Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կորեայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
ցանկանալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ավելի մեծ ներդրումներ կատարելու համար՝ հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա,
ընդունելով, որ սույն Համաձայնագրի հիման վրա ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը կնպաստի առանձին գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և կբարձրացնի երկու պետությունների բարեկեցությունը, և
ցանկանալով հասնել այս նպատակներին` պաշտպանելով առողջությունը, անվտանգությունը և շրջակա միջավայրը, և խթանելով սպառողների պաշտպանությունը և միջազգայնորեն ճանաչված աշխատանքային իրավունքները` հաշվի առնելով կայուն զարգացմանը նպաստելու համար իրավաչափ պետական նպատակներին հասնելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակների համար՝
(a) «ներդրում» նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող գույքի ցանկացած տեսակ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է առաջին Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ ներառելով, սակայն չբացառելով
(i) ձեռնարկությունը (իրավաբանական անձ կամ ցանկացած այլ անձ ընդունող Պայմանավորվող կողմի պետության կիրառելի օրենքի շրջանակներում հիմնադրված կամ կազմավորված, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության տակ գտնվող, ներառյալ` կորպորացիա, վստահության վրա հիմնված ընկերակցություն, ընկերակցություն, անհատ ձեռնարկատիրություն, մասնաճյուղ, համատեղ ձեռնարկություն, ասոցիացիա կամ կազմակերպություն),
(ii) բաժնետոմսերը, բաժնեմասերը և ձեռնարկությունում բաժնային մասնակցության այլ ձևերը,
(iii) պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները, այլ պարտքային գործիքները և վարկերը,1
(iv) ֆյուչերսները, օպցիոնները և այլ ածանցյալ արժեթղթերը,
(v) պատրաստ վիճակում շահագործման հանձնելու պայմանագրերը (թըրնքի), շինարարական, կառավարման, արտադրական, կոնցեսիոն, եկամուտների բաշխման և համանման այլ պայմանագրերը,
(vi) մտավոր սեփականության իրավունքները,
(vii) լիցենզիաները, արտոնագրերը, թույլտվությունները և ներքին օրենսդրության համաձայն համանման իրավունքները,2 3 և
(viii) այլ նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ գույքը և հարակից գույքային իրավունքները, ինչպիսիք են՝ վարձակալությունը, հիփոթեքը, արգելանք կիրառելը և գրավը:4
Սույն Համաձայնագրի նպատակներով` վճարման պահանջը, որ առաջանում է միայն ապրանքների և ծառայությունների առևտրային վաճառքից, ներդրում չի համարվում, քանի դեռ այն ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունեցող վարկ չէ: Ներդրում համարվելու համար գույքը պետք է ունենա ներդրումներին բնորոշ հատկանիշներ, ինչպիսիք են՝ կապիտալի կամ այլ ռեսուրսների ներգրավումը, օգուտի կամ շահույթի ակնկալիքը կամ ռիսկի գիտակցումը:
(b) «Ներդրող» նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում.
(i) «Ֆիզիկական անձինք» նշանակում է՝ առաջին Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք՝ իր օրենքներին համապատասխան` պայմանով, որ, այնուամենայնիվ, ֆիզիկական անձը, ով երկքաղաքացի է, պետք է առաջնահերթ համարվի իր գերակայող և արդյունավետ քաղաքացիության պետության քաղաքացի, և
(ii) «Իրավաբանական անձինք» նշանակում է՝ ցանկացած անձ՝ շահույթ հետապնդող կամ չհետապնդող, ինչպիսիք են՝ ընկերությունները, պետական հիմնարկները, մարմինները, հիմնադրամները, ընկերակցությունները, ֆիրմաները, հաստատությունները, կազմակերպությունները, կորպորացիաները կամ ասոցիացիաները՝ գրանցված կամ հիմնադրված առաջին Պայմանավորվող կողմի պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
(c) «Տարածք» նշանակում է՝ համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածք կամ Կորեայի Հանրապետության տարածք, ինչպես նաև նրանց ծովային տարածքները, ներառյալ` տարածքային ջրերի արտաքին սահմանին կից ծովի հատակը և ընդերքը, որոնց նկատմամբ տվյալ պետությունը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն՝ այդ տարածքներում բնական ռեսուրսների հետազոտման և շահագործման նպատակով:
(d) «Ազատ փոխարկելի արժույթ» նշանակում է՝ արժույթներ, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամը ժամանակ առ ժամանակ սահմանում է որպես ազատ փոխարկելի արժույթներ` Արժույթի միջազգային հիմնադրամի մասին համաձայնագրի հոդվածների և հետագայում դրանում կատարված ցանկացած փոփոխության համաձայն:
(e) «Ֆինանսական ծառայություն» նշանակում է՝ ֆինանսական բնույթի ցանկացած ծառայություն: Ֆինանսական ծառայությունները ներառում են բոլոր ապահովագրական և ապահովագրությանն առնչվող ծառայությունները և բոլոր տեսակի՝ բանկային և այլ ֆինանսական ծառայությունները (բացի ապահովագրությունից), ինչպես նաև ֆինանսական բնույթի ծառայությանը հարակից կամ օժանդակ ծառայությունները:
Հոդված 2
Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում և բարենպաստ պայմաններ է ստեղծում իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունում է այդ ներդրումները` իր պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումներին տրամադրում է միջազգային սովորութային իրավունքին համապատասխան ռեժիմ, ներառյալ՝ արդարացի ու հավասար ռեժիմ և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն:
3. Առավել հստակության համար սույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է օտարերկրացիների նկատմամբ միջազգային սովորութային իրավունքի նվազագույն չափորոշիչը որպես մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների նկատմամբ կիրառվող ռեժիմի նվազագույն չափորոշիչ: «Արդարացի ու հավասար ռեժիմ» և «լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն» հասկացությունների շրջանակներում չի պահանջվում կիրառել այդ չափորոշիչով սահմանված ռեժիմին հավելյալ կամ դրա շրջանակներից դուրս ռեժիմ, և դրանք չեն առաջացնում լրացուցիչ նյութական իրավունքներ: 2-րդ կետով սահմանված պարտավորությունները նախատեսում են.
(a) «արդարացի և հավասար ռեժիմը», որը ներառում է քրեական, քաղաքացիական կամ վարչական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացումից չհրաժարվելու պարտավորությունը՝ աշխարհի հիմնական իրավական համակարգերում տեղ գտած պատշաճ իրավական ընթացակարգի կիրարկման սկզբունքին համապատասխան, և
(b) «լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն», որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից պահանջում է ապահովել ոստիկանության կողմից տրամադրվող պաշտպանության՝ միջազգային սովորութային իրավունքով պահանջվող մակարդակ:
4. Պնդումը, որ տեղի է ունեցել սույն Համաձայնագրի մի դրույթի կամ առանձին միջազգային համաձայնագրի դրույթների խախտում, չի ենթադրում, որ տեղի է ունեցել սույն հոդվածի խախտում:
5. Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է ձեռնարկի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման և տնօրինման դեմ ուղղված որևէ անհիմն կամ խտրական գործողություններ, ոչ էլ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների նկատմամբ սահմանի անհիմն կամ խտրական գործողություններ՝ կապված տեղական բաղադրիչի, տեխնոլոգիայի փոխանցման կամ արտահանում իրականացնելու պահանջների հետ:
Հոդված 3
Ներդրումների ռեժիմը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, իրենց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողներին (այսուհետ՝ ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին (այսուհետ՝ առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան կատարված ներդրումների նկատմամբ, այդ ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողների ներդրումներին (ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին (առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմի չափորոշիչը ենթաազգային կառավարման առումով համարվում է այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան նույնանման պայմաններում այդ ենթաազգային կառավարման կողմից Պայմանավորվող կողմի մաս կազմող ներդրողների և ներդրողների ներդրումների վրա տարածվող առավել բարենպաստ ռեժիմը։
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմը և առավել բարենպաստ ռեժիմը չեն տարածվում՝
(a) պետական գնումների վրա կամ
(b) Պայմանավորվող կողմի տրամադրած սուբսիդիաների կամ դրամաշնորհների, ներառյալ` պետության օժանդակությամբ տրամադրվող վարկերի, երաշխիքների և ապահովագրության վրա:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավել բարենպաստ ռեժիմը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք որևէ Պայմանավորվող կողմ տրամադրում է երրորդ պետությունների ներդրողներին՝ որևէ մաքսային կամ տնտեսական միության, ընդհանուր շուկային կամ ազատ առևտրի գոտուն կամ համանման միջազգային համաձայնագրին իր՝ ներկայիս կամ հետագա անդամակցության կամ ասոցիացման հիմքով:
6. Առավել հստակության համար. սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավել բարենպաստ ռեժիմը չի տարածվում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) վրա:
Հոդված 4
Կորուստների փոխհատուցումը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, ովքեր ներդրում կատարելու արդյունքում կորուստներ են կրել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, ազգային մակարդակով արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության, զանգվածային անկարգությունների կամ այլ նմանատիպ իրավիճակների պատճառով, վերջին Պայմանավորվող կողմի կողմից տրամադրվում է կորուստների վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ ձևով լուծման կապակցությամբ այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին:
2. Չսահմանափակելով սույն հոդվածի 1-ին կետի դրույթները` մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք այդ կետում նշված որևէ իրավիճակի հետևանքով մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կրում են այնպիսի կորուստներ, որոնք առաջանում են.
(a) վերջին Պայմանավորվող կողմի պետության զինված ուժերի կամ մարմինների կողմից նրանց ունեցվածքի բռնագրավման հետևանքով կամ
(b) վերջին Պայմանավորվող կողմի պետության զինված ուժերի կամ մարմինների կողմից նրանց ունեցվածքի ոչնչացման հետևանքով, որը չի եղել ռազմական գործողության ժամանակ կամ չի պահանջվել՝ իրավիճակի անհրաժեշտությամբ պայմանավորված,
տրամադրվում է վերականգնում, փոխհատուցում կամ այդպիսի կորուստների դիմաց համապատասխան դեպքում՝ երկուսը միասին: Ցանկացած փոխհատուցում պետք է տրվի պատշաճ ժամանակին, համարժեք և արդյունավետ՝ 5-րդ հոդվածին (Օտարումը և փոխհատուցումը) համապատասխան, mutatis mutandis:
Հոդված 5
Օտարումը և փոխհատուցումը5
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օտարի կամ ազգայնացնի որևէ ներդրում օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետ՝ «օտարում») համարժեք գործողություններով՝ բացառությամբ.
(a) հանրային շահերից բխող նպատակների համար,
(b) ոչ խտրական հիմքերի վրա,
(c) պատշաճ ժամանակին, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ, երբ օտարումը կամ ազգայնացումը կատարվել է Կորեայի Հանրապետության տարածքում, և նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ, երբ օտարումը կամ ազգայնացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, և
(d) պատշաճ իրավական ընթացակարգին և 2-րդ հոդվածին (Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը) համապատասխան, ինչպես դրանք մեկնաբանվում են միջազգային սովորութային իրավունքի ներքո:
2. 1-ին կետի (c) ենթակետով սահմանված փոխհատուցումը՝
(a) պետք է վճարվի առանց հետաձգման,
(b) պետք է համարժեք լինի անմիջապես օտարում կատարելուց առաջ (օտարման օրը) օտարված ներդրումների իրական շուկայական արժեքին,
(c) չպետք է արտացոլի որևէ փոփոխություն արժեքում, որը կատարվել է` նախատեսվող օտարման մասին ավելի վաղ հայտնի դառնալու պատճառով, և
(d) պետք է լինի ամբողջովին իրացվելի և ազատ փոխանցելի:
3. Եթե իրական շուկայական արժեքը սահմանվում է ազատ փոխարկելի արժույթով, ապա 1-ին կետի (c) ենթակետում նշված փոխհատուցումը, օտարման օրվա դրությամբ, չպետք է պակաս լինի, քան իրական շուկայական արժեքը, և տվյալ արժույթի համար առևտրային ողջամիտ դրույքաչափի տոկոսը` հաշվարկված օտարման օրվանից մինչև վճարման օրը:
4. Եթե իրական շուկայական արժեքը սահմանվում է այնպիսի արժույթով, որն ազատ փոխարկելի չէ, ապա 1-ին կետի (c) ենթակետում նշված փոխհատուցումը, որը փոխարկվել է վճարման արժույթի` վճարման օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով, չի կարող պակաս լինել`
(a) օտարման օրվա դրությամբ իրական շուկայական արժեքից՝ փոխարկված ազատ փոխարկելի արժույթի այդ օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով, և
(b) տվյալ ազատ փոխարկելի արժույթի համար հաշվարկվող՝ առևտրային ողջամիտ դրույքաչափով տոկոսից` հաշվարկված օտարման օրվանից մինչև վճարման օրը:
5. Մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք տուժել են օտարումից, ունեն մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իրենց գործի անհապաղ քննության և սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան իրենց ներդրումների գնահատման իրավունք:
6. Սույն հոդվածը չի կիրառվում մտավոր սեփականության իրավունքների առնչությամբ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրին («ՄՍԻԱՀ» համաձայնագիր) համապատասխան պարտադիր լիցենզիաների տրամադրման նկատմամբ:
Հոդված 6
Փոխանցումները
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի համար երաշխավորում է դեպի իր պետության տարածք և իր պետության տարածքից դուրս կատարվող ներդրումների հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը: Նման փոխանցումները ներառում են մասնավորապես, սակայն ոչ բացառապես`
(a) ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները,
(b) ներդրումներից առաջացած գումարները և մասնավորապես, սակայն ոչ բացառապես՝ շահույթը, տոկոսը, կապիտալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և բոլոր տեսակի վճարները,
(c) պայմանագրով, ներառյալ` վարկային համաձայնագրով կատարվող վճարումները,
(d) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ իրացումից ստացվող միջոցները,
(e) 4-րդ (Կորուստների փոխհատուցումը) և 5-րդ (Օտարումը և փոխհատուցումը) հոդվածների համաձայն կատարված վճարումները,
f) սույն Համաձայնագրի շրջանակում վեճի լուծումից առաջացող վճարումները և
g) ներդրումների առնչությամբ արտասահմանից ներգրավված անձնակազմի եկամուտները և վարձատրության այլ տեսակները:
2. Սույն Համաձայնագրի շրջանակում բոլոր փոխանցումները պետք է, առանց անհիմն սահմանափակման կամ հետաձգման, կատարվեն ազատ փոխարկելի արժույթով` փոխանցումը կատարելու օրը արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով:
3. Չհակասելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին՝ Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել կամ կանխել փոխանցումը՝ իր գործողությունների և օրենքների արդարացի, ոչ խտրական և բարեխիղճ կիրառմամբ, որոնք վերաբերում են՝
(a) սնանկությանը, անվճարունակությանը կամ պարտատերերի իրավունքների պաշտպանությանը,
(b) արժեթղթերի թողարկմանը, առուվաճառքին կամ դիլինգային գործառնությանը,
(c) քրեական կամ այլ իրավախախտումներին,
(d) փոխանցումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ կամ հաշիվներ վարելուն, երբ անհրաժեշտ է աջակցել իրավապահ կամ ֆինանսական կարգավորող մարմիններին, կամ
(e) դատական կամ վարչական վարույթների շրջանակներում որոշումներին կամ վճիռներին համապատասխանությունն ապահովելուն:
4. Պայմանավորվող կողմը կարող է սահմանել կամ պահպանել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին չհամապատասխանող գործողություններ.
(a) արտաքին ֆինանսական և վճարային հաշվեկշռի հետ կապված լուրջ դժվարությունների կամ դրանց վտանգի դեպքում, կամ
(b) այն դեպքերում, երբ բացառիկ հանգամանքներում կապիտալի շարժն առաջացնում է կամ սպառնում է առաջացնել լուրջ խնդիրներ մակրոտնտեսական կառավարման համար, մասնավորապես՝ դրամավարկային և արժութային քաղաքականությունների առումով։
5. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործողությունները պետք է՝
(a) չգերազանցեն մեկ տարի ժամանակահատվածը. սակայն եթե ի հայտ են գալիս ծայրահեղ բացառիկ հանգամանքներ, այնպիսիք, որ Պայմանավորվող կողմը փորձում է երկարաձգել այդպիսի գործողությունները, այդ Պայմանավորվող կողմը պետք է նախապես համաձայնեցնի մյուս Պայմանավորվող կողմի հետ՝ ցանկացած առաջարկվող երկարաձգում կիրառելու վերաբերյալ,
(b) համապատասխանեն Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին,
(c) լինեն ոչ խտրական,
(d) չսահմանազանցեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններին առնչվելու համար,
(e) կրեն ժամանակավոր բնույթ և անհապաղ վերացվեն, եթե պայմանները թույլ են տալիս,
(f) բռնագրավման ենթակա չլինեն,
(g) անհապաղ տեղեկացվեն մյուս Պայմանավորվող կողմին,
(h) չհանդիսանան արտարժույթի՝ կրկնակի կամ բազմակի փոխանակման պրակտիկա,
(i) ընթացիկ գործարքների համար չսահմանափակեն վճարումները կամ փոխանցումները, եթե այդպիսի գործողությունների իրականացումը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի մասին համաձայնագրի հոդվածներով սահմանված ընթացակարգերին, և
(j) չխոչընդոտեն օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ կապված վճարումները կամ փոխանցումները:
Հոդված 7
Սուբրոգացիան
1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից նշանակված մարմինն այդ Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների հետ կապված հատուցման, երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի հիման վրա վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է՝
(a) այդ ներդրողի ցանկացած իրավունքի կամ պահանջի զիջումը առաջին Պայմանավորվող կողմին կամ վերջինիս կողմից նշանակված մարմնին, և
(b) առաջին Պայմանավորվող կողմի կամ վերջինիս կողմից նշանակված մարմնի՝ սուբրոգացիայի ուժով նման ցանկացած իրավունք և պահանջ ներկայացնելու իրավունքն այն սահմաններում, ինչ սահմաններում գործել է նախորդ իրավատերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ներդրողին չի թույլատրվում սուբրոգացիայի սահմաններում դրանից բխող նման իրավունքներ և պահանջներ ներկայացնել:
Հոդված 8
Թափանցիկությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ հրապարակի կամ որևէ այլ կերպով հանրամատչելի դարձնի իր՝ ընդհանուր կիրառության օրենքները, կանոնակարգերը, ընթացակարգերը և վարչական ակտերն ու դատական որոշումները, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողության վրա հնարավոր ազդեցություն ունեցող միջազգային պայմանագրերը: Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմը ընդունում է այնպիսի քաղաքականություն, որը չի սահմանվում օրենքներով կամ կանոնակարգերով կամ սույն կետում նշված ցանկացած այլ ձևով, սակայն կարող է ազդեցություն ունենալ սույն Համաձայնագրի գործողության վրա, ապա այդ Պայմանավորվող կողմը պետք է դա անհապաղ հրապարակի կամ որևէ այլ կերպով հանրամատչելի դարձնի:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում անհապաղ արձագանքի որոշակի հարցերին և, պահանջի դեպքում, մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի տեղեկատվություն:
3. Սույն Համաձայնագրի շրջանակում ոչինչ չի կարող խոչընդոտել մի Պայմանավորվող կողմին մյուս Պայմանավորվող կողմի ներդրողից կամ իր ներդրումներից պահանջելու այդ ներդրումների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն տրամադրել բացառապես իրազեկման կամ վիճակագրական նպատակներով: Սույն Համաձայնագրի շրջանակում Պայմանավորվող կողմից չի պահանջվում տրամադրել կամ հասանելի դարձնել՝
(a) առանձին ներդրողների կամ ներդրումների կոնկրետ հաճախորդների՝ ֆինանսական հարցերի և հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, կամ
(b) ցանկացած գաղտնի կամ գույքային տեղեկատվություն, ներառյալ՝ առանձին ներդրողների կամ ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն, որի հրապարակումը կարող է խոչընդոտել իրավապահ գործունեության իրականացմանը կամ հակասել գաղտնիության պահպանության մասին իր օրենքներին և կանոնակարգերին կամ վնաս հասցնել առանձին ձեռնարկության կամ անհատի օրինական տնտեսական շահերին:
Հոդված 9
Անձնակազմի մուտքը և կացությունը
Օտարերկրացիների մուտքին և կացությանը վերաբերող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ Պայմանավորվող կողմը թույլատրում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրող հանդիսացող ֆիզիկական անձանց և այդ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից աշխատանքի ընդունված անձնակազմին մուտք գործել և մնալ իր պետության տարածքում՝ ներդրումների հետ կապված գործունեության մեջ ներգրավվելու նպատակով։
Հոդված 10
Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
2. Եթե որևէ վեճ լուծման մասին պահանջ ներկայացնելու օրվանից հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում չի լուծվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով, այն հանձնվում է ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալին` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
3. Այդպիսի ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը կազմավորվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հետևյալ եղանակով. արբիտրաժային քննություն իրականացնելու պահանջը ստանալու օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալի մեկ անդամի: Այս երկու անդամներն այնուհետև ընտրում են երրորդ պետության քաղաքացու, որը, երկու Պայմանավորվող կողմերի հաստատմամբ, նշանակվում է որպես ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալի նախագահ: Նախագահը նշանակվում է մյուս երկու անդամների նշանակման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում:
4. Անհրաժեշտ նշանակումները սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում չկատարվելու դեպքում ցանկացած Պայմանավորվող կողմ Արդարադատության միջազգային դատարանի նախագահին կարող է նման նշանակումներ կատարելու պահանջ ներկայացնել: Եթե այդ նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ նշված գործառույթն իրականացնելն այլ պատճառով չի թույլատրվում, նշանակումները կատարելու համար հրավիրվում է այդ նախագահի տեղակալը: Եթե նախագահի այդ տեղակալը նույնպես որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ նշված գործառույթն իրականացնելն այլ պատճառով չի թույլատրվում, նշանակումները կատարելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ ավագության կարգով հաջորդ այն անդամը, որը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի չէ, կամ նշված գործառույթի իրականացումն այլ պատճառով անթույլատրելի չէ:
5. Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը Պայմանավորվող կողմերի կատարման համար պարտադիր է:
6. Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը սահմանում է իր գործունեության կարգը:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արբիտրաժային վարույթի շրջանակներում կրում է իր արբիտրի և նրա ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը կրում են Պայմանավորվող կողմերը՝ հավասար չափով: Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը, այնուամենայնիվ, կարող է իր որոշման մեջ նշել, որ ծախսերի ավելի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից որևէ մեկը:
Հոդված 11
Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը
1. Սույն հոդվածը կիրառվում է մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի նկատմամբ, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի ներքո առաջին Պայմանավորվող կողմի պարտավորությունների ենթադրյալ խախտմանը, ինչը ներդրողի կամ նրա ներդրումներին պատճառում է կորուստ կամ վնաս:
2. Նման վեճը հնարավորության սահմաններում պետք է լուծվի բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով: Եթե այն այդպես չի լուծվում որևէ Կողմի գրավոր պահանջով վեճի լուծման հարց բարձրացվելու օրվանից հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, ներդրողը կարող է, սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան, լուծման համար ներկայացնել այն`
(a) Պայմանավորվող կողմի ցանկացած իրավասու դատարան կամ վարչական տրիբունալ, որը վեճի կողմ է,
(b) սույն հոդվածի համաձայն՝ արբիտրաժային մարմին՝
(i) «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի շրջանակներում (այսուհետ` ՆՎՎԿՄԿ կոնվենցիա), եթե ՆՎՎԿՄԿ կոնվենցիան հասանելի է,
(ii) Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման կենտրոնի լրացուցիչ օժանդակ կանոնների շրջանակներում (այսուհետ` ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոններ), եթե ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոնները հասանելի են,
(iii) Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի արբիտրաժային կանոնների (այսուհետ՝ ՄԱԿՄԱԻՀՀ արբիտրաժային կանոններ) շրջանակներում,6 կամ
(iv) արբիտրաժային ցանկացած այլ հաստատության կամ ցանկացած այլ արբիտրաժային կանոնների շրջանակներում, եթե վեճի երկու կողմերը համաձայնում են:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այսուհետ համաձայնում է վեճն արբիտրաժային քննության հանձնել սույն Համաձայնագրով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Սույն հոդվածի ներքո համաձայնություն տալը և հայցն արբիտրաժային քննության ներկայացնելը պետք է բավարարեն հետևյալի պահանջները.
(a) ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի II գլխի (Կենտրոնի իրավազորությունը) դրույթները և ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոնները վեճի կողմերի գրավոր համաձայնության վերաբերյալ, և
(b) «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայի (Նյու Յորքի կոնվենցիա) II հոդվածի՝ «գրավոր համաձայնության» մասով:
4. Վեճը ներդրողի կողմից վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի դատարան կամ վարչական տրիբունալներ կամ 2-րդ կետով նախատեսված արբիտրաժային ցանկացած քննության ներկայացնելուց հետո ընթացակարգի ընտրությունը վերջնական է:
5. Սույն հոդվածի ներքո արբիտրաժային քննության ներկայացված վեճի կողմի կողմից` վեճի սպասվող լուծումից իր իրավունքների և շահերի պաշտպանության համար ժամանակավոր հայցի պահանջը, որը չի ներառում վնասների դիմաց վճարում դատական կամ վարչական տրիբունալներից, չի դիտարկվում որպես լուծման համար վեճի ներկայացում Պայմանավորվող կողմի` սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված համաձայնության սահմանափակման նպատակով և թույլատրելի է արբիտրաժային քննության շրջանակներում՝ սույն հոդվածի 2-րդ կետի (b) ենթակետի ցանկացած դրույթի համաձայն:
6. Վեճը կարող է հանձնվել արբիտրաժային քննության՝ վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի կողմից այդպիսի մտադրության մասին ծանուցումն ստանալու օրվանից իննսուն (90) օրվա ընթացքում: Մտադրության մասին ծանուցման մեջ պետք է նշվի՝
(a) հայց ներկայացնողի անունն ու հասցեն, իսկ հայցը ձեռնարկության անունից ներկայացնելու դեպքում՝ ձեռնարկության անվանումը, հասցեն և հիմնադրման վայրը,
(b) յուրաքանչյուր հայցի համար՝ սույն Համաձայնագրի՝ ենթադրաբար խախտված դրույթները և դրանց առնչվող ցանկացած այլ դրույթ,
(c) յուրաքանչյուր հայցի իրավական ու փաստական հիմքերը, և
(d) հայցվող միջոցը, ներառյալ` հայտարարված ցանկացած վնասի փոխհատուցման մոտավոր գումարը:
7. Վեճն արբիտրաժային քննության կարող է հանձնվել ոչ ուշ, քան երեք (3) տարվա ընթացքում այն օրվանից, երբ ներդրողն առաջին անգամ իմացել է կամ պետք է իմանար վեճի առաջացման համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին:
8. Սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասության դրույթները չեն կիրառվում Պայմանավորվող կողմի՝ 16-րդ հոդվածի (Ֆինանսական ծառայությունների նկատմամբ բացառություններ) գործողության շրջանակներում գտնվող գործողությունների նկատմամբ: Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից հայցը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան արբիտրաժային քննության ներկայացվելու և պատասխանողի կողմից 16-րդ հոդվածը որպես պաշտպանություն վկայակոչվելու դեպքում պետք է կիրառվեն հետևալ դրույթները.
(a) պատասխանողը պետք է հայցը սույն հոդվածին համապատասխան արբիտրաժային քննության ներկայացնելու օրվանից հարյուր քսան (120) օրվա ընթացքում գրավոր դիմի երկու Պայմանավորվող կողմերի կողմից հիմնադրված ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեին՝7 արդյոք 16-րդ հոդվածը կարող է համարվել հայցի նկատմամբ որպես հիմնավորված պաշտպանություն և ինչ սահմաններում հարցի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելու պահանջով: Պատասխանողը պետք է տրիբունալին, կազմավորված լինելու դեպքում, անհապաղ ներկայացնի նման պահանջի պատճենը: Հայցի առնչությամբ արբիտրաժային քննությունը կարող է շարունակվել միայն (d) ենթակետում նախատեսված դեպքում:
(b) Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն պետք է փորձի բարեխղճորեն որոշում կայացնել՝ (a) ենթակետով սահմանված կարգով: Ցանկացած նման որոշման մասին պետք է անհապաղ տեղեկացնել վեճի կողմերին և տրիբունալին՝ կազմավորված լինելու դեպքում: Այդ որոշումը տրիբունալի կողմից կատարման համար պարտադիր է:
(c) Եթե Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն (a) ենթակետի շրջանակներում որոշում կայացնելու վերաբերյալ պատասխանողի գրավոր պահանջը ստանալու օրվանից իննսուն (90) օրվա ընթացքում որոշում չի կայացնում այդ ենթակետով սահմանված կարգով, տրիբունալն է որոշում կայացնում ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի կողմից չլուծված հարցի վերաբերյալ:
(d) (a) ենթակետով նախատեսված արբիտրաժային քննությունը դադարեցվում է՝ ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի կողմից անցկացվող քննարկումների ընթացքում և կարող է շարունակվել տվյալ հայցի առնչությամբ՝
(i) (ad hoc) Համատեղ Կոմիտեի որոշումը վեճի կողմերի և կազմավորված լինելու դեպքում՝ արբիտրաժային տրիբունալի կողմից ստանալու օրվանից տասն (10) օր հետո, կամ
(ii) (c) ենթակետով նախատեսված ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի վրա տարածվող իննսունօրյա ժամկետը լրանալուց տասն (10) օր հետո:
9. Վեճի կողմերը կարող են համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ (b) ենթակետի շրջանակներում կիրառելի արբիտրաժային կանոններով արբիտրաժային ցանկացած քննության անցկացման վայրի շուրջ: Եթե վեճի կողմերը համաձայնություն ձեռք չեն բերում, տրիբունալն այդ վայրը պետք է որոշի արբիտրաժային քննության կիրառելի կանոններին համապատասխան՝ պայմանով, որ այդ վայրը կլինի այն պետության տարածքում, որը Նյու Յորքի կոնվենցիայի կողմ է։
10. Պայմանավորվող կողմը չպետք է, որպես պաշտպանություն, ներկայացնի հակընդդեմ հայց, փոխհատուցման իրավունք կամ ցանկացած այլ պատճառ, որ համաձայն ծախսերի հատուցման, երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի` ստացել է կամ պետք է ստանա որպես իր կրած վնասների մասնակի կամ ամբողջական հատուցում կամ այլ բնույթի փոխհատուցում:
11. Արբիտրաժային տրիբունալն իր որոշման մեջ պետք է նշի օրենքի և փաստերի վերաբերյալ իր եզրահանգումները՝ որոշման ընդունման հիմքերի հետ միասին, և կարող է, կողմերից մեկի պահանջով, ապահովել դատական պաշտպանության հետևյալ ձևերը.
(a) հայտարարություն այն մասին, որ Պայմանավորվող կողմը չի կատարել սույն Համաձայնագրում նշված իր պարտավորությունները,
(b) նյութական փոխհատուցում, որը պետք է ներառի տոկոսներ՝ հաշված կորուստը կամ վնասը առաջանալու պահից մինչև այն պահը, երբ վճարումը կատարվել է կամ պետք է կատարվի,
(c) համապատասխան դեպքերում՝ բնամթերքով փոխհատուցում՝ պայմանով, որ Պայմանավորվող կողմը դրա փոխարեն հնարավորություն ունենա վճարելու դրամական փոխհատուցում, եթե բնամթերքով փոխհատուցումը կիրառելի չէ պատասխանող Պայմանավորվող կողմի՝ բարեխղճորեն կայացված որոշմամբ, և
(d) վեճի կողմերի համաձայնությամբ` իրավական պաշտպանության ցանկացած այլ ձև:
12. Արբիտրաժի որոշումը վերջնական է և վեճի կողմերի կողմից կատարման համար պարտադիր: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի ընդունված որոշման կատարումն իր պետության տարածքում:
Հոդված 12
Այլ կանոնների կիրառումը
Եթե Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենքներն ու կանոնակարգերը կամ Պայմանավորվող կողմերի միջև միջազգային իրավունքի շրջանակներում ներկայումս առկա կամ այսուհետև ստանձնելիք պարտավորությունները, ի լրումն սույն Համաձայնագրի, պարունակում են դրույթներ` ընդհանուր կամ հատուկ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների համար սահմանում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, նման դրույթները գերակայում են սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են:
Հոդված 13
Համաձայնագրի գործողության շրջանակը
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է առկա ներդրումների նկատմամբ՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև այդ օրվանից հետո կատարված կամ ձեռք բերված ներդրումների նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն ուժի մեջ մտնելուց առաջ տեղի ունեցած իրադարձություններից բխող հայցերի կամ նախքան այն ուժի մեջ մտնելը լուծում ստացած հայցերի նկատմամբ։
Հոդված 14
Արտոնությունների մերժումը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է մերժել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունները տալը մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողին, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություն է, և այդ ներդրողի ներդրումներին, եթե Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում կամ վերահսկում են տվյալ ձեռնարկությունը, և մերժող Պայմանավորվող կողմը Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության անձի նկատմամբ սահմանում կամ պահպանում է այնպիսի գործողություններ, որոնք արգելում են ձեռնարկությունների հետ գործառնությունների իրականացումը, կամ որոնք կարող են խախտվել կամ շրջանցվել, եթե սույն Համաձայնագրով սահմանվող արտոնությունները տրվեն այդ ձեռնարկությանը կամ նրա ներդրումներին:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է մերժել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնություններ տալը մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողին, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություն է, և այդ ներդրողի ներդրումներին, եթե այդ ձեռնարկությունը նշանակալի ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում այդ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
Հոդված 15
Համաձայնագրի մեկնաբանումը
Պայմանավորվող կողմերը, ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթի առնչությամբ խորհրդակցում են և տալիս մեկնաբանություններ, եթե Պայմանավորվող կողմերի միջև կամ մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կապակցությամբ վեճ է առաջանում: Սույն Համաձայնագրի՝ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված մեկնաբանությունները 10-րդ հոդվածին (Պայմանավորվող կողմերի միջև առաջացող վեճերի լուծումը) և 11-րդ հոդվածին (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) համապատասխան ձևավորված տրիբունալների համար պարտադիր են:
Հոդված 16
Ֆինանսական ծառայությունների նկատմամբ բացառությունները
1. Ցանկացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներդրումների միջոցով ֆինանսական ծառայություններ մատուցելու մասով Պայմանավորվող կողմին ոչինչ չի խոչընդոտում սահմանել կամ պահպանել գործողություններ ողջամիտ նպատակներով, ներառյալ` ուղղված ներդրողների, ավանդատուների, ապահովագրողների կամ անձանց պաշտպանությանը, ում նկատմամբ ֆինանսական հաստատությունն ունի ֆիդուցիար պատասխանատվություն, կամ ֆինանսական համակարգի ամբողջականության և կայունության ապահովմանը: Այն դեպքում, երբ այդպիսի գործողությունները չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին, դրանք չեն կարող օգտագործվել որպես այդ դրույթներով սահմանված՝ Պայմանավորվող կողմի ստանձնած հանձնառություններից կամ պարտականություններից խուսափելու միջոց:
2. Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներդրումների միջոցով ֆինանսական ծառայություններ մատուցելու մասով սույն Համաձայնագրի շրջանակներում ոչինչ չի կիրառվում որևէ պետական մարմնի կողմից ձեռնարկվող ընդհանուր կիրառություն ունեցող ոչ խտրական գործողությունների նկատմամբ՝ կապված դրամավարկային և վարկային քաղաքականությունների կամ արժութային քաղաքականությունների հետ:
3. Չհակասելով 6-րդ հոդվածին (Փոխանցումներ)՝ Պայմանավորվող կողմը կարող է կանխարգելել կամ սահմանափակել ֆինանսական հաստատության կողմից փոխկապակցված անձին կամ այդպիսի հաստատության հետ կապված անձին կամ նրա մատակարարին կամ էլ հօգուտ նրանց փոխանցումների կատարումը` ֆինանսական հաստատությունների անվտանգությանը, կայունությանը, ամբողջականությանը կամ ֆինանսական պատասխանատվությանը վերաբերող գործողությունների արդարացի, ոչ խտրական և բարեխիղճ կիրառմամբ: Առավել հստակություն ապահովելու համար, սույն կետը չի սահմանափակում սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթ, որով Պայմանավորվող կողմին կարող է թույլատրվել սահմանափակելու փոխանցումները:
4. Առավել հստակություն ապահովելու համար. սույն Համաձայնագրի շրջանակներում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ խոչընդոտի Պայմանավորվող կողմին սահմանելու կամ կիրառելու սույն Համաձայնագրին չհակասող օրենքներին կամ կանոնակարգերին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ գործողություններ, ներառյալ՝ կեղծ և խարդախ գործելակերպերի կանխարգելմանը վերաբերող գործողություններ կամ ֆինանսական ծառայությունների պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու հետևանքների հետ կապված գործողություններ՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն կիրառվում այնպես, որ համարվեն կամայական կամ անհիմն խտրականության դրսևորում այն երկրների միջև, որտեղ գերակայում են համանման պայմանները, կամ ֆինանսական հաստատություններում ներդրումների նկատմամբ գործող քողարկված սահմանափակում:
Հոդված 17
Անվտանգություն ապահովող բացառությունները
Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ.
(a) Պայմանավորվող կողմի կողմից պահանջվի ներկայացնել ցանկացած այնպիսի տեղեկատվություն, որի հայտնումը նա համարում է իր անվտանգության էական շահերին հակասող,
(b) խոչընդոտի Պայմանավորվող կողմին ձեռնարկելու ցանկացած գործողություն, որը նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար, կամ
(c) խոչընդոտի Պայմանավորվող կողմին ձեռնարկելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված ցանկացած գործողություն՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին համապատասխան:
Հոդված 18
Հարկումը
1. Բացառությամբ սույն հոդվածով սահմանվածի՝ սույն Համաձայնագրի ոչ մի դրույթով չեն սահմանվում պարտավորություններ հարկային գործողությունների առնչությամբ:
2. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) կիրառվում է բոլոր հարկային գործողությունների նկատմամբ՝ բացառությամբ, երբ հայց ներկայացնողը, որը հավաստիացնում է, որ հարկային գործողությունը ենթադրում է օտարում, կարող է արբիտրաժային քննության հայց ներկայացնել 10-րդ հոդվածին (Պայմանավորվող կողմերի միջև առաջացող վեճերի լուծումը) և 11-րդ հոդվածին (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) համապատասխան, եթե.
(a) հայց ներկայացնողը նախ գրավոր դիմել է երկու Պայմանավորվող կողմերի իրավասու հարկային մարմիններին8 հարցով, թե արդյոք այդ հարկային գործողությունը ենթադրում է օտարում, և
(b) այդ հայցով դիմելու օրվանից հետո՝ հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, երկու Պայմանավորվող կողմերի իրավասու հարկային մարմինները համաձայնություն ձեռք չեն բերել, որ տվյալ հարկային գործողությունը չի համարվում օտարում:
3. Սույն Համաձայնագրում ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի՝ որևէ հարկային կոնվենցիայով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա: Սույն Համաձայնագրի և նման որևէ կոնվենցիայի դրույթների միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում այդ կոնվենցիան գերակայում է առկա անհամապատասխանության սահմաններում: Պայմանավորվող կողմերի միջև հարկային կոնվենցիայի հասանելիության դեպքում այդ կոնվենցիայով նախատեսվող իրավասու մարմինները միանձնյա պատասխանատվություն են կրում՝ որոշելու, թե արդյոք առկա է որևէ անհամապատասխանություն սույն Համաձայնագրի և այդ կոնվենցիայի միջև:
Հոդված 19
Ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը
1. Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր կծանուցեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից երեսուն (30) օր հետո:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա տասը (10) տարի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ծանուցել սույն Համաձայնագրի դադարեցման մասին ոչ պակաս, քան մեկ (1) տարի առաջ մինչև Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալը: Այդպիսի ծանուցում չկատարելու դեպքում սույն Համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ անորոշ ժամկետով մինչև Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին մեկ (1) տարի առաջ գրավոր տեղեկացնի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Նախքան սույն Համաձայնագրի դադարեցումը կատարված ներդրումների մասով սույն Համաձայնագրի 1-18-րդ հոդվածների դրույթները գործում են դադարեցման օրվան հաջորդող տասը (10) տարի ժամկետով:
4. Սույն Համաձայնագիրը կարող փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխությունը կամ դադարեցումը իրականացվում է առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի շրջանակներում ծագող կամ առաջացած ցանկացած իրավունքը կամ պարտավորությունը ՝ մինչև այդպիսի փոփոխության կամ դադարեցման ուժի մեջ մտնելու օրը:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում, 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, կորեերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման հետ կապված ցանկացած տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
ՀԱՎԵԼՎԱԾ I
ՕՏԱՐՈՒՄԸ
Պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց համաձայնությունը, որ.
1. Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքը չի համարվում օտարում, եթե այն չի խոչընդոտում ներդրման հետ կապված նյութական կամ ոչ նյութական գույքային իրավունքներին:
2. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) հասցեագրում է երկու իրավիճակ: Առաջինը ուղղակի օտարումն է, երբ ներդրումը ազգայնացվում է կամ այլ կերպով ուղղակիորեն օտարվում է՝ բացահայտ առգրավմամբ կամ սեփականության իրավունքի պաշտոնական փոխանցմամբ:
3. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) հասցեագրող երկրորդ իրավիճակը անուղղակի օտարումն է, երբ Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքն առաջացնում է ուղղակի օտարմանը համարժեք հետևանքներ՝ առանց բացահայտ առգրավման կամ սեփականության իրավունքի պաշտոնական փոխանցման:
(a) Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքը որոշակի փաստացի իրավիճակում անուղղակի օտարում համարելու կամ չհամարելու հարցը պահանջում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, փաստերի վրա հիմնված հարցում, որով դիտարկվում են ներդրումներին վերաբերող բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝
(i) կառավարության գործողության տնտեսական ազդեցությունը՝ չնայած այն փաստին, որ Պայմանավորվող կողմի գործողության կամ գործողությունների շարքի՝ ներդրումների տնտեսական արժեքի վրա բացասական ազդեցություն ունենալու հանգամանքը, առանձին վերցրած, չի հաստատում, որ տեղի է ունեցել անուղղակի օտարում,
(ii) ներդրումների՝ որոշակի, ողջամիտ սպասումներին կառավարության գործողության խոչընդոտելու սահմանները9, և
(iii) կառավարության գործողության բնույթը, ներառյալ դրա նպատակները և համատեքստը: Համապատասխան նկատառումները կարող են ներառել. արդյոք կառավարության` հանրային շահերի պահպանման համար իրականացված գործողությունը առանձին ներդրողին կամ ներդրմանը հատուկ վնաս է պատճառում, որը գերազանցում է այն, ինչ ներդրողի կողմից կամ ներդրումներով ակնկալվում էր:
(b) Բացառությամբ հազվադեպ հանգամանքների, ինչպես, օրինակ, երբ գործողությունը կամ գործողությունների շարքը չափազանց խիստ կամ անհամաչափ է իր նպատակի կամ ազդեցության տեսանկյունից, Պայմանավորվող կողմի ոչ խտրական կարգավորիչ գործողությունները, որոնք նախատեսված են և կիրառվում են հասարակության բարեկեցության իրավաչափ նպատակների պաշտպանության համար, ինչպիսիք են՝ հասարակության առողջությունը, անվտանգությունը, շրջակա միջավայրը և անշարժ գույքի գնային կայունացումը (օրինակ՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված գործողություններ), չեն համարվում անուղղակի օտարում:10
4. Անուղղակի օտարումը նախատեսված չէ կասեցնելու Պայմանավորվող կողմի օրինական կարգավորող մարմնի կողմից ընդունված կառավարական գործողությունը, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի այլ դրույթներին:
ՀԱՎԵԼՎԱԾ II
ՀԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ
Հարկային գործողությունը որոշակի փաստացի իրավիճակում օտարում համարելու կամ չհամարելու հարցը պահանջում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, փաստերի վրա հիմնված հարցում, որով դիտարկվում են ներդրումներին վերաբերող բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ հավելված I-ում թվարկված գործոնները և հետևյալ նկատառումները.
(a) հարկեր սահմանելն ընդհանուր առմամբ չի համարվում օտարում: Ներդրումների մասով զուտ նոր հարկային գործողության ներդրումը կամ հարկային գործողություն սահմանելը մեկից ավելի իրավազորության դեպքում ընդհանուր առմամբ որպես այդպիսին չի համարվում օտարում,
(b) միջազգայնորեն ճանաչված հարկային քաղաքականություններին, սկզբունքներին և փորձին համապատասխանող հարկային գործողությունը չպետք է ենթադրի օտարում: Մասնավորապես` հարկային գործողություններից խուսափելը կամ դրանք շրջանցելը կանխարգելմանն ուղղված հարկային գործողությունն ընդհանուր առմամբ չի համարվում օտարում,
(c) ոչ խտրական հիմքով կիրառվող հարկային գործողությունը՝ ի հակադրություն կոնկրետ քաղաքացիություն ունեցող ներդրողներին կամ որոշակի հարկատուներին թիրախավորող հարկային գործողության, ավելի քիչ հավանական է, որ կհամարվի օտարում, և
(d) ընդհանուր առմամբ հարկային գործողությունն օտարում չի համարվում, եթե այն արդեն գործել է ներդրումը կատարելիս, և երբ գործողության մասին տեղեկությունը եղել է հանրամատչելի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 3-ին
__________________
1 Պարտքի որոշ տեսակներ, ինչպիսիք են պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները և երկարաժամկետ մուրհակները, ավելի հավանական է, որ ունենան ներդրումներին բնորոշ հատկանիշներ, մինչդեռ պարտքի այլ տեսակներն ավելի քիչ հավանական է, որ ունենան նման հատկանիշներ:
2 Առանձին տեսակի լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ համանման գործիքի (ներառյալ` կոնցեսիան, այնքանով, որքանով այն արտացոլում է այդպիսի գործիքի բնույթը)` ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունենալու հանգամանքը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են Պայմանավորվող կողմի օրենսդրության ներքո իրավատիրոջ իրավունքների բնույթն ու ծավալը: Lիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների և համանման գործիքների շարքում, որոնք չունեն ներդրումներին բնորոշ հատկանիշներ, առկա են այնպիսիք, որոնք չեն ստեղծում ներքին օրենսդրությամբ պաշտպանվող որևէ իրավունք: Առավել հստակության համար՝ վերոնշյալը չի սահմանափակում լիցենզիային, արտոնագրին, թույլտվությանը կամ համանման գործիքին առնչվող ցանկացած գույքի՝ ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունենալու հանգամանքը:
3 «Ներդրումներ» հասկացությունը չի ներառում դատական կամ վարչական վարույթի շրջանակներում ընդունված որոշում կամ վճիռ:
4 Առավել հստակության համար՝ շուկայի մասնաբաժինը, շուկային հասանելիությունը, ակնկալվող օգուտը և շահույթ ստանալու հնարավորությունները, որպես այդպիսիք, ներդրում չեն:
5 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) մեկնաբանվում է հավելվածներին համապատասխան:
6 Պայմանավորվող կողմերի կողմից այլ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի՝ թափանցիկության վերաբերյալ կանոնները՝ հիմնադիր պայմանագրերի հիման վրա ներդրող-պետություն արբիտրաժային քննության շրջանակներում (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/CN.9/783), (ՄԱԿՄԱԻՀՀ թափանցիկության վերաբերյալ կանոններ) չեն կիրառվում 11-րդ հոդվածի 2(b)(iii) կետին համապատասխան նախաձեռնած արբիտրաժային քննության նկատմամբ: Պայմանավորվող կողմերն անցկացնում են խորհրդակցություններ ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով՝ 11-րդ հոդվածի 2(b)(iii) կետին համապատասխան նախաձեռնած արբիտրաժային քննության նկատմամբ ՄԱԿՄԱԻՀՀ թափանցիկության վերաբերյալ կանոնների հետագա կիրառման մասին:
7 Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն կազմավորվում է 16-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը վկայակոչող պատասխանող Պայմանավորվող կողմի պահանջով և կազմվում է երկու Պայմանավորվող կողմերի կողմից նշանակված կառավարության ներկայացուցիչներից:
8 Սույն հոդվածի նպատակներով «իրավասու հարկային մարմին» նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե, իսկ Կորեայի Հանրապետության համար՝ Ռազմավարության և ֆինանսների նախարարություն կամ Ազգային հարկային ծառայություն:
9 Առավել հստակություն ապահովելու համար. այն հարցը, թե արդյո՞ք ներդրողի ներդրումների սպասումները ողջամիտ են, մասամբ պայմանավորված է համապատասխան ոլորտում կառավարության կողմից իրականացվող կարգավորիչ գործողությունների բնույթով և ծավալով: Օրինակ՝ ներդրողի սպասումը, թե կարգավորումները չեն փոփոխվի խիստ կարգավորվող ոլորտի համար ավելի քիչ հավանական է, որ ողջամիտ են, քան ավելի նվազ խստությամբ կարգավորվող ոլորտի համար:
10 Առավել հստակություն ապահովելու համար. (b) ենթակետում «հասարակության բարեկեցության իրավաչափ նպատակների» ցանկը սպառիչ չէ:
