Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1998 թ. սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի Միջազգային տրանսպորտի զարգացման մասին Հիմնական բազմակողմ համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները (ՀԲՀ), այսուհետև` Կողմեր,
Ընդունելով, որ մուլտիմոդալ փոխադրումները բեռների փոխադրման հեռանկարային ձև են,
տրանսպորտային գործընթացի բոլոր մասնակիցների գործունեությունը համակարգելու, մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և աջակցելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռները ուղարկողների, բեռն ստացողների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաև սահմանում է իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է ՀԲՀ մասնակից պետությունների միջև և այն երկրների տարածքներով տարանցիկ մուլտիմոդալ բեռնափոխադրումների առնչությամբ, որոնք իրականացվում են Կողմերից որևէ մեկում գրանցված փոխադրողի կողմից, Կողմերի տարածքից կամ դեպի նրանց տարածք` տրանսպորտի բոլոր ձևերի օգտագործմամբ:
3. Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի` այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնց Կողմ են ՀԲՀ մասնակից պետությունները:
Հոդված 2
Նպատակներ
1. Մուլտիմոդալ փոխադրումների զարգացման միասնական իրավական հիմք ստեղծելու նպատակով Կողմերը կձգտեն օրենսդրության ներդաշնակեցման՝ սույն Համաձայնագրում առկա սահմանումների կիրառմամբ և հիմք ընդունելով դրանում պարունակվող կոնցեպցիաները:
2. Համաձայնագրի կատարման համար Կողմերը սահմանում են մուլտիմոդալ փոխադրումների փաստաթղթերի ձևերը:
Հոդված 3
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում սահմանումներն ունեն հետևյալ նշանակությունը.
ա. մուլտիմոդալ փոխադրում (ՄՓ) նշանակում է՝ առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացում,
բ. մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր նշանակում է՝ երկու կամ ավել տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացման պայմանագիր,
գ. մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթ՝ փաստաթուղթ, որը վկայում է մուլտիմոդալ փոխադրման պայմանագրի կնքման մասին, որը տրվել է փոխանցման կամ առանց փոխանցման իրավունքի (մուլտիմոդալ փոխադրման կոնոսամենտ (ընդհանուր բեռնագիր), մուլտիմոդալ տրանսպորտի բեռնագիր և օրենքով ընդունված այլ ձև), որի համաձայն, մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթին համապատասխան, մուլտիմոդալ փոխադրման օպերատորն ընդունում է բեռները փոխադրման համար և ստանձնում է պարտականություն բեռները տվյալ պայմանագրին համապատասխան առաքելու համար,
դ. մուլտիմոդալ փոխադրման օպերատոր (ՄՓՕ)՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կնքում է մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր և ամբողջությամբ ստանձնում դրա կատարման համար պատասխանատվություն մուլտիմոդալ փոխադրման՝ փոխանցվող կամ չփոխանցվող փաստաթուղթ տրամադրելու միջոցով և կազմակերպում է մուլտիմոդալ փոխադրումն իր անունից,
ե. փոխադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է փոխադրումը կամ դրա մի մասը կամ ստանձնում է փոխադրման կամ փոխադրման որևէ մասի իրականացման պարտավորությունը՝ անկախ իր՝ մուլտիմոդալ փոխադրման օպերատոր լինելու կամ չլինելու հանգամանքից,
զ. բեռ ուղարկող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կնքել է մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր մուլտիմոդալ փոխադրման օպերատորի հետ,
է. բեռն ստացող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավասու է ստանալու բեռներ մուլտիմոդալ փոխադրման օպերատորից,
ը. առաքում՝ մուլտիմոդալ փոխադրման պայմանագրի պայմաններին համապատասխան՝ բեռի փոխանցում ստացողին,
թ. ՓՀԻ՝ փոխառության հատուկ իրավունքներ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանմամբ,
ժ. բեռ՝ գույք, որն ընդունվել է տրանսպորտային միջոցի վրա՝ տրանսպորտի որոշակի տեսակով փոխադրումների իրականացման համար սահմանված պահանջներին համապատասխան,
ժա. տրանսպորտի տեսակներ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, գետային և օդային տրանսպորտ:
Հոդված 4
Փաստաթղթեր
1. Մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի բովանդակությունը.
ա) բեռի ընդհանուր նկարագրությունը, բեռի նույնականացման համար ապրանքի՝ պահանջված համապատասխան կոդը, բեռը վտանգավոր լինելու դեպքում` համապատասխան նշումը, առարկաների քանակը կամ տեսակները և բեռի ընդհանուր քաշը (համաքաշը) կամ դրա քանակը, ընդ որում՝ այս բոլոր տվյալները նշվում են այնպես, ինչպես ներկայացրել է բեռն ուղարկողը,
բ) բեռի արտաքին վիճակը,
գ) ֆրախտի գումարը,
դ) ՄՓՕ-ի անվանումը և գրանցման վայրը,
ե) բեռն ուղարկողի տվյալներ ը,
զ) բեռն ստացողի անունը,
է) ՄՓՕ-ի կամ նրա ներկայացուցչի կողմից բեռների ստացման ամսաթիվը և վայրը,
ը) նշանակման վայրը (բեռի առաքման վայր),
թ) բեռը նշանակման վայր առաքելու ամսաթիվը կամ ժամկետը, եթե դրանք ուղղակիորեն համաձայնեցված են Կողմերի կողմից,
ժ) մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տալու ամսաթիվը և վայրը,
ժա) ՄՓՕ-ի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը,
ժբ) տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար բեռնափոխադրման վճարումները, եթե դրանք ուղղակիորեն համաձայնեցված են Կողմերի միջև, կամ բեռնափոխադրման վճարումները, ներառյալ տարադրամի անվանումը, որոնք ենթակա են վճարման բեռն ստացողի կողմից, կամ այլ նշում, որի համաձայն փոխադրման վճարները ենթակա են վճարման բեռն ստացողի կողմից,
ժգ) փոխադրման ենթադրվող երթուղին, օգտագործվող տրանսպորտի տեսակները և բեռի փոխադրման կետերը, եթե դրանք հայտնի են մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը ձևակերպելու պահին,
ժդ) իրավասու մարմինների կողմից նշումներ,
ժե) այլ տվյալներ, որոնց մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթում ներառելու վերաբերյալ կողմերը կարող են ձեռք բերել պայմանավորվածություն, եթե դրանք չեն հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը,
ժզ) օգտագործվող լեզուները:
2. Կողմերը ՏՐԱՍԵԿԱ կառույցների միջոցով կմշակեն և կհաստատեն մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի միասնական ձևը:
Հոդված 5
Ապահովագրում
1. Կողմերը կձգտեն ստեղծել իրավական հիմք, որպեսզի ՄՓՕ-ն հնարավորություն ունենա ապահովագրելու իր պատասխանատվությունը:
2. Կողմերը ՄՓՕ-ին հնարավորություն կընձեռեն ինքնուրույն որոշելու ապահովագրման ենթակա առարկան, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կախված պայմանագրի պայմաններից:
Հոդված 6
ՄՓՕ-ի պատասխանատվությունը
1. ՄՓՕ-ի պատասխանատվությունը տարածվում է իր կողմից բեռը ստանալու պահից մինչև բեռը ստացողին փոխանցելու պահը:
2. Բացի դա՝ սույն Համաձայնագրի հիման վրա.
ա. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում իր գործակալների կամ աշխատակիցների գործողությունների կամ անգործության համար, եթե այդ գործակալները կամ աշխատողները գործում են իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում:
բ. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր այլ անձի գործողության համար, որի ծառայություններից ինքն օգտվում է փոխադրման պայմանագրի կատարման համար, այնպես, ինչպես պատասխանատվություն կկրեր, եթե նման գործողությունը կամ անգործությունը կատարված լիներ հենց իր կողմից:
3. Սույն Համաձայնագրի համաձայն ՄՓՕ-ի կողմից իր վրա վերցված պարտավորությունները կարող են սահմանվել որպես կա՛մ բեռն առաքելու, կա՛մ դրա առաքումն ապահովող գործողություններ:
4. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` բեռը կարող է փոխանցվել բեռն ստացողին հետևյալ ձևերով.
ա. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես փաստաթուղթ՝ ըստ «ներկայացող անձի», ապա բեռը հանձնվում է այն անձին, ով ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի բնօրինակը, կամ
բ. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես օրդերային արժեթուղթ, բեռը հանձնվում է այն անձին, ով ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը` պատշաճ կերպով հաստատված, կամ
գ. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես անվանական արժեթուղթ, բեռը հանձնվում է այն լիազորված անձին, ով ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և նշված փաստաթղթի բնօրինակը. իսկ եթե նշված բնօրինակը արդեն հանձնվել է հրամանի համաձայն կամ ձևաթղթով՝ առանց հատուկ անուն նշելու, ապա կիրառվում են սույն հոդվածի «բ» կետի դրույթները, կամ
դ. եթե փաստաթուղթը տրված է առանց փոխանցման իրավունքի, ապա փաստաթղթում նշված բեռը հանձնվում է ստացող հանդիսացող անձին, եթե նա ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, կամ
ե. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը չի տրամադրել ՄՓՕ-ն, ապա հանձնվում է առաքողի կողմից նշված անձին կամ այն անձին, որին փոխանցվել են բեռն ուղարկողի կամ բեռն ստացողի՝ մուլտիմոդալ փոխադրման պայմանագրին համապատասխան հրահանգներ տալու իրավունքները:
Հոդված 7
ՄՓՕ-ի պատասխանատվության հիմքերը
1. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում բեռի իրական վնասի համար, ինչն առաջացել է բեռը կորցնելու կամ վնասելու հետևանքով, ինչպես նաև բեռի առաքման ուշացման համար, եթե չապացուցի, որ բեռի վնասման, կորստի, ինչպես նաև առաքման ուշացման համար մեղավոր չեն ինքը, իր աշխատակիցը, գործակալը կամ այն ենթակապալառուն, որոնց ծառայություններից ինքն օգտվում է:
2. Առաքման ուշացում է համարվում, երբ բեռը չի առաքվում պայմանագրում ուղղակիորեն նշված ժամկետներում կամ, պայմանագրով ժամկետ սահմանված չլինելու դեպքում, այն ժամկետում, որը ողջամիտ կլիներ պահանջել մուլտիմոդալ փոխադրում իրականացնող բարեխիղճ օպերատորից՝ կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով:
3. Եթե պայմանագրում նշված ժամկետից հետո բեռը չի առաքվել 30 օրացուցային օրվա ընթացքում, ապա այն անձը, որը լիազորված է ներկայացնելու պահանջ, հակառակը վկայող փաստերի բացակայության դեպքում կարող է համարել բեռը կորած:
Հոդված 8
ՄՓՕ-ի պատասխանատվության սահմանները
1. Եթե բեռի արժեքը և բնութագիրը բեռն առաքողի կողմից հայտարարագրվել են բեռը մինչև ՄՓՕ-ին հանձնելը և համաձայնեցվել են մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթում, ապա ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում բեռի կորստի ամբողջ չափով, ինչպես նաև փոխադրման ժամանակ կրած վնասի համար՝ վնասված բեռի վնասի չափով, իսկ բեռի վնասը վերականգնելը հնարավոր չլինելու դեպքում օպերատորը պարտավոր է ամբողջովին փոխհատուցել վնասված բեռի գինը: Բեռի գինը որոշվում է վաճառողի ապրանքագրում նշված գնին համապատասխան:
2. Մյուս բոլոր դեպքերում, եթե բեռն առաքողի կողմից չեն հայտարարագրվել բեռի գինը և տեսակը, ՄՓՕ-ի պատասխանատվությունը բեռի կորստի, վնասի համար սահմանափակվում է այն գումարով, որը չի գերազանցում 8.33 ՓՀԻ-ին՝ կորած կամ վնասված բեռի մեկ կիլոգրամ մաքուր քաշի (համաքաշ) համար:
3. Առաքման ուշացման հետևանքով բեռի կորստի կամ բեռին անուղղակի վնաս հասցնելու դեպքում, բացառությամբ բեռի կորուստը կամ վնասումը, ՄՓՕ-ն վճարում է տույժ փոխադրման պայմանագրով համաձայնեցված վճարի 5 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Այնուամենայնիվ, ՄՓՕ-ի պատասխանատվության չափը առաքման ուշացման համար չի կարող գերազանցել մուլտիմոդալ փոխադրման պայմանագրով սահմանված բեռնափոխադրումների վճարումների 30 տոկոսը:
4. ՄՓՕ-ն իրավունք չունի սահմանափակելու իր պատասխանատվությունը, եթե ապացուցվի, որ բեռի կորուստը, վնասումը, ուշացումը ՄՓՕ-ի կողմից միտումնավոր գործողությունների հետևանք են, և նա գիտակցել է, որ կլինեն հավանական կորուստներ, վնասներ և ուշացումներ:
Հոդված 9
Բեռը պահելու իրավունք
ՄՓՕ-ն իրավունք ունի բեռը և փաստաթղթերը պահելու իր մոտ մինչև փոխադրման իրականացման դիմաց վճարվելը կամ փոխադրմանն առնչվող այլ ծախսերի դիմաց փոխհատուցվելը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 10
Բեռն ուղարկողի պատասխանատվությունը
1. Ըստ ընդհանուր կանոնի համարվում է, որ բեռն ուղարկողը երաշխավորում է ՄՓՕ-ին բեռին առնչվող բոլոր տեղեկությունների տրամադրումը, մասնավորապես՝ բեռի վտանգավոր բնույթի մասին:
2. Բեռն ուղարկողը երաշխավորում է ՄՓՕ-ին բեռի վնասման փոխհատուցումը, որն առաջացել է փոխադրման փաստաթղթում նշված ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տվյալների տրամադրման հետևանքով:
3. Բեռն ուղարկողը պատասխանատվություն է կրում նույնիսկ այն դեպքում, եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթն իր կողմից տրվել է այլ անձի:
4. ՄՓՕ-ի` վնասի փոխհատուցման և պատասխանատվությունից ազատման համար բեռն ուղարկողից երաշխիքներ ստանալու իրավունքը ոչ մի կերպ չի սահմանափակում ՄՓՕ-ի պատասխանատվությունը բեռն ուղարկող չհանդիսացող որևէ այլ անձի նկատմամբ:
Հոդված 11
Հայցային վաղեմության ժամկետ
Պայմանագրի Կողմերը, եթե այլ պայմանավորվածություն չկա, ազատվում են պայմանագրով ցանկացած պատասխանատվությունից, եթե չկա հայց, որը ներկայացվել է մեկ տարվա ընթացքում՝ բեռն առաքելու պահից կամ այն պահից, երբ բեռը պետք է առաքված լիներ, կամ այն պահից, երբ, սույն Համաձայնագրի համաձայն, բեռն ստացողին բեռը չառաքելու դեպքում տալիս է բեռը կորցրած համարելու իրավունք՝ համաձայն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետի:
Հոդված 12
Վեճերի լուծում
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 13
Փոփոխություններ և լրացումներ կատարելը
1. Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող արձանագրություններով:
2. Փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություններն ուժի մեջ են մտնում այն նույն կարգով, որով ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրը:
Հոդված 14
Ավանդապահ
1. Սույն Համաձայնագրի ավանդապահն է Ադրբեջանի Հանրապետությունը, որը սույն Համաձայնագիրն ստորագրած Կողմերին ուղարկում է դրա հաստատված պատճենները:
2. Ավանդապահը Կողմերին տեղեկացնում է սույն Համաձայնագրին այլ պետությունների միանալու և Կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ սույն Համաձայնագրի գործողության դադարման մասին:
Հոդված 15
Ուժի մեջ մտնելը, միանալը և գործողության ժամկետը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին չորրորդ ծանուցումը Ավանդապահին հանձնելու օրվանից 30 օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը բաց է միանալու համար ցանկացած պետության համար՝ սույն Համաձայնագրի բոլոր Կողմերի համաձայնության դեպքում, որը ստացվել է Ավանդապահի կողմից՝ դիվանագիտական ուղիներով:
3. Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված Ավանդապահին՝ ի պահ:
4. Միացած պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Ավանդապահին հանձնելու օրվանից 30 օր հետո:
5. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
6. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է Կողմի նկատմամբ դադարեցվել, եթե տվյալ Կողմը առնվազն 6 ամիս առաջ Ավանդապահին գրավոր ծանուցում է իր տարածքում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
7. Այն պայմանագրերով, համաձայնագրերով և այլ պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները, որոնք ստորագրվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, ուժի մեջ են մնում մինչև դրանց ամբողջական կատարումը:
Կատարված է Չոլպոն-Ատա քաղաքում, Իսսիկյուլ 2009 թվականի հունիսի 16-ին, մեկ բնօրինակով՝ անգլերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ի վկայություն որի՝ ստորև ստորագրած պատվիրակությունների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք ստորագրել են սույն Համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության անունից |
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության անունից |
Ռումինիայի Կառավարության անունից |
Բուլղարիայի Հանրապետության Կառավարության անունից |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության անունից |
Վրաստանի Կառավարության անունից |
Թուրքիայի Հանրապետության Կառավարության անունից |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության անունից |
Ուկրաինայի կառավարության անունից |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության անունից |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության անունից |
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին Համաձայնագրի վերաբերյալ
1. Հիմնվելով «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի 1-ին հոդված 2-րդ կետի վրա` Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ վերոնշյալ Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվի իր տարածքով կատարվող մուլտիմոդալ այն փոխադրումների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է սկզբնական, տարանցիկ կամ վերջնական տարածք:
2. Ադրբեջանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու կամ բացառելու սույն Վերապահման 1-ին կետի դրույթները: Մյուս Կողմերը գրավոր կծանուցվեն ցանկացած նման փոփոխության կամ բացառման մասին:
16.06.2009
Հայաստանի Հանրապետության առարկությունը
2009 թվականի հունիսի 16-ին Բիշկեկում (Ղրղզստանի Հանրապետություն) յոթերորդ ամենամյա նիստի ընթացքում
ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի անդամ պետությունների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման առնչությամբ
Հայաստանի Հանրապետությունը խիստ առարկում է «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերապահման վերաբերյալ:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը հակասում է Հանձնաժողովի հիմնարար փաստաթղթերին և խոչընդոտում է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում տրանսպորտի ոլորտում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: