ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության գործ թիվ ԱՎԴ2/0057/01/09 |
ԱՎԴ2/0057/01/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան | |
Դատավորներ` Ս. Համբարձումյան |
|
Գ. Մելիք-Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի Ե. Դանիելյանի Հ. Ղուկասյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի Կ. Աբրահամյանի
քարտուղարությամբ
մասնակցությամբ պաշտպան
Վ. ԶՈՒՌՆԱՉՅԱՆԻ
2010 թվականի նոյեմբերի 5-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վազգենի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դատապարտյալ Վ.Գասպարյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 44115009 քրեական գործը:
2009 թվականի դեկտեմբերի 24-ին կասկածյալ Վարդան Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
2009 թվականի դեկտեմբերի 24-ին Վ.Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
2009 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի դատավճռով Վարդան Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի դատավճիռը: Վ.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:
4. 2010 թվականի օգոստոսի 26-ին դատապարտյալ Վ.Գասպարյանը և նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել և խնդրել են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա դատապարտյալի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել: Նույն օրը կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը կասեցրել է դատական ակտի կատարումը:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Գասպարյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող թիվ 31 հենասյունը, որի վրա ամրացված է էլեկտրական հաշվիչների արկղը, նույն գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանն օգտագործել է որպես ցանկապատի սևեռող հենարան:
Դրսևորելով անփութություն` «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի էլեկտրական ցանցի հսկիչ էլեկտրամոնտյոր Վարդան Գասպարյանը վերոնշյալ հագամանքի մասին չի հայտնել էլեկտրական ցանցի ղեկավարությանը, այսինքն` չի նախատեսել իր անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Դրա արդյունքում հաղորդալարի մեկուսիչի վնասված հատվածից մետաղյա արկղը և դրան կպած ցանկապատն ընկել են լարման տակ:
2009 թվականի հուլիսի 28-ին` ժամը 15:50-ի սահմանններում, հենվելով նշված ցանկապատին` Հարություն Խաչատրյանը էլեկտրահարվել և մահացել է:
6. Վարդան Գասպարյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության անզգույշ հանցագործություն, երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008 թվականին սրտի վիրահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը: Վ.Գասպարյանը ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու հարցում: Գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
7. Տուժողի իրավահաջորդ Ռ.Խաչատրյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նշել է, որ Վ.Գասպարյանը դատաքննության ընթացքում ամբողջովին հատուցել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը (1.500.000 ՀՀ դրամի չափով): Նա դատարանին խնդրել է Վ.Գասպարյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, քանի որ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել որդու գերեզմանի հետ կապված ծախսերը հատուցելու մասին, և ամբաստանյալը խոստացել է առաջիկայում հատուցել նաև այդ ծախսերը (տե´ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 264):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի և Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 1-ի դատական ակտերով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և առաջացրել են ծանր հետևանքներ:
Ըստ բողոքաբերների դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել սույն գործի առանձնահատկություններին, ինչպես նաև գործով հաստատված այն փաստական հանգամանքներին, որոնք բացառիկ են, հնարավորություն են տալիս սույն գործով կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ:
9. Բողոքաբերների պնդմամբ` դատարանները հաշվի չեն առել սույն գործում հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ կապված բացառիկ հանգամանքների առկայությունը, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, և այդ հանգամանքները բավարար չափով չեն արտացոլվել նշանակված պատժատեսակում և պատժաչափում:
Ի հիմնավորումն իրենց փաստարկի՝ բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը Վ.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելիս հաշվի է առել այն, որ Վ.Գասպարյանի դրսևորած հանցավոր անփութության հետևանքով տուժողի ցանկապատը և շրջակա տարածքը տևական ժամանակով գտնվել են 1000վ էլեկտրական լարվածության տակ, ինչը շատերի կյանքի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Նշված էլեկտրական լարվածության հետևանքով տուժողին պատճառվել է մահ, ինչով էլ պայմանավորվել է հանցանքի և հանցավորի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Մինչդեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի Մասիսի էլեկտրական ցանցի պետ Գ.Դանիելյանի 2010 թվականի հունիսի 26-ի գրության համաձայն` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող N31 հենասյան վրա ամրացված էլեկտրական հաշվիչների մեջ մտնում է 220վ լարում:
Մեջբերված դատողության արդյունքում բողոքաբերները եզրակացություն են արել այն մասին, որ նշված հանգամանքն էականորեն տարբերվում է Վերաքննիչ դատարանի կողմից նշված հանգամանքից: Հետևաբար, այն նվազեցնում է Վ.Գասպարյանի հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:
Ի հիմնավորումն իրենց փաստարկի` բողոքաբերները վկայակոչել են նաև այն հանգամանքը, որ Վ.Գասպարյանը դեպքից հետո տուժողի իրավահաջորդին կամովին հատուցել է տուժողի հուղարկավորության ծախսերը (1.500.000 ՀՀ դրամ), որի պատճառով տուժողի իրավահաջորդը հրաժարվել է ներկայացված քաղաքացիական հայցից և միջնորդել է դատարանին Վ.Գասպարյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ: Որպես Վ.Գասպարյանի անձը բնութագրող հանգամանք բողոքաբերները նշել են, որ նա երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008 թվականին սրտի վիրահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը, ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձինք եզրահանգել են, որ գործում առկա բացառիկ հանգամանքների համակցությունն էականորեն նվազեցնում է հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա դատապարտյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք է: Ուստի, խնդրել են վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 1-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` Վ.Գասպարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված մեղմացնող հանգամանքների համակցությունը համապատասխանու՞մ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով «բացառիկության» չափանիշին, ինչը հիմք է Վ.Գասպարյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, (...) կարող է նշանակվել սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ (...)»:
13. Որպես «բացառիկ» հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնել Հ.Հաբեշյանի և Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշումներում:
Համաձայն Հ.Հաբեշյանի վերաբերյալ որոշման` «(…) բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե´ս Հարություն Հաբեշյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը):
Համաձայն Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման` «ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության» (տե՛ս Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի ՎԲ-13/08 որոշման 19-րդ կետը):
14. Սույն գործի նյութերից երևում է, որ Վ.Գասպարյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության անզգույշ հանցագործություն, երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008թ. սրտի վիարահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը, ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան (տե´ս սույն որոշմ ան 6-րդ կետը):
Բացի այդ, տուժողի իրավահաջորդ Ռ.Խաչատրյանը հայտնել է, որ Վ.Գասպարյանը դատաքննության ընթացքում ամբողջովին հատուցել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը` 1.500.000 ՀՀ դրամի չափով: Նա խնդրել է դատարանին Վ.Գասպարյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, քանի որ պայմանավորվածության համաձայն` վերջինս խոստացել է հատուցել նաև որդու գերեզմանի հետ կապված ծախսերը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Սույն որոշման 14-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև Հ.Հաբեշյանի և Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշումներով սահմանված և սույն որոշման 13-րդ կետով վերահաստատված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Գասպարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիման վրա ապացույցները պատշաճ չգնահատելու արդյունքում անտեսվել է այն, որ գործի նյութերում առկա, դատական ակտերում շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով «բացառիկության» չափանիշին, և որ ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
Վերը նշված նյութական (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդված) և դատավարական (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդված) իրավունքի նորմերի պահանջները չկատարելն ազդել է պատժի մասով ճիշտ որոշում կայացնելու վրա և դատական ակտը բեկանելու հիմք է: Ուստի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարդան Վազգենի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆ |