Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-954
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.20/8(391).1 Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

12 ապրիլի 2011 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՍԵՓ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Հովսեփ Գալստյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Հ. Գալստյանի` 12.11.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007թ. հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 10-ից: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից վերջինիս 107-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ուժը կորցրած է ճանաչվել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու հետևանքները» վերտառությամբ 19-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ֆրունզիկ Գալստյանի և «Հայգազարդ» ՓԲԸ-ի` օրենքի խախտմամբ կնքված խոշոր գործարքն անվավեր ճանաչելու պահանջով: Նշված պահանջի շրջանակներում դիմողը պահանջել է անվավեր ճանաչել «ԱՄՖ» ՍՊԸ-ի և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 01.09.2007 թվականին և 2008 թվականին կնքված` պարտքի մարման ժամանակացույց սահմանելու մասին պայմանագրերը, 03.12.2007 թվականին կնքված` փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Հայցը բավարարելիս դատարանը, հիմք ընդունելով, ի թիվս այլնի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի դրույթները, առաջնորդվելով Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի և անմիջական գործողության սահմանադրական սկզբունքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն անուղղակիորեն մեկնաբանել է այնպես, որ վերջիններս չեն ներառում ընկերության մասնակցի դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 08.04.2010 թվականին բեկանել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճիռը և փոփոխել այն` հայցը մերժել: Հայցը մերժելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն անուղղակիորեն մեկնաբանել է այնպես, որ վերջիններս ներառում են նաև ընկերության մասնակցի բոլոր լիազորությունները, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքը, որը տվյալ դեպքում սահմանված է «ԱՄՖ» ՍՊԸ-ի կանոնադրության 4.2-րդ կետում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 16.06.2010թ. թիվ ԿԴ/0630/02/09 որոշմամբ, վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, վերադարձրել է նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 8, 18, 19 և 31-րդ հոդվածներին: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենքի վիճարկվող դրույթները խոչընդոտում են դիմողի` «Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների գանգատարկման նպատակով դատարան դիմելու իրավունքի իրացումը»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածներին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենքի վիճարկվող դրույթները խոչընդոտում են դիմողի` «իր սեփականություն հանդիսացող ընկերության բաժնեմասն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքը»: Մասնավորապես, հղում կատարելով «Սահմանափակ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետին` դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները խոչընդոտում են դիմողի` օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասն ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց օտարելու իրավունքը:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Որպես իր փաստարկի հիմնավորում` պատասխանողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման երաշխիքների շրջանակներում գնահատելիս յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այդ ինստիտուտի յուրահատկությունները, սնանկության հարաբերությունները կարգավորող օրենսդրության հիմքում ընկած սկզբունքներն ու այդ ոլորտում առաջացող հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները:

Ըստ պատասխանողի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած սահմանափակումը գործում է սնանկության գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ կիրառվող բազմաթիվ այլ սահմանափակումների համակարգում, որոնց օրենսդրական ամրագրումն ու կիրառումն ապահովում է սնանկության ինստիտուտի հիմնական նպատակի իրականացումը, այն է` պարտապան իրավաբանական կամ ֆիզիկական անձի բոլոր պարտատերերի իրավահավասար մասնակցությունը սնանկության գործընթացին և լուծարային զանգվածի արդարացի բաշխում բոլոր պարտատերերի միջև` պարտատերերի պահանջների բավարարման հաջորդականությանը համապատասխան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «շարունակվում է սնանկության գործընթացը` «դատական խիստ հսկողության ներքո», պատասխանողը գտնում է, որ այդ ընթացքում «բացառվում է ... սնանկության գործընթացի բոլոր մասնակիցների կողմից այդ գործընթացին առնչվող որոշումների անմիջական բողոքարկումը, սակայն հնարավորություն է տալիս դրանք բողոքարկելու գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող դրույթների և սեփականության իրավունքի միջև հակասության հետ, և հղում կատարելով օրենքի 82-րդ հոդվածին, որը նախատեսում է ընկերության մասնակցի իրավունքն ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալու ընկերության մնացած գույքից` որպես վերջին հերթի պարտատեր, պատասխանողը գտնում է, որ տվյալ նորմի առկայությամբ «ստեղծվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համարժեք մեխանիզմներ իրավաբանական անձի մասնակիցների սեփականության իրավունքի պաշտպանության համար»:

 

5. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության` «օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ» բառակապակցության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, ինչպես նաև կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը` հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման տրամաբանությունը:

 

6. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է ընկերության պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է, նախևառաջ, անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերությունների ֆինանսական առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ընկերության գույքի հաշվին ընկերության պարտատերերի պահանջների բավարարմամբ:

Նշված տրամաբանությանը համահունչ, օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը»: Օրենքի` «Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)» վերտառությամբ 39-րդ հոդվածը սահմանում է այնպիսի իրավակարգավորում, որը նույնպես ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն:

Վերը նշված տրամաբանությունից է բխում նաև օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որը ելակետ է ընդունում այն, որ պարտապանի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված անգամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ԴԱՀԿ ծառայության կողմից ենթակա չեն կատարման:

 

7. Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության մեջ միայն պարտապանի կանոնադրական կապիտալում մասնակցությամբ պայմանավորված լիազորությունների շեշտադրման հանգամանքը` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը դրանով նկատի է ունեցել ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների միանգամայն սահմանափակ ծավալ: Ընդ որում, ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների վերը նշված սահմանափակ ծավալում օրենսդիրը նկատի է ունեցել ընկերության մասնակցի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց իրականացումը կարող է հանգեցնել պարտապանի գույքի էական նվազմանը, կամ պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խաթարմանը, կամ կարող է խոչընդոտել պարտատերերի իրավաչափ պահանջների բավարարմանը:

Վերը նշված իրավական դիրքորոշման համար հիմք են հանդիսանում նաև 2007թ. փետրվարի 10-ին ուժը կորցրած` «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համեմատական վերլուծության արդյունքները: Նշված համեմատական վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող անձանց և պարտապանի ղեկավարի` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները»: Մինչդեռ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ընդունված և միևնույն իրավակարգավորման առարկան ունեցող` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության մեջ, ի տարբերություն «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի, օրենսդիրը, անդրադառնալով ընկերության մասնակցի լիազորություններին, հատուկ շեշտադրել է «այն» և «պայմանավորված են» բառերը` ընդգծելու համար ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների սահմանափակման ենթակա ծավալը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության` «օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ» բառակապակցությունը չի ներառում դատական պաշտպանության իրավունքն ընդհանրապես, և իրավակիրառական պրակտիկայում տվյալ բառակապակցությանը պետք է տալ սահմանափակ մեկնաբանություն, որպեսզի չխաթարվի այդ իրավունքի բուն էությունը:

Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ հանգամանքները.

ա) ընկերության մասնակցի` որպես իրավունքի հատուկ սուբյեկտի կարգավիճակը չի բացառում նույն անձի` որպես իրավունքի ընդհանուր սուբյեկտի կարգավիճակը, հետևաբար և` տվյալ սուբյեկտի սահմանադրական իրավունքները և պարտականությունները, ներառյալ` դատական պաշտպանության իրավունքը` հաշվի առնելով նշված իրավունքների սահմանափակումները և դրանց թույլատրելի շրջանակները,

բ) Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասը դատական պաշտպանության իրավունքը չի դիտարկում որպես սահմանափակման ենթակա իրավունք:

Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719 և մի շարք այլ որոշումներում անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ անձի իրավունքների ապահովման ու պաշտպանության տեսանկյունից Սահմանադրության 18-րդ հոդվածի նպատակն իրավունքների խախտումների մասին անձի պնդումների դատական քննության և այդպիսի խախտումների հետևանքները վերացնելու իրավունքի երաշխավորումն է: Այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ, և արդար դատավարության իրավունքը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական հատկանիշներից մեկն է:

 

8. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակիրառական պրակտիկայի գնահատման շրջանակներում անդրադառնալով տվյալ գործով կայացված դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներին` սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ տվյալ գործով դատական քննության արդյունքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության դրույթին տրվել է լայն մեկնաբանություն, ինչի հետևանքով օրենքի վիճարկվող դրույթներում «լիազորությունները» բառն ընկալվել է համընդգրկուն իմաստով` ներառելով ընկերության մասնակցի` օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները, ինչը, սակայն, պայմանավորված չէ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-954

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան