Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-986
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1278
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 օգոստոսի 2011 թ.


1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1994 թվականի մարտի 15-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` պայմանագրով ու զինակոչով համալրման և զինվորական ծառայության անցման կարգը կանոնակարգելու նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը` Արձանագրությունը, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայության անցնելիս զինծառայողների ստանձնած պարտավորությունները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքեր ՀՀ քաղաքացիներին զինակոչելու և պայմանագրով զինվորական ծառայության ընդունելու համար և խոչընդոտներ չստեղծել նրանց համար,

 փոխհատուցել ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողների կողմից ոչ ծառայողական պարտականությունները կատարելիս գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասը,

 ապահովել, որպեսզի ՀՀ համապատասխան իրավասու մարմինները, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրականացնեն Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայություն անցնող ՀՀ քաղաքացի զինծառայողների ապահովագրությունը, կենսաթոշակային և արտոնյալ ապահովագրությունը, ինչպես նաև նրանց բնակարանային ապահովումը:

4. Համաձայնագրով սահմանված են նաև համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող հարցերի լուծման կարգը, համաձայնագրի կնքման, վավերացման, ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

5. Համաձայնագրով սահմանված է, որ համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ենթակա է վավերացման: Համաձայնագիրն ստորագրվել է մինչև 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, երբ միջազգային պայմանագրի կիրառումը մինչև վավերացումը թույլատրելի էր ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով: Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանն իրականացնում է միջազգային պայմանագրերի նախնական սահմանադրական վերահսկողություն` խնդիր ունենալով կանխելու Հայաստանի Հանրապետության համար հակասահմանադրական պարտավորությունների ստանձնումը, ուստի սույն համաձայնագրով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը գնահատվել է այդ շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 օգոստոսի 2011 թ.
ՍԴՈ-986

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան