«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506166
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
|
|
|
11 ապրիլի 2006 թ. |
N 108-Ն |
2 մայիսի 2006 թ. |
N 511-Ն |
18 ապրիլի 2006 թ. |
N 55-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԴԱՁԵՎ ԶՈՆԴԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշման 29-րդ կետով և Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի արձակման, դրանց տեղաշարժերի հսկողության և այդ ոլորտում քաղաքացիական ու ռազմական ավիացիայի համապատասխան մարմինների գործողությունները կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի արձակումների կազմակերպման և կատարման մասին Հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
3. Սույն հրամանի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
ՀՀ բնապահպանության նախարար |
ՀՀ պաշտպանության նախարար |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
|
|
|
Հավելված | ||
|
ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թ. մայիսի 2-ի N 511-Ն հրամանի |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թ. ապրիլի 18-ի N 55-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԴԱՁԵՎ ԶՈՆԴԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն Հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի, ռադիոզոնդերի, ռադիոպիլոտների, գնդապիլոտների (որոնց կշիռը չի գերազանցում երկու կիլոգրամը) (այսուհետ` գնդաձև զոնդեր) արձակումների կազմակերպման և անցկացման, դրանց շարժի հսկողության, հակաօդային պաշտպանության (այսուհետ` ՀՕՊ) մարմիններին գնդաձև զոնդերի արձակումների ու դրանց շարժի վերաբերյալ տեղեկացման կարգը:
Պաշտոնատար անձինք, որոնց գործունեությունը կապված է գնդաձև զոնդերի արձակումների կազմակերպման ու կատարման հետ, պարտավոր են կատարել սույն Հրահանգի պահանջները: Նրանց պաշտոնական հրահանգները, աշխատանքի տեխնոլոգիան ու փաստաթղթերը, որոնք որոշում են նշված անձանց փոխգործողությունների կարգը` մշակվում են հաշվի առնելով սույն Հրահանգի պահանջները:
2. Գնդաձև զոնդերի արձակումն իրականացվում է ստացիոնար և շարժական կետերից: Եթե արձակման մի քանի առանձին շարժական կետեր գտնվում են մինչև 2 կմ շառավիղ ունեցող միևնույն տարածքում, ապա դրանք ընդունվում են որպես մեկ կետ:
3. Գնդաձև զոնդերի արձակման կետերը պետք է ունենան կայուն կապ օդային երթևեկության կառավարման (այսուհետ` ՕԵԿ) կենտրոնի ռազմական մասի (այսուհետ` ՕԵԿԿ ՌՄ) ու ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետի (այսուհետ` ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ) հետ: Այդ կապի կազմակերպման և ապահովման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` ՀՀ ԲՆ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ) վրա:
4. ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ՕԵԿԿ ՌՄ-ին տրամադրում է բոլոր ստացիոնար ու շարժական գնդաձև զոնդերի արձակման կետերի տեղակայման հաշվառումը, քարտեզ-գծագրոցները, որտեղ նշվում են դրանց աշխարհագրական կոորդինատները և սույն Հրահանգի 3-րդ կետում նշված կապի միջոցների տվյալները:
5. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները կատարվում են հայտերով: Եթե գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները որոշակի ժամանակահատվածի համար կրում են մշտական բնույթ` ապա հայտը կարող է ներկայացվել արձակումների ամբողջ ժամանակահատվածի համար:
Միջազգային միասնական ժամկետներում (Գրինվիչի ժամանակով) գնդաձև զոնդերի արձակումներն իրականացվում են ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գնդաձև զոնդերի արձակման կետերից համաձայն արձակումների տարեկան պլանի: Արձակումների կարգացուցակների (քաղվածք տարեկան պլանից) պատճենը յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ավիացիայի վարչությանը (այսուհետ` ՀՀ ՊՆ ԱՎ), ՀՕՊ զորքերի վարչությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
Արձակումների կարգացուցակների փոփոխությունների և մշտական կամ ժամանակավոր դադարեցման (վերսկսման) մասին հաղորդվում է վերը նշված մարմիններին ոչ ուշ, քան 5 օր առաջ մինչև այդ փոփոխությունները գործողության մեջ դնելը:
6. Գնդաձև զոնդերի արձակման կետերի պատասխանատուները մեկանգամյա արձակումների հայտերը ներկայացնում են արձակման օրվա նախորդ օրը, տեղական ժամանակով, ՀՀ ՊՆ ԱՎ-ին մինչև ժամը 11.00, իսկ ՀՕՊ զորքերի վարչությանը` մինչև ժամը 20.00:
7. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումների հայտերը ընդգրկվում են օդային տարածքի օգտագործման օրական պլանի մեջ և անհրաժեշտության դեպքում հաղորդվում են գերատեսչական մարմիններին: Սխալ ձևակերպված կամ սահմանված ժամկետներից ուշ տրված հայտերը համարվում են չեղյալ և օրվա պլանի մեջ չեն մտցվում, որի մասին ՕԵԿԿ ՌՄ-ն հաղորդում է հայտ ներկայացնողներին տեղական ժամանակով մինչև ժամը 24.00-ն արձակման օրվա նախօրյակին:
8. Եթե պարզվում է, որ գնդաձև զոնդերի արձակումը չի կայանա կամ արձակման ժամանակը կփոխվի` արձակման կետն անհապաղ այդ մասին հաղորդում է ՕԵԿԿ ՌՄ-ին և ՀՕՊ զորքերի վարչությանը:
9. Ելնելով օդային երթևեկության բարդ իրավիճակից և (կամ) ծայրահեղ անհրաժեշտությունից, ՕԵԿԿ ՌՄ-ն իրավասու է արգելել գնդաձև զոնդերի արձակումը կամ փոփոխել դրանց արձակման հայտարարված ժամկետները, ինչի մասին արձակումից առնվազն մեկ օր (արգելելու դեպքում) կամ մեկ ժամ (արձակման ժամկետը փոփոխելու դեպքում) առաջ տեղեկացվում է ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ին:
Գնդաձև զոնդերի արձակումը միջազգային միասնական ժամկետներում (րինվիչի ժամանակով), որն իրականացվում է ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով, կարող է արգելվել ՀՀ ՊՆ ԱՎ-ի կամ ՀՕՊ զորքերի վարչության պետերի կողմից, որոնք էլ ՕԵԿԿ ՌՄ-ի միջոցով այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ին նախատեսված արձակումից մեկ օր առաջ:
10. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման համար ՕԵԿԿ ՌՄ-ի թույլտվությամբ (հայտի առկայության դեպքում):
Օդային տարածքի օգտագործման հայտն արձակման կետի պատասխանատուն հայտնում է գնդաձև զոնդի արձակման պլանավորված ժամկետից ոչ ուշ, քան 2 ժամ առաջ: Եթե նշված ժամկետում օդային տարածքի օգտագործման կամ արձակման ժամկետի փոփոխման հաղորդագիրը ՕԵԿԿ ՌՄ-ում չի ստացվել` ապա գնդաձև զոնդի արձակումն արգելվում է և հայտը չեղյալ է համարվում:
ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով նախատեսված գնդաձև զոնդերի արձակումներն իրականացվում են առանց հայտերի` կարգացուցակներում նշված ժամկետներում, եթե այդ արձակումներն արգելված չեն սույն Հրահանգի 9-րդ կետի դրույթներին համապատասխան:
11. Սույն Հրահանգի իմաստով գնդաձև զոնդերի մեկանգամյա պլանային արձակման ժամկետ է համարվում հայտում նշված ժամկետը կամ անհրաժեշտության դեպքում արձակման կետի հետ համաձայնեցված ՕԵԿԿ ՌՄ-ի կողմից ճշտված ժամկետը:
12. Սույն Հրահանգի 9-րդ կետում նշված պլանով նախատեսված արձակումների համար գնդաձև զոնդերի արձակումը կազմակերպող ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը, արձակման պլանավորված ժամկետից առնվազն մեկ ժամ առաջ ՕԵԿԿ ՌՄ-ին ու ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ-ին ներկայացնում է գնդաձև զոնդերի սպասվող տեղաշարժերի սխեմաները (ուղղությունը և պրոֆիլը):
Մեկանգամյա արձակումների դեպքում նշված սխեմաները ներկայացվում են ըստ հարցման:
13. ՕԵԿԿ ՌՄ-ն արձակման կետին օդային տարածության օգտագործման թույլտվություն է տալիս գնդաձև զոնդի մեկանգամյա արձակման պլանավորված ժամկետից առնվազն մեկ ժամ առաջ:
Առանց օդային տարածքի օգտագործման թույլտվության գնդաձև զոնդի արձակումն արգելվում է:
Օդային տարածքի օգտագործման տրված թույլտվության, գնդաձև զոնդի արձակման ժամկետի փոխման, արձակման չկայանալու և նրա սպասվող տեղաշարժերի մասին տեղեկատվությունը ՕԵԿԿ ՌՄ-ն հաղորդում է Ավիացիայի վարչության հրամանատարական կետին (այսուհետ` ԱՎՀԿ), ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ-ին (իրենց վերաբերող տեղեկության մասով):
14. Գնդաձև զոնդերի արձակման կետերը արձակման օրվա ընթացքում ՕԵԿԿ ՌՄ-ին և ՀՕՊ մարմիններին հաղորդում են ոչ ուշ, քան.
ա) պլանավորված ժամկետից 30 րոպե առաջ` գնդաձև զոնդերի արձակման փոփոխված և նշանակված նոր ժամկետի մասին,
բ) պլանավորված ժամկետից 10 րոպե առաջ` ռադիոլոկացիոն հսկողության ենթակա գնդաձև զոնդերի արձակման մասին,
գ) պլանավորված ժամկետից 5 րոպե առաջ` մերձսահմանային գոտում տեղակայված արձակման կետերից գնդաձև զոնդերի արձակման մասին,
դ) 5 րոպեի ընթացքում`
-
գնդաձև զոնդերի արձակումից հետո արձակման փաստացի ժամկետի մասին,
-
գնդաձև զոնդերի արձակումների չկայանալու մասին,
ե) 10 րոպեի ընթացքում` գնդաձև զոնդերի արձակումների ուշացումների մասին:
15. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները կատարվում են դրանց համար նախատեսված ժամկետներում կամ` 5 րոպեից ոչ ավելի շեղումներով (շուտ կամ ուշ), իսկ ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով նախատեսված արձակումները` նախատեսված ժամկետներում կամ 5 րոպեից ոչ ավելի ուշացումով:
Գնդաձև զոնդերի արձակման ժամկետը 5 րոպեից ավելի ուշացման դեպքում, արձակումը կարող է իրականացվել միայն օդային տարածքի օգտագործման լրացուցիչ թույլտվություն ստանալուց հետո` համաձայնեցնելով ՕԵԿԿ ՌՄ-ի հետ:
Հարցման առկայության դեպքում, գնդաձև զոնդի արձակումից հետո արձակման կետի պատասխանատուն ՕԵԿԿ ՌՄ-ին հաղորդում է գնդաձև զոնդի թռիչքի բարձրությունը, նրա ազիմուտը և հեռավորությունը արձակման կետից: Այդպիսի տեղեկատվություն ՕԵԿԿ ՌՄ-ն, հարցման դեպքում, հաղորդում է շահագրգիռ մարմիններին: