ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0081/11/09 |
ԵԿԴ/0081/11/09 |
Նախագահող դատավոր՝ Մ.Պետրոսյանի |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
Հ. Ղուկասյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
|
|
2010 թվականի նոյեմբերի 5-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ:
Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2007 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու և նախաքննությունը շարունակելու մասին:
Ժ.Հարությունյանի և նրա պաշտպան Կ.Գրիգորյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել բողոքը հիմնավորված ճանաչելու և դատախազի որոշումը վերացնելու մասին:
2. 2008 թվականի օգոստոսի 14-ին Լ.Զարյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման հարցի պարզաբանման նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 9-ի որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու նպատակով գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Տուժող Լ.Զարյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2009 թվականի մարտի 23-ի որոշումը վերացնելու մասին:
3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի օգոստոսի 11-ին կրկին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վերոգրյալ որոշումը Լ.Զարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է:
2009 թվականի հոկտեմբերի 7-ին Լ.Զարյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:
4. Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու մասին: Նախաքննության մարմնի 2009 թվականի օգոստոսի 11-ի և դատախազի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումները վերացվել են, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերսկսել թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը:
5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունիսի 4-ին որոշում է կայացրել տուժող Լ.Զարյանի բողոքը բավարարելու մասին: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանը պարտավորեցվել է վերացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության բաժնի պետ Ա.Այվազյանի` «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 2009 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ տուժող Լ.Զարյանի իրավունքների խախտումը:
7. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
8. Վերաքննիչ դատարանն իր 2010 թվականի հունիսի 4-ի դատական ակտում նշել է. «ՀՀ Վերաքննիչ դատարանը կրկին անգամ արձանագրում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.11.2009թ. որոշումը բեկանել է քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու հիմքով և անհրաժեշտ չի համարել անդրադառնալ վճռաբեկ բողոքի 9-րդ կետում նշված` նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկներին:
Հետևաբար, վերաքննիչ դատարանը ևս, սույն գործի քննությունն իրականացնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշմամբ սահմանված ծավալով, չի անդրադառնում գործի փաստական հանգամանքներին (…)» (տե´ս, Նյութեր, էջ 186):
9. Սույն գործով 2010 թվականի փետրվարի 12-ին կայացրած որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը (…):
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում շարադրված՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները» (տե´ս, Նյութեր, էջ 166):
10. Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (…)» (տե´ս, Նյութեր, էջ 167):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 264-րդ, 385-րդ, 386-րդ, 391-րդ և 393-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա:
12. Ի հիմնավորումն այդ պնդման` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի նախորդ` 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, իսկ Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոքի հիմնավորումներից միայն մեկը` վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու լիազորության հարցը, արձանագրել է խախտում և, բեկանելով Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել, որ Վճռաբեկ դատարանը չի սահմանափակել գործի նոր քննության սահմանները, հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ և 391-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ քննության առնել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժողի բողոքը և նույն օրենսգրքի 393-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնել դատական ակտ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գործի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ծավալով, չի անդրադառնում գործի փաստական հանգամանքներին, խախտել է գործի քննության և դատական ակտ կայացնելու կարգը՝ ըստ էության չկատարելով նոր քննություն, ընդամենը մեխանիկական աշխատանք է կատարել` վերաձևակերպելով Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման եզրափակիչ մասը:
13. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի դատական ակտից անհասկանալի է, թե տուժող Լ.Զարյանի ո՞ր իրավունքների խախտումը պետք է վերացնի ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը, ինչից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է անորոշ դատական ակտ:
14. Բողոքի հեղինակը, շարադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 264-րդ հոդվածները, կարծիք է հայտնել նաև այն մասին, որ որպես կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի երաշխիք, օրենսդիրը սահմանել է քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու միայն վեցամսյա ժամկետի հնարավորություն:
Տվյալ դեպքում սույն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացման պահից անցել է վեց ամսից ավելի ժամկետ, ինչը, ըստ բողոքաբերի, բացառում է վիճարկվող որոշումը վերացնելու և գործի վարույթը վերսկսելու հնարավորությունը:
Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության համար սահմանել է այնպիսի պարտավորություն, որի կատարման իրավասությունը նշված վարչությունը չունի:
15. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
I. Վերաքննիչ դատարանի կողմից առանց գործի փաստական հանգամանքների հետազոտության դատական ակտ կայացնելու իրավաչափությունը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման կայացումից հետո իրականացված նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք առանց գործի փաստական հանգամանքները հետազոտելու կայացնել դատական ակտ:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչ է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար»:
Շարադրված իրավական դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով պետք է պատճառաբանված լինի:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերնայման արդյունքում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ»:
Վկայակոչված քրեադատավարական նորմի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի փետրվարի 12-ին սույն գործով կայացված դատական ակտով մասնակիորեն բավարարել է վճռաբեկ բողոքը և գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան նոր քննության՝ արձանագրելով, որ գործի նախորդ քննության ընթացքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` Վերաքննիչ դատարանը, դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտմամբ, կայացրել է այնպիսի դատական ակտ, որի կայացման իրավասությունը չուներ (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումն իր բնույթով էական էր և ցանկացած դեպքում պետք է հանգեցներ դատական ակտի բեկանմանը: Նման խախտման առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը քննության չի առել բողոքում բարձրացված նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ այլ փաստարկները՝ նկատի ունենալով, որ դրանց հնարավոր կլինի անդրադառնալ միայն ստորադաս դատարանի կողմից օրինականության սկզբունքի պահպանմամբ կայացված դատական ակտի առկայության պայմաններում: Արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):
19. Վճռաբեկ դատարանի կողմից 2010 թվականի փետրվարի 12-ին սույն գործով կայացված դատական ակտի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ և նոր քննության ծավալ չի սահմանվել: Այսինքն` Վերաքննիչ դատարանում սույն գործի նախորդ քննությունը, ինչպես նաև դրա արդյունքում կայացված դատական ակտն ըստ էության համարվել են առոչինչ: Դա նշանակում է, որ նոր քննությունը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է իրականացվեր վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների ամբողջ ծավալով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ բաժնի («Վարույթը վերաքննիչ դատարանում») պահանջների պահպանմամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկեր գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի նորմերի պահպանումը և դրա արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ կայացներ համապատասխան դատական ակտ:
Մինչդեռ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն առանց իրավական հիմքի նշել է, որ գործի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ծավալով և չի անդրադառնում գործի փաստական հանգամանքներին (տե´ս սույն որոշման 8-րդ կետը): Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանն ըստ էության չի կատարել տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննություն, դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման չի ենթարկել Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և արդյունքում որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու մասին, ինչի իրավասությունը չուներ:
20. Հիմք ընդունելով սույն որոշման 17-19-րդ կետերում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման կայացումից հետո իրականացված նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր, առանց գործի փաստական հանգամանքները հետազոտելու, կայացնել դատական ակտ: Այլ կերպ` նոր քննությունը Վերաքննիչ դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` վերաքննիչ դատարանում գործերի քննության և դատական ակտ կայացնելու կարգի խախտմամբ, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտում:
21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է անորոշ դատական ակտ: Ըստ էության չկատարելով վերաքննիչ բողոքի քննություն և իր դատական ակտում չարձանագրելով բողոքաբերի իրավունքների և ազատությունների որևէ խախտում` Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, իր որոշմամբ տուժողի իրավունքների խախտումը վերացնելու պարտավորություն է սահմանել՝ չմանրամասնելով, թե որ իրավունքների խախտման մասին է խոսքը:
22. Սույն որոշման 20-րդ և 21-րդ կետերում արձանագրված հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
II. Քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու իրավաչափությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված ժամկետներն անցնելու դեպքում.
23. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. դատական ակտի պահանջների կատարման նպատակով կարո՞ղ է արդյոք վերացվել քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, եթե անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված ժամկետները:
24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`
«(…)
3. Քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:
4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու դեպքում, եթե չեն անցել սույն օրենսգրքի 21 հոդվածով սահմանված ժամկետները, քրեական գործով վարույթը վերսկսվում է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
25. Համակարգային վերլուծության ենթարկելով կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքը սահմանող, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտը երաշխավորող քրեադատավարական օրենքի վերոշարադրյալ նորմերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման վերացման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետային սահմանափակումները կիրառելի են միայն այն դեպքում, երբ նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը շահագրգիռ անձի կողմից չի վիճարկվել դատական կարգով:
Այլ կերպ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետային սահմանափակումները վերաբերում են այն դեպքերին, երբ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները վերացվում են մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում: Այն դեպքերում, երբ հիշատակված որոշումները վիճարկվում են դատական կարգով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված ժամկետային սահմանափակումները չեն գործում, և եթե դատարանը բողոքի քննության արդյունքում արձանագրում է անձի իրավունքների ու ազատությունների խախտում և այդ խախտումը վերացնելու պարտավորություն է սահմանում, ապա լիազոր մարմինը դատական ակտի պահանջները կատարելու նպատակով պարտավոր է վերացնել վիճարկվող որոշումը և վերսկսել գործի վարույթը` անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ է անցել որոշման կայացման պահից:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումներին հակառակ մեկնաբանություն տալու դեպքում ուղղակի կիմաստազրկվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտը և անձը կզրկվի ՀՀ Սահմանադրությամբ ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից, իսկ դատական պաշտպանությունը կվերածվի պատրանքային և վերացական իրավունքի:
27. Հիմք ընդունելով սույն որոշման 24-26-րդ կետերում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի պահանջների կատարման նպատակով կարող է վերացվել քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ է անցել նշված որոշումը կայացնելու պահից:
28. Վճռաբեկ դատարանը գտնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |