ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2011 թվականի N 1190-Ն
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. օգոստոսի 23
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված |
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
1. Սույն սահմանափակումների սահմանման նպատակը կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացիան և ռիսկերի նվազեցումներն ապահովելն է:
2. Սույն փաստաթղթում կիրառվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով: Սույն փաստաթղթի իմաստով արտասահմանյան պետություններ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետությունները:
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 50 տոկոսը:
4. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող որևէ մեկ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 15 տոկոսը:
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
5. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, պահպանելով սույն սահմանափակումների 3-րդ և 4-րդ կետերը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածում նշված ներդրումները կարող են իրականացնել միայն հետևյալ առավելագույն սահմանաչափերով`
1) բանկային հաշիվներում և ավանդներում (ներառյալ բանկում միջոցների ավանդադրումը հավաստող արժեթղթերում) կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50 տոկոսը: Միևնույն ժամանակ մեկ բանկում, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փոխկապակցված ճանաչված բանկերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, արտասահմանյան պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 60 տոկոսը, ընդ որում, եթե այդ ներդրումները կազմում են տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 30 տոկոսից ավելի, ապա դրանք պետք է ներդրված լինեն առնվազն 3 տարբեր թողարկումներում (տրանշերում) և յուրաքանչյուր թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների 20 տոկոսը.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների, արտասահմանյան պետության տեղական կառավարման մարմնի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 30 տոկոսը.
4) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արժեթղթավորման հիմնադրամների կողմից թողարկված արժեթղթերում ներդրումներ կարող են իրականացվել միայն հիփոթեքային վարկով ապահովված արժեթղթերում: Նշված ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը: Բանկերի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող այլ վարկային կազմակերպությունների կողմից «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 30 տոկոսը: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալի համար նախատեսված սահմանափակումները տարածվում են նաև օտարերկրյա բանկերի թողարկած պարտքային արժեթղթերի վրա, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`
ա. այդ պարտքային արժեթղթերի վավերության ամբողջ ժամանակահատվածի համար հանդիսանում են բավարար ապահովություն (ծածկույթ) դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար, և`
բ. թողարկող բանկի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար.
5) Հայաստանի Հանրապետության, արտասահմանյան պետության կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնային արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 60 տոկոսը.
6) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում մեկ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կողմից կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն այդ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի ընդհանուր ծավալի 10 տոկոսը` բաժնետոմսերի համար, և 60 տոկոսը` պարտատոմսերի համար.
7) ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25 տոկոսը: Ընդ որում, ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը, եթե դրանք չեն հանդիսանում`
ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բաց, հրապարակային, ստանդարտ, տարատեսականացված ներդրումային ֆոնդ,
բ. արտասահմանյան պետության կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող բաց և հրապարակային ներդրումային ֆոնդ, որի կանոնների (կանոնադրության) համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը պետք է ներդրվի միայն բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ թույլատրվող արժեթղթերում կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրացվելի ակտիվներում.
8) միևնույն ներդրումային ֆոնդում կամ միևնույն կառավարչի կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերում կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ մասի համաձայն փոխկապակցված համարվող կառավարիչների ներդրումային ֆոնդերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 20 տոկոսը.
9) մեկ թողարկողի արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 15 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:
6. Նույն արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 20 տոկոսը:
7. Արտասահմանյան պետություններում կատարվող ներդրումների դեպքում կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`
1) պարտքային արժեթղթերը պետք է ունենան Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ-», Մուդիզ Ինվեստորս Սերվիսի «Բաա3» կամ Ֆիթչ Րեյթինգի «ԲԲԲ-» վարկանիշից ոչ ցածր վարկանիշ` բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված արժեթղթերի.
2) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդրումային վարկանիշ ունեցող արժեթղթերում ներդրումները չպետք է գերազանցեն կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25 տոկոսը.
3) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդրումային վարկանիշ չունեցող արժեթղթերում ներդրումները չպետք է գերազանցեն կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը:
8. Ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի կողմից թողարկված արժեթղթերի, այդ թվում` ապահովված հիփոթեքային պարտատոմսերի, ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ գործիքների ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 25 տոկոսը:
9. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բաժնային արժեթղթերում և ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 60 տոկոսը: Սույն կետի իմաստով բաժնային արժեթղթերը և ներդրումային ֆոնդերի փայերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի արժեթղթերը, որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում կամ դրանց հեջավորման նպատակով ածանցյալ գործիքներում:
10. Հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքները ներառվում են սույն հավելվածի 3-7-րդ կետերով նախատեսված սահմանաչափերի մեջ, ընդ որում, մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել 10 տոկոսը` եթե ֆոնդի հետ կնքվող գործարքի կողմը բանկ է, և 5 տոկոս` եթե ֆոնդի հետ կնքվող գործարքի կողմն այլ ֆինանսական կազմակերպություն է: Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված բոլոր ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքը:
11. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումների հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի ներդրումային պորտֆելում ներառված ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը:
12. Սույն հավելվածով նախատեսված քանակական սահմանափակումները տարածվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի համաձայն կամավոր կենսաթոշակային ֆոնդ կառավարելու թույլտվություն ստացած կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդին առաջին կուտակային վճարը կատարելու օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |