Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
նպատակ ունենալով ստեղծելու բարենպաստ պայմաններ սոցիալ-տնտեսական զարգացման, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համակարգման և հետևողական խորացման, վիճակագրական տեղեկատվության միջպետական փոխանակման ընդլայնման, ԱՊՀ շրջանակներում ընդհանուր տեղեկատվական-վիճակագրական տարածքի զարգացման համար,
ցանկանալով զարգացնել մեթոդաբանական և փորձառական համագործակցությունը պաշտոնական վիճակագրության ոլորտում,
ընդունելով, որ նման համագործակցության արդյունքում կբարձրանա սույն Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների գործունեության արդյունավետությունը և տեղեկատվական վիճակագրության ապահովման որակը,
գիտակցելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում պետական վիճակագրության զարգացմանն ուղղված՝ համաձայնեցված և համակարգված միջոցների կիրառման կարևորությունը, որոնք համապատասխանում են ժամանակակից գիտական զարգացումներին և վիճակագրության ոլորտում համաշխարհային չափանիշներին` ելնելով ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի ընդունած պաշտոնական վիճակագրության Հիմնական սկզբունքներից,
մտադրություն հայտնելով աջակցելու պաշտոնական վիճակագրության ոլորտում միջպետական ծրագրերի և համատեղ նախագծերի մշակմանը և իրականացմանը,
ղեկավարվելով միջազգային պարտավորություններով և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության կանոնների և համաձայնեցված սկզբունքների մշակումը և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների փոխգործակցության համակարգումը հանձնարարել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների Խորհրդին (այսուհետ` Խորհուրդ), որն իր գործունեությունն իրականացնում է ըստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների Խորհրդի մասին Կանոնակարգի, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է (հավելված 1):
Հոդված 2
Ձգտելով պաշտոնական վիճակագրության հետագա զարգացմանը, որը կհամապատասխանի ժամանակակից գիտական զարգացումներին և վիճակագրության ոլորտում համաշխարհային չափանիշներին, վիճակագրական տեղեկատվության միջպետական փոխանակման ընդլայնմանը, ԱՊՀ շրջանակներում ընդհանուր տեղեկատվական վիճակագրական տարածքի զարգացմանը, տեղեկատվության փոխանակման կազմակերպմանը, ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին վիճակագրական, վերլուծական նյութերի կազմակերպումը` հիմնված համաձայնեցված սկզբունքների և համագործակցության կանոնների վրա, հանձնարարել Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեին (այսուհետ` ԱՊՀ Վիճկոմիտե), որն իր գործունեությունն իրականացնում է ըստ Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի մասին Կանոնակարգի, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է (հավելված 2):
Հոդված 3
Սույն Համաձայնագիրը չի ազդում որևէ Կողմի այն իրավունքների և պարտականությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է իրենց պետությունը:
Հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 5
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար, որն ընդունում է սույն Համաձայնագրի նպատակները և սկզբունքները, միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու ճանապարհով:
ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի միանալու մասին ստորագրելու համաձայնություն տված կամ դրան միացած պետությունների վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք` իր այդպիսի մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերցված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից վերապահումով
/ստորագրություն/ |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից
/ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից վերապահումով
/ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/ |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից
--------------------------- |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/ |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից
------------------------------ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/ |
Ուկրաինայի Կառավարության կողմից վերապահումով
/ստորագրություն/ |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից
---------------------- |
Հավելված 1 Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին 2013 թ. մայիսի 31-ի Համաձայնագրին կից |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, որը կոչված է իրականացնելու ԱՊՀ մասնակից պետությունների` պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների մշակումը, Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների գործունեության համակարգումը ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման հարցերով` համաձայն 2013 թ. մայիսի 31-ին ընդունված՝ պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի:
1.2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով, ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Տնտեսական խորհրդի որոշումներով, ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի ընդունած պաշտոնական վիճակագրության Հիմնարար սկզբունքներով և սույն Կանոնակարգով:
1.3. Խորհուրդը մշակում է Համաձայնագրի մասնակից պետություններում պաշտոնական վիճակագրության զարգացման ընդհանուր հանձնարարականներ, սահմանում է Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի (այսուհետ` ԱՊՀ Վիճկոմիտե) գործունեության հիմնական ուղղությունները:
II. Խորհրդի գործառույթները
Խորհրդի հիմնական գործառույթներն են.
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների մշակումը,
ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի ընդունած որոշումների կատարման կազմակերպումն ու համակարգումը ԱՊՀ մասնակից պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման հարցերով,
ԱՊՀ Վիճկոմիտեի պաշտոնական վիճակագրության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի ձևավորման և իրագործման առաջարկությունների, հանձնարարությունների և հանձնարարականների նախապատրաստումը,
իր իրավասության շրջանակում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության և կառավարման մարմինների հետ փոխգործակցությունը,
ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների և ԱՊՀ Վիճկոմիտեի առաջարկությունների վրա հիմնված՝ ԱՊՀ Խորհրդի և Վիճկոմիտեի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների պլանների հաստատումը,
ԱՊՀ Վիճկոմիտեի պահպանման ծախսերի բյուջետային նախահաշվի և ԱՊՀ Վիճկոմիտեի արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշվի առաջարկությունների քննարկումը հետագա հաստատման համար` ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի սահմանած կարգով,
ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների առաջարկությունների քննարկումը ԱՊՀ Վիճկոմիտեի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հանձնարարականների մշակումը,
վիճակագրական տեղեկատվության փոխանակման համակարգի կատարելագործումը,
ԱՊՀ Խորհրդի և Վիճկոմիտեի մասին Կանոնակարգում սահմանված կարգով փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և ընդունումը:
III. Խորհրդի իրավունքները
Խորհուրդն իր գործառույթներն իրականացնելու համար իրավունք ունի ընդունելու որոշումներ և տալու հանձնարարականներ.
ԱՊՀ Վիճկոմիտեի գործունեության մասին ծրագրերի, աշխատանքային պլանների և հաշվետվությունների վերաբերյալ,
մեթոդաբանությանը և վիճակագրությանը վերաբերող համատեղ աշխատանքների հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների փորձագետների աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպման,
սահմանված կարգով ԱՊՀ Խորհրդի և Վիճկոմիտեի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի նախագծերի ներկայացման` ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և Տնտեսական խորհրդի քննարկման համար,
ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի ընտրության` ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի թեկնածուի հետագա հաստատմամբ պաշտոնի փոխարինման,
Խորհրդի կողմից սահմանված կարգով ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի տեղակալների պաշտոնների փոխարինման թեկնածությունների,
ԱՊՀ Վիճկոմիտեի ղեկավար աշխատակիցների պաշտոնների փոխարինման կարգի,
ԱՊՀ Վիճկոմիտեի թափուր պաշտոններում աշխատակիցների նշանակման մրցույթի մասին Կանոնակարգի հաստատման,
Խորհրդի աշխատանքի Կանոնակարգի հաստատման,
ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատանքի Կանոնակարգի հաստատման,
ԱՊՀ Վիճկոմիտեին առընթեր Մեթոդաբանական խորհրդի մասին Կանոնակարգի հաստատման,
իր իրավասության շրջանակում այլ հարցերի վերաբերյալ:
IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը
4.1. Խորհրդի կազմի մեջ մտնում են Համաձայնագիրն ստորագրած ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարները և ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահը:
Խորհրդի նիստին իր անդամներին փոխարինող անձանց մասնակցության դեպքում նրանց լիազորությունները պետք է հաստատվեն Խորհրդի աշխատանքի Կանոնակարգին համապատասխան:
Խորհրդի աշխատանքին որպես դիտորդներ մասնակցում են ԱՊՀ անդամ չհանդիսացող, սակայն Համաձայնագիրն ստորագրած պետությունների ներկայացուցիչները:
Խորհրդի անդամի առաջարկությամբ, որը համաձայնեցված է Խորհրդի մյուս անդամների հետ, Խորհրդի նիստերին կարող են ներկա լինել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչներ:
4.2. Նախագահությունը Խորհրդում, որպես կանոն, իրականացվում է Համաձայնագիրն ստորագրած ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, հերթականությամբ` ի դեմս նրա ներկայացուցչի, Համագործակցության մասնակից պետությունների անունների ռուսերեն այբբենական կարգով, որպես կանոն, մեկ տարվա ընթացքում. Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ստանձնում է համանախագահներից որևէ մեկը:
4.3. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Խորհրդի նիստերի հրավիրման կարգը, անցկացումը, քվորումը, նրա կողմից որոշումների ընդունման ընթացակարգը, ինչպես նաև նրա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը սահմանվում են Խորհրդի աշխատանքի Կանոնակարգին համապատասխան:
4.4. Խորհրդի նախագահը`
ղեկավարում է Խորհրդի աշխատանքը,
անցկացնում է Խորհրդի նիստերը և ստորագրում նրա կողմից ընդունված փաստաթղթերը,
Խորհրդի անդամներից հայցում է տեղեկատվություն Խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ:
4.5. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական ապահովման գծով քարտուղարության գործառույթները կատարում է ԱՊՀ Վիճկոմիտեն:
4.6. Խորհուրդն իր գործունեության շրջանակում հաշվետու է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդին: Խորհրդի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները սահմանված կարգով քննարկվում են ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
V. Ֆինանսավորումը
Խորհրդի նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերն իրականացվում են Համաձայնագրի՝ ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին: Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության՝ գործուղող մարմինների և կազմակերպությունների կողմից:
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
6.2. Խորհուրդը ամեն տարի ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն իր գործունեության մասին:
Հավելված 2 Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին 2013 թ. մայիսի 31-ի Համաձայնագրին կից |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Անկախ պետությունների համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեն (այսուհետ` ԱՊՀ Վիճկոմիտե) հանդիսանում է միջպետական մարմին, որն իրականացնում է ազգային վիճակագրական ծառայությունների գործունեության համակարգումը, որը վերաբերում է պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին 2013 թ. մայիսի 31-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն մարմինների, զանգվածային լրատվամիջոցների և հասարակայնության, Համագործակցության բարձրագույն և մյուս մարմինների, վիճակագրական տեղեկատվության, վերլուծական, տեղեկատվական նյութերի պատրաստմանը, մեթոդաբանական նյութերի մշակմանը, նպաստում է տեղեկատվական փոխանակման զարգացմանը, Համաձայնագրի մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության խորացմանը և պաշտոնական վիճակագրության ոլորտում ընդհանուր հանձնարարականների մշակմանը:
1.2. Իր գործունեության ընթացքում ԱՊՀ Վիճկոմիտեն առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Տնտեսական խորհրդի, Անկախ Պետությունների Համագործակցության Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, Ռուսաստանի Դաշնության տարածքում Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի գտնվելու պայմանների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի միջև 1996 թ. փետրվարի 26-ին ստորագրված Համաձայնագրով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:
1.3. ԱՊՀ Վիճկոմիտեն, փոխգործակցելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի հետ, մասնակցում է պաշտոնական վիճակագրության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների մշակմանը, նպաստում է ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման գործնական իրագործմանը:
1.4. ԱՊՀ Վիճկոմիտեն հաշվետու է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդին, Անկախ Պետությունների Համագործակցության վիճակագրական ծառայությունների ղեկավարների Խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) և իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի, ազգային վիճակագրական ծառայությունների հետ սերտ փոխգործակցությամբ:
1.5. ԱՊՀ Վիճկոմիտեն Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից, տիրապետում է առանձնացված գույքին, ինքնուրույն հաշվեկշռի, ունի հաշվարկային և այլ հաշիվներ սպասարկող բանկերի հաստատություններում, ինչպես նաև իր անվանմամբ՝ սահմանված նմուշի դրոշմակնիք, օգտագործում է Անկախ Պետությունների Համագործակցության և ԱՊՀ Վիճկոմիտեի խորհրդանիշերով պաշտոնական ձևաթղթեր, հանդես է գալիս դատարաններում որպես հայցվոր և պատասխանող, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան՝ կրում է գույքային պատասխանատվություն:
ԱՊՀ Վիճկոմիտեն միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ չէ և լիազորված չէ իր անունից կնքելու միջազգային պայմանագրեր:
1.6. ԱՊՀ Վիճկոմիտեն մասնակցություն ունի միջազգային վիճակագրական գործունեության մեջ` որպես ՄԱԿ-ի վիճակագրական գործունեությունը համակարգող կոմիտեի պաշտոնական անդամ, ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի, ՄԱԿ-ի՝ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի եվրոպական վիճակագիրների խորհրդաժողովի, Եվրոպական վիճակագիրների խորհրդաժողովի բյուրոյի, ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի վիճակագրական կոմիտեի մշտական դիտորդ, համագործակցում է ՄԱԿ-ի համակարգի վիճակագրական ծառայությունների ու նրա մասնագիտացված հաստատությունների, Եվրոպայի միության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
II. ԱՊՀ Վիճկոմիտեի գործառույթները
ԱՊՀ Վիճկոմիտեի հիմնական գործառույթներն են.
պաշտոնական վիճակագրության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների գործնական իրագործման ապահովումը,
Համաձայնագրի մասնակից պետություններում պետական վիճակագրության բարեփոխումներին աջակցելը` իրականացվող սոցիալ-տնտեսական վերափոխումներին և միջազգային պրակտիկայում ընդունված՝ հաշվառման և վիճակագրության համակարգին համապատասխան,
պաշտոնական վիճակագրության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների միջպետական ծրագրերի և համատեղ նախագծերի գործնական իրագործումը,
Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների փոխգործակցության ընդլայնմանն աջակցելը, վիճակագրական տեղեկատվության բազմակողմ փոխանակման և ԱՊՀ շրջանակում ընդհանուր տեղեկատվական-վիճակագրական տարածքի զարգացումը,
ԱՊՀ-ում տնտեսական զարգացման և ինտեգրացիոն գործընթացների միտումների վերլուծությունը,
միջազգային համապատասխան կանոնների և չափորոշիչների վրա հիմնված մոդելային վիճակագրական մեթոդաբանության մշակումը,
Համաձայնագրի մասնակից պետություններում պաշտոնական վիճակագրության կազմակերպման վերաբերյալ առաջարկվող մեթոդաբանական մշակումների ներդրման համար օգնության ցուցաբերումը,
Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների փոխգործակցությունը կադրերի ուսուցման կազմակերպման, պետական վիճակագրության բարեփոխումների հետ կապված սեմինարների և այլ միջոցառումների անցկացման հարցերով,
վիճակագրական տեղեկատվության միջպետական փոխանակումը և դրա հրապարակումը` ԱՊՀ Վիճկոմիտեի տարեկան աշխատանքների ծրագրերին համապատասխան,
Համաձայնագրի մասնակից պետությունների ընդհանուր վիճակագրական բազայի ստեղծումը, աշխատանքի ապահովումը և կանոնավոր արդիականացումը, որը բնութագրում է Համաձայնագրի մասնակից պետությունների միջպետական կապերը և սոցիալ-տնտեսական դրությունը,
վիճակագրական ցուցանիշների ուսումնասիրումը, որոնք բնութագրում են Համաձայնագրի մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացումը, նրանց փոխգործակցությունը և համագործակցությունը համաշխարհային տնտեսությունում ինտեգրման ընթացքում,
տեղեկատվական փոխգործակցությունը ԱՊՀ Տնտեսական խորհրդի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների Միջկառավարական վեհաժողովի խորհրդի Քարտուղարության և Համագործակցության այլ մարմինների հետ,
միջազգային վիճակագրական համագործակցության իրականացումը, մասնակցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների աշխատանքում,
մասնակցությունը միջազգային վիճակագրական նախագծերում,
պետական վիճակագրությունում առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը, որոնք ապահովում են դրանց համատեղելիությունը ԱՊՀ շրջանակում,
ԱՊՀ Խորհրդի և Վիճկոմիտեի՝ ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը` Խորհրդի նիստերին դրանք քննարկելու և հաստատելու համար,
Համաձայնագրի մասնակից պետությունների ընդհանուր տնտեսական վիճակին, տնտեսական համագործակցության դինամիկային և միտումներին վերաբերող՝ վերլուծական և տեղեկատվական-կանխատեսական նյութերի նախապատրաստումը և տարածումը թղթերի և էլեկտրոնային կրիչների վրա՝ տեղեկագրերի, զեկույցների, ժողովածուների տեսքով, ինչպես նաև տեղեկատվական-վիճակագրական նյութերի տեղադրումը ԱՊՀ Վիճկոմիտեի պաշտոնական կայքէջում:
III. ԱՊՀ Վիճկոմիտեի իրավունքները
ԱՊՀ Վիճկոմիտեն իր վրա դրված գործառույթների կատարման համար իրավունք ունի.
անհատույց հիմքով, պետության օրենսդրությանը չհակասող կարգով և պայմաններով Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան մարմիններից ստանալու վիճակագրական տեղեկատվություն՝ միջպետական փոխանակման կարգով ընդհանուր վիճակագրական տվյալների բազայի ստեղծման համար, և պաշտոնական վիճակագրության ոլորտում գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր,
անհրաժեշտության դեպքում կազմակերպելու ԱՊՀ մասնակից պետությունների փորձագետների խորհրդակցություններ այն հարցերով, որոնք մտնում են ԱՊՀ Վիճկոմիտեի իրավասության մեջ,
սահմանված կարգով անելու առաջարկություններ այն հարցերով, որոնք պահանջում են ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի որոշումները,
Խորհրդի, Համաձայնագրի մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների հետ համաձայնեցնելու Համաձայնագրի մասնակից պետություններում ընդհանուր վիճակագրական աշխատանքների կատարումը,
իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու:
IV. ԱՊՀ Վիճկոմիտեի կազմը
4.1. ԱՊՀ Վիճկոմիտեի ղեկավարումն իրականացնում են նախագահը և նրա տեղակալները, որոնք նշանակվում են ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներից` 3 տարի ժամկետով:
4.1.1. ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահն ընտրվում է Խորհրդի կողմից և նրան հաստատում է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհուրդը: ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահը հանդիսանում է Խորհրդի անդամ:
4.1.2. ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի տեղակալների պաշտոնների նշանակումն իրականացվում է ԱՊՀ Վիճկոմիտեի Նախագահի հրամանով՝ Խորհրդի նիստի ընթացքում թեկնածուների հաստատումից հետո:
4.2. ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահը.
կազմակերպում է ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատանքները, հրամաններ է արձակում և հրահանգներ է տալիս իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ,
բաշխում է պարտականությունները նախագահի տեղակալների միջև,
ներկայացնում է ԱՊՀ Վիճկոմիտեն միջազգային կազմակերպություններում,
հաստատում է ԱՊՀ Վիճկոմիտեի կառուցվածքը և հաստիքային գրանցումը աշխատանքի վճարման ֆոնդի և քանակի սահմաններում, որը հաստատվում է ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարության ղեկավարների խորհրդի կողմից,
հաստատում է պաշտոնի ստանձնման և ծառայության անցնելու, որակավորման և հեռացման կարգը, որը չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը,
հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների մասին դրույթները,
հաստատում է ներքին կարգապահության կանոնները,
նշանակում և պաշտոնից ազատում է ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատակիցներին,
ԱՊՀ Վիճկոմիտեի անունից կնքում է տնտեսական և այլ պայմանագրեր իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:
4.3. ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի տեղակալներն իրենց գործունեությունն իրականացնում են պարտականությունների բաշխվածությանը համապատասխան:
4.4. ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատակիցները հավասարազոր են միջազգային ծառայողներին, նշանակվում են ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներից՝ հաստիքային պաշտոններում վարձման կարգով աշխատանքային պայմանագրերի ձևակերպմամբ` ԱՊՀ Վիճկոմիտեի գտնվելու պետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան: Նրանց կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին Համաձայնագրով` ընդունված 2003 թ. ապրիլի 25-ին:
4.5. ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատակիցները պաշտոնական գործառույթներ իրականացնելիս չեն կարող ներկայացնել իրենց պետությունների շահերը, ցուցումներ պահանջել կամ ստանալ իշխանության մարմինների կամ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետությունների իշխանությունների կողմից:
4.6. ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատակիցների աշխատանքի վարձատրման, սոցիալական և բժշկական ապահովման պայմանները սահմանվում են ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդի որոշումներով:
4.7. ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատակիցների կենսաթոշակային ապահովումը, ինչպես նաև նրանց՝ ԱՊՀ Վիճկոմիտեում աշխատանքային ժամանակի հաշվումն աշխատանքային ստաժում իրականացվում են այն պետության օրենսդրության կարգով և պայմաններով, որի քաղաքացիներն են նրանք:
V. Աշխատանքի կազմակերպումը
5.1. ԱՊՀ Վիճկոմիտեն իր աշխատանքը կազմակերպում է աշխատանքային Կանոնակարգով և սույն դրույթով սահմանված կարգով:
5.2. ԱՊՀ Վիճկոմիտեի ընթացիկ գործունեությունն իրականացվում է իր վիճակագրական աշխատանքների ամենամյա ծրագրերին համապատասխան:
5.3. ԱՊՀ Վիճկոմիտեն իրականացնում է Խորհրդի քարտուղարության գործառույթները՝ ըստ իր կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական ապահովության:
5.4. ԱՊՀ Վիճկոմիտեն սահմանում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնները և իրականացնում ֆինանսատնտեսական գործունեություն` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի որոշումներին համապատասխան:
5.5. ԱՊՀ Վիճկոմիտեի ֆինանսական ապահովությունն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների անդամավճարների հաշվին` ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդի կողմից հաստատված՝ ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից:
5.6. ԱՊՀ Վիճկոմիտեի պահպանման ծախսերի բյուջետային նախահաշիվը հաստատվում է ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահի կողմից` ԱՊՀ Վիճկոմիտեի համար ԱՊՀ մարմինների համապատասխան ֆինանսական տարվա միասնական բյուջեում նախատեսված միջոցների սահմանում:
5.7. ԱՊՀ Վիճկոմիտեի գործունեության ֆինանսավորման հավելյալ աղբյուր կարող են հանդիսանալ արտաբյուջետային աղբյուրներից եկող արտաբյուջետային միջոցները, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդի որոշմամբ:
5.8. ԱՊՀ Վիճկոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներն անցկացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից, ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդի նախագահի ցուցումով` ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ: Վերստուգումների արդյունքները ներկայացվում են ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդի քննարկմանը:
5.9. ԱՊՀ Վիճկոմիտեն ապահովվում է ծառայողական շենքերով և սեփականությամբ` Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:
5.10. Մեթոդաբանական հարցերի քննարկման համար ԱՊՀ Վիճկոմիտեին առընթեր գործում է Մեթոդաբանական խորհուրդը, որի վերաբերյալ դրույթը հաստատվում է Խորհրդի կողմից:
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
6.2. ԱՊՀ Վիճկոմիտեն տեղակայված է Մոսկվա քաղաքում. Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ Վիճկոմիտեի` Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պայմանները սահմանվում են Ռուսաստանի Դաշնության Կառավարության և ԱՊՀ Վիճկոմիտեի միջև կնքվող համաձայնագրով:
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Ադրբեջանի Հանրապետության Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին 2013թ. մայիսի 31-ի Համաձայնագրի վերաբերյալ
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը 2009 թվականի հոկտեմբերի 9-ի` «Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների վերաբերյալ Ընդհանուր դրույթների մասին» ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի Որոշումը:
Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրում շարադրված և ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառի Հայաստանի Հանրապետության նկատմամբ մինչև Ադրբեջանի Հանրապետության բոլոր զավթված տարածքների ազատագրումը և Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության բռնազավթման հետևանքների լիակատար վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ` |
Յա. Էյուբով |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին 2013 թ. մայիսի 31-ի Համաձայնագրի վերաբերյալ
Համաձայնագրում շարադրված Պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության մասին Կանոնակարգը Հայաստանի Հանրապետությունը չի կիրառի Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ մինչև Լեռնային Ղարաբաղի`Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ծավալման և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվող ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացման հետևանք հանդիսացող հակամարտության կարգավորումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ` |
Տ. Սարգսյան |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Ուկրաինայի
Ուկրաինան իրեն պարտավորված չի համարում ԱՊՀ մասնակից պետությունների Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգի 1-ին մասի 1.2-րդ կետի, ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի մասին Կանոնակարգի 1-ին մասի 1.2-րդ կետի դրույթներով, որոնք վերաբերում են ԱՊՀ Կանոնադրությանը, ինչպես նաև Միջպետական վիճակագրական կոմիտեի մասին Կանոնակարգի 1.1-ին, 4.4-րդ կետերի դրույթներով:
Ուկրաինայի համար ուժի մեջ չի մտել 25.04.2003 թվականի` Անկախ Պետությունների Համագործակցության պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը:
Ուկրաինայի վարչապետ` |
Ն. Ազարով |
