Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1404
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4712/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4712/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Մաթևոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Շահեն Պողոսյանի ընդդեմ Քաղաքապետարանի` Քաղաքապետարանի 08.09.2009 թվականի թիվ 18-06/1-Պ-1190 մերժման գրությունը` վարչական ակտը, առ ոչինչ ճանաչելու և Երևանի Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող բնակելի տան հողամասին կից ավել օգտագործվող 292քմ մակերեսով սահմանազատված հողամասի նկատմամբ Շահեն Պողոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ Քաղաքապետարանին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Շահեն Պողոսյանը պահանջել է Քաղաքապետարանի 08.09.2009 թվականի թիվ 18-06/1-Պ-1190 մերժման գրությունը` վարչական ակտը, ճանաչել առ ոչինչ և պարտավորեցնել Քաղաքապետարանին կայացնել բարենպաստ ակտ` Երևանի Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից լրացուցիչ օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչելով Շահեն Պողոսյանի սեփականության իրավունքը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Շահեն Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 30-րդ, 46-րդ, 48-րդ, 53-րդ և 62-րդ հոդվածները, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը, Երևանի քաղաքապետի 01.08.2008 թվականի ««Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 3640-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 24-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Շահեն Պողոսյանը գրավոր դիմումով խնդրել է հողամասի ընդլայնմամբ այն օտարել իրեն, հետևաբար Քաղաքապետարանը պետք է քննության առարկա դարձներ դիմումով նշված կոնկրետ խնդրանքը, այլ ոչ թե որոշեր կիրառել հողամասի նկատմամբ իրավունք ձեռք բերելու այլ իրավանորմեր։ Տվյալ դեպքում Դատարանը պետք է հիմք ընդուներ կոնկրետ հայցվող խնդրանքը և այդ խնդրանքի վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրությամբ առաջադրված պահանջները։ ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետից հետևում է, որ հողամասը որպես ընդլայնում կարող է հատկացվել միայն այն դեպքում, երբ հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում, ընդլայնման համար հողամասի տրամադրումը կատարվում է ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի։ Բացի այդ, լրացուցիչ տրամադրվող հողամասը չպետք է գերազանցի սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը, մինչդեռ սույն դեպքում Շահեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը կազմում է 151,09քմ, իսկ որպես ընդլայնում նա պահանջել է 292քմ մակերեսով հողամաս։

Քաղաքապետարանը պարտավոր չէր հողամասն ընդլայնամբ օտարելու խնդրանքի քննարկման համար պարզման առարկա դարձնել ոլորտի կարգավորումից դուրս գտնվող այլ իրավական ակտերով առաջադրված փաստերն ու հանգամանքները։ Շահեն Պողոսյանն իր դիմումով հստակ նշել է դիմումի առարկան և Քաղաքապետարանն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ այն փոփոխել, ուղղել կամ ենթադրություններ անել դիմողի հնարավոր այլ նպատակների մասին։ Շահեն Պողոսյանը դիմումով խնդրել է «292քմ մակերեսով հողատարածքը որպես ընդլայնում օտարել իրեն», այսինքն` չի խնդրել հողամասն ընդհանրապես իրեն օտարել, այլ շեշտել է ընդլայնմամբ օտարելու եղանակը։

Դատարանի կողմից մերժման գրությամբ պարզված հանգամանքների թվում բացակայում է քննարկվող հողամասը մինչև 15.05.2001 թվականն օգտագործելու հանգամանքի պարզումը, որի ապացուցման համար Դատարանը գնահատել է Շահեն Պողոսյանի հարևանների կողմից 12.02.2010 թվականին նոտարական վավերացմամբ տրված հայտարարությունը: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 01.08.2008 թվականի «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 3640-Ն որոշումից հետևում է, որ անշարժ գույքի կառուցման, հետևաբար նաև հողամասի օգտագործման փաստը չի կարող ապացուցվել հարևանների հայտարարությամբ։ Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանն այն պատճառով, որ Շահեն Պողոսյանին պատկանող բնակելի տունն ու հողամասը ձեռք են բերվել Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2783-Ա որոշմամբ օրինականացման արդյունքում, որից հետևում է, որ Շահեն Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման ժամանակ օրինականացվել է նաև 151,09քմ մակերեսով հողամաս, և եթե վիճելի հողամասը ևս Շահեն Պողոսյանի կողմից օգտագործվեր որպես սահմանազատված հողամաս, ապա Երևանի քաղաքապետի որոշմամբ այն նույնպես կօրինականացվեր։

Դատարանը պարզել և հստակեցրել է հայցի իրավական հիմքերը` սեփական նախաձեռնությամբ պարզելով վիճարկվող գրության առ ոչինչ ճանաչելու հիմքերը։ Շահեն Պողոսյանը Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.09.2009 թվականի թիվ 18-06/1-Պ-1190 գրությունը չի վիճարկել ոչ իրավասու մարմնի կողմից կայացվելու հիմքով, սակայն Դատարանը, դուրս գալով հայցի իրավական հիմքերի շրջանակներից, գնահատել է, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է ոչ իրավասու մարմնի կողմից։

Վերոգրյալի հիման վրա Քաղաքապետարանը պահանջել է բեկանել Դատարանի 14.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Դատարանի վճիռն օրինական է, լիարժեք հիմնավորված և պատճառաբանված, վճռով որևէ իրավանորմի պահանջ չի խախտվել, սխալ չի մեկնաբանվել կամ կիրառվել, որի հիման վրա էլ այն հեղինակավոր և օրինական դատական ակտ է, իսկ բողոք բերած անձի վճռաբեկ բողոքն անհիմն է, զուրկ իրավական հիմնավորումներից և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի «Շրջանային հ. 92/6 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կառույցի օրինականացման և կառույցի ու դրա համար առանձնացված հողամասի օտարման մասին» թիվ 2783-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող 402,3քմ ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչվել է օրինական: Նույն որոշմամբ որոշվել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող 402,3քմ ընդհանուր մակերեսով օրինական ճանաչված կառույցը` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաշվարկած 3.862.080 ՀՀ դրամով և նույն հասցեում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող կառույցի համար առանձնացված 151,09քմ մակերեսով հողամասը` 1.051.587 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ Շահեն Պողոսյանին (գ.թ. 49):

2) «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» 03.10.2007 թվականի թիվ 262-2783-Ա պայմանագրի (վավերացված ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 03.10.2007 թվականին, գրանցված սեղանամատյանում 8446-ով) համաձայն` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Երևանի քաղաքապետի, վաճառել է, իսկ Շահեն Պողոսյանը որպես սեփականություն ձեռք է բերել Շրջանային 92/6 հասցեում գտնվող 402,3քմ մակերեսով կառույցը (բնակելի տուն) և կառույցի համար առանձնացված 151,09քմ մակերեսով հողամասը: Նույն պայմանագրի 4.1 կետի համաձայն` վաճառված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին նույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով պետական լիազորված մարմնում գրանցելու պահից (գ.թ. 50-53):

3) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 09.10.2007 թվականի թիվ 2250971 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2783-Ա որոշման, նոտարի 03.10.2007 թվականի թիվ 8446 պետական սեփականություն հանդիսացող կառույցի և հողի ուղղակի վաճառքի պայմանագրի հիման վրա Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շրջանային 92/6 հասցեում գտնվող տան նկատմամբ, ինչպես նաև 0,015109հա հողամասի նկատմամբ գրանցվել է Շահեն Պողոյանի սեփականության իրավունքը (գ.թ. 7-9):

4) Երևանի քաղաքապետին հասցեագրված 13.08.2009 թվականի դիմումով Շահեն Պողոսյանը խնդրել է` «սեփականության իրավունքով իրեն պատկանող Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասին հարակից 292քմ մակերեսով հողատարածքը որպես ընդլայնում օտարել իրեն»։ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Լալայանցի 08.09.2009 թվականի թիվ 18-06/1-Պ-1190 գրության համաձայն` դիմումատուին հայտնվել է, որ «լրացուցիչ տրամադրման համար առաջարկված հողամասը որպես առանձին գույքային միավոր կարող է հանդիսանալ հրապարակային սակարկությունների առարկա, հետևաբար այն ոչ մի սուբյեկտի, այդ թվում և Ձեզ, ուղղակի տրամադրվել չի կարող» (գ.թ. 42, 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տես Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5557/05/08):

Սույն գործով Դատարանը Շահեն Պողոսյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված երեսնօրյա ժամկետում Երևանի քաղաքապետի կողմից վարչական ակտ չընդունելու հետևանքով 13.08.2009 թվականի դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտը նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով համարվում է ընդունված, և Շահեն Պողոսյանը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։

Մինչդեռ Դատարանը, հայցվող վարչական ակտը համարելով ընդունված, գնահատման առարկա չի դարձրել դրա իրավաչափության հարցը, հայցվող իրավունքի` օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտելու հանգամանքները:

Մասնավորապես` Դատարանը սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն (մինչ 05.06.2010 թվականը գործող խմբագրությամբ)` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը տիրապետվող և նույն oրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար oրինական հողամասերին կից ավել oգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության oժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն oրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել oգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Վերը նշված նորմի մեկնաբանությունից հետևում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը տիրապետվող և նույն oրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա` քաղաքացիներին պատկանող, բնակելի տան կառուցման և սպասարկման համար oրինական հողամասերին կից ավել oգտագործվող մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության oժանդակ շինություններն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել oգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս ապացուցված է համարել այն փաստը, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 92/6 հասցեում գտնվող Շահեն Պողոսյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից 292քմ հողամասը նրա կողմից տիրապետվում և օգտագործվում է 1990 թվականից` որպես սեփական գույք։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շրջանային 92/6 հասցեում գտնվող 0,015109հա հողամասի և 350,8քմ բնակելի տան նկատմամբ Շահեն Պողոյանի սեփականության իրավունքը ծագել է Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի «Շրջանային հ.92/6 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կառույցի օրինականացման և կառույցի ու դրա համար առանձնացված հողամասի օտարման մասին» թիվ 2783-Ա որոշման և «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» 03.10.2007 թվականի թիվ 262-2783-Ա պայմանագրի հիման վրա, որից ծագող իրավունքներն էլ պետական գրանցում են ստացել 09.10.2007 թվականին` համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2250971 վկայականի: Այսինքն` մինչև 09.10.2007 թվականը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շրջանային 92/6 հասցեում գտնվող 0,015109հա հողամասը Շահեն Պողոսյանի սեփականության ներքո չի գտնվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Շահեն Պողոսյանը մինչև 15.05.2001 թվականը Երևանի Շրջանային 92/6 հասցեում ունեցել է սեփականության իրավունքով պատկանող օրինական հողամաս, որին էլ կից որպես սեփական գույք տիրապետել է ավել oգտագործվող 292քմ հողամասը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

2. Շահեն Պողոսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան