Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
07.12.2017
Ստորագրման ամսաթիվ
07.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մալթայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետև՝ Կողմեր),

ցանկանալով երկու պետությունների միջև հաստատել և զարգացնել բարեկամական հարաբերություններ,

ընդունելով միջմշակութային երկխոսության կարևոր դերը երկկողմ հարաբերություններում,

համոզված լինելով, որ մշակույթի բնագավառում փոխանակումներն ու համագործակցությունը կնպաստեն երկու երկրների մշակույթների և ժողովուրդների առավել լավ ճանաչմանն ու ընկալմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կհամագործակցեն մշակույթի բնագավառում՝ սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերը կաջակցեն իրենց երկրների արվեստի և մշակույթի ճանաչմանը փոխադարձ այցելությունների և մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով:

 

Հոդված 3

 

Կողմերը կնպաստեն պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական ռեսուրսների փոխանակմանը, երկու երկրների գրադարանների միջև ուղիղ համագործակցությանը: Կողմերը կաջակցեն նաև իրենց ազգային գրականությունը մյուս Կողմի լեզվով թարգմանելուն:

 

Հոդված 4

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երաժշտության բնագավառում, կատարողական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում:

 

Հոդված 5

 

Կողմերը կձգտեն գործընկեր երկրներում կազմակերպել ցուցահանդեսներ՝ իրենց պետությունների գործող օրենսդրության համաձայն:

 

Հոդված 6

 

Կողմերը կնպաստեն հայկական և մալթական շահագրգիռ հաստատությունների և կառույցների միջև ուղիղ համագործակցությանը հնագիտության, թանգարանային կառավարման և հուշարձանների կոնսերվացման (ամրակայման), պաշտպանության և պահպանության ոլորտներում: Նման համագործակցության մանրամասները կհամաձայնեցվեն շահագրգիռ հաստատությունների կողմից:

 

Հոդված 7

 

1. Կինոարվեստի ոլորտում Կողմերը կաջակցեն արվեստագետների և փորձագետների մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին, ֆիլմերի ցուցադրություններին և մշակութային կինոմիջոցառումներին` միջոցառումների կազմակերպման կանոնների համաձայն, ինչպես նաև՝ մասնագիտացված հաստատությունների, դպրոցների, ասոցիացիաների և կինոպահոցների միջև ուղիղ համագործակցությանը:

2. Կողմերը կնպաստեն նաև տեսալսողական ոլորտում հայ և մալթացի մասնագետների անմիջական շփումներին:

 

Հոդված 8

 

Կողմերը կապահովեն մտավոր սեփականության իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը՝ իրենց պետությունների օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց կողմ են հանդիսանում երկու պետությունները:

 

Հոդված 9

 

Կողմերը կաջակցեն արվեստի և մշակույթի բնագավառների դասախոսների, մասնագետների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքում առաջացած ծախսերը հոգալու հետ կապված հարցերը կորոշվեն ըստ յուրաքանչյուր դեպքի՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն բացառում մշակույթի բնագավառում համագործակցության այլ ձևերի հնարավորությունը, ինչի շուրջ Կողմերը համաձայնության կգան դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի գործնական կիրառմանն օժանդակելու նպատակով Կողմերը կձևավորեն հայ-մալթական Համատեղ կոմիտե, որտեղ կընդգրկվեն երկու պետությունների իրավասու կազմակերպությունների հավասար թվով ներկայացուցիչներ:

Սույն Համատեղ կոմիտեն կհրավիրվի հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում՝ դիվանագիտական ուղիներով նախապես որոշված ամսաթվերին։

 

Հոդված 13

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում ծագած ցանկացած վեճ կլուծվի Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի հինգ (5) տարի ժամկետով՝ հնգական (5-ական) տարի նոր ժամանակահատվածներով ինքնաբերաբար երկարաձգվելու հնարավորությամբ։

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում մյուս Կողմին նախնական գրավոր ծանուցում ուղարկելուց երեք (3) ամիս հետո:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է ազդի համագործակցության այն միջոցառումների վրա, որոնք ընթացքի մեջ են:

 

Կատարված է Վիեննա քաղաքում 2017 թվականի դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլի 26-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան