Գլխավոր տեղեկություն
Համար
N 1470-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1366
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1470-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) I բաժնի՝

ա. երկրորդ պարբերության 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) երիտասարդ` 18-30 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող.»,

բ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5) երիտասարդ միայնակ ծնող` առնվազն մեկ երեխա ունեցող և ամուսին չունեցող երիտասարդ.»,

գ. երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) III բաժնի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագրի շրջանակներում պետական աջակցություն կարող են ստանալ և ծրագրի շահառու դառնալ երիտասարդ ընտանիքները:».

3) IV բաժնի՝

ա. չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. հինգերորդ պարբերության 1-ին կետը «կլինի 8.5-9 տոկոս)» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 6.5-7 տոկոս)»,

գ. հինգերորդ պարբերության 2-րդ կետը «առնվազն 30 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն բաժնի հինգերորդ պարբերության 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով,

դ. հինգերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3) Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե՝

ա. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 11200000 դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից: Ֆինանսական կազմակերպություններն ազատ են որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք, կամ՝

բ. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, տրամադրվում է նաև երաշխավորություն` վարկ ստանալու մասին դիմումը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված՝ 1-300 տեղերն զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից: Ընդ որում, ֆինանսական կազմակերպություններն ազատ են ընդունելու կամ չընդունելու երաշխավորող իրավաբանական անձանց երաշխավորությունները,»,

ե. բաժինը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքում, երբ երիտասարդ ընտանիքի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, վարկային պայմանագրի կողմ (վարկառու կամ համավարկառու) առնվազն պետք է լինի երիտասարդ ընտանիքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անդամը»,

զ. իններորդ պարբերության 1-ին կետում «քաղաքացիների» բառը փոխարինել «ֆիզիկական անձանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է ընդունումից հետո «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրման համար ներկայացված դիմումների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան