«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 533-Ն
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13, 14, 18-րդ կետերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվությունների ձևերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 3-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային և տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց, երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 27.03.08 N 282-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)
2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։
3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:
4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`
ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,
բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,
գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:
5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,
բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:
(5-րդ կետը խմբ. 27.03.08 N 282-Ն)
6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`
ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,
բ) սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:
(6-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն)
7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:
8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:
9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ, հաշմանդամ և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, 10.06.11 N 818-Ն)
10. Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք (բացառությամբ Երևան քաղաքի թաղային համայնքների) մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:
11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:
12. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:
Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:
12.1. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:
(12.1 կետը լրաց. 10.06.11 N 818-Ն)
13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:
II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
(Վերնագիրը խմբ. 27.03.08 N 282-Ն)
14. Գործակալությունը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին։
(14-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`
ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.
բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային կենտրոնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:
16. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:
17. Գործակալությունն իր իրավասության սահմաններում, տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
18. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:
(18-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
19. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:
Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:
20. Ուսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում գործակալություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):
(20-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
21. Գործակալությունը սույն կարգի 20-րդ կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:
(21-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)
22. Նախարարությունը մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:
Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:
(22-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, 10.06.11 N 818-Ն)
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
23. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է գործակալություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:
24. Գործակալությունը կազմակերպության հետ նախնական քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նախարարություն է ներկայացնում առաջարկություն քննարկում կազմակերպելու և պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը գործակալությունը տրամադրում է տարածքային կենտրոնին:
(24-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
25. Տարածքային կենտրոնը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:
26. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:
IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
27. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված մասնագիտական ուսուցման ծրագրերի ֆինանսավորման համար կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն:
(27-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)
28. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին:
(28-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
29. Գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ավարտված և իրականացման ընթացքում
գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին ամփոփ հաշվետվություն:
(29-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2014, N 479-Ն | 31.05.2014, N 533-Ն | |
10.06.2011, N 818-Ն | 09.07.2011, N 533-Ն | |
27.03.2008, N 282-Ն | 10.04.2008, N 533-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|