Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր, հիմնվելով «Եվրասիական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» 2000 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի, «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա, պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) փոխգործակցությունը համակարգելու, Միության նպատակների և խնդիրների իրականացումն ապահովելու, անդամ պետությունների մաքսային մարմինների իրավասությանը վերապահված հարցերի մասով մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի (այսուհետ՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրեր ու ակտեր)կիրառումը և դրանց մաքսային կարգավորումը միասնականացնելու նպատակով Կողմերը հիմնում են Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա (այսուհետ՝ Միավորված կոլեգիա):
(1-ին հոդվածը փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 2
Միավորված կոլեգիան իր գործունեությունն իրականացնում է սույն Պայմանագրով, Մաքսային միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերով և ակտերովնախատեսված լիազորությունների սահմաններում:
(2-րդ հոդվածը փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 3
Միավորված կոլեգիան գլխավորում է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավարներից Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվող նախագահը (այսուհետ՝ նախագահ): Նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են անդամ պետությունների թվին հավասար թվով` բացառությամբ այն անդամ պետության, որը ներկայացնում է նախագահը:
Սույն Պայմանագրի նպատակների համար անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:
Նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են մեկ տարի ժամկետով: Միավորված կոլեգիայի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել:
Միավորված կոլեգիայի նիստերը վարում է նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը կամ Միավորված կոլեգիայի անդամներից մեկը՝ նախագահի հանձնարարությամբ:
Միավորված կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև Միավորված կոլեգիայի՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավար աշխատող հանդիսացող անդամները, որպես կանոն, անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կոլեգիաների անդամների կազմից՝ հաշվի առնելով անդամ պետության յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմնի հավասար ներկայացվածությունը:
Միավորված կոլեգիայի աշխատակարգը սահմանվում է Միավորված կոլեգիայի քննարկման արդյունքների հիման վրա նախագահի կողմից հաստատվող ընթացակարգային կանոններով:
Մաքսային կարգավորում իրականացնելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի անվանումը փոփոխվելու դեպքում անդամ պետության համապատասխան կենտրոնական մաքսային մարմինը դիվանագիտական ուղիներով այդ մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների մյուս կենտրոնական մաքսային մարմիններին:
(3-րդ հոդվածը խմբ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 4
Միավորված կոլեգիայի նիստերն անցկացվում են, որպես կանոն, ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից առնվազն մեկի դիմումի հիման վրա կարող են անցկացվել Միավորված կոլեգիայի արտահերթ նիստեր:
(4-րդ հոդվածը լրաց., փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 5
Միավորված կոլեգիայի հիմնական խնդիրներն են՝
անդամ պետությունների մաքսային մարմինների գործունեության համակարգումը,
մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի մշակման գործում մասնակցությունը,
իր իրավասության սահմաններում մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի միատեսակ կիրառման ապահովումը,
Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ապրանքների և տրանսպորտային միջոցների մասով մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման միասնականացված կարգի ապահովումը,
Անդամ պետություններիմաքսային քաղաքականության իրականացմանն աջակցությունը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 6
Միավորված կոլեգիան իրականացնում է հետևյալ գործառույթները՝
(պարբերությունը հանվել է Ետմապկ 09.08.19)
Մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,
(պարբերությունը հանվել է Ետմապկ 09.08.19)
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի իրականացման հարցում աջակցությունը,
համատեղ այն ծրագրերի և միջոցառումների նախապատրաստումն ու ձեռնարկումը, որոնք ուղղված են մաքսային կարգավորման ոլորտում այն միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների օրենսդրության միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին,
Եվրասիական տնտեսական միության մաքսային կարգավորման ոլորտում անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցությանն առնչվող հիմնական հարցերի լուծումը,
մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերիմեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վիճելի հարցերի քննարկումը,
մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի իրականացման ընթացքի վերլուծությունը և քննարկումը,
մաքսային կարգավորման ոլորտում Միության զարգացման ծրագրերի մշակման նախաձեռնումը և դրանց մշակման ու իրականացման գործում մասնակցությունը,
Եվրասիական տնտեսական միության մաքսային կարգավորման կատարելագործման, մաքսային գործառնությունների կատարման և մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,
արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության ապահովմանն ուղղված գործունեության համակարգումը,
ապրանքների ծագումը որոշելու կանոնների միատեսակ կիրառումն ապահովելու վերաբերյալ անդամ պետությունների մաքսային մարմիններին ներկայացվող առաջարկությունների քննարկումը և մշակումը,
մաքսային հայտարարագրման և ապրանքների մաքսային արժեքի ու մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման նկատմամբ մաքսային հսկողության կարգի մշակման և կատարելագործման վերաբերյալ առաջարկների քննարկումն ու նախապատրաստումը,
անդամ պետություններում մաքսային հսկողության անցկացման միասնականացված կարգի պահպանման, միասնականացված մաքսային ընթացակարգերի միատեսակ և արդյունավետ կիրառման դիտանցումը,
մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակումը,
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման միասնականացված կարգի ու պայմանների պահպանման և այդ ապրանքների մասով միասնականացված մաքսային գործառնությունների իրականացման նկատմամբ դիտանցումը,
(պարբերությունը հանվել է Ետմապկ 09.08.19)
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը,
Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ու դրամական գործիքների տեղափոխման կարգի պահպանման նկատմամբ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հսկողության իրականացման, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից արժութային կարգավորման ու արժութային հսկողության ոլորտում այլ գործառույթների կատարման համակարգումը,
անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կազմակերպումը մաքսանենգության, այլ այնպիսի հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների դեմ պայքարի գործում, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին, ինչպես նաև այնպիսի վարչական իրավախախտումների (խախտումների) դեմ պայքարի գործում, որոնց մասով անդամ պետությունների մաքսային մարմինները վարչական վարույթ են վարում (վարույթ են իրականացնում,
անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման, կատարելագործման և ներդրման համակարգումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը,
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, զենքի, անդամ պետությունների ժողովուրդների և օտարերկրյա պետությունների ժողովուրդների` գեղարվեստական, պատմական և հնագիտական ժառանգության առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների և բույսերի տեսակների, դրանց մասերի և ածանցյալների, արգելքների և սահմանափակումների ենթակա այլ ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված՝ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համատեղ միջոցների համակարգի մշակումը և իրականացումը,
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության արագացումը խթանող, ինչպես նաև Կողմերի պետությունների, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և անդամ պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստող միջոցների մշակումը և պայմանների ստեղծումը անդամ պետությունների մաքսային մարմինների իրավասության սահմաններում՝ ներառյալ մաքսային ենթակառուցվածքի զարգացումը, այդ միջոցների իրականացման ապահովումը,
իր իրավասության սահմաններում մասնակցությունը մաքսային հարցերի շուրջ միջազգային համագործակցությանը, դրանում Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների մասնակցության համակարգումը,
առաջարկների մշակումը այն ռիսկերի ոլորտները որոշելու վերաբերյալ, որոնց նվազեցման համար անդամ պետությունների մաքսային մարմինները պարտադիր կարգով միջոցներ են մշակում և ձեռնարկում,
ռիսկերի կառավարման համակարգի միասնական ստանդարտներ ձևավորելու ևԵվրասիական տնտեսական միությանշրջանակներում դրանց միատեսակ կիրառումն ապահովելու համար ռիսկերի կառավարման համակարգի գործունեության մեթոդաբանական հիմքերի մշակումը:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 7
Միավորված կոլեգիան իրավունք ունի՝
իր իրավասության սահմաններում մշակելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,
իր իրավասության սահմաններում ընդունելու անդամ պետությունների մաքսային մարմինների համագործակցության զարգացմանը, փոխգործակցության ապահովմանն ուղղված որոշումներ,
ընդունելու որոշումներ Միության մաքսային տարածքում արդյունավետ մաքսային վարչարարություն ապահովելու համար,
սահմանված կարգով ստեղծելու Միությունում մաքսային կարգավորման ոլորտում հարցերի մշակման համար անհրաժեշտ մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր,
հանձնարարելու անդամ պետությունների անդամ պետությունների մաքսային մարմիններին զեկուցելումաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի դրույթների իրականացման ընթացքի և Միավորված կոլեգիայի կողմից ընդունվող որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,
սահմանելու այն ռիսկերի ոլորտները, որոնց նվազեցման համար անդամ պետությունների մաքսային մարմինները պարտադիր կարգով միջոցներ են մշակում և ձեռնարկում,
սահմանելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման և տեղեկությունների տրամադրման միասնական կարգը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի
(պարբերությունը հանվել է Ետմապկ 09.08.19)
օգտվելու այլ իրավունքներից՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. Ետմապկ 09.08.19)
Հոդված 8
Միավորված կոլեգիայի անդամն իրավունք ունի՝
քննարկման ներկայացնելու Միավորված կոլեգիայի իրավասության սահմաններում ցանկացած հարց և ստանալ քննարկվող հարցերի և Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումների կատարման մասին անհրաժեշտ տեղեկություններ,
ներկայացնելու Միավորված կոլեգիայի նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ առաջարկներ,
ստանալու Միավորված կոլեգիայի աշխատանքային խմբերի գործունեության մասին անհրաժեշտ տեղեկություններ:
Միավորված կոլեգիայի անդամը պարտավոր է՝
Միավորված կոլեգիային տեղեկացնել մաքսային համագործակցությանն առնչվող քննարկվող հարցերի վերաբերյալ իր պետության դիրքորոշման մասին,
Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումները տրամադրել իր պետության լիազոր մարմիններին և նպաստել դրանց կատարմանը,
հսկողություն իրականացնել Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումներն ամբողջական և ժամանակին կատարելու նկատմամբ:
Հոդված 9
Միավորված կոլեգիայի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով), ընդ որում յուրաքանչյուր անդամ պետությունն ունի մեկ վճռորոշ ձայն:
Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և նրա տեղակալների կողմից:
Միավորված կոլեգիայի որոշումները դրանց ընդունումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կողմից՝ անդամ պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակվող հրամաններով կատարման համար:
Միավորված կոլեգիայի նիստին նախագահի (նախագահի տեղակալի) բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի անդամի կողմից ներկայացվող անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ղեկավարի կողմից նրան տրամադրված լիազորությունների սահմանների:
(9-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. Ետմապկ 09.08.19)
Հոդված 10
Միավորված կոլեգիայի քարտուղարության գործառույթները վերապահվում են Դաշնային մաքսային ծառայությանը (Ռուսաստանի Դաշնություն):
Միավորված կոլեգիայի քարտուղարության գործառույթների կատարման համար Դաշնային մաքսային ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցների հաշվին, որոնք հատկացվում են Դաշնային մաքսային ծառայության ֆինանսավորման համար:
Միավորված կոլեգիայի քարտուղարությունն իրականացնում է Միավորված կոլեգիայի գործունեության կազմակերպումը և տեղեկատվական ու տեխնիկական ապահովումը: Քարտուղարության կողմից իրականացվող մյուս գործառույթների ցանկը սահմանվում է նախագահի կողմից հաստատվող «Միավորված կոլեգիայի քարտուղարության մասին» կանոնակարգով:
Միավորված կոլեգիայի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերը կրում է ուղարկող Կողմը:
Հոդված 11
Միավորված կոլեգիայի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հոդված 12
Միավորված կոլեգիայի քարտուղարության նստավայրը Մոսկվա քաղաքն է:
Հոդված 13
Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:
Հոդված 14
Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Պայմանագրի անբաժանելի մասն են կազմում:
(14-րդ հոդվածը լրաց. Ետմապկ 09.08.19)
Հոդված 15
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. Ետմապկ 09.08.19)
Հոդված 16
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման ամսաթվից:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2011 թվականի հունիսի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |