Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(փոփոխություններով)
ՆԱԽԱԲԱՆ
Մաքսային համագործակցության խորհրդի հովանու ներքո հաստատված սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը,
ՋԱՆԱԼՈՎ վերացնել Պայմանավորվող կողմերի մաքսային ընթացակարգերի և գործելակերպի միջև տարբերությունները, որոնք կարող են խոչընդոտել միջազգային առևտուրը և միջազգային մյուս փոխանակումները,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ արդյունավետորեն նպաստել այդ առևտրի և փոխանակումների զարգացմանը՝ պարզեցնելով և ներդաշնակեցնելով մաքսային ընթացակարգերն ու գործելակերպը և խթանելով միջազգային համագործակցությունը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային առևտրի դյուրացման զգալի օգուտը կարող է երևալ` առանց մաքսային հսկողության համապատասխան ստանդարտները վտանգելու,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ այդ պարզեցումը և ներդաշնակեցումը կարող են իրականացվել, մասնավորապես, կիրառելով հետևյալ սկզբունքները`
■ մաքսային ընթացակարգերի և գործելակերպի շարունակական արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացում և դրանով իսկ արդյունավետության բարձրացում,
■ մաքսային ընթացակարգերի և գործելակերպի կիրառում կանխատեսելի, հետևողական և թափանցիկ եղանակով,
■ մաքսային օրենքների, կանոնների, վարչական ուղեցույցների, ընթացակարգերի և գործելակերպի վերաբերյալ շահագրգիռ կողմերին անհրաժեշտ բոլոր տեղեկությունների տրամադրում,
■ ժամանակակից միջոցների ընդունում, ինչպիսիք են՝ ռիսկի կառավարումը և աուդիտի վրա հիմնված հսկողությունը, և տեղեկատվական տեխնոլոգիաների առավելագույն գործնական կիրառումը,
■ անհրաժեշտության դեպքում` համագործակցություն այլ ազգային մարմինների, մաքսային ծառայությունների և առևտրային կազմակերպությունների հետ,
■ համապատասխան միջազգային ստանդարտների իրականացում,
■ տուժած կողմերին վարչական և դատական վերանայման գործընթացներին հեշտ հասանելիության ապահովում,
ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ Պայմանավորվող կողմերի` կիրառելու նպատակով հանձն առած վերոհիշյալ նպատակները և սկզբունքները միավորող միջազգային փաստաթուղթը կհանգեցնի մաքսային ընթացակարգերի և գործելակերպի պարզեցման և ներդաշնակեցման բարձր մակարդակի, որն էլ Մաքսային համագործակցության խորհրդի հիմնական նպատակն է, և դրանով իսկ մեծ նպաստ կունենա միջազգային առևտրի դյուրացման գործում,
համաձայնեցին հետևյալի մասին.
ԳԼՈՒԽ I
Սահմանումներ
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար`
(ա) «Ստանդարտ» նշանակում է՝ դրույթ, որի իրականացումը ընդունվում է որպես անհրաժեշտություն` մաքսային ընթացակարգերի և գործելակերպի ներդաշնակեցումն ու պարզեցումն ապահովելու համար,
(բ) «Անցումային ստանդարտ» նշանակում է` Գլխավոր հավելվածի ստանդարտ, որի համար թույլատրվում է իրականացման առավել երկարատև ժամկետ,
(գ) «Առաջարկվող գործելակերպ» նշանակում է` Հատուկ հավելվածի դրույթ, որն ընդունվում է որպես առաջընթաց` միտված մաքսային ընթացակարգերի և գործելակերպի ներդաշնակեցմանն ու պարզեցմանը, և ցանկալի է դրա հնարավորինս լայն կիրառումը,
(դ) «Ազգային օրենսդրություն» նշանակում է` օրենքներ, կանոններ և այլ միջոցներ, որոնք սահմանված են Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից և կիրառելի են տվյալ Պայմանավորվող կողմի ողջ տարածքում, կամ ուժի մեջ մտած պայմանագրեր, որոնցով այդ Կողմը ստանձնել է պարտավորություններ,
(ե) «Գլխավոր հավելված» նշանակում է` սույն Կոնվենցիայում նշված բոլոր մաքսային ընթացակարգերի և գործելակերպի նկատմամբ կիրառվող դրույթների հավաքածու,
(զ) «Հատուկ հավելված» նշանակում է` սույն Կոնվենցիայում նշված մեկ կամ ավելի մաքսային ընթացակարգի կամ գործելակերպի նկատմամբ կիրառելի դրույթների հավաքածու,
(է) «Ուղեցույցներ» նշանակում է` Գլխավոր հավելվածի, Հատուկ հավելվածների և դրանց գլուխների դրույթների պարզաբանումների ամբողջություն, որտեղ նշվում են որոշ հնարավոր գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպը կիրառելիս և, որոնք, մասնավորապես, նկարագրում են լավագույն գործելակերպերը և առաջարկում առավել բարենպաստ օրինակներ,
(ը) «Մշտական տեխնիկական կոմիտե» նշանակում է` Խորհրդի մշտական տեխնիկական կոմիտե,
(թ) «Խորհուրդ» նշանակում է` կազմակերպություն` ստեղծված Մաքսային համագործակցության խորհուրդը հիմնադրող կոնվենցիայով, որը ստորագրվել Բրյուսելում 1950 թ-ի դեկտեմբերի 15-ին,
(ժ) «Մաքսային կամ տնտեսական միություն» նշանակում է` միություն, որը հիմնադրվել է պետությունների կողմից և կազմված է դրանցից, և որն իրավասու է ընդունել այդ պետությունների համար իրավապարտադիր իր կանոնները` սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իր ներքին ընթացակարգերին համապատասխան` իրավասու է որոշում կայացնել սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ դրան միանալու վերաբերյալ:
ԳԼՈՒԽ II
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Կոնվենցիայի կիրառման ոլորտ
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է աջակցել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու ներդաշնակեցմանը, և այդ նպատակով սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` պահպանել սույն Կոնվենցիայի հավելվածներում ներառված ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպերը: Այնուամենայնիվ, ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմին տրամադրել առավել բարենպաստ պայմաններ, քան նախատեսված է Կոնվենցիայով, և Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին առաջարկվում է հնարավորինս ընդլայնել նման բարենպաստ պայմանների տրամադրումը:
Հոդված 3
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում ազգային օրենսդրության կիրառումը` մաքսային հսկողությանը ենթակա ապրանքների արգելման կամ սահմանափակումների առնչությամբ:
Կոնվենցիայի կառուցվածքը
Հոդված 4
1. Կոնվենցիան ներառում է հիմնական տեքստ, գլխավոր հավելված և հատուկ հավելվածներ:
2. Սույն Կոնվենցիայի գլխավոր հավելվածը և հատուկ հավելվածներից յուրաքանչյուրը, որպես կանոն, բաղկացած են գլուխներից, որոնցից կազմված է հավելվածը, և որոնք ներառում են`
(ա) սահմանումներ, և
(բ) ստանդարտներ, որոնցից մի քանիսը գլխավոր հավելվածում անցումային ստանդարտներ են:
3. Յուրաքանչյուր հատուկ հավելված նույնպես պարունակում է առաջարկվող գործելակերպեր:
4. Յուրաքանչյուր հավելված ուղեկցվում է ուղեցույցներով, որոնց տեքստերը պարտադիր չեն Պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի նպատակների համար` հատուկ հավելվածից(ներից) կամ դրանց գլխից (գլուխներից) ցանկացածը, որով Պայմանավորվող կողմը պարտավորություններ է ստանձնել, համարվում է Կոնվենցիայի անբաժանելի մաս, և այդ Պայմանավորվող կողմի առնչությամբ` ցանկացած հղում Կոնվենցիային համարվում է հղում այդ հավելվածին(ներին) կամ գլխին (գլուխներին):
ԳԼՈՒԽ III
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Կառավարման կոմիտե
Հոդված 6
1. Սույն Կոնվենցիայի իրականացումը, դրա մեկնաբանությունների և իրականացման միօրինակությունն ապահովելու բոլոր միջոցները, ինչպես նաև Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարելու առաջարկությունները քննարկելու նպատակով ստեղծվում է կառավարման կոմիտե:
2. Կառավարման կոմիտեի անդամներն են Պայմանավորվող կողմերը:
3. Ցանկացած սուբյեկտի իրավասու մարմին, որը 8-րդ հոդվածի դրույթների համաձայն` իրավունք ունի դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության ցանկացած անդամ, իրավունք ունի որպես դիտորդ մասնակցել կառավարման կոմիտեի նիստերին: Նման դիտորդների կարգավիճակը և իրավունքները սահմանվում են խորհրդի որոշմամբ: Վերոհիշյալ իրավունքները չեն կարող իրականացվել մինչև որոշման ուժի մեջ մտնելը:
4. Կառավարման կոմիտեն կարող է հրավիրել միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին որպես դիտորդներ մասնակցելու իր նիստերին:
5. Կառավարման կոմիտեն`
(ա) առաջարկում է Պայմանավորվող կողմերին`
(i) փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայի հիմնական տեքստում,
(ii) փոփոխություններ կատարել գլխավոր հավելվածում, հատուկ հավելվածներում և դրանց գլուխներում և նոր գլուխներ ներառել գլխավոր հավելվածում, և
(iii) ներառել նոր հատուկ հավելվածներ և նոր գլուխներ հատուկ հավեվածներում,
(բ) կարող է որոշում ընդունել` փոփոխելու առաջարկվող գործելակերպերը կամ հատուկ հավելվածներում կան դրանց գլուխներում ներառել առաջարկվող նոր գործելակերպեր` 16-րդ հոդվածին համապատասխան,
(գ) քննարկում է սույն Կոնվենցիայի դրույթների իրականացումը` 13-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն,
(դ) վերանայում և թարմացնում է ուղեցույցները,
(ե) քննարկում է սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ հարցեր, որոնք կարող են ներկայացվել կոմիտե,
(զ) իրազեկում է մշտական տեխնիկական կոմիտեին և խորհրդին իր որոշումների մասին:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի համաձայն` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները խորհրդի գլխավոր քարտուղարին ուղարկում են առաջարկություններ` հիմնավորումներով հանդերձ, ինչպես նաև կառավարման կոմիտեի նիստերի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ դիմումներ: Խորհրդի գլխավոր քարտուղարը առաջարկությունները ներկայացնում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին:
7. Կառավարման կոմիտեի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի կոմիտեն ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ: Խորհրդի գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին ուղարկում է նիստին մասնակցելու հրավեր և օրակարգի նախագիծը` կառավարման կոմիտեի նիստից առնվազն վեց շաբաթ առաջ:
8. Եթե որոշում չի կարող ընդունվել ընդհանուր համաձայնությամբ, ապա կառավարման կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերը լուծվում են ներկա գտնվող Պայմանավորվող կողմերի քվեարկությամբ: Սույն հոդվածի 5-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված առաջարկություններն ընդունվում են ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Բոլոր մյուս հարցերի վերաբերյալ կառավարման կոմիտեն որոշումներն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
9. Սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառման դեպքում` Պայմանավորվող կողմեր հանդիսացող մաքսային կամ տնտեսական միությունները քվեարկության ժամանակ պետք է ունենան միայն ձայների այն քանակը, որը հավասար է Պայամավորվող կողմեր հանդիսացող իրենց անդամներին հատկացված ձայների ընդհանուր քանակին:
10. Նիստը փակելուց առաջ կառավարման կոմիտեն ընդունում է հաշվետվություն: Այդ հաշվետվությունը պետք է ուղարկվի խորհրդին և Պայմանավորվող կողմերին և 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին:
11. Սույն հոդվածում համապատասխան դրույթների բացակայության դեպքում կիրառվում են խորհրդի ընթացակարգային կանոնները, եթե կառավարման կոմիտեն այլ որոշում չի ընդունել:
Հոդված 7
Կառավարման կոմիտեի նիստերին յուրաքանչյուր հատուկ հավելվածի և հատուկ հավելվածի յուրաքանչյուր գլխի համար անց է կացվում առանձին քվեարկություն:
(ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի քվեարկել Կոնվենցիայի հիմնական տեքստի և գլխավոր հավելվածի մեկնաբանման, կիրառման կամ փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:
(բ) Ինչ վերաբերում է արդեն ուժի մեջ մտած հատուկ հավելվածի կամ հատուկ հավելվածի գլխի հետ կապված հարցերին, միայն այն Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն քվեարկելու, որոնք ընդունել են այդ հատուկ հավելվածը կամ դրա տվյալ գլուխը:
(գ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի քվեարկելու նոր հատուկ հավելվածների կամ հատուկ հավելվածի նոր գլուխների նախագծերի առնչությամբ:
ԳԼՈՒԽ IV
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄ
Կոնվենցիայի վավերացում
Հոդված 8
1. Խորհրդի ցանկացած անդամ և Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված գործակալությունների ցանկացած անդամ կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`
(ա) ստորագրելով Կոնվենցիան` առանց վավերացման վերաբերյալ վերապահման,
(բ) վավերացման պայմանով ստորագրելուց հետո` վավերագիրը ի պահ հանձնելով, կամ
(գ) միանալով Կոնվենցիային:
2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամների կողմից մինչև 1974թ. հունիսի 30-ը Բրյուսելում տեղակայված խորհրդի կենտրոնակայանում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան բաց կլինի այդ անդամների կողմից միանալու համար:
3. Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս ցանկացած Պայմանավորվող կողմ նշում է, թե որ հատուկ հավելվածները կամ դրա գլուխներն է նա ընդունում, եթե ընդունում է ընդհանրապես: Հետագայում Կողմը կարող է ծանուցել ավանդապահին` իր կողմից մեկ կամ ավելի հատուկ հավելվածներ կամ դրանց գլուխները ընդունելու վերաբերյալ:
4. Այն Պայմանավորվող կողմերը, որոնք ընդունում են ցանկացած նոր հատուկ հավելված կամ հատուկ հավելվածի ցանկացած նոր գլուխ, դրա մասին ծանուցում են ավանդապահին` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
5. (ա) Ցանկացած մաքսային կամ տնտեսական միություն կարող է, սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ: Այդ մաքսային կամ տնտեսական միությունը տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասությունների մասին: Այդ մաքսային կամ տնտեսական միությունը ավանդապահին տեղեկացնում է նաև իր իրավասության շրջանակի ցանկացած էական փոփոխության մասին:
(բ) Մաքսային կամ տնտեսական միությունը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, իր իրավասության մեջ գտնվող հարցերի առնչությամբ իր անունից իրականացնում է իրավունքներ և կատարում պարտավորություններ, որոնք Կոնվենցիայով դրվում են այդ միության այն անդամների վրա, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Նման դեպքերում այդ միության անդամներն իրավունք չունեն անհատականորեն իրականացնելու այդ իրավունքները` ներառյալ քվեարկության իրավունքը:
Հոդված 9
1. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան, պարտադիր են սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, ներառյալ գլխավոր հավելվածը, որն ուժի մեջ է մտել վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու օրվա դրությամբ:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, պարտադիր են տվյալ հատուկ հավելվածում կամ այդ գլխում պարունակվող ստանդարտների փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել դրանք ընդունելու մասին ավանդապահին ծանուցելու օրվա դրությամբ: Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, պարտադիր են դրանցում պարունակվող առաջարկվող գործելակերպերի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել դրանք ընդունելու մասին ավանդապահին ծանուցելու օրվա դրությամբ, եթե այդ Պայմանավորվող կողմը չի արել վերապահում մեկ կամ ավելի առաջարկվող գործելակերպը չկիրառելու վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածին համապատասխան:
Կոնվենցիայի կիրառումը
Հոդված 10
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելիս, կամ վավերացման կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած այլ ժամանակ կարող է ավանդապահին ծանուցելու միջոցով հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է բոլոր կամ ցանկացած առանձին այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալու օրվանից երեք ամիս հետո: Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան չի կիրառվում ծանուցման մեջ նշված տարածքների նկատմամբ, մինչև տվյալ Պայմանավորվող կողմի համար Կենվենցիայի ուժի մեջ մտնելը:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը համաձայն սույն հոդվածի 1-ին կետի` ծանուցել է այն տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու մասին, որի միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում, կարող է սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան, ծանուցել ավանդապահին, որ տվյալ տարածքում սույն Կոնվենցիան այլևս չի կիրառվելու:
Հոդված 11
Սույն Կոնվենցիայի կիրառման համար` Պայմանավորվող կողմ հանդիսացող մաքսային կամ տնտեսական միությունը պետք է ծանուցի խորհրդի գլխավոր քարտուղարին այն տարածքների մասին, որոնք կազմում են այդ մաքսային կամ տնտեսական միությունը, և այդ տարածքները կդիտվեն որպես մեկ տարածք:
Դրույթների և վերապահումների ընդունում
Հոդված 12
1. Բոլոր Պայմանավորվող կողմերի համար սույնով պարտադիր է գլխավոր հավելվածը:
2. Պայմանավորվող կողմը կարող է ընդունել մեկ կամ ավելի հատուկ հավելված կամ դրա մեկ կամ ավելի գլուխները: Հատուկ հավելվածը կամ դրա գլուխը(ները) ընդունած Պայմանավորվող կողմի համար դրանցում ներառված բոլոր ստանդարտները պարտադիր են: Հատուկ հավելվածը կամ դրա գլուխը(ները) ընդունած Պայմանավորվող կողմի համար դրանցում ներառված բոլոր առաջարկվող գործելակերպերը պարտադիր են, եթե ընդունման պահին կամ դրանից հետո ցանկացած այլ ժամանակ նա չի ծանուցում ավանդապահին առաջարկվող այն գործելակերպի(երի) մասին, որի (որոնց) վերաբերյալ վերապահումներ են կատարվել` նշելով իր ազգային օրենսդրության դրույթների և տվյալ առաջարկվող գործելակերպի(երի) միջև առկա տարբերությունները: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը վերապահումներ է կատարել, կարող է ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասամբ հետ վերցնել դրանք` ավանդապահին ծանուցելու միջոցով` նշելով հետ վերցնելու ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի համար պարտադիր են հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ (գլուխներ), պետք է ուսումնասիրի առաջարկվող գործելակերպերի մասով վերապահումները հանելու հնարավորությունը, որոնք կատարվել են 2-րդ կետի դրույթներին համապատասխան, և ծանուցի խորհրդի գլխավոր քարտուղարին այդ ուսումնասիրության արդյունքների մասին յուրաքանչյուր եռամյա ժամանակահատվածի ավարտին` տվյալ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, նշելով իր ազգային օրենսդրության այն դրույթները, որոնք իր կարծիքով, թույլ չեն տալիս հանել վերապահումները:
Դրույթների իրականացումը
Հոդված 13
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է իր կողմից ընդունված գլխավոր հավելվածի և հատուկ հավելվածի (ների) կամ դրա գլխի (գլուխների) ստանդարտները` այդ Պայմանավորվող կողմի համար այդ հավելվածը (ները) կամ գլուխը (գլուխներն) ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է գլխավոր հավելվածի անցումային ստանդարտները 60 ամսվա ընթացքում` այդ Պայմանավորվող կողմի համար գլխավոր հավելվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրականացնում է հատուկ հավելվածում (ներում) կամ դրանց որևէ գլխում (գլուխներում) առաջարկվող գործելակերպերը, որոնք նա ընդունել է այդ Պայմանավորվող կողմի համար այդ հատուկ հավելվածը (ները) կամ գլուխը (գլուխները) ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում, եթե տվյալ առաջարկվող գործելակերպերից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ վերապահումներ չեն կատարվել:
4. (ա) Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված ժամկետները բավարար չեն որևէ Պայմանավորվող կողմի համար` գլխավոր հավելվածի դրույթները կատարելու համար, ապա այդ Պայմանավորվող կողմը կարող է մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը դիմել կառավարման կոմիտե` այդ ժամկետը երկարաձգելու դիմումով: Դիմումի մեջ Պայմանավորվող կողմը պետք է նշի գլխավոր հավելվածի այն դրույթը (դրույթները), որի (որոնց) առնչությամբ պահանջվում է է ժամկետի երկարաձգում, ինչպես նաև դրա պատճառները:
(բ) Բացառիկ հանգամանքներում կառավարման կոմիտեն կարող է որոշում ընդունել` թույլատրել նման երկարաձգումը: Երկարաձգման մասին կառավարման կոմիտեի ցանկացած որոշում պետք է նշի բացառիկ հանգամանքները, որոնք հիմնավորում են այդ որոշումը, իսկ երկարաձգման ժամկետը չպետք է ցանկացած դեպքում գերազանցի մեկ տարին: Երկարաձգման ժամկետի ավարտին Պայմանավորվող կողմը պետք է ծանուցի ավանդապահին այն դրույթների կատարման մասին, որոնց առնչությամբ թույլատրվել է այդ երկարաձգումը:
Վեճերի կարգավորում
Հոդված 14
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի միմյանց միջև բանակցությունների միջոցով:
2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվել բանակցությունների միջոցով, վիճող Պայմանավորվող կողմերը ուղարկում են կառավարման կոմիտե, որը քննության է առնում վեճը և տալիս առաջարկություններ այն կարգավորելու համար:
3. Վիճող Պայմանավորվող կողմերը կարող են նախապես համաձայնել` ընդունել կառավարման կոմիտեի առաջարկությունները` որպես պարտադիր առաջարկություններ:
Կոնվենցիայի փոփոխություններ
Հոդված 15
1. Կառավարման կոմիտեի կողմից 6-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի «i» և «ii» կետերին համապատասխան Պայմանավորվող կողմերին առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ ուղարկվում է խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից բոլոր Պայմանավորվող կողմերին և Պայմանավորվող կողմեր չհանդիսացող խորհրդի անդամներին:
2. Կոնվենցիայի հիմնական տեքստի փոփոխությունները բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ են մտնում այն Պայմանավորվող կողմերի` դրանց ընդունման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից 12 ամիս հետո, որոնք ներկա են գտնվել կառավարման կոմիտեի այն նիստի ժամանակ, որի ընթացքում այդ փոփոխություններն առաջարկվել էին` պայմանով, որ այդ փոփոխությունների մասին ծանուցման օրվանից տասներկու ամսվա ընթացքում որևէ Պայմանավորվող կողմ առարկություն չի ներկայացրել:
3. Գլխավոր հավելվածում կամ հատուկ հավելվածներում կամ դրանց գլուխներում առաջարկվող ցանկացած փոփոխություն համարվում է ընդունված Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխությունն ուղարկելու օրվանից վեց ամիս հետո, եթե`
(ա) Պայմանավորվող որևէ կողմ չի ներկայացրել առարկություն, իսկ հատուկ հավելվածի կամ դրա որևէ գլխի փոփոխության դեպքում, այն Պայմանավորվող կողմը չի ներկայացրել առարկություն, որի համար տվյալ հատուկ հավելվածը կամ գլուխը պարտադիր են, կամ
(բ) Պայմանավորվող կողմը տեղեկացրել է խորհրդի գլխավոր քարտուղարին այն մասին, որ չնայած առաջարկվող փոփոխությունը ընդունելու իր մտադրությանը, դրա ընդունման համար անհրաժեշտ պայմանները դեռ կատարված չեն:
4. Եթե Պայմանավորվող կողմը խորհրդի գլխավոր քարտուղարին ուղարկում է սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված ծանուցումը, քանի դեռ նա չի ծանուցել խորհրդի գլխավոր քարտուղարին առաջարկվող փոփոխությունը ընդունելու մասին, նա կարող է ներկայացնել իր առարկությունները այդ փոփոխության առնչությամբ` սույն հոդվածի 3-րդ կետում նշված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո տասնութ ամսվա ընթացքում:
5. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետին համապատասխան` ծանուցվում է առաջարկվող փոփոխության մասին առարկությունը, ապա այդ փոփոխությունը համարվում է չընդունված և չի մտնում ուժի մեջ:
6. Եթե որևէ Պայմանավորվող կողմ ուղարկել է ծանուցում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, ապա փոփոխությունը համարվում է ընդունված` ստորև նշված երկու ամսաթվերից առավել վաղ ամսաթվի դրությամբ`
(ա) այն ամսաթիվը, որով բոլոր Պայմանավորվող կողմերը, որոնք ուղարկել են այդ ծանուցումները, ծանուցում են ուղարկում խորհրդի գլխավոր քարտուղարին` իրենց կողմից առաջարկվող փոփոխությունն ընդունելու մասին` պայմանով, որ եթե ընդունման բոլոր համաձայնությունները ուղարկվել են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված վեցամսյա ժամանակահատվածի ավարտից առաջ, այդ ամսաթիվն ընդունվում է որպես նշված վեցամսյա ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ,
(բ) սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տասնութամսյա ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը:
7. Գլխավոր հավելվածի կամ հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների ընդունված համարվող ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում կամ դրա ընդունվելու օրվանից հետո վեց ամիս անց, կամ, եթե առաջարկվող փոփոխության մեջ նշված է այլ ժամկետ, փոփոխության ընդունման օրվանից հետո այդ ժամկետի ավարտի օրը:
8. Խորհրդի գլխավոր քարտուղարը հնարավորինս վաղ ծանուցում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխության վերաբերյալ ցանկացած առարկության մասին, որն արվել է 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ստացված ցանկացած ծանուցման մասին: Այնուհետև, խորհրդի գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Պայմանավորվող կողմերին այն մասին, թե արդյոք այն Պայմանավորվող կողմը կամ կողմերը, որոնք ուղարկել են այդ ծանուցումը, ներկայացրել են առարկություններ առաջարկվող փոփոխության վերաբերյալ կամ ընդունել են այն:
Հոդված 16
1. Չնայած սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածում շարադրված փոփոխությունների կատարման ընթացակարգին` Կառավարման կոմիտեն, 6-րդ հոդվածի համաձայն, կարող է որոշում ընդունել առաջարկվող որևէ գործելակերպ փոփոխելու կամ առաջարկվող նոր գործելակերպեր հատուկ հավելվածում կամ դրա որևէ գլխում ներառելու մասին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է մասնակցելու կառավարման կոմիտեի քննարկումներին: Ցանկացած այդպիսի փոփոխության կամ առաջարկվող նոր գործելակերպի տեքստը խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերին և խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր:
2. Ցանկացած փոփոխություն կամ առաջարկվող նոր գործելակերպի ներառումը, որոնց վերաբերյալ ընդունվել է որոշում` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ուժի մեջ է մտնում խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից դրանց վերաբերյալ ծանուցելու օրվանից վեց ամիս հետո: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի համար պարտադիր է այն հատուկ հավելվածը կամ դրա որևէ գլուխ, որում կատարվում են փոփոխություններ կամ ներառվում են առաջարկվող նոր գործելակերպեր, համարվում է այդ փոփոխությունները կամ առաջարկվող նոր գործելակերպը ընդունած, եթե այդ Կողմը չի կատարել վերապահում` սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
Գործողության ժամկետը
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան ունի գործողության անսահմանափակ ժամկետ, սակայն ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել այն ցանկացած ժամանակ` 18-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Դադարեցման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում ավանդապահին:
3. Դադարեցումն ուժի մեջ է մտնում դադարեցման մասին փաստաթուղթը ավանդապահի կողմից ստանալու օրվանից վեց ամիս անց:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների նկատմամբ, որոնք ընդունելու իր համաձայնությունը ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ հետ վերցնել:
5. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հետ է վերցնում իր համաձայնությունը Կոնվենցիայի գլխավոր հավելվածն ընդունելու վերաբերյալ, համարվում է սույն Կոնվենցիան դադարեցրած: Այս դեպքում կիրառվում են նաև 2-րդ և 3-րդ կետերի դրույթները:
ԳԼՈՒԽ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը
Հոդված 18
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերում նշված հինգ սուբյեկտների կողմից՝ առանց վավերացման մասին վերապահումով Կոնվենցիան ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո երեք ամիս անց:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ցանկացած Պայմանավորվող կողմի համար երեք ամիս անց այն պահից, երբ նա դառնում է Պայմանավորվող կողմ` 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
3. Սույն Կոնվենցիայի ցանկացած հատուկ հավելված կամ դրա որևէ գլուխ ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն պահից, երբ հինգ Պայմանավորվող կողմեր ընդունեն այդ հատուկ հավելվածը կամ գլուխը:
4. Ցանկացած հատուկ հավելված կամ դրա որևէ գլուխ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո` այդ հատուկ հավելվածը կամ դրա գլուխն ուժի մեջ են մտնում ցանկացած Պայմանավորվող կողմի համար` վերջինիս կողմից դրանք ընդունելու մասին ծանուցելուց հետո երեք ամիս անց: Այնուամենայնիվ, հատուկ հավելվածներից կամ դրանց գլուխներից ոչ մեկը Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ չի մտնում` մինչև այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:
Կոնվենցիայի ավանդապահը
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիան, դրա վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման բոլոր ստորագրությունները, ինչպես նաև վավերացման կամ միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ի պահ են հանձնվում խորհրդի գլխավոր քարտուղարին:
1. Ավանդապահը`
(ա) ստանում սույն Կոնվենցիայի բնօրինակները և ապահովում է դրանց պահպանումը,
(բ) պատրաստում է սույն Կոնվենցիայի բնօրինակների հաստատված պատճենները և փոխանցում դրանք Պայմանավորվող կողմերին և խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող կողմեր, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին,
(գ) ստանում է վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման, սույն Կոնվենցիան վավերացնելու կամ դրան միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև ստանում և ապահովում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման և հաղորդագրության պահպանումը,
(դ) ուսումնասիրում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության պատշաճ ձևով լինելը, և անհրաժեշտության դեպքում, դրա մասին տեղեկացնում է համապատասխան Պայմանավորվող կողմին,
(ե) ծանուցում է Պայմանավորվող կողմերին, խորհրդի այն անդամներին, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող կողմեր և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին`
- սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան հավելվածների և գլուխների ընդունման, ստորագրման, վավերացումների և միանալու մասին,
- գլխավոր հավելվածի նոր գլուխների և նոր հատուկ հավելվածների կամ դրանց գլուխների մասին, որոնք կառավարման կոմիտեն որոշել է առաջարկել ներառել սույն Կոնվենցիայում,
- սույն Կոնվենցիայի, գլխավոր հավելվածի և յուրաքանչյուր հատուկ հավելվածի կամ դրա գլխի ուժի մեջ մտնելու օրվա մասին` սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածին համապատասխան,
- սույն Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան ստացված ծանուցումների մասին,
- Պայմանավորվող կողմերի կողմից հավելվածների/գլուխների ընդունման վերաբերյալ համաձայնությունը հետ վերցնելու մասին,
- սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածին համապատասխան դադարեցման մասին, և
- սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու օրվա մասին:
3. Պայմանավորվող կողմի և ավանդապահի միջև վերջինիս կողմից իր գործառույթների իրականացման վերաբերյալ ցանկացած տարաձայնություն առաջանալու դեպքում` ավանդապահը կամ այդ Պայմանավորվող կողմը տվյալ հարցը ներկայացնում են մյուս Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիան ստորագրած կողմերի կամ, հանգամանքներից կախված, կառավարման կոմիտեի կամ խորհրդի ուշադրությանը:
Գրանցումը և տեքստերի հավասարազորությունը
Հոդված 20
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում` Խորհրդի գլխավոր քարտուղարի դիմումի հիման վրա:
Ի վկայումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Կիոտոյում, հազար ինը հարյուր յոթանասուներեք թվականի մայիսի տասնութին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը պետք է ի պահ հանձնվի Խորհրդի գլխավոր քարտուղարին, որը կփոխանցի հաստատված պատճենները սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետում բոլոր սուբյեկտներին:
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԵԼՎԱԾ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ |
ԳԼՈՒԽ 2 | ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ |
ԳԼՈՒԽ 3 | ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ |
ԳԼՈՒԽ 4 | ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ
Ա. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ Բ. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ Գ. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ |
ԳԼՈՒԽ 5 | ԵՐԱՇԽԻՔՆԵՐ |
ԳԼՈՒԽ 6 | ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ |
ԳԼՈՒԽ 7 | ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
ԳԼՈՒԽ 8 | ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 9 | ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Բ. ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Գ. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԳԼՈՒԽ 10 | ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲՈՂՈՔՆԵՐ
Ա. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ Բ. ԲՈՂՈՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԻՄՔԵՐԸ Գ. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ |
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1.1. Ստանդարտ
Սույն հավելվածի սահմանումները, ստանդարտները և անցումային ստանդարտները կիրառվում են սույն հավելվածում նշված մաքսային ընթացակարգերի և գործելակերպերի նկատմամբ և, որքանով որ դա կիրառելի է, հատուկ հավելվածների ընթացակարգերի և գործելակերպերի նկատմամբ:
1.2. Ստանդարտ
Սույն հավելվածի և հատուկ հավելվածների ընթացակարգերի և գործելակերպերի կիրառման համար կատարման ենթակա պայմանները և իրականացման ենթակա մաքսային ընթացակարգերը սահմանվում են ազգային օրենսդրությամբ և պետք է լինեն հնարավորինս պարզ:
1.3. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը հաստատում և պահպանում է խորհրդակցական բնույթի պաշտոնական հարաբերություններ առևտրային գործունեության մասնակիցների հետ` համագործակցությունը ընդլայնելու և աշխատանքի առավել արդյունավետ մեթոդների մշակման գործում մասնակցությունը դյուրացնելու նպատակներով` ազգային օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան:
ԳԼՈՒԽ 2
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Կոնվենցիայի հավելվածների նպատակների համար`
E1./F23. | «բողոք» նշանակում է` ակտ, որով որևէ անձ, որի վրա անմիջականորեն ազդել է մաքսային ծառայության որոշումը կամ բացթողումը, և որը դրա արդյունքում իրեն համարում է տուժած, դիմում է իրավասու մարմնին` վնասը հատուցելու պահանջով, |
E2./F19. | «տուրքերի և հարկերի հաշվեգրում» նշանակում է` վճարման ենթակա տուրքերի և հարկերի գումարի սահմանում, |
E3./F4. | «աուդիտի վրա հիմնված հսկողություն» նշանակում է` միջոցներ, որոնք մաքսային ծառայությանը հնարավորություն են տալիս համապատասխան անձանց մոտ առկա համապատասխան գրառումների, գրանցումների, բիզնես համակարգերի և առևտրային տվյալների միջոցով համոզվելու, որ հայտարարագրեր լրացվել են ճիշտ, և հայտարարագրում ներառված տվյալները ստույգ են, |
E4./F15. | «ապրանքների հայտարարագրման ստուգում» նշանակում է` մաքսային ծառայության կողմից իրականացվող գործողություններ, որոնք հնարավորություն են տալիս համոզվել, որ ապրանքների հայտարարագրերը ճիշտ են լրացվել, և պահանջվող հաստատող փաստաթղթերը համապատասխանում են նախատեսված պայմաններին, |
E5./F9. | «մաքսազերծում» նշանակում է՝ մաքսային ընթացակարգերի իրականացում, որոնք անհրաժեշտ են ապրանքները ներմուծելու, արտահանելու կամ այլ մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպելու համար, |
E6./F10. | «մաքսային ծառայություն» նշանակում է` կառավարության ծառայություն, որը պատասխանատու է մաքսային օրենսդրության կիրառման, տուրքերի և հարկերի հավաքագրման համար, ինչպես նաև ապրանքների ներմուծման, արտահանման, տեղափոխման կամ պահպանման վերաբերյալ այլ օրենքների և կանոնակարգերի կիրառման համար, |
E7./F3. | «մաքսային հսկողություն» նշանակում է` միջոցներ, որոնք կիրառվում են մաքսային ծառայության կողմից` մաքսային օրենսդրությանը համապատասխանությունը ապահովելու համար, |
E8./F11. | «մաքսատուրքեր» նշանակում է` մաքսային սակագնով նախատեսված տուրքեր, որոնք գանձվում են մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս կամ մաքսային տարածքից դրանք արտահանելիս, |
E9./F16. | «մաքսային ընթացակարգեր» նշանակում է` բոլոր այն գործառնությունները, որոնք պետք է կատարվեն համապատասխան անձանց և մաքսային ծառայության կողմից` մաքսային օրենսդրությունը կատարելու նպատակով, |
E10./F18. | «մաքսային օրենսդրություն» նշանակում է` օրենսդրական և կարգավորող դրույթներ, որոնք վերաբերում են ապրանքների ներմուծմանը, արտահանմանը, տեղափոխմանը կամ պահպանմանը, որոնց կիրառումը և կատարման ապահովումը անմիջապես դրված է մաքսային ծառայության վրա, ինչպես նաև ցանկացած կանոն, որը ընդունվել է մաքսային ծառայության կողմից` օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում, |
E11./F2. | «մաքսային մարմին» նշանակում է` մաքսային ծառայության վարչական ստորաբաժանում, որն իրավասու է մաքսային ընթացակարգերի իրականացման համար, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից այդ նպատակով հաստատված շենքեր կամ այլ տարածքներ, |
E12./F25. | «մաքսային տարածք» նշանակում է` տարածք, որտեղ կիրառվում է Պայմանավորվող կողմի մաքսային օրենսդրությունը, |
E13./F6. | «որոշում» նշանակում է` անհատական բնույթի ակտ, որով մաքսային ծառայությունը որոշում է ընդունում մաքսային օրենսդրությանն առնչվող հարցի վերաբերյալ, |
E14./F7. | «հայտարարատու» նշանակում է` ցանկացած անձ, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից իրականացվում է այդ հայտարարագրումը, |
E15./F5. | «վճարման ժամկետ» նշանակում է` ժամկետ, երբ տուրքերն ու հարկերը ենթակա են վճարման, |
E16./F12. | «տուրքեր և հարկեր» նշանակում է` ներմուծման տուրքեր և հարկեր և/կամ արտահանման տուրքեր և հարկեր, |
E17./F27. | «ապրանքների ստուգում» նշանակում է` մաքսային ծառայության կողմից ապրանքների ֆիզիկական ստուգում` հավաստիանալու համար, որ ապրանքների բնույթը, ծագումը, վիճակը, քանակը և արժեքը համապատասխանում են ապրանքների հայտարարագրում նշված տվյալներին, |
E18./F13. | «արտահանման տուրքեր և հարկեր» նշանակում է` մաքսատուրքեր և բոլոր այն տուրքերը, հարկերը կամ գանձումները, որոնք հավաքվում են ապրանքների արտահանման դեպքում կամ դրա առնչությամբ, բացառությամբ այն գանձումների, որոնք սահմանափակվում են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով կամ որոնք գանձվում են մաքսային ծառայության կողմից այլ պետական մարմնի հանձնարարությամբ, |
E19./F8. |
«ապրանքների հայտարարագիր» նշանակում է` մաքսային ծառայության կողմից հաստատված ձևով կատարված հայտարարություն, որով տվյալ անձինք նշում են ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգը, և ներկայացնում տվյալներ, որոնք պահանջվում են մաքսային ծառայության կողմից այդ ընթացակարգը կիրառելու համար, |
E20./F14. |
«ներմուծման տուրքեր և հարկեր» նշանակում է` մաքսատուրքեր և բոլոր այն տուրքերը, հարկերը կամ գանձումները, որոնք հավաքվում են ապրանքների ներմուծման դեպքում կամ դրա առնչությամբ, բացառությամբ այն գանձումների, որոնք սահմանափակվում են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով կամ որոնք գանձվում են մաքսային ծառայության կողմից այլ պետական մարմնի հանձնարարությամբ, |
E21./F1. |
«փոխադարձ վարչական օգնություն» նշանակում է` մի մաքսային ծառայության կողմից իրականացվող գործողություններ այլ մաքսային ծառայության անունից կամ վերջինիս հետ համատեղ` մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումը ապահովելու և մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու և կասեցնելու նպատակով, |
E22./F21. |
«բացթողում» նշանակում է` մաքսային օրենսդրությամբ մաքսային ծառայությունից պահանջվող գործողության չկատարում կամ որոշման չընդունում` խելամիտ ժամկետում պատշաճ ձևով ներկայացված հարցի վերաբերյալ, |
E23./F22. |
«անձ» նշանակում է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, |
E24./F20. |
«ապրանքների բացթողում» նշանակում է` մաքսային ծառայության գործողություն, որով թույլատրվում է համապատասխան անձանց տնօրինել ապրանքները, որոնց նկատմամբ իրականացվել է մաքսազերծում, |
E25./F24. | «հետվճարում» նշանակում է` ապրանքների համար վճարված տուրքերի և հարկերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում, ինչպես նաև տուրքերից, հարկերից ազատում` ամբողջությամբ կամ մասամբ, եթե վճարում դեռևս չի կատարվել |
E26./F17. |
«երաշխիք» նշանակում է` մաքսային ծառայության կողմից ընդունվող պարտավորությունների կատարման ապահովում մաքսային ծառայության առջև: Երաշխիքը հանդիսանում է «գլխավոր», երբ այն ապահովում է մի քանի գործողություններից բխող պարտավորությունների կատարումը, |
E27./F26. | «երրորդ կողմ» նշանակում է` ցանկացած անձ, որն անմիջականորեն համագործակցում է մաքսային ծառայության հետ այլ անձի անունից և նրա համար` կապված ապրանքների ներմուծման, արտահանման, տեղափոխման կամ պահպանման հետ: |
ԳԼՈՒԽ 3
ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
Իրավասու մաքսային մարմիններ
3.1. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը նշանակում է մաքսային կետեր, որտեղ ապրանքները կարող են ներկայացվել մաքսազերծման կամ կարող են մաքսազերծվել: Այդ մաքսակետերի իրավասությունները, տեղակայման վայրը և դրանց աշխատանքի ժամերը որոշելիս ուշադրությանը արժանի գործոնները պետք է ներառեն, մասնավորապես, առևտրային պահանջները:
3.2. Ստանդարտ
Համապատասխան անձի դիմումի և մաքսային ծառայության համար հիմնավոր պատճառների հիման վրա, վերջինս, հնարավորությունների առկայության դեպքում, կատարում է իր վրա դրված գործառույթները, որոնք նախատեսված են մաքսային ընթացակարգի և գործելակերպի նպատակների համար՝ սահմանված աշխատանքային ժամերից կամ մաքսային մարմինների տեղակայման վայրից դուրս: Մաքսային ծառայության կողմից գանձման ենթակա ցանկացած գանձում սահմանափակվում է մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով:
3.3. Ստանդարտ
Եթե մաքսակետերը տեղակայված են սահմանի ընդհանուր անցակետում, ապա համապատասխան մաքսային մարմինները համաձայնեցնում են աշխատանքի ժամերը և այդ մարմինների իրավասությունները:
3.4. Անցումային ստանդարտ
Սահմանի ընդհանուր անցակետերում համապատասխան մաքսային մարմինները հնարավորության դեպքում իրականացնում են համատեղ հսկողություն:
3.5. Անցումային ստանդարտ
Այն դեպքում, երբ մաքսային ծառայությունը մտադիր է ստեղծել նոր մաքսակետ կամ վերակազմավորել արդեն իսկ գոյություն ունեցող մաքսակետը սահմանի ընդհանուր անցակետում, ապա նա հնարավորության դեպքում համագործակցում է հարևան մաքսային ծառայության հետ` հարակից մաքսակետ ստեղծելու համար, համատեղ հսկողությունը դյուրացնելու նպատակով:
Հայտարարատու
(ա) Անձինք, որոնք իրավունք ունեն հանդես գալ որպես հայտարարատու
3.6. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում են այն պայմանները, որոնց համաձայն անձը իրավունք ունի հանդես գալ որպես հայտարարատու:
3.7. Ստանդարտ
Ցանկացած անձ, որն իրավունք ունի տնօրինել ապրանքներ, իրավունք ունի հանդես գալ որպես հայտարարատու:
(բ) Հայտարարատուի պատասխանատվությունը
3.8. Ստանդարտ
Հայտարարատուն պատասխանատու է մաքսային ծառայության առջև ապրանքների հայտարարագրում նշված տվյալների հավաստիության և տուրքերի ու հարկերի վճարման համար:
(գ) Հայտարարատուի իրավունքները
3.9. Ստանդարտ
Մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը հայտարարատուին թույլ է տրվում մաքսային ծառայության կողմից սահմանված պայմաններով`
(ա) զննել ապրանքները, և
(բ) վերցնել նմուշներ:
3.10. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը չի պահանջում ապրանքների առանձին հայտարարագիր` այն նմուշների համար, որոնք վերցվել են մաքսային ծառայության հսկողության ներքո` պայմանով, որ այդ նմուշները ներառված են համապատասխան բեռի հետ կապված ապրանքների հայտարարագրում:
Ապրանքների հայտարարագիր
(ա) Ապրանքների հայտարարագրի ձևաչափը և բովանդակությունը
3.11. Ստանդարտ
Ապրանքների հայտարարագրի բովանդակությունը սահմանվում է մաքսային ծառայության կողմից: Ապրանքների հայտարարագրի թղթային ձևաչափը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի ձևանմուշին:
Մաքսազերծման ավտոմատացված ընթացակարգերի համար էլեկտրոնային ձևով տրամադրվող ապրանքների հայտարարագրի ձևաչափը հիմնվում է տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման միջազգային ստանդարտների վրա, որոնք սահմանված են Մաքսային համագործակցության խորհրդի առաջարկություններում` տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ:
3.12. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը սահմանափակում է ապրանքների հայտարարագրում պահանջվող տվյալների ցանկը միայն այն տվյալներով, որոնք համարվում են անհրաժեշտ տուրքերի և հարկերի գնահատման և գանձման, վիճակագրական տվյալների հավաքագրման և մաքսային օրենսդրության կիրառման համար:
3.13. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայության կողմից հիմնավոր համարվող պատճառներով հայտարարատուն չի տիրապետում ապրանքների հայտարարագիրը լրացնելու համար պահանջվող տեղեկատվություններին, թույլատրվում է ապրանքների նախնական կամ ոչ լիարժեք հայտարարագրի ներկայացումը` պայմանով, որ այն պարունակում է մաքսային ծառայության կողմից անհրաժեշտ համարվող տվյալները, և որ հայտարարատուն պարտավորվում է լրացնել այն սահմանված ժամկետում:
3.14. Ստանդարտ
Եթե մաքսային ծառայությունը գրանցում է ապրանքների նախնական կամ ոչ լիարժեք հայտարարագիր, ապա այդ ապրանքների նկատմամբ կիրառվող սակագինը չպետք է տարբերվի այն սակագնից, որը կկիրառվեր, եթե ի սկզբանե ներկայացվեր լիարժեք և պատշաճ ձևով լրացված ապրանքների հայտարարագիր:
Ապրանքների բացթողումը չպետք է ուշացվի` պայմանով, որ պահանջվող ցանկացած երաշխիք տրամադրվել է` ապահովելու կիրառելի տուրքերի և հարկերի գանձումը:
3.15. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը պահանջում է ներկայացնել ապրանքների հայտարարագրի բնօրինակը և վերջինիս միայն անհրաժեշտ նվազագույն քանակով պատճենները:
(բ) Ապրանքների հայտարարագրին կից հաստատող փաստաթղթեր
3.16. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը, որպես ապրանքների հայտարարագրին կից հաստատող փաստաթղթեր, պահանջում է միայն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են գործառնության հսկողությունն իրականացնելու և մաքսային օրենսդրության կիրառման հետ կապված բոլոր պահանջների կատարումը ապահովելու նպատակով:
3.17. Ստանդարտ
Այն դեպքերում, երբ որոշ հիմնավորող փաստաթղթեր չեն կարող ներկայացվել ապրանքների հայտարարագրի հետ միասին, մաքսային ծառայության կողմից հիմնավոր համարվող պատճառներով, ապա ծառայությունը թույլ է տալիս այդ փաստաթղթերի ներկայացումը սահմանված ժամկետի ընթացքում:
3.18. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայությունը թույլ է տալիս հաստատող փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային կապի միջոցներով:
3.19. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը չպետք է պահանջի հիմնավորող փաստաթղթերում պարունակվող տվյալների թարգմանություն` բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է ապրանքների հայտարարագրի մշակման համար:
Ապրանքների հայտարարագրի ներկայացում, գրանցում և ստուգում
3.20. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը թույլ է տալիս ապրանքների հայտարարագիրը ներկայացնել ցանկացած սահմանված մաքսակետ:
3.21. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայությունը թույլ է տալիս ապրանքների հայտարարագիրը ներկայացնել էլեկտրոնային կապի միջոցներով:
3.22. Ստանդարտ
Ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է մաքսային ծառայության կողմից սահմանված ժամերի ընթացքում:
3.23. Ստանդարտ
Երբ ազգային օրենսդրությամբ սահմանված է ապրանքների հայտարարագրի ներկայացման ժամկետ, ապա այդ ժամկետը պետք է լինի բավարար, որպեսզի հայտարարատուին հնարավորություն տրվի լրացնել ապրանքների հայտարարագիրը և ձեռք բերել պահանջվող հիմնավորող փաստաթղթերը:
3.24. Ստանդարտ
Հայտարարատուի դիմումի հիման վրա և մաքսային ծառայության կողմից հիմնավոր համարվող պատճառներով, վերջինս երկարաձգում է այն ժամկետը, որը նախատեսված է ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու համար:
3.25. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ նախատեսվում է դրույթ, որը կարգավորում է ապրանքների հայտարարագրի և հաստատող փաստաթղթերի ներկայացումը, գրանցումը կամ ստուգումը մինչև ապրանքների ժամանումը:
3.26. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը չի կարող գրանցել ապրանքների հայտարարագիրը, ապա նա տեղեկացնում է հայտարարատուին պատճառների մասին:
3.27. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը թույլ է տալիս հայտարարատուին փոփոխություններ կատարել արդեն իսկ ներկայացված ապրանքների հայտարարագրի մեջ` պայմանով, որ նման դիմում ստանալու պահին ծառայությունը դեռևս չի սկսել ապրանքների հայտարարագրի ստուգումը կամ ապրանքների զննումը:
3.28. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայությունը թույլ է տալիս հայտարարատուին փոփոխություններ կատարել ապրանքների հայտարարագրի մեջ, եթե դիմումը ստացվել է ապրանքների հայտարարագրի ստուգումը սկսելուց հետո, եթե հայտարարատուի կողմից նշված պատճառները մաքսային ծառայության կողմից համարվել են հիմնավոր:
3.29. Անցումային ստանդարտ
Հայտարարատուին թույլ է տրվում հետ վերցնել ապրանքների հայտարարագիրը և կիրառել այլ մաքսային ընթացակարգի համար պայմանով, որ այդ խնդրանքը ներկայացվում է մաքսային ծառայություն մինչև ապրանքների բացթողումը և որ այդ խնդրանքի պատճառները մաքսային ծառայության կողմից համարվել են հիմնավոր:
3.30. Ստանդարտ
Ապրանքների հայտարարագրի ստուգումը իրականացվում է միաժամանակ կամ հնարավորինս սեղմ ժամկետներում ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո:
3.31. Ստանդարտ
Ապրանքների հայտարարագրի ստուգման նպատակով` մաքսային ծառայությունը նախաձեռնում է միայն այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում մաքսային օրենսդրության կատարումն ապահովելու համար:
Լիազորված անձանց համար նախատեսված հատուկ ընթացակարգեր
3.32. Անցումային ստանդարտ
Լիազորված այն անձանց համար, որոնք համապատասխանում են մաքսային ծառայության կողմից սահմանված չափանիշներին, ներառյալ` մաքսային ծառայության պահանջներին համապատասխանության պատշաճ փաթեթի և առևտրային փաստաթղթաշրջանառություն վարելու բավարար համակարգի առկայությունը, մաքսային ծառայությունը նախատեսում է`
- ապրանքների բացթողում նվազագույն տեղեկությունների ներկայացմամբ, որը անհրաժեշտ է ապրանքների նույնականացման համար և բավարար է ապրանքների վերջնական հայտարարագիրը հետագայում լրացնելու համար,
- ապրանքների մաքսազերծում հայտարարատուի շինություններում կամ այլ վայրում, որը թույլատրվում է մաքսային ծառայության կողմից, և ի լրումն, հնարավորության սահմաններում, այլ հատուկ ընթացակարգերի իրականացում, ինչպես օրինակ՝
- ապրանքների միասնական մեկ հայտարարագրի ներկայացում բոլոր ներմուծված կամ արտահանված ապրանքների համար որոշակի ժամանակահատվածում, որի ընթացքում ապրանքները բազմիցս ներմուծվել կամ արտահանվել են նույն անձի կողմից,
- լիազորված անձանց առևտրային փաստաթղթերի օգտագործում՝ վճարման ենթակա հարկերի և տուրքերի ինքնուրույն հաշվարկման համար և անհրաժեշտ դեպքերում` մաքսային ծառայության այլ պահանջներին համապատասխանությունը ապահովելու համար,
- ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար թույլտվություն լիազորված անձի փաստաթղթերի մեջ տվյալներ ներառելու միջոցով` հետագայում ապրանքների` հաստատող, լրացուցիչ հայտարարագիր ներկայացնելու համար:
Ապրանքների զննում
(ա) Ապրանքների զննման համար անհրաժեշտ ժամանակ
3.33. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը որոշում է ընդունում, որ հայտարարագրում նշված ապրանքները ենթակա են զննման, ապա այդպիսի զննումը իրականացվում է ապրանքների հայտարարագիրը գրանցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:
3.34. Ստանդարտ
Զննումների պլանավորման ժամանակ նախապատվությունը տրվում է ողջ կենդանիների և շուտ փչացող ապրանքների, ինչպես նաև այլ ապրանքների զննմանը, որոնց հրատապ զննման անհրաժեշտությունը ընդունելի է մաքսային ծառայության կողմից:
3.35. Անցումային ստանդարտ
Եթե ապրանքները պետք է զննվեն այլ իրավասու մարմինների կողմից, իսկ մաքսային ծառայությունը նույնպես պլանավորում է զննում, ապա մաքսային ծառայությունը ապահովում է, որ այդ զննումները համակարգվեն և, հնարավորության դեպքում, իրականացվեն միաժամանակ:
(բ) Ապրանքների զննման ժամանակ հայտարարատուի ներկայությունը
3.36. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը քննության է առնում հայտարարատուի դիմումը` ներկա գտնվելու կամ ներկայացված լինելու ապրանքների զննության ժամանակ: Այդ դիմումները բավարարվում են, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ:
3.37. Ստանդարտ
Եթե մաքսային ծառայությունը նպատակահարմար է գտնում, ապա ապրանքների զննում իրականացնելու ժամանակ նա կարող է պահանջել հայտարարատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունը ցանկացած օգնություն ցուցաբերելու նպատակով, որն անհրաժեշտ է զննումը դյուրացնելու համար:
(գ) Մաքսային ծառայության կողմից նմուշների վերցնելը
3.38. Ստանդարտ
Նմուշները վերցվում են միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է համարվում մաքսային ծառայության կողմից` սակագնի նկարագրությունը և/կամ հայտարարագրված ապրանքների արժեքը պարզելու համար կամ ազգային օրենսդրության այլ դրույթների կիրառումը ապահովելու նպատակներով: Ընտրված նմուշները պետք է լինեն հնարավորինս փոքր:
Սխալներ
3.39. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը չի կիրառում սխալների համար էական պատժամիջոցներ այն դեպքերում, երբ նա համոզված է, որ նման սխալները դիտավորյալ չեն և թույլ չեն տրվել դիտավորյալ մոլորության մեջ գցելու նպատակով կամ կոպիտ անփութության արդյունք չեն: Այն դեպքերում, երբ մաքսային ծառայությունը անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որպեսզի նման սխալներ չկրկնվեն, նա կարող է կիրառել պատժամիջոցներ, սակայն ոչ ավելին, քան անհրաժեշտ է այդ նպատակի համար:
Ապրանքների բացթողում
3.40. Ստանդարտ
Հայտարարագրված ապրանքները բաց են թողնվում մաքսային ծառայության կողմից դրանց զննումն իրականացնելուց անմիջապես հետո կամ զննում չիրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` պայմանով, որ`
- չի բացահայտվել ոչ մի իրավախախտում,
- ստացվել է ներմուծման կամ արտահանման արտոնագիրը կամ պահանջվող ցանկացած այլ փաստաթուղթ,
- ստացվել են համապատասխան ընթացակարգին վերաբերող բոլոր թույլտվությունները, և
- վճարվել են բոլոր տուրքերն ու հարկերը, կամ ձեռնարկվել են համապատասխան գործողություններ` դրանց գանձումն ապահովելու համար:
3.41. Ստանդարտ
Եթե մաքսային ծառայությունը ընդունում է, որ հայտարարատուն հետագայում կկատարի բոլոր ընթացակարգերը մաքսազերծման առնչությամբ, ապա ապրանքները բաց են թողնվում` պայմանով, որ հայտարարատուն ներկայացնի ապրանքների համապատասխան խմբաքանակի վերաբերյալ հիմնական տվյալներ պարունակող առևտրային կամ պաշտոնական փաստաթուղթ, որն ընդունելի է մաքսային ծառայության կողմից, իսկ այն դեպքերում, երբ պահանջվում է երաշխիք, տրամադրի այն` ապահովելու համար կիրառելի տուրքերի և հարկերի գանձումը:
3.42. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը որոշում է ընդունում նմուշների լաբորատոր հետազոտման անհրաժեշտության, մանրամասն տեխնիկական փաստաթղթերի ներկայացման կամ փորձագիտական խորհրդատվության վերաբերյալ, ապա մաքսային ծառայությունը բաց է թողնում ապրանքները մինչև այդ հետազոտությունների արդյունքները ստանալը` պայմանով, որ ներկայացվել է պահանջվող ցանկացած երաշխիք, և պայմանով, որ ծառայությունը համոզվել է, որ այդ ապրանքները ենթակա չեն արգելքների կամ սահմանափակումների:
3.43. Ստանդարտ
Իրավախախտում հայտնաբերելու դեպքում` մաքսային ծառայությունը չի սպասում վարչական կամ դատական գործողությունների ավարտին մինչև ապրանքները բացթողնելը` պայմանով, որ ապրանքները ենթակա չեն բռնագրավման կամ տուգանքի, կամ հետագայում դրանք չեն պահանջվի որպես ապացույցներ, և որ հայտարարատուն վճարում է տուրքերն ու հարկերը և տրամադրելու է այնպիսի երաշխիք, որն ապահովում է ցանկացած լրացուցիչ տուրքերի և հարկերի, ինչպես նաև հնարավոր տուգանքների գանձումը:
Հրաժարվելը կամ ապրանքների ոչնչացումը
3.44. Ստանդարտ
Երբ ապրանքները դեռ չեն բաց թողնվել ներքին սպառման համար կամ ներառվել են այլ մաքսային ընթացակարգում, և պայմանով, որ ոչ մի իրավախախտում չի հայտնաբերվել, համապատասխան անձից չի պահանջվում տուրքեր և հարկեր վճարել, կամ իրավունք է վերապահվում ստանալ դրանց փոխհատուցումը`
- երբ իր խնդրանքով ապրանքները մաքսային հսկողության ներքո թողնվում են պետությանը կամ ոչնչացվում են կամ կորցնում իրենց առևտրային արժեքը` մաքսային ծառայության որոշմամբ: Դրա հետ կապված ցանկացած ծախս կրում է համապատասխան անձը,
- երբ այդ ապրանքները ոչնչացվում են կամ անվերադարձ կորսվում են վթարի կամ ֆորս մաժորի արդյունքում` պայմանով, որ ոչնչացումը կամ կորուստը պատշաճ ձևով հաստատված է, ինչն էլ ընդունվում է մաքսային ծառայության կողմից,
- երբ ապրանքների բնույթով պայմանավորված պակասը պատշաճ ձևով հաստատված է, ինչն էլ ընդունվում է մաքսային ծառայության կողմից:
Ոչնչացման արդյունքում առաջացած ցանկացած մնացորդ կամ կտորտանք, եթե վերցվում է ներքին սպառման համար կամ արտահանվում, ենթակա է գանձման այն տուրքերով և հարկերով, որոնք կկիրառվեին տվյալ պետություն նման մնացորդները կամ կտորտանքը ներմուծելիս կամ արտահանելիս:
3.45. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայության կողմից այն ապրանքների վաճառքի դեպքում, որոնք չեն հայտարարագրվել սահմանված ժամկետի ընթացքում, կամ որոնք չեն կարող բաց թողնվել, չնայած ոչ մի իրավախախտում չի հայտնաբերվել, դրանց վաճառքից գոյացած հասույթը` համապատասխան տուրքերն ու հարկերը և բոլոր մյուս գանձումները և կրած ծախսերը հանելուց հետո փոխանցվում է այն անձանց, ովքեր իրավունք ունեն ստանալ այն, կամ երբ դա հնարավոր չէ, մնում է նրանց տնօրինության տակ որոշակի ժամկետով:
ԳԼՈՒԽ 4
ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ
Ա. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԳԱՆՁՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
4.1. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում են այն դեպքերը, երբ առաջանում է տուրքեր և հարկեր վճարելու պարտավորություն:
4.2. Ստանդարտ
Այն ժամկետը, որի ընթացքում կատարվում է կիրառելի տուրքերի և հարկերի հաշվարկը, սահմանվում է ազգային օրենսդրությամբ: Հաշվարկը կատարվում է ապրանքների հայտարարագիրը տրամադրելուց կամ այլ կերպ պարտավորություն առաջանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում:
4.3. Ստանդարտ
Այն գործոնները, որոնց վրա հիմնվում է տուրքերի և հարկերի հաշվարկը, և դրանց սահմանման պայմանները պետք է սահմանվեն ազգային օրենսդրությամբ:
4.4. Ստանդարտ
Տուրքերի և հարկերի դրույքաչափերը հրատարակվում են պաշտոնական հրատարակություններում:
4.5. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում է ժամանակի այն պահը, որը հաշվի է առնվում տուրքերի և հարկերի դրույքաչափերը սահմանելու նպատակով:
4.6. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում են այն մեթոդները, որոնք կարող են կիրառվել տուրքերի և հարկերի վճարման համար:
4.7. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ նշվում է (են) այն անձը (անձինք), որը (որոնք) պատասխանատու է (են) տուրքերի և հարկերի վճարման համար:
4.8. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում է վճարման ամսաթիվը և վայրը:
4.9. Ստանդարտ
Երբ ազգային օրենսդրությամբ նախատեսվում է, որ վճարման օրը կարող է լինել ապրանքների բացթողումից հետո, այդ օրը պետք է նշանակվի ապրանքների բաց թողումից հետո առնվազն տասն օր հետո: Բաց թողնելու օրվա և վճարման օրվա միջև ընկած ժամանակահատվածի համար տոկոսներ չեն գանձվում:
4.10. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային ծառայությունը կարող է ձեռնարկել օրենքով սահմանված գործողություն այն տուրքերը և հարկերը գանձելու կապակցությամբ, որոնք վճարման օրվա դրությամբ վճարված չեն:
4.11. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում են այն տուրքերի և հարկերի գումարների նկատմամբ վճարվող տոկոսադրույքները, որոնք վճարման օրվա դրությամբ վճարված չեն, և սահմանվում են այդ տոկոսների կիրառման պայմանները:
4.12. Ստանդարտ
Տուրքեր և հարկեր վճարելուց հետո վճարողին տրվում է փաստաթուղթ, որը հաստատում է վճարումը, եթե չկան վճարումը հաստատող այլ ապացույցներ:
4.13. Անցումային ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում է նվազագույն արժեքը և/կամ տուրքերի և հարկերի նվազագույն գումարը, որից ցածր տուրքեր և հարկեր չեն գանձվում:
4.14. Ստանդարտ
Եթե մաքսային ծառայությունը հայտնաբերում է, որ ապրանքների հայտարարագրում կամ տուրքերի ու հարկերի հաշվեգրման ժամանակ թույլ տրված սխալները կհանգեցնեն կամ հանգեցրել են օրենսդրությամբ սահմանված տուրքերից և հարկերից ավելի քիչ գումարների գանձմանը կամ վերադարձմանը, ապա այդ ծառայությունը ուղղում է սխալները և գանձում չվճարված գումարները: Այնուամենայնիվ, եթե այդ գումարը ազգային օրենսդրությամբ սահմանված նվազագույն գումարից քիչ է, մաքսային ծառայությունը չի գանձում կամ վերադարձնում այդ գումարը:
Բ. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
4.15. Ստանդարտ
Երբ ազգային օրենսդրությունը նախատեսում է տուրքերի և հարկերի վճարումը հետաձգելու հնարավորություն, ապա այն պետք է սահմանի այդպիսի հնարավորության տրամադրման պայմանները:
4.16. Ստանդարտ
Վճարման հետաձգումը պետք է թույլատրվի հնարավորության սահմաններում առանց տոկոսների գանձման:
4.17. Ստանդարտ
Տուրքեր և հարկեր վճարելու հետաձգման ժամկետը կազմում է առնվազն տասնչորս օր:
Գ. ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԵՏՎՃԱՐՈՒՄԸ
4.18. Ստանդարտ
Տուրքերի և հարկերի հետվճարումը թույլատրվում է այն դեպքերում, երբ հաստատվում է, որ դրանց հաշվարկման ժամանակ թույլ տրված սխալի արդյունքում տեղի է ունեցել տուրքերի և հարկերի ավելորդ գանձում:
4.19. Ստանդարտ
Հետվճարումը թույլատրվում է ներմուծվող կամ արտահանվող այն ապրանքների առնչությամբ, որոնցում ներմուծման կամ արտահանման պահին հայտնաբերվել են թերություններ կամ դրանք որևէ այլ կերպ չեն համապատասխանել համաձայնեցված հավաստագրերին, որոնք ենթակա են վերադարձման առաքողին կամ նրա կողմից նշված այլ անձի` հետևյալ պայմանների դեպքում.
- ապրանքները չեն մշակվել, վերանորոգվել կամ օգտագործվել ներմուծման երկրում և վերաարտահանվում են խելամիտ ժամկետներում,
- ապրանքները չեն մշակվել, վերանորոգվել կամ օգտագործվել այն երկրում, որտեղ նրանք արտահանվել են, և վերաներմուծվում են խելամիտ ժամկետներում:
Այնուամենայնիվ, ապրանքների օգտագործումը չի խոչընդոտում տուրքերի և հարկերի հետվճարումը, եթե նման օգտագործումը համարվում է անխուսափելի` թերությունները կամ այլ հանգամանքները հայտնաբերելու համար, որոնք հանգեցրել են ապրանքների վերաարտահանմանը կամ վերաներմուծմանը:
Որպես վերաարտահանման կամ վերաներմուծման այլընտրանք` ապրանքները կարող են մաքսային հսկողության ներքո և մաքսային ծառայության որոշմամբ փոխանցվել պետությանը կամ ոչնչացվել կամ էլ հասցվել առևտրային արժեքը կորցնելու վիճակի: Նման կերպ փոխանցումը կամ ոչնչացումը չի ենթադրում որևէ ծախս պետության կողմից:
4.20. Անցումային ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը թույտվություն է տալիս ի սկզբանե մաքսային մեկ ընթացակարգով հայտարարագրված ապրանքների համար տուրքերն ու հարկերը վճարել այլ մաքսային ընթացակարգով, իրականացվում է ցանկացած տուրքի և հարկի հետվճարում, որը գերազանցում է վճարման ենթակա գումարը` նոր ընթացակարգի համաձայն:
4.21. Ստանդարտ
Հետվճարման մասին դիմումների վերաբերյալ որոշումները ընդունվում և գրավոր ծանուցվում են համապատասխան անձանց` առանց անհարկի ուշացումների, և ավելորդ գանձված գումարների հետվճարումն իրականացվում է դիմումների ստուգումից հետո` հնարավորինս կարճ ժամկետներում:
4.22. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը հաստատում է, որ ավելորդ գանձումը կատարվել է մաքսային ծառայության կողմից տուրքերի և հարկերի հաշվարկման ժամանակ թույլ տրված սխալի արդյունքում, հետվճարումը կատարվում է որպես առաջնահերթություն:
4.23. Ստանդարտ
Երբ սահմանված են ժամկետներ, որոնց ավարտից հետո հետվճարման մասին դիմումներ չեն կարող ընդունվել, այդ ժամկետները պետք է բավարար լինեն իրենց տևողությամբ` հաշվի առնելու համար յուրաքանչյուր այն դեպքի առանձնահատուկ հանգամանքները, որի առնչությամբ կարող է կատարվել հետվճարումը:
4.24. Ստանդարտ
Հետվճարում չի կատարվում, եթե նշված գումարը ազգային օրենսդրությամբ սահմանված նվազագույն գումարից քիչ է:
ԳԼՈՒԽ 5
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
5.1. Ստանդարտ
Ազգային օրենսդրությունը թվարկում է այն դեպքերը, երբ պահանջվում են երաշխիքներ, և սահմանում է դրանց տրամադրման ձևերը:
5.2. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը որոշում է երաշխիքների գումարը:
5.3. Ստանդարտ
Ցանկացած անձի, որից պահանջվում է երաշխիքների տրամադրում, թույլատրվում է ընտրել երաշխիքի ցանկացած ձև` պայմանով, որ այն ընդունելի է մաքսային ծառայության համար:
5.4. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մաքսային ծառայությունը չի պահանջում երաշխիքների տրամադրում, եթե համոզված է, որ պարտավորությունը մաքսային ծառայության առջև կկատարվի:
5.5. Ստանդարտ
Երբ երաշխիքը պահանջվում է մաքսային ընթացակարգից բխող պարտավորությունների կատարումը ապահովելու համար, մաքսային ծառայությունը ընդունում է գլխավոր երաշխիք, մասնավորապես այն հայտարարատուներից, ովքեր կանոնավոր կերպով հայտարարագրում են ապրանքները մաքսային տարածքում տարբեր մաքսակետերում:
5.6. Ստանդարտ
Երբ պահանջվում է երաշխիքի տրամադրում, տրամադրվող երաշխիքի գումարը պետք է լինի հնարավորինս փոքր և, տուրքեր և հարկեր վճարելու հետ առնչությամբ, չպետք է գերազանցի հնարավոր գանձնման ենթակա գումարը:
5.7. Ստանդարտ
Երաշխիք տրամադրելու դեպքում` այն չեղյալ է համարվում հնարավորինս կարճ ժամկետում` այն բանից հետո, երբ մաքսային ծառայությունը համոզվում է, որ պարտավորությունները, որոնցով պահանջվում էր երաշխիքի տրամադրումը, կատարվել են պատշաճ կերպով:
ԳԼՈՒԽ 6
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
6.1. Ստանդարտ
Բոլոր ապրանքները, ներառյալ փոխադրամիջոցները, որոնք մուտք են գործում մաքսային տարածք կամ դուրս են գալիս այդ տարածքից, անկախ այն փաստից, թե դրանք ենթակա են տուրքեր և հարկեր գանձելու թե ոչ, ենթակա են մաքսային հսկողության:
6.2. Ստանդարտ
Մաքսային հսկողությունը սահմանափակվում է այնքանով, որքանով անհրաժեշտ է մաքսային օրենսդրության կատարումը ապահովելու համար:
6.3. Ստանդարտ
Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային ծառայությունը օգտագործում է ռիսկերի կառավարումը:
6.4. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը կիրառում է ռիսկերի վերլուծությունը` որոշելու համար, թե որ անձինք և ապրանքները, ներառյալ փոխադրամիջոցները, պետք է ստուգվեն, և սահմանում է այդ ստուգման ծավալը:
6.5. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը ընդունում է օրենսդրության կատարման գնահատման ռազմավարություն` ռիսկերի կառավարմանն աջակցելու նպատակով:
6.6. Ստանդարտ
Մաքսային հսկողության համակարգերը ներառում են աուդիտի վրա հիմնված հսկողությունը:
6.7. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը ձգտում է համագործակցել այլ մաքսային ծառայությունների հետ և կնքել փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագրեր` մաքսային հսկողությունն ամրապնդելու նպատակով:
6.8. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը ձգտում է համագործակցել առևտրային գործունեության մասնակիցների հետ և ստորագրել փոխըմբռնման հուշագրեր` մաքսային հսկողությունն ամրապնդելու նպատակով:
6.9. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայությունը հնարավորինս լայնորեն կօգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները և էլեկտրոնային առևտուրը` մաքսային հսկողությունն ամրապնդելու նպատակով:
6.10. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը կգնահատի առևտրային գործունեության մասնակիցների առևտրային համակարգերը այն դեպքերում, երբ այդ համակարգերը ազդեցություն ունենան մաքսային գործողությունների վրա` մաքսային ծառայության պահանջներին համապատասխանությունը ապահովելու նպատակով:
ԳԼՈՒԽ 7
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
7.1. Ստանդարտ
Մաքսային գործառնությունների իրականացմանը աջակցելու նպատակով մաքսային ծառայությունը կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաները այն դեպքերում, երբ դա տնտեսապես շահավետ է և արդյունավետ մաքսային ծառայության և առևտրային գործունեության մասնակիցների համար: Մաքսային ծառայությունը որոշում է դրանց կիրառման պայմանները:
7.2. Ստանդարտ
Համակարգչային համակարգերի ներդրման դեպքում մաքսային ծառայությունը օգտագործում է միջազգայնորեն ընդունված համապատասխան ստանդարտներ:
7.3. Ստանդարտ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կիրականացվի բոլոր այն համապատասխան կողմերի հետ հնարավորինս ծավալուն խորհրդակցության միջոցով, ովքեր անմիջականորեն կապ ունեն դրա հետ:
7.4. Ստանդարտ
Նոր կամ փոփոխված ազգային օրենսդրությունը պետք է նախատեսի`
● էլեկտրոնային առևտրի մեթոդներ` որպես այլընտրանք թղթի վրա փաստաթղթերի տրամադրման պահանջներին,
● էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակով նույնականացման մեթոդներ,
● մաքսային ծառայության իրավունքը` իր մոտ թողնել տեղեկություններ` իր իսկ կողմից օգտագործելու համար և, անհրաժեշտության դեպքում, փոխանակել այդ տեղեկությունները այլ մաքսային ծառայությունների և օրինական կերպով հաստատված այլ կողմերի հետ` էլեկտրոնային առևտրի տեխնիկական միջոցների օգնությամբ:
ԳԼՈՒԽ 8
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8.1. Ստանդարտ
Շահագրգիռ անձինք պետք է ունենան մաքսային ծառայության հետ գործողություններ իրականացնելու հնարավորություն` անմիջականորեն կամ նշանակելով երրորդ կողմի` գործելու իրենց անունից:
8.2. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ սահմանվում են այն պայմանները, որոնց համաձայն անձը մաքսային հարցերի հետ կապված կարող է գործել այլ անձի համար և նրա անունից, ինչպես նաև սահմանվում է երրորդ կողմերի պատասխանատվությունը մաքսային ծառայության առջև` տուրքեր և հարկեր վճարելու, ինչպես նաև ցանկացած խախտման համար:
8.3. Ստանդարտ
Մաքսային գործողությունների համար, որոնք տվյալ անձի ընտրությամբ իրականացվում են իր իսկ կողմից, չպետք է ստեղծվեն պակաս բարենպաստ պայմաններ, կամ դրանց նկատմամբ առաջադրվեն առավել խիստ պահանջներ, քան այն մաքսային գործողությունների դեպքում, որոնք իրականացվում են երրորդ կողմի միջոցով` համապատասխան անձի համար:
8.4. Ստանդարտ
Անձը, որը լիազորված է հանդես գալու որպես երրորդ կողմ, ունի նույն իրավունքները, ինչ որ այն անձը, որը լիազորել է նրան ներկայացնել իր իրավունքները այն հարցերում, որոնք վերաբերում են մաքսային ծառայության հետ գործողությունների իրականացմանը:
8.5. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը նախատեսում է երրորդ կողմերի` առևտրային գործունեության մասնակիցների հետ պաշտոնական խորհրդակցություններին մասնակցելու հնարավորություն:
8.6. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը սահմանում է այն պայմանները, որոնց դեպքում նա պատրաստ չէ երրորդ կողմի մասնակցությամբ գործողությունների իրականացմանը:
8.7. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը գրավոր ծանուցում է երրորդ կողմին գործողություններ չիրականացնելու իր որոշման մասին:
ԳԼՈՒԽ 9
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9.1. Ստանդարտ
Մաքսային ծառայությունն ապահովում է, որ ընդհանուր կիրառման համապատասխան տեղեկությունները՝ կապված մաքսային օրենսդրության հետ, հեշտությամբ հասանելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի:
9.2. Ստանդարտ
Երբ հասանելի դարձված տեղեկությունները պետք է փոխվեն մաքսային օրենսդրության, վարչական միջոցների կամ պահանջների փոփոխության հետևանքով, մաքսային ծառայությունը նախապես, մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապահովում է շահագրգիռ անձանց համապատասխան փոփոխված տեղեկատվությունից անարգել օգտվելու հնարավորությունը, որպեսզի նրանք կարողանան հաշվի առնել դրանք, եթե նախնական ծանուցումը դրան չի խոչընդոտում:
9.3. Անցումային ստանդարտ
Մաքսային ծառայությունը օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները տեղեկությունների տրամադրումը կատարելագործելու նպատակով:
Բ. ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9.4. Ստանդարտ
Շահագրգիռ անձի դիմումի հիման վրա մաքսային ծառայությունը հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրում է հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ այդ անձի կողմից առաջադրված կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են մաքսային օրենսդրությանը:
9.5. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը տրամադրում է ոչ միայն հայցվող առանձնհատուկ տեղեկությունները, այլ նաև ցանկացած այլ` գործին վերաբերող տեղեկություն, որը նրա կարծիքով, անհրաժեշտ է իրազեկել շահագրգիռ անձին:
9.6. Ստանդարտ
Տեղեկություն տրամադրելիս մաքսային ծառայությունը ապահովում է, որպեսզի չբացահայտվեն մասնավոր կամ գաղտնի բնույթի մանրամասները, որոնք առնչվում են մաքսային ծառայության կամ երրորդ անձանց հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բացահայտումը նախատեսված կամ թույլատրված է ազգային օրենսդրությամբ:
9.7. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությունը չի կարող անվճար տեղեկություններ տրամադրել, ցանկացած գանձում սահմանափակվում է մատուցած ծառայությունների մոտավոր արժեքով:
Գ. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9.8. Ստանդարտ
Համապատասխան անձի գրավոր դիմումի հիման վրա` մաքսային ծառայությունը գրավոր ծանուցում է իր կողմից ընդունված որոշման մասին ազգային օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածի ընթացքում: Երբ որոշումը բարենպաստ չէ շահագրգիռ անձի համար, նրան հաղորդվում են պատճառները և տեղեկացվում բողոքարկման իրավունքի մասին:
9.9. Ստանդարտ
Շահագրգիռ անձի խնդրանքով մաքսային ծառայությունը թողարկում է պարտադիր կարգադրություններ` պայմանով, որ մաքսային ծառայությունը ունի իր կարծիքով անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:
ԳԼՈՒԽ 10
ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲՈՂՈՔՆԵՐ
Ա. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
10.1. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ նախատեսվում է մաքսային հարցերով բողոքարկման իրավունք:
10.2. Ստանդարտ
Բողոքարկման իրավունք ունի ցանկացած անձ, ում վրա անմիջականորեն ազդում է մաքսային ծառայության որոշումը կամ բացթողումը:
10.3. Ստանդարտ
Անձին, ում վրա անմիջականորեն ազդում է մաքսային ծառայության որոշումը կամ բացթողումը, մաքսային ծառայությանն ուղղված դիմումը ներկայացնելուց հետո, տրամադրվում են այդ որոշման կամ բացթողման պատճառները ազգային օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Դա կարող է հանգեցնել կամ չհանգեցնել բողոքարկման:
10.4. Ստանդարտ
Ազգային օրենսդրությամբ նախատեսվում է մաքսային ծառայությանը նախնական բողոք ներկայացնելու իրավունք:
10.5. Ստանդարտ
Մաքսային ծառայության կողմից բողոքը մերժելու դեպքում` դիմողը հետագա բողոքարկման իրավունք ունի այն մարմնին, որը անկախ է մաքսային ծառայությունից:
10.6. Ստանդարտ
Վերջին ատյանում դիմողն իրավունք ունի դիմել դատական մարմնին:
Բ. ԲՈՂՈՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԻՄՔԵՐԸ
10.7. Ստանդարտ
Բողոքը ներկայացվում է գրավոր և դրանում պետք է նշվեն հիմքերը, որոնց վրա ներկայացվում է բողոքը:
10.8. Ստանդարտ
Մաքսային ծառայության որոշումը բողոքարկելու համար սահմանվում է ժամկետ. ընդ որում այդ ժամկետը պետք է բավարար լինի բողոքարկուի կողմից բողոքարկվող որոշումն ուսումնասիրելու և բողոքը պատրաստելու համար:
10.9. Ստանդարտ
Մաքսային ծառայություն բողոք ներկայացնելու դեպքում` մաքսային ծառայությունը, ընդհանրապես, չի պահանջում բողոքի հետ միաժամանակ տրամադրել հաստատող որևէ ապացույց, սակայն, որոշակի հանգամանքների դեպքում, նախատեսում է բավարար ժամանակ այդպիսի ապացույցներ տրամադրելու համար:
Գ. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ
10.10. Ստանդարտ
Մաքսային ծառայությունը բողոքի վերաբերյալ ընդունում է որոշում և այդ մասին գրավոր ծանուցում է բողոքարկուին հնարավորինս սեղմ ժամկետում:
10.11. Ստանդարտ
Երբ մաքսային ծառայությանն ուղղված բողոքը մերժվում է, մաքսային ծառայությունը նշում է դրա պատճառները գրավոր և խորհուրդ է տալիս բողոքարկուին` օգտվել բողոքն այնուհետ վարչական կամ անկախ այլ մարմին ներկայացնելու իրավունքից, ինչպես նաև տեղեկացնում է այդ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի մասին:
10.12. Ստանդարտ
Բողոքը բավարարելու դեպքում` մաքսային ծառայությունը հնարավորինս կարճ ժամկետներում ի կատար է ածում իր որոշումը կամ անկախ կամ դատական մարմնի վճիռը` բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ծառայությունը բողոքարկում է այդ վճիռը:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 19-ին