են կրկնակի սխեմայով բուժում:
4) Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս) - հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ինքնակամ ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:
5) Տեղափոխված դեպք (մուտք արված) - հիվանդ, ով տեղափոխվել է տվյալ հակատուբերկուլոզային կազմակերպություն` բուժումը շարունակելու համար և մինչ այդ հաշվառված է եղել մեկ այլ հակատուբերկուլոզային կազմակերպությունում (ներառյալ` քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և հակատուբերկուլոզային ստացիոնարի հոգեբուժական բաժանմունքից դուրսգրված):
6) Այլ դեպքեր - դեպքեր, որոնք չեն համապատասխանում վերոհիշյալ սահմանումներին և մանրէադիտման արդյունքը խորխ բացասական է` ներառյալ քրոնիկ հիվանդները, որոնց մոտ միկոբակտերիաները շարունակում են արտազատվել բուժման երկրորդ կուրսն ավարտելուց հետո:
350. Դեպքերի տեսակներն ըստ բուժման արդյունքների
1) Բուժված դեպք - բացասական քսուքով հիվանդ, որը եղել է քսուք դրական (առաջնակի կամ կրկնակի) և բուժման վերջին ամսում և առնվազն մեկ անգամ բուժման ընթացքում եղել է քսուք բացասական:
2) Բուժումն ավարտած դեպք - քսուք-դրական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում, սակայն չի համապատասխանում «բուժված» կամ բուժման անբարեհաջող ելքով» չափանիշներին` բուժման վերջում ունի խորխի միայն մեկ բացասական պատասխան, ինչպես նաև քսուք-բացասական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում և բուժման ինտենսիվ փուլի ավարտին խորխը մնացել է բացասական:
3) Բուժման անբարեհաջող ելքով դեպք - նախկինում խորխի մանրէազատումով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ կամ ավելի ամսից դառնում է դրական քսուքով:
4) Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս) - հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:
5) Տեղափոխված դեպք (ելք արված) - հիվանդ, ով տեղափոխվել է մեկ հակատուբերկուլոզային կազմակերպությունից այլ կազմակերպություն և որի բուժման արդյունքները հայտնի են:
6) Ըստ բուժման կարգույթի (կատեգորիայի)
ա. կատեգորիա 1 կամ 3 - առաջնակի հայտնաբերված դեպքեր: 1-ին կատեգորիայում ընդգրկվում են բոլոր առաջնակի մանրէազատող հիվանդները, թոքային ոչ մանրէազատող և արտաքոթային տուբերկուլոզի արտահայտված ձևերը: 3-րդ կատեգորիայում ընդգրկվում են թոքային (առանց մանրէազատման) և արտաթոքային տուբերկուլոզի փոքր ձևերը:
բ. կատեգորիա 2 - կրկնակի բուժվող բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային):
գ. կատեգորիա 4 - Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդները: Այս հիվանդները պետք է ունենան առանձին «Կատեգորիա 4» բուժման քարտ և գրանցվեն առանձին Կատեգորիա 4-ի հաշվառման մատյանում:
351. Արտաթոքային տուբերկուլոզ
1) Կասկածելի դեպք
ա. Ախտորոշման կլինիկական չափանիշ` քաշի կորուստ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն, այլ ախտանշաններ` կախված ախտահարված օրգաններից:
2) Հավանական դեպք - Կասկածելի դեպքն է` գումարած տարբեր օրգանների (բացառությամբ թոքերի)` թոքամզի, ավշային հանգույցների, որովայնի, միզասեռական օրգանների, մաշկի, հոդերի և ոսկորների տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ և այլն:
3) Հաստատված դեպք - Կասկածելի կամ հավանական դեպքն է` գումարած լաբորատոր հաստատումը:
352. Ախտորոշման լաբորատոր չափանիշ արտաթոքային տեղակայման տուբերկուլոզի զանգվածից վերցված նմուշի մանրէաբանական հետազոտության 1 դրական արդյունք և/կամ հյուսվածքաբանական կամ արտաթոքային տուբերկուլոզին բնորոշ կլինիկական ախտանշաններ:
353. Հիվանդ, որի մոտ ախտորոշվել է և՛ թոքային, և՛ արտաթոքային տուբերկուլոզ, պետք է դասակարգվի որպես թոքային տուբերկուլոզ:
Գլուխ 18
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (Ա 37)
354. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
2 շաբաթից ոչ պակաս տևողությամբ նոպայաձև հազի դեպք, |
2) Հավանական |
Կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը |
- հազի նոպա հանկարծակի, աղմկոտ շնչառությամբ - կամ հազից հետո փսխում առանց որևէ արտահայտված պատճառի: | |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: | |
3) Հաստատված |
Հավանական դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը. |
- լաբորատոր հաստատում, - վերջին 10 օրվա ընթացքում շփում լաբորատոր հաստատված հիվանդի հետ: |
355. Կլինիկական նկարագիր - կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով, գրգռիչ հազով, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև բնույթ` նոպայաձև կրկնվող, ուժգին և անզուսպ (տևում է 1-2 ամիս կամ ավելի) և կարող է ուղեկցվել հազից հետո փսխումով` առանց որևէ արտահայտված պատճառի:
356. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - խորխից Բորդետելա պերտուզիս (Bօrdetella pertսssis) մանրէների անջատում ԿԱՄ պոլիմերազային շղթայական ռեակցիայով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում ԿԱՄ Դրական զույգ շիճուկների միջոցով:
Գլուխ 19
ՓԱՅՏԱՑՈՒՄ (Ա 35)
357. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի Ծամիչ մկանների լարված և ջղաձգական կծկում (տրիզմ) սուր շրջանում:
2) Հավանական Կասկածելի դեպք`
գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` անամնեզում մաշկի վնասվածքի առկայություն մկանների կարկամում, կլման ակտի դժվարացում:
3) Հաստատված Հավանական դեպք`
գումարած Հետևյալ նշաններից որևէ մեկը` կեղծ ծիծաղ, ջղաձգական ցնցումների նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ) մարմնի հարկադրական դիրք:
358. Կլինիկական նկարագիր - ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղաձգական կծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանշանը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերից են մարմնի հարկադրական դիրքը, ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ անվամբ:
359. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ - ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանշանների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից:
Գլուխ 20
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՈՒՄ
360. Կլինիկական նկարագիր և դեպքի դասակարգում
1) Կասկածելի Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք՝ ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը պարզված չէ
2) Հավանական Կասկածելի դեպք`
գումարած ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը՝ հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ
3) Հաստատված Հավանական դեպք`
գումարած ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը`նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի կարողանում և ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում):
Գլուխ 21
ԿԱՐՄՐՈՒԿ (Բ 05)
361. Կարմրուկի դեպքի դասակարգում
1) Կասկածելի (կլինիկորեն հաստատված) - Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք
2) Լաբորատոր և համաճարակաբանորեն հաստատված
362. Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 7-18 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:
363. Կլինիկական նկարագիր` ջերմություն, գումարած տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային) գումարած, հազ, ռինիտ (քթից արտազատություն, հարբուխ) կամ կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր):
364. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են`
1) Կարմրուկի իմունագլոբուլին էմ հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ
2) Կարմրուկի վիրուսի անջատում ԿԱՄ
3) Կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով
4) Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
365. Կարմրուկին բնորոշ է նաև ժխտված դեպքը` Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով /ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:
Գլուխ 22
ԿԱՐՄՐԱԽՏ (Բ 06) / ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (Պ35.0)
366. Կարմրախտի/բնածին կարմրախտային համախտանիշի դեպքի դասակարգում:
367. Կասկածելի (կլինիկորեն հաստատված)
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք
բ. լաբորատոր և համաճարակաբանորեն հաստատված:
368. Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 12-13 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:
369. Կարմրախտի/բնածին կարմրախտային համախտանիշի բնորոշ է նաև ժխտված դեպքը:
370. Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:
371. Կարմրախտի կլինիկական նկարագիր` մակուլապապուլոզ (բծավոր) ցան գումարած, պարանոցային՝ հետծոծրակային, հարականջային ավշային հանգույցների մեծացում, ԿԱՄ հոդացավ՝ արթրիտ:
372. Բնածին կարմրախտային համախտանիշի կլինիկական նկարագիր` ցանկացած մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտանբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից
1) Ա խումբ
ա. Նեյրոսենսոր լսողության խանգարումներ
բ. Սրտի բնածին արատներ
գ. Պիգմենային ռետինոպաթիա
դ. Բնածին գլաուկոմա
ե. Կատառակտ
2) Բ խումբ
ա. Պուրպուրա
բ. Սպլենոմեգալիա
գ. Միկրոցեֆալիա
դ. Զարգացման ուշացում
ե. Մենինգոցեֆալիտներ
զ. Ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ
է. Ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
373. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ (ոչ հղի դեպքի համար)` կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի iհայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով:
374. Շճաբանորեն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի աճ՝ առնվազն 4 անգամ:
375. Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
Գլուխ 23
ՍՈՒՐ ԹՈՐՇՈՄԱԾ ԿԱԹՎԱԾԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ
(Ա 80/ Գ 61.0)
376. Դեպքի դասակարգում
377. Պոլիոմիելիտի դեպքերը դասակարգվում են՝ կասկածելի (սուր թորշոմած կաթված` ՍԹԿ), հավանական (պոլիոմիելիտանման հիվանդություն) և հաստատված.
1) Կասկածելի ՍԹԿ ցանկացած դեպք, որը զարգանում է 1-3 օրվա ընթացքում (այդ թվում Գույլեյն-Բարրեի ախտանշանը), մինչև 15տ. երեխայի մոտ, որի առաջացման համար այլ նկատելի պատճառներ չկան (ինչպես օրինակ վնասվածք) կամ կլինիկայով նման է պոլիոմիելիտի
2) Հավանական Կասկածելի դեպք
Գումարած Հիվանդության ընթացքում չկա կաթված առաջացնող պատճառ, վիրուսաբանական հետազոտությունը լրիվ կատարված չէ, սակայն առկա է նշվածներից որևէ մեկը.
ա) 60 օրից հետո կա մնացորդային թոշնած կաթված,
բ) հիվանդի նկատմամբ դիտարկումն ընդհատվել է,
գ) հիվանդը մահացել է և փորձագետները որոշել են, որ տվյալ դեպքը պետք է դասակարգել որպես պոլիոմիելիտանման հիվանդություն
3) Հաստատված Սուր թորշոմած կաթվածի դեպք, որի ժամանակ կղանքի նմուշի վիրուսաբանական հետազոտության արդյունքում անջատվել է պոլիովիրուս:
378. Կլինիկական նկարագիր
379. Սուր թորշոմած կաթվածի (պարալիչ) ցանկացած մինչև 15 տարեկան դեպք կամ կաթվածի ցանկացած դեպք, երբ կասկածվում է պոլիոմիելիտ:
380. Հիվանդության թեթև ձևերին բնորոշ են ջերմությունը, գլխացավը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, հիվանդության հետագա զարգացման դեպքում նշված ախտանշաններին միանում են սաստիկ մկանացավերը և պարանոցի, մեջքի կարկամածությունը` ուղեկցվելով թոշնած կաթվածահարությամբ:
381. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ պոլիովիրուսի անջատում, օժանդակ՝ շիճուկում տիտրի քառակի աճ:
Գլուխ 24
ԴԻՖԹԵՐԻԱ (Ա 36)
382. Դեպքի դասակարգում
383. Դիֆթերիայի դեպքերը դասակարգվում են՝ կասկածելի, հավանական և հաստատված:
384. Հաստատված դեպքերը դասակարգվում են տեղական և բերովի:
385. Կասկածելի կոկորդի բորբոքում, քիթ-ըմպանի բորբոքում կամ նշիկների բորբոքում, կեղծ թաղանթ (փառ):
386. Հավանական կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը.
1) մոտակա ժամանակաշրջանում (երկու շաբաթվա ընթացքում) շփում հաստատված դեպքի հետ,
2) տվյալ բնակավայրում ընթացող բռնկում,
3) կոկորդի լորձաթաղանթի այտուց,
4) ենթալորձաթաղանթային կամ մաշկային արյունազեղումներ,
5) երիկամային սուր անբավարարություն,
6) սրտամկանի բորբոքում կամ (և) շարժիչ նյարդի կաթված՝ հիվանդության սկզբից հաշված՝ 1-6 շաբաթ անց,
7) շնչահեղձություն/(ստրիդոր),
8) մահ:
387. Հաստատված հավանական դեպք գումարած հարուցչի տոքսիկ շտամի անջատում ախտահարված տեղից (քիթ, մաշկային խոց, վերք, աչքի լորձաթաղանթ, ականջ, հեշտոց) կամ արյան մեջ անտիտոքսինների տիտրի բարձրացում՝ չորս անգամ, եթե շիճուկների առաջին երկու նմուշը վերցրել են մինչև հակադիֆթերիային շիճուկի ներարկումը
1) Բերովի կլինիկական ախտանշանները զարգանում են երկու շաբաթվա ընթացքում, այլ վայրից վերադառնալուց հետո
2) Տեղային Հիվանդը բնակավայրից դուրս չի եկել:
Կլինիկական նկարագիր
388. Դիֆթերիան վերին շնչառական ուղու սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է նշիկների, քիթ-ըմպանի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումով, ոչ հավասարահեռ գորշասպիտակավուն փառի առաջացումով: Դիֆթերիային բնորոշ նշաններն են ա) տեղային` փառ, ըմպանաբորբ, կոկորդաբորբ, նշիկաբորբ, շրջանային ավշային հանգույցների մեծացում, բ) հարաճուն (տարածուն) ստրիդոր, գ) պարանոցի չարորակ կարծր այտուց (եզան պարանոց կամ սեզարի պարանոց), եղնջացան, մաշկի և լորձաթաղանթների հեմոռագիա, տոքսիկ անոթային կոլապս, սուր երիկամային անբավարարություն, միոկարդիտ, հիվանդության սկզբից 1-6 շաբաթ հետո շարժողական կաթված:
389. Ախտորոշման լաբորատոր չափանիշ
1) Կորինեբակտերիայի տոքսինածին շտամի անջատում
2) Քսուքի ախտաբանական նմուշի մանրադիտակային հետազոտությունը բավարար ստույգ մեթոդ չէ և չի կարող փոխարինել մանրէաբանական հետազոտությանը
3) Մանրէակրություն՝ կորինեբակտերիաների անջատում այն անձանց մոտ, որոնք չունեն ախտաբանական փառ անամնեզում (նույնիսկ մնացած կլինիկական ախտանշանների առկայության դեպքում):
Գլուխ 25
ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՆՈԶՈԿՈՄԱԻԼ) ՎԱՐԱԿ
(ՀՄԴ-10-ով կոդը չի տրված)
390. Դեպքի դասակարգում - վարակիչ հիվանդության ցանկացած կլինիկական ձևի դրսևորում, որն առաջանում է բուժօգնության և սպասարկման դիմած անձի (պացիենտի) և կամ/ հիվանդի մոտ բուժկանխարգելիչ կազմակերպությունում գտնվելու (ընդունվելու) ընթացքում ստացած բժշկական ծառայությունների մատուցման արդյունքում կամ բուժկանխարգելիչ կազմակերպության աշխատողի մոտ վերջինում աշխատելու ընթացքում:
391. Բուժկանխարգելիչ կազմակերպությունում ներհիվանդանոցային կամ նոզոկոմիալ վարակը հիվանդի կամ հետազոտվողի մոտ բուժսպասարկման (բուժում, ծննդալուծում, հետազոտություններ և այլն) ընթացքում կամ դուրսգրումից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ ստացիոնար ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև բուժանձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդության դրսևորումն է, որը նա ձեռք է բերել մասնագիտական աշխատանքի ընթացքում անկախ հիվանդության ախտանշանների դրսևորման ժամանակից:
392. Կասկածելի դեպք յուրաքանչյուր վարակիչ հիվանդության կլինիկական նկարագրին համապատասխան դեպք:
393. Հավանական դեպք կասկածելի դեպք, որը համաճարակաբանորեն կապված է հաստատված դեպքի հետ:
394. Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
1) Կլինիկական նկարագիր
ա. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` տվյալ վարակիչ հիվանդությունն առաջացնող հարուցիչների անջատում որոշ ախտաբանական նմուշներից:
2) Ներհիվանդանոցային վարակների հարուցիչներ. մանրէներ, այդ թվում՝ պայմանական ախտածին, վիրուսներ, մակաբույծներ և սնկեր: Ներհիվանդանոցային վարակների հարուցիչներ կարող են լինել գրամ բացասական մանրէները (կլեբսիելլաներ, կապտաթարախային ցուպիկ, պրոտեուս, սալմոնելաներ, էնտերոբակտեր, աղիքային ցուպիկ և այլն), գրամ դրական մանրէները (էպիդերմալ և ոսկեգույն ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր), սնկեր (կանդիդա), վիրուսներ (գրիպի, պարագրիպի վիրուսներ, ադենովիրուսներ, ռոտավիրուսներ, էնտերովիրուսներ, հեպատիտ Բ-ի, Ց-ի վիրուսներ և այլն), պնևոմոցիստեր, նախակենդանիներ, ինչպես նաև հարուցիչների զուգորդումներ:
3) Ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական ուղիները` կոնտակտակենցաղային, բերանա-կղանքային, սննդային, օդակաթիլային, արտաընդերային և այլն:
4) Ներհիվանդանոցային (նոզոկոմիալ) վարակներն առաջանում են հատուկ շրջակա միջավայրում` հիվանդանոցում, միկրո և մակրոօրգանիզմների փոխհարաբերության արդյունքում: Գոյություն ունի գործոնների մի խումբ, որն ունակ է ազդել այդ փոխհարաբերության արդյունքի վրա: Դրանք են` էնդոգեն (կապված է բուժօգնության և սպասրկման դիմած անձի (պացիենտի) հետ) և էկզոգեն (կապված է բժշկական օգնություն և սպասրկում իրականացնող կազմակերպության (հիվանդանոցի) հետ): Այս գործոնները կարող են նպաստել հարուցչի ախտածնությանը, կամ խախտել մակրոօրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները:
5) Միկրոօրգանիզմներ. կախված վարակի աղբյուրից նոզոկոմիալ վարակները լինում են էնդոգեն և էկզոգեն: Բոլոր տեսակի նոզոկոմիալ վարակների մոտ 80%-ը ունի էնդոգեն ծագում, այսինքն առաջանում են միկրոօրգանիզմներից, որոնք պացիենտի օրգանիզմում առկա են եղել մինչև հիվանդանոց ընդունվելը:
Հոսպիտալացումից հետո հիվանդանոցի միկրոֆլորան արագ կոլոնիզացնում է պացիենտին: Այսպիսով այն դառնում է կոմենսալ միկրոֆլորայի մի մասը: Հետագա փուլերում որոշակի պայմաններում այս միկրոօրգանիզմները կարող են առաջացնել այսպես կոչված էկզոգեն վարակներ: Այս վարակները համարվում են ավելի հազվադեպ հանդիպող համեմատած էնդոգեն վարակների հետ և դրանց մեծ մասի հարուցիչների փոխանցումը տեղի է ունենում պացիենտի հետ ունեցած անմիջական շփման միջոցով, օրինակ` ձեռքերի միջոցով, չնայած փոխանցման հիմնական ճանապարհը դա կոնտամինացված սարքերն են կամ բժշկական նշանակության գործիքները (առարկաները):
395. Բոլոր նոզոկոմիալ վարակների մոտավորապես կեսը կապված են ինվազիվ ախտորոշիչ և թերապևտիկ միջամտությունների հետ, օրինակ` միզատար ուղիների և ներանոթային կաթեթրների տեղադրում, հիվանդին թոքերի արհեստական շնչառության սարքի միացում և այլն:
396. Մակրոօրգանիզմ
1) Էնդոգեն գործոններ Նոզակամիալ վարակների առաջացման հաճախականության վրա ազդում են սեռը, տարիքը, իմունային կարգավիճակը, կլինիկական ախտանշանները, սննդակարգը, ուղեկցող հիվանդությունների քանակը և ծանրությունը: Նշված գործոններով է որոշվում պացիենտի մոտ վարակի զարգացման ռիսկը հիվանդանոց ընդունվելու պահին:
2) Էկզոգեն գործոններ Դրանք ռիսկի այն գործոններն են, որոնք մեծացնում են վարակիչ գործոնի և մակրոօրգանիզմի շփման հավանականությունը` նպաստելով հյուսվածքների ինվազիային, բարձրացնելով միկրոօրգանիզմի ախտածնությունը կամ խախտել մակրոօրգանիզմի պաշտպանական մեխանիզմները: Բոլոր ինվազիվ միջամտությունները, սկսած ցիտոսկոպիայի ժամանակ միզուղիների կաթեթրի տեղադրումից մինչև բարդ վիրահատական միջամտությունները, համարվում են որպես ռիսկի էկզոգեն գործոններ: Դրանք են` հիվանդանոցի շրջակա միջավայրը, հիվանդանոցի բուժանձնակազմը, բժշկական գործիքները` ներանոթային սարքավորումներ, միզուղիների կաթեթրներ, էնդոտրախեալ խողովակներ, թոքերի արհեստական օդափոխության ապարատ, թերապևտիկ միջամտություններ` հակաբիոտիկների օգտագործում, իմունասուպրեսիվ թերապիա, արյան և արյան փոխարինողների ներարկում, ճառագայթային թերապիա, վիրաբուժական միջամտություններ: Այլ էկզոգեն գործոններ հանդիսանում են բուժական միջամտությունները: Հակամիկրոբային թերապիան, արյան և արյան փոխարինիչների ներարկում, կորտիկոստերոիդներով և ցիտոստատիկներով բուժում:
Գլուխ 26
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ (Բ15-Բ19)
397. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի կլինիկական նկարգրությանը համապատասխանող դեպք
2) Հավանական ընդունված չէ
3) Հաստատված լաբորատոր հաստատված կասկածելի դեպք կամ միայն հեպատիտ Ա-ի համար` կլինիկական նկարագրությանը համապատասխանող դեպք, որը համաճարակաբանական կապ ունի լաբորատոր հաստատված վիրուսային հեպատիտ Ա-ի դեպքի հետ (օրինակ կենցաղային շփում վարակված անձի հետ 15-50 օրվա ընթացքում, մինչև ախտանշանների ի հայտ գալը):
398. Կլինիկական նկարագիր հիվանդությանը բնորոշ է սուր դեղնուկի զարգացումը, ախորժակի վատացումը կամ բացակայությունը, ընդհանուր թուլությունը, շուտ հոգնելը և որովայնի վերին աջ քառորդ հատվածում ցավերի առկայությունը, մեզի գույնի մգացումը, կղանքի անգունացումը:
399. Վաղ մանկական հասակում հեպատիտների շատ դեպքեր, իսկ մեծահասակների մոտ որոշ դեպքեր, ընթանում են անախտանիշ ձևով:
400. Ախտորոշման լաբորատոր չափանիշ - մեզում ուռոբիլինոգենի բարձրացումը, իսկ շիճուկում` ալանին անինոտրանսֆերազայի ակտիվության բարձրացումը (2.5 անգամ բարձր վերին սահմանից):
401. Հեպատիտ Ա - հեպատիտ Ա վիրուսի նկատմամբ Մ դասի հակամարմինների և իմունոգլոբուլինների առկայություն (իմունագլոբուլին Մ հակա -ՀԱՎ (HAV) դրական):
402. Հեպատիտ Բ - հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի ավստրալիական անտիգենի առկայություն, իմունագլոբուլին Մ հակամարմինների առկայություն կորիզային անտիգենի նկատմամբ (իմունագլոբուլին Մ հակա -ՀԲց (Hbc) դրական):
403. Հեպատիտ ոչ Ա ոչ Բ - իմունագլոբուլին Մ հակա-ՀԱՎ (HAV) և իմունագլոբուլին Մ հակա - ավստրալիական անտիգենի բացասական Ա և Բ հեպատիտների նկատմամբ բացասական արդյունքով հիվանդների համար առաջարկվում է հետագա թեսթավորում Ց, Դ, Ե սուր հեպատիտների նկատմամբ: Ավստրալիական անտիգենակրության ժամանակ հաճախ հնարավոր չէ տարբերակել սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն: Երկարատև (6 ամսից ավելի) ՀԲս (HBs) հակածնակրությունը քրոնիկ հիվանդության նշան է:
404. Հեպատիտ Ց - վիրուսային հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունը (հակա- ՀՑՎ (HCV) դրական):
405. Հեպատիտ Դ - ընթանում է միայն որպես հեպատիտ Բ -ի հետ զուգակցված կամ գերվարակ (սուպեր ինֆեկցիա): Ավստրալիական անտիգենակրության դրական կամ (հակա - ՀԲս (HBs) դրական), ինչպես նաև հեպատիտ Դ-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայություն:
406. Հեպատիտ Ե - Իմունագլոբուլին Մ հակամարմնի առկայություն հեպատիտ Ե-ի վիրուսի նկատմամբ` իմունագլոբուլին Մ հակա - ՀԵՎ (HEV) դրական:
Գլուխ 27
ՄԱԼԱՐԻԱ (Բ 50-Բ54)
407. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի |
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք |
2) Հավանական |
Կասկածելի դեպք գումարած համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ |
3) Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք |
Գումարած |
լաբորատոր հետազոտության արդյունքում արյան պատրաստուկներում (հաստ կաթիլ և քսուք) մալարիայի պլազմոդիումների առկայություն, մոլեկուլյար ախտորոշում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառմամբ կամ արագ ախտորոշման իմունոքրոմատոգրաֆիկ տեստի միջոցով: |
408. Դեպքի սահմանում
409. Կլինիկական նկարագիր
1) Մալարիայի ամենաբնորոշ կլինիկական ախտանշանը մալարիային նոպան է` տենդը (նոպայաձև, պարբերաբար կրկնվող), սարսուռը, քրտնարտադրությունը: Հիվանդությունը սկսվում է սուր` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-400՝ հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տենդի նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով մինչև նորմալ ջերմաստիճանի, որից հետո հիվանդի ինքնազգացողությունը կարող է լինել բավարար: Նոպայի ժամանակ դիտվում է դեմքի արյունալեցում (հիպերեմիա), սկլերաների անոթների լայնացում, տաք չոր մաշկ,
2) 2 - 3 նոպայից հետո ի հայտ է գալիս`
1) մաշկային ծածկույթի գունատություն կամ դեղնություն
2) լյարդի և փայծաղի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա)
3) Հիվանդությանը բնորոշ են նաև ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխացավ և այլն: Հիվանդության ընթացքը մալարիայի տարբեր ձևերի ժամանակ ունի իր առանձնահատկությունները, որոնք առավել կարևոր են արևադարձային մալարիայով հիվանդանալիս:
4) Չախտորոշված և չբուժված արևադարձային մալարիայի դեպքում կարող է առաջանալ մալարիային կոմա, համընդհանուր ջղաձգություններ, սակավարյունություն, ջրաաղային փոխանակության խանգարումներ, երիկամների գործունեության խանգարում, հիպերգլիկեմիա, հեմոգլոբինուրիա, թոքերի և ուղեղի այտուց, որոնք կարող են նաև բերել մահվան:
5) Երեխաների մալարիա` մալարիային նոպայի կլինիկական պատկերը արտահայտված չէ: Իմուն կանանցից ծնված մինչև 6 ամսական երեխաները օժտված են պասիվ իմունիտետով և մալարիային բնորոշ ախտանշանները նրանց մոտ կարող են բացակայել: Այս երեխաների մոտ հիվանդության կլինիկական արտահայտումը արձանագրվում է 6 ամսականից մինչև 3 տարեկանը, երբ մայրական հակամարմինները արդեն վերացել են, իսկ սեփական իմունիտետը դեռ չի ձևավորվել: Ոչ իմուն երեխաների մոտ առաջնային մալարիային նոպաները բավականին ձևավորված են:
6) Շիզոնտային մալարիա` բացի բնական ձեռք բերած սպորոզոիտային մալարիայից տարբերում են նաև արհեստականորեն առաջացած շիզոնտային մալարիա: Տարբերում են հեմոտրանսֆուզիոն (արյան փոխներարկումային) և ներարկումային (ներհիվանդանոցային վարակ, թմրամոլների վարակում), ինչպես նաև ակցիդենտ մալարիա (բուժաշխատողների մասնագիտական վարակում):
7) Բնածին մալարիա՝ պտղի մալարիային վարակ, որը նա ստացել է մորից ներարգանդային զարգացման շրջանում (տրանսպլացենտար` ընկերքի միջոցով ուղղաձիգ փոխանցում) կամ ծննդաբերության փուլում, եթե տեղի է ունենում ախտահարված մայրական էրիթրոցիտների անցում պտղի արյուն:
8) Անախտանիշ մակաբուծէմիա՝ այն հիվանդի մոտ ժամանակագրական առումով վերջին շրջանում տարած սուր վարակի հետևանք է, նրա վերջնական (տերմինալ) փուլը:
Գլուխ 28
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
410. Սննդային թունավորում - սուր ոչ կոնտագիոզ բազմապատճառագիտական հիվանդություն է, որն առաջանում է զանգվածային քանակությամբ ախտածին և պայմանական ախտածին մանրէներով և/կամ դրանց թույներով, կամ մարդու օրգանիզմում ախտաբանական պատասխան առաջացնող ոչ մանրէային ծագման թունավոր նյութերով, կամ քիմիական միացություններով աղտոտված սննդամթերքի օգտագործման հետևանքով:
Գլուխ 29
ՄԱՆՐԷԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ (Ա05 -Ա05.9)
411. Բոտուլիզմ
412. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք (բոտուլիզմի դեպքը հաստատվում է նաև միայն կլինիկական նկարագրի հիման վրա, երբ նշվում է հիվանդի կողմից կասկածելի սննդամթերքի օգտագործման փաստը):
413. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, պտոզ, միդրիազ, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:
414. Ախտորոշման լաբորատոր չափանիշները
415. Հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում բոտուլոթույնի լաբորատոր հայտնաբերում:
416. Ստաֆիլոկոկային սննդային թունավորում
417. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
418. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 2-6 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, բազմակի փսխումներ, կտրուկ, կծկանքային ցավեր որովայնի շրջանում, լուծ (60-70% դեպքերում), գլխապտույտ, ընդհանուր թուլություն, սառը քրտինք, հնարավոր է գիտակցության կորուստ:
419. Ախտորոշման լաբորատոր չափանիշները հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում ոսկեգույն ստաֆիլակոկի էնտերաթույնի լաբորատոր հայտնաբերում:
420. Սննդային թունավորում առաջացած կլոստրիդիում պերֆրինգենսից (Կլոստրիդիում պերֆրինգենս (Կլոստրիդիում Վելչիի) (Clostridium perfringens (Clostridium welchii))
421. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
422. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 5-22 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են ցավեր և կծկանքներ որովայնի շրջանում, բազմակի գարշահոտով, բրնձի եփուկի նման լուծ, սրտխառնոց, փքվածություն:
423. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում Կլոստրիդիում պերֆրինգենս հարուցչի և դրա թույնի լաբորատոր հայտնաբերում:
424. Սննդային թունավորում առաջացած վիբրիո պարահեմոլիտիկուսից (Վիբրիո պարահեմոլիտիկուս (Vibrio parahaemolyticus))
425. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
426. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 6-24 ժամ է: Բնորոշ է հիվանդության սուր սկիզբը: Կլինիկական հիմնական ախտանշաններն են ենթատենդային ջերմություն, տենդ, դող, սարսուռ, սրտխառնոց, փսխում 1-3 անգամ, ցավ որովայնի շրջանում, հաճախակի ջրային լուծ:
427. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի կենսանմուշում և օգտագործած սննդամթերքում Վիբրիո պարահեմոլիտիկուս հարուցչի և դրա թույնի լաբորատոր հայտնաբերում:
428. Սննդային թունավորում առաջացած բացիլուս ցեռեուսից (Բացիլուս ցեռեուս (Bacillus cereus))
429. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
430. Կլինիկական նկարագիր` հիվանդության գաղտնի շրջանը 4-16 ժամ է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոց, կծկանքային ցավեր որովայնի շրջանում, բազմակի լուծ, հազվադեպ արյուն կղանքում:
431. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
432. Հիվանդի կենսանմուշներում և օգտագործած սննդամթերքում Բացիլուս ցեռեուս հարուցչի նույն շճատիպի լաբորատոր հայտնաբերում:
433. Միկոթունավորումներ, աֆլաթունավորումներ
434. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
435. Կլինիկական նկարագիր
436. Սուր աֆլաթունավորման կլինիկական ախտանշաններն են փսխումը, տենդը, դեղնությունը` 98% և ենթասուր ընթացքով ասցիդը (74% դեպքերում), լյարդի մեծացումը:
437. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
438. Արյան շիճուկում բարձրանում է անուղղակի բիլիռուբինի մակարդակը և հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը:
439. Ֆուզարիոթունավորումներ
440. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
441. Կլինիկական նկարագիր - Ֆուզարիաթունավորման կլինիկական ախտանշաններն են` գինգիվիտները, ստոմատիտները, գլոսիտները, հազվադեպ սրտխառնոց, փսխումով, գլխացավով, գլխապտույտով` ուղեկցվող գաստրոէնտերիտները: Հիվանդությունը տևում է 3-5 օր: Աղտոտված սննդամթերքի երկարատև օգտագործման դեպքում հիվանդությունն ուղեկցվում է հեմոռագիկ դիաթեզով, քթային, լնդային արյունահոսություններով, բկանցքի և ըմպանի նեկրոզով (անգինոզ համախտանիշ):
442. Ֆուզարիում գրամինարումով (Fusarium graminearum) արտադրվող տրիխոտեցենային միկոթույներով առաջացող ֆուզարիաթունավորումների դեպքում աղտոտված մթերքն օգտագործելուց մեկ ժամ հետո առաջանում են ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, լուծ, գլխապտույտ, գլխացավ:
443. Եղջերասնկով (էրգոտիզմ) թունավորումը կարող է ընթանալ կոնվուլսիվ և գանգրենոզ կլինիկական ձևերով:
1) Գանգրենոզ ձևի հիմնական ախտանշաններն են` վերջույթներում սուր ցավերը, այրոցի զգացումը, ընդհանուր թուլության և քնկոտության ֆոնի վրա չոր գանգրենայի զարգացումը: Ծանր դեպքերում տեղի է ունենում փափուկ հյուսվածքների, երբեմն հոդային միացումների վայրում ամբողջ վերջույթների (հաճախ ստորին) օտարում:
2) Կոնվուլսիվ ձևի ժամանակ գերակշռում է ցնցումային համախտանիշը, զարգանում են վերջույթների սպաստիկ ջղաձգումներ: Հիվանդությունը սկսվում է սուր, ախորժակի անկմամբ, մարմնում ջարդվածության զգացումով, գաստրոէնտերիտներով: Թունավորման ախտանշանները նոպայաձև բնույթ են կրում:
444. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ լեյկոպենիա, ալեյկիա, բկանցքի և ըմպանի նեկրոզ
445. Ոչ մանրէային ծագման սննդային թունավորումներ (Տ61-61.9; Տ62-62.9)
446. Բարձրակարգ սնկերի օգտագործումից առաջացած սննդային թունավորումներ
447. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
448. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդի արյան կենսաքիմիական չափանիշները` ալանին ամինա տրանսֆերազա, ասպարտատ ամինա տրանսֆերազա, բիլիռուբին, խոլեստերին, պրոթրոմբին, միզաթթու:
449. Կլինիկական նկարագիր - Հիվանդության գաղտնի շրջանը 15 րոպեից մինչև 72 ժամ է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուտինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդ, դեղնուկ, լյարդային կոմա, օլիգուրիա:
450. Ծանր մետաղներից առաջացած սննդային թունավորումներ
451. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
452. Կլինիկական նկարագիր - Ծանր մետաղներով թունավորման դեպքում կլինիկական հիմնական ախտանշաններն են` մետաղական համի զգացողություն, սրտխառնոց, կլման ժամանակ կերակրափողում և էպիգաստրալ շրջանում ցավեր, լուծ, էնտերալ արյունահոսություններ: Ծանր մետաղներով թունավորումներին հաճախ բնորոշ են նեֆրոպաթիան և հեպատոպաթիան:
453. Կապարով թունավորման հիմնական ախտանշաններն են` էնցեֆալոպաթիան լնդերի գորշ երիզով ստոմատիտը, որը ուղեկցվում է բերանի խոռոչի ցավերով, թքահոսությամբ, խոցոտմամբ, ենթածնոտային գեղձերի մեծացումով, կոլիտը (կատարալ, խոցանեկրոտիկ):
454. Սնդիկով թունավորման հիմնական ախտանշաններն են` պոլինևրիտը, էնցեֆալոպաթիան, երիկամների ֆունկցիայի խանգարումը, լնդերի գորշ երիզով ստոմատիտը, որը ուղեկցվում է բերանի խոռոչի ցավերով, թքահոսությամբ, խոցոտմամբ, ենթածնոտային գեղձերի մեծացումով, կոլիտով (կատարալ, խոցանեկրոտիկ):
455. Պղնձով թունավորման հիմնական ախտանշաններն են` փսխման ջրերի բաց կապտականաչ գույնը, որոշ հիվանդների մոտ նաև թունավոր էնցեֆալոպաթիան` էյֆորիա, կոմա, զարկերակային ճնշման բարձրացում, հաջորդիվ` իջեցում, հևոց, ցիանոզ, տեսողության թուլացում, երկտեսություն, թունավոր կամ էպիլեպտիկ ցնցումներ: Մարսողական համակարգի լայնածավալ այրվածքների դեպքում կարող է զարգանալ թունավոր շոկ:
456. Կադմիումով թունավորման տարբերակիչ ախտանշաններն են` երիկամների ֆունկցիայի խանգարումները, օստեոպորոզը:
457. Արսենով թունավորման տարբերակիչ ախտանշան է` հիպերկերատոզը: Ախտանշանների արտահայտվածությունը կապված է ծանր մետաղների չափաքանակի մեծությունից, օրգանիզմի վիճակից, հիվանդության աստիճանից, թունավորման տևողությունից:
458. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ
459. Սննդամթերքում ծանր մետաղների թույլատրելի մակարդակից բարձր պարունակությունը:
460. Տուժածների կենսամիջավայրում (մեզ, արյուն) ծանր մետաղների բարձր պարունակությունը:
461. Նիտրատներից և նիտրիտներից առաջացած սննդային թունավորումներ
462. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
463. Կլինիկական նկարագիր
1) Նիտրատների ջրով ներթափանցման դեպքում գաղտնի շրջանի տևողությունը 1-1,5 ժամ է, իսկ սննդամթերքով ներթափանցման դեպքում` 4-6 ժամ: Օրգանիզմ ներաթափանցելիս նիտրատների մի մասը վերականգնվում են և վերածվում նիտրիտների, վերջիններս էլ առավել թունավոր են:
2) Թունավորման կլինիկական ախտանշաններն են շրթունքների, լորձաթաղանթների, եղունգների, դեմքի ցիանոզը: Ստամոքս-աղիքային ուղու խանգարումները` սրտխառնոցը, թքահոսությունը, ցավեր էպիգաստրալ շրջանում, փսխումը և լուծը: Կղանքում փոփոխված (շոկոլադի) գույնի խառնուրդների առկայությունը: Լյարդը մեծացած է, ցավոտ, դիտվում է սկլերաների ենթադեղնություն: Թունավորման կլինիկական պատկերին բնորոշ են նաև նյարդային համակարգի կողմից առաջացած ախտանշանները` ընդհանուր թուլություն, ծոծրակի շրջանում գլխացավեր, քնկոտություն, սակավաշարժություն (երեխաների մոտ անհանգիստ վիճակ), գլխապտույտ, մթագնում, շարժումների կոորդինացիայի խանգարումներ, ծանր դեպքերում հնարավոր է ջղաձգումային կծկումներ և մկանների բարձր կարկամություն, գիտակցության կորուստ, կոմատոզ վիճակ:
Նիտրիտների անոթալայնիչ հատկության հետևանքով նկատվում է զարկերակային ճնշման անկում, հյուսվածքների թթվածնային քաղց, անոթազարկը անհավասար է, թույլ լսվող, վերջույթները սառն են, կարող է դիտվել սինուսային առիթմիա: Հիվանդները գանգատվում են ցավերից կրծքավանդակում, երբեմն հևոցից: Նյութափոխանակությունն ուժեղացած է, արյան թթվածնային ծավալը` իջած: Վերջինս մնում է ցածր նաև մեթհեմոգլոբինի մակարդակի նորմային վերադառնալուց հետո:
464. Ախտորոշման լաբորատոր չափանիշներ` հիվանդների կողմից օգտագործած սննդամթերքում, ջրում, խմիչքներում նիտրատների և նիտրիտների թույլատրելի մակարդակից համեմատ բարձր պարունակությունը:
465. Մեթհեմոգլոբինեմիա` արյան մեջ մեթհեմոգլոբինի դարչնագույն և վերականգնված հեմոգլոբինի մանուշակագույն ու կարմրակապտավուն երանգների համադրության արդյունքում արյանը շոկոլադագորշ երանգ:
466. Մեզում, արյան մեջ նիտրատ իոնի 10մգ%-ից բարձր պարունակություն:
467. Ծովային սննդամթերքի մեջ պարունակող թունյութերից (կենսածին ամիններից) առաջացած սննդային թունավորումներ
468. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի` կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
2) Հավանական` համաճարակաբանորեն կապված կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
3) Հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք
469. Կլինիկական նկարագիր` կենսածին ամինները ցածրամոլեկուլյար օրգանական միացություններ են, որոնք առաջանում են պատրաստի սպիտակուցային մթերքում պրոտեոլիտիկ ակտիվ մանրէների կենսագործունեության արդյունքում: Սուր սննդային թունավորումների առաջացման առումով մեծ նշանակություն ունի կենսածին ամիններից` հիստամինը:
470. Հիստամինն առաջանում է աուտոլիտիկ և մանրէային պրոտեոլիզի արդյունքում ձկնամսի սպիտակուցից անջատվող հիստիդինից: Հիստամինային թունավորման հիմնական ախտանշաններն առաջանում են թունավոր չափաքանակի ընդունումից 30 րոպե 2,5 ժամ հետո:
471. Թունավորումն արտահայտվում է սննդային ալերգիային բնորոշ ախտանշաններով. արտահայտվում է մաշկային (դեմքի կարմրություն, ցանավորում, եղնջացան, լորձաթաղանթի այտուց, տեղային բորբոքումներ, ստամոքսաղիքային (սրտխառնոց, փսխում, լուծ), հեմոդինամիկ (հիպոթենզիա) և նևրալգիկ (գլխացավ, սրտխփոց, քոր, այրոց) ձևերով: Կարող են լինել նաև լեզվի այտուց, գլխապտույտ և ասթմատիկ նոպաներ: Այլ սննդային թունավորումներից հիստամինով թունավորման նույնականացման նպատակով օգտագործվում են հետևյալ սուր ախտանշանները` ցանը, եղնջացանը և զարկերակային ճնշման անկումը:
ԲԱԺԻՆ II
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔԻ, ԵՐԵՎՈՒՅԹԻ
472. Ճառագայթային գործոնով պայմանավորված
1) Ճառագայթահարման դետերմինացված էֆեկտներ` ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող և կլինիկորեն հայտնաբերվող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնց նկատմամբ ենթադրվում է ճառագայթման դոզայի շեմային արժեքի առկայություն, այսինքն դոզայի այնպիսի արժեքի, որից ցածրի դեպքում էֆեկտը բացակայում է, իսկ բարձրի դեպքում` էֆեկտի ծանրությունը կախված է դոզայի մեծությունից.
2) Դետերմինացված էֆեկտները լինում են վաղ արտահայտվող` ճառագայթային դերմատիտ (այրվածք), սուր ճառագայթային հիվանդություն (այսուհետ` ՍՃՀ) և ճառագայթային կատարակտա և ուշ արտահայտվող` տեռատոգեն փոփոխություններ: Վերջինիս կապը ճառագայթահարման հետ ապացուցելը երբեմն դժվարանում է, ուստի անհրաժեշտ է իրականացնել համաճարակաբանական հետազոտություն: Ճառագայթային մաշկաբորբերը (այրվածքները) պայմանավորված են ճառագայթահարման դոզայով (3-ից մինչև 25 և ավելի գրեյ) և տևողությունով (14-ից մինչև 30 օր և ավելի), կարող են արտահայտվել էրիթեմայի, էպիլյացիայի, չոր և խոնավ դեսկվամացիայի, բշտերի, խոցերի և նեկրոզի տեսքով:
3) Սուր ճառագայթային հիվանդություն (այսուհետ` ՍՃՀ) կլինիկական համախտանիշների համակցություն է` որոնք ճառագայթահարման դոզայի հզորությամբ պայմանավորված, ի հայտ են գալիս փուլ առ փուլ` մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ ժամանակաընթացքում: Սուր ճառագայթային հիվանդությունը դրսևորվում է արյունաբանական, աղեստամոքսային, մաշկային և նյարդաանոթային համախտանիշներով: ՍՃՀ-ի ընթացքի փուլերն են` սկզբնական կամ նախանշանային, թաքնված, հիվանդության բացահայտման և ապաքինման: Վերջիններն ուղղակիորեն պայմանավորված են ճառագայթահարման արդյունքում տարբեր օրգաններում և հյուսվածքներում ախտաբանական փոփոխությունների զարգացմամբ:
4) Ճառագայթահարման ստոխաստիկ (հավանական) էֆեկտներ` ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնք չունեն դոզայի շեմքային արժեք, դրանց առաջացման հավանականությունը համեմատական է դոզայի մեծությանը, իսկ դրսևորվող ծանրության աստիճանը կախված չէ դոզայի մեծությունից: Արդյունքում առաջանում են չարորակ նորագոյացություններ (քաղցկեղ, լեյկոզ), որոնց առաջացման լատենտ ժամանակահատվածը կարող է լինել 2-ից մինչև 10 տարի, պայմանավորված է մարդու ճառագայթահարման պահին նրա տարիքով, և գենետիկ փոփոխություններ (քրոմոսոմային աբբերացիաներ, ժառանգական հիվանդություններ):
473. Քիմիական գործոնով պայմանավորված
1) Սուր մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի միանվագ (մեկ աշխատանքային հերթափոխի ընթացքում) ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն,
2) Քրոնիկ մասնագիտական հիվանդություն (թունավորում)` վնասակար արտադրական գործոնի բազմակի և երկարատև ազդեցության արդյունքում առաջացած հիվանդություն:
3) Թունավորվել կարելի է նաև կենցաղում, օրինակ` լվացող կոսմետիկ և այլ միջոցների վնասակար ազդեցության արդյունքում:
4) Թունավորման ախտանշանները կախված են օրգանիզմ ներթափանցած քիմիական նյութի տեսակից և քանակությունից և տվյալ անհատի առողջական վիճակից: Ցածր տոքսիգենությամբ որոշ քիմիական նյութեր առաջացնում են առողջական վիճակի այս կամ այն խանգարումները` կախված դրանց երկարատև ազդեցությունից կամ օրգանիզմ մեծ քանակությամբ կրկնակի ներթափանցումից:
474. Առկա են մի շարք քիմիական նյութեր, որոնց նույնիսկ մեկ կաթիլի ազդեցությումը մաշկի վրա կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
475. Թունավորման ախտանշանները կարող են լինել`
1) Աննշան (քոր, բերանում չորության զգացում, տեսողության խանգարումներ և այլն) կամ
2) Վտանգավոր (խոր քուն հիշեցնող կոմատոզ վիճակ, ցավ ստամոքսի շրջանում, փսխում, սրտի ռիթմի խանգարում, սրտի թույլ աշխատանք, դժվարացած շնչառություն, արտահայտված գրգռված վիճակ և այլն):
476. Մի շարք քիմիական նյութեր սկսում են ազդել օրգանիզմ ներթափանցելուց նույնիսկ մի քանի վայրկյան հետո, այն ժամանակ երբ դրանցից մի քանիսը կարող են ազդել մի քանի ժամ կամ օր հետո:
477. Թունավորումներն անհրաժեշտ է տարբերակել մի շարք հիվանդություններից և վիճակներից, օրինակ` սուր փսիխոզ, սուր երիկամային կամ լյարդային անբավարարություն, դողէրոցք և այլն:
478. Բացի վերը նշվածից հիվանդը կարող է և չիմանալ թունավոր քիմիական նյութի ազդեցության մասին, որն ավելի հաճախ դիտվում է անընդհատ կամ թաքնված թունավորմների ժամանակ:
479. Յուրաքանչյուր թունավորման դեպքում հատկապես կարևոր է քիմիական նյութ կամ քիմիական գործոնի պարզաբանումը, քանի որ անհետաձգելի կամ մասնագիտացված բժշկական օգնությունը կախված է դրանց տեսակից: