ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 517-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամում:
3. Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կարեն Լևիկի Հակոբյանին:
4. Հաստատել`
1) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին հատկացնել մեկ մլն դրամ` որպես գույքային ներդրում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 4
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 517-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է բնապահպանական, սոցիալական, գիտական, հրատարակչական, դաստիարակչական, բարեգործական և սույն կանոնադրությամբ սահմանված նպատակները:
2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:
3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
4. Հիմնադրամի պաշտոնական անվանումն է`
1) հայերեն լրիվ` Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ.
2) անգլերեն լրիվ` Foundation for Lake Sevan Recovery, Preservation and Development.
3) ռուսերեն լրիվ` Фонд восстановления, сохранения и развития озера Севан:
5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
6. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
7. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
8. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
9. Հիմնադրամի պաշտոնական լեզուն հայերենն է: Հիմնադրամի կողմից պաշտոնապես կարող են օգտագործվել անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև այլ օտար լեզուներ` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
10. Հիմնադրամն ունի իր անվանմամբ հայերենով, անգլերենով և ռուսերենով կլոր կնիք: Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը նշումներ է պարունակում հիմնադրամի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների համարների և հասցեների մասին: Հիմնադրամի կնիքը և ձևաթուղթը հիմնադրամի մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում օգտագործվում են հիմնադրամից ելնող` երրորդ անձանց ուղղված փաստաթղթերի ձևակերպման և վավերացման համար:
11. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
12. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Ստացված միջոցները տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից, ուղղվում են միայն իր կանոնադրական նպատակների իրականացմանը:
13. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար:
14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
15. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն: Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հաշվետվություն հրապարակել իր գործունեության մասին, և հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում` դրա մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
16. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
17. Հիմնադրամի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը, ջրի մաքրության ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը:
18. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
19. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, միջազգային բնապահպանական կազմակերպությունները, Հայաստանի և սփյուռքի բարեգործները, Սևանի խնդիրներով զբաղվող առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են մասնակցել հիմնադրամի գործունեությանը` կամավոր նվիրաբերություններ կատարելով, գույքն անհատույց օգտագործման հանձնելով, ինչպես նաև հիմնադրամի գործունեության իրականացման ժամանակ կամավոր աշխատանքներ կատարելով:
21. Հիմնադրամը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար գործող օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ.
4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
5) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոց.
6) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:
22. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
5) ապահովել նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.
6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
23. Սույն կանոնադրության 27-րդ կետով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
24. Հիմնադրամը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրամին որպես սկզբնական միջոց հիմնադիրների կողմից հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
25. Հիմնադրամի միջոցների ձևավորման աղբյուրներն են`
1) հիմնադրամի հիմնադիրների ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կամավոր նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
4) հանգանակությունները.
5) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
26. Հիմնադրամի կողմից ստեղծված կամ ձեռք բերված կամ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հիմնադրամին ի սեփականություն հանձնած գույքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ փոխանցված իրավունքները հիմնադրամի սեփականությունն են:
27. Հիմնադրամի հիմնադիրների և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներդրումները և նվիրաբերությունները կարող են կատարվել ինչպես դրամական և գույքային տեսքով (այդ թվում` սարքավորումներ, շենքեր, շինություններ, մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), այնպես էլ գույքի նկատմամբ գույքային իրավունքների տեսքով:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
28. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
2) հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը:
29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 19 անդամից: Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
30. Խորհրդի առաջին կազմը ձևավորվում է հիմնադրամի հիմնադրի որոշմամբ, և անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող օրվանից: Հետագայում խորհուրդը ձևավորվում կամ համալրվում է սույն կանոնադրության 34-րդ կետով սահմանված կարգով:
31. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
32. Խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել ելնելով հիմնադրամի շահերից:
33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`
1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4 -ով.
3) եթե դադարել են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
5) նրա մահվան դեպքում.
6) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.
7) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը:
34. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված կարգով նոր անդամ չի նշանակվել, ապա խորհուրդը երկամսյա ժամկետում ընդունում է որոշում հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի նվազեցման և սույն կանոնադրությունը փոփոխելու մասին:
35. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.
3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
8) խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
12) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ տնօրենի հաշվետվությունների լսումը.
13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
15) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.
16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
17) հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց աշխատանքի վարձատրության մասին որոշումների ընդունումը.
18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
36. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից, այն ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
37. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
38. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
39. Խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ հիմնադրամի վերակազմակերպման դեպքում որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
40. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկության չի մասնակցում:
41. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
42. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր` սույն կանոնադրության 35-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված` հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և սույն կանոնադրության 35-րդ կետի 2-րդ, 3-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ խորհրդին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
4) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` սույն կանոնադրության 33-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում:
43. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
44. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:
45. Գործադիր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:
46. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:
47. Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված մեկ այլ անձ: Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
48. Գործադիր տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոն գբաղեցնել միայն Խորհրդի համաձայնությամբ:
49. Գործադիր տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր և կնքում հիմնադրամի անունից գործարքներ.
4) սահմանված կարգով կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
5) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները.
6) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.
7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
8) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ հիմնադրամի խորհրդի որոշումների կատարման ուղղությամբ.
9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
50. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող են կատարել ինչպես հիմնադրամի հիմնադիրը, այնպես էլ հիմնադրամի խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:
51. Եթե կանոնադրության պահպանումն անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, կամ կանոնադրությունը չի փոփոխում նրա իրավասություն ունեցող մարմինը կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրների կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
52. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել այլ հիմնադրամի միացման կամ միաձուլման ձևով: Վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
53. Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք ունի միայն դատարանը` ցանկացած շահագրգիռ անձի (այդ թվում` հիմնադրամի) դիմումի համաձայն: Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները: Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
54. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
1) հիմնադրամի գույքը բավարար չէ իր գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքները և ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
55. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է նրա կանոնադրական նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
56. Հիմնադրամի գործունեության դադարման (վերակազմակերպման արդյունքում) դեպքում հիմնադրամի բոլոր փաստաթղթերը (կառավարչական, ֆինանսատնտեսական, աշխատակազմի վերաբերյալ և այլն) փոխանցվում են իրավահաջորդ կազմակերպությանը:
57. Հիմնադրամի լուծարման դեպքում պահպանման ենթակա փաստաթղթերը հանձնվում են պետական արխիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
58. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելու դեպքում համարվում է վերակազմակերպված` նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
59. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս համարվում է վերակազմակերպված` հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցում կատարելու պահից:
60. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած` դրա մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 517-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ |
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Ա. Հարությունյան | - ՀՀ բնապահպանության նախարար |
Ս. Կարապետյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Երիցյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Հ. Հակոբյան | - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Խ. Հարությունյան | - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Վ. Դալլաքյան | - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ն. Պողոսյան | - Գեղարքունիքի մարզպետ |
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան | - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Համբարձումյան | - ՀՀ ԳԱԱ -ի ակադեմիկոս (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան | - «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Զ. Բալայան | - գրող, հրապարակախոս (համաձայնությամբ) |
Կ. Դանիելյան | - Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |