ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 փետրվարի 2011 թ. |
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ III) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող և զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված` 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին լրացուցիչ արձանագրության մեջ (Արձանագրություն III) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 6 դեկտեմբերի 2010թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Լրացուցիչ արձանագրությունը (Արձանագրություն III) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին լրացուցիչ արձանագրությունը (Արձանագրություն III) ստորագրվել է 2005թ. դեկտեմբերի 8-ին` Ժնևում:
Երրորդ արձանագրության նպատակը 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներով նախատեսված` պաշտպանական և տարբերանշման նպատակներով օգտագործվող` Կարմիր խաչի, Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի տարբերակիչ խորհրդանշանների հետ մեկտեղ, լրացուցիչ խորհրդանշանի` «Երրորդ արձանագրության խորհրդանշանի» ստեղծումն է` դրանց պաշտպանական արժեքը և համընդգրկուն բնույթն ուժեղացնելու համար:
Լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը կազմված է ճերմակ ֆոնի վրա պատկերված և իր գագաթի վրա կանգնած կարմիր շրջանակով քառակուսուց:
Երրորդ արձանագրությունը հաստատում և լրացնում է 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաների և, համապատասխան դեպքերում, դրանց` 1977թ. հունիսի 8-ի երկու Լրացուցիչ արձանագրությունների դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշաններին, այն է` Կարմիր խաչին, Կարմիր մահիկին, Կարմիր առյուծին և արևին, և կիրառվում է այն նույն իրավիճակներում, երբ կիրառվում են այդ դրույթները:
Երրորդ արձանագրությունը լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը ճանաչում է որպես Ժնևի կոնվենցիաների տարբերակիչ խորհրդանշանները լրացնող և միևնույն նպատակներով կիրառելի: Ըստ Երրորդ արձանագրության` տարբերակիչ խորհրդանշաններն օգտվում են միևնույն կարգավիճակից:
Երրորդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.
- հարգել Երրորդ արձանագրության դրույթները և ապահովել դրա նկատմամբ հարգանքը ցանկացած հանգամանքում,
- ապահովել, որպեսզի Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործման պայմանները և դրա նկատմամբ հարգալից վերաբերմունքը և Ժնևի կոնվենցիաներով ու, համապատասխան դեպքերում, դրանց` 1977թ. Լրացուցիչ արձանագրություններով սահմանված տարբերակիչ խորհրդանշանների նկատմամբ կիրառելի պայմանները նույնական լինեն,
- ապահովել, որպեսզի իր զինված ուժերի բժշկական և կրոնական ծառայությունները, առանց վնաս հասցնելու այն խորհրդանշաններին, որոնք օգտագործում են ներկա պահին, կարողանան ժամանակավորապես օգտագործել Ժնևի կոնվենցիաների տարբերակիչ խորհրդանշաններից ցանկացածը, եթե դա կարող է ուժեղացնել իրենց պաշտպանությունը,
- ապահովել, որպեսզի ՀՀ ազգային ընկերությունները, որոնք կորոշեն օգտագործել Երրորդ արձանագրության խորհրդանշանը, ՀՀ ազգային օրենսդրության համաձայն խորհրդանշանն օգտագործելիս կարողանան տարբերանշման նպատակներով դրանում ներառել` Ժնևի կոնվենցիաներով ճանաչված տարբերակիչ խորհրդանշաններից որևէ մեկը կամ այդ խորհրդանշանների համակցությունը, կամ մեկ այլ խորհրդանշան, որն արդեն իսկ փաստացի օգտագործում է Հայաստանի Հանրապետությունը, և որի մասին ավանդապահի միջոցով մինչև Երրորդ արձանագրության ընդունումն իրազեկվել են մյուս մասնակից պետությունները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն,
- ապահովել, որպեսզի ՀՀ ազգային ընկերությունները, բացառիկ դեպքերում, ՀՀ ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց աշխատանքը դյուրացնելու նպատակով, կարողանան ժամանակավորապես օգտագործել Երրորդ արձանագրության 2-րդ հոդվածում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանը,
- ապահովել, որպեսզի Ժնևի կոնվենցիաների և, համապատասխան դեպքերում, 1977թ. Լրացուցիչ արձանագրությունների այն դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելմանը և պատժին, հավասարապես կիրառվեն Երրորդ արձանագրության խորհրդանշանի նկատմամբ: Մասնավորապես, ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են Երրորդ արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանների և դրանց անվանումների` ցանկացած ժամանակ ցանկացած անօրինական օգտագործումը կանխարգելելու և պատժելու համար, ներառյալ` ոչ պատշաճ օգտագործումը և դրանց նմանակումը հանդիսացող ցանկացած նշանի և անվանման օգտագործումը,
- թույլատրել նրանց, ովքեր նախկինում օգտագործել են Երրորդ արձանագրության խորհրդանշանը կամ դրա նմանակումը հանդիսացող ցանկացած այլ նշան, շարունակել օգտագործել այդ խորհրդանշանը` պայմանով, որ զինված ընդհարման ժամանակ այդ խորհրդանշանի օգտագործումը տպավորություն չի ստեղծի, թե այն տրամադրում է Ժնևի կոնվենցիաներով, և, համապատասխան դեպքերում, 1977թ. Լրացուցիչ արձանագրություններով նախատեսված պաշտպանություն, և պայմանով, որ նման օգտագործման իրավունքը ձեռք է բերվել մինչև Երրորդ արձանագրության ընդունումը,
- հնարավորինս լայնորեն տարածել Երրորդ արձանագրությունն ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ, և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը ներառել ռազմական պատրաստության ծրագրերում և խրախուսել դրա ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից, որպեսզի այս փաստաթուղթը հայտնի դառնա ՀՀ զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը,
- Երրորդ արձանագրության վավերագրերն ի պահ հանձնել Շվեյցարիայի դաշնային խորհրդին` Ժնևի կոնվենցիաների և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունների ավանդապահին:
Երրորդ արձանագրությունն ունի իր անբաժանելի մասը կազմող հավելված, որում տեղադրված է «Երրորդ արձանագրության խորհրդանշանի» պատկերը, որը պետք է օգտագործվի սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված` 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին լրացուցիչ արձանագրության մեջ (Արձանագրություն III) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
15 փետրվարի 2011 թ. |