ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-19-Ո-20
2010 թ.
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
|
մասնակցությամբ դատավոր |
Ս. Մնացյանի |
քարտուղարությամբ |
|
2010 թվականի նոյեմբերի 5-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սուրեն Մնացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 11.10.2010 թվականի թիվ N-Կ-2-10/2010 որոշմամբ Դատարանի դատավոր Ս. Մնացյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք
Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության՝
18.09.2010 թվականին նախաքննական մարմինը Արսեն Լևոնի Եդիգարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պրեկուրսորներ ձեռք բերելու, վերամշակելու, պատրաստելու, տեղափոխելու և պահելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոց պատրաստելու համար ձեռք է բերել և պահել պրեկուրսոր հանդիսացող քլորաջրածնական թթու և 16.08.2010 թվականին` կեսօրին, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 10 շենքի 8 բնակարանում, ապօրինի` առանց իրացնելու նպատակի, պահելու և առանց բժշկի նշանակման գործածելու համար, տնայնագործական եղանակով, շրջանառությունը չսահմանափակված «Սեդալգին-Նեո» դեղատեսակից և այլ նյութերի խառնուրդներից առանձնացրել, պատրաստել է կոդեին տեսակի թմրամիջոց և ֆենոբարբիտալ տեսակի հոգեմետ նյութ ու պահել բնակարանում: Նույն օրը մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միաժամանակ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալ Ա. Եդիգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանը (դատավոր` Ս. Մնացյան), թիվ ՇԴ/0224/06/10 քրեական գործի շրջանակներում քննության առնելով քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 18.09.2010 թվականի որոշմամբ այն բավարարել է: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 (երկու) ամիս ժամկետով: Որոշվել է կալանքի սկիզբը հաշվել նրան հայտնաբերման և ձերբակալման պահից:
Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին 18.09.2010 թվականի որոշման մեջ մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արսեն Լևոնի Եդիգարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն, խուսափում է քննությունից, թաքնվում է անհայտ հասցեով և ազատության մեջ մնալով` կարող է կատարել համասեռ հանցագործություն, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց՝ կալանավորում ընտրելու վերաբերյալ»:
Միաժամանակ Դատարանը որոշման պատճառաբանական մասում ընդամենը նշել է. «Դատարանը, քննության առնելով նշված միջնորդությունը և գնահատելով գործի հանգամանքները, գտնում է, որ այն հիմնավորված է, ենթակա է բավարարման»:
22.09.2010 թվականին Ա. Եդիգարյանը հայտնաբերվել և կալանավորվել է, ինչի կապակցությամբ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ա. Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
Դատարանը 22.09.2010 թվականին կայացրել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որտեղ մասնավորապես նշել է. «Նախաքննական մարմինը, նկատի ունենալով, որ մեղադրյալ Արսեն Եդիգարյանը կատարել է հանցագործություն, թաքնվել է քրեական վարույթ իրականացնող մարմնից, խուսափել է քննության ներկայանալուց, 18.09.2010թ. վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընտրվել է նրա բացակայության պայմաններում, բացի այդ, չեն վերացել վերջինիս կալանավորման հիմքերը, ուստի միջնորդություն է ներկայացվել` վերահաստատել Արսեն Լևոնի Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց «կալանավորումը»: Դատարանը, քննության առնելով նշված միջնորդությունը և գնահատելով գործի հանգամանքները, գտնում է, որ այն հիմնավորված է, ենթակա է բավարարման»:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, գտել է, որ Դատարանի դատավոր Ս. Մնացյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ նույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ 5-րդ մասի համաձայն` կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Մինչդեռ Դատարանը վերոնշյալ` 18.09.2010 թվականի և 22.09.2010 թվականի որոշումներով ընդունել է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու հանգամանքը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դրույթներին:
Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածը 4-րդ մաս չունի. նկարագրված արարքն ըստ էության, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում անձի մեղավորության հարցերի քննարկման հիմնախնդրին, արտահայտել է իր մտահոգությունը և արձանագրել, որ «դա սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի խախտում է:
42. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը քննարկման առարկա դարձնելով` խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:
Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի` որպես խափանման միջոցի, կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից:
Այլ կերպ՝ կալանավորման նպատակն է նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությանը մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը, ոչ թե նրան պատժելը կատարած հանցանքի, քննության ընթացքում դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:
43. Խափանման միջոցի մասին որոշումն ընդունվում է, եթե գոյություն ունեն այդ որոշումը պարտադրող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), և եթե այդ հանգամանքները վերանում են, ապա քննիչը (դատարանը) մինչև գործն ըստ էության լուծելը պարտավոր է այդ որոշումը վերացնել: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա (տե´ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշման 20-րդ կետը):
Հակառակ դրան` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` անձի հանցագործությունը հիմնավորված ճանաչելը հիմք է պատիժ կիրառելու համար: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա՝ հանցագործության մեջ անձի մեղավորությունը պետք է հաստատվի «ողջամիտ ենթադրություններից» շատ ավելի բարձր ապացուցողական չափանիշով` վերաբերելի փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
44. Այսպիսով, Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար` Տ. Վահրադյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է» (տե´ս ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ԼԴ/0197/06/08 որոշումը):
Միաժամանակ Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ Դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառել առանց հաշվի առնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջն այն մասին, որ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անoրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. կատարել քրեական oրենքով չթույլատրված արարք. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Դատարանի կողմից հաշվի չեն առնվել նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները` վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, այլ էական հանգամանքներ:
Մեղադրյալ Ա. Եդիգարյանին հայտնաբերելու կապակցությամբ Դատարանի 22.09.2010 թվականի թիվ ՇԴ/0224/06/10 որոշմամբ մեղադրյալ Ա. Եդիգարյանի կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը բավարարվել է, իսկ վերոնշյալ խախտումներն առանց բացառության կրկնվել են:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ս. Մնացյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 12.10.2010 թվականի` կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ Կ-2-10/2010 որոշման համաձայն սույն բացատրությունս տալիս եմ հետևյալի մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործող կարգի համաձայն 18.09.2010 թվականին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մարզի տարածքում իրականացվել է իմ կողմից: Նշված օրը քննության է առնվել մարզային քննչական բաժնի կողմից ներկայացված թվով վեց միջնորդություններ, որոնցից չորսը վերաբերել են մեղադրյալներ Արսեն Եդիգարյանի, Սեյրան Մեժլումյանի, Արմեն Վարդանյանի և Արտակ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց «կալանավորում» ընտրելուն, իսկ երկու միջնորդությունները եղել են օպերատիվ հետախուզական բնույթի:
Խափանման միջոցի ընտրության վերաբերյալ միջնորդությունները քննարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ, 280-րդ, 283-րդ և 285-րդ հոդվածների պահանջներին և սկզբունքներին համապատասխան:
Նշված անձինք, այդ թվում նաև Արսեն Եդիգարյանը, մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ և 268-րդ հոդվածի 2-րդ մասերով, այսինքն` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
Միջնորդությունները կատարված դատաքննությամբ բավարարվել են: Ինչպես Արսեն Եդիգարյանը, այնպես էլ մյուսները գտնվել են հետախուզման մեջ: Սկզբնական դատաքննությունը կատարվել է նրանց բացակայությամբ, նրանցից ոչ մեկը, ըստ նախաքննական մարմնի կողմից ներկայացված նյութերի և քննիչների հայտարարությունների, պաշտպաններ չեն ունեցել: Դրանից հետո Ա. Եդիգարյանը հայտնաբերվել և կալանավորվել է 22.09.2010 թվականին, ինչի կապակցությամբ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել ընտրված խափանման միջոցը վերահաստատելու համար: Նույն օրը դատարանը, քննության առնելով այն, բավարարել է:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց «կալանավորում» ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննության են առնվել դատական նիստերում: Դրանցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի կարգով շարադրվել են կիրառման հիմքերը, ինչպես նաև հաշվի են առնվել նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված սկզբունքների առումով գտնում եմ, որ իմ կողմից 18.09.2010 թվականի և 22.10.2010 թվականի որոշումները կայացվել են` հաշվի առնելով նշված հոդվածի պահանջները, և գտնում եմ, որ անձի անմեղության կանխավարկածի խախտումներ չեն եղել: Նախ, նշված ակտերը, որոշումները վերջնական չեն, դրանցով ըստ էության չեն լուծվել անձանց պատասխանատվության և պատժի հարցերը, այլ ընդամենը քննարկվել է խափանման միջոցի հարցը: Ակտի «պարզեց» հատվածում ուղղակի գրառվել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը ակտով չի վերլուծել անձի մեղավորության կամ անմեղության հարցը, ինչպես նաև ապացույցների վերլուծություն և գնահատում չի կատարել: Բացի այդ, գտնում եմ, որ քննարկվող ակտում պարտքի տարրեր չեն պարունակվել:
Տվյալ որոշումը` որպես իրավական ակտ, պետք է մեկնաբանվի բառերի և արտահայտությունների նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Վերոնշվածով հանդերձ ես Կարգապահական հանձնաժողովի որոշման հետ համամիտ եմ, հավաստիացնում եմ` որոշմամբ առաջադրված խնդիրները իմ կողմից կլուծվեն ամբողջությամբ»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 18.09.2010 թվականի որոշմամբ Ա. Եդիգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով (իրականում` 266-րդ հոդվածի 4-րդ մասով) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
2. Դատարանը (դատավոր` Ս. Մնացյան) 18.09.2010 թվականի թիվ ՇԴ/0224/06/10 որոշմամբ բավարարել է Ա. Եդիգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը` նշելով հետևյալը. «(...) Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արսեն Լևոնի Եդիգարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն, խուսափում է քննությունից, թաքնվում է անհայտ հասցեում և ազատության մեջ մնալով` կարող է կատարել համասեռ հանցագործություն, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց՝ «կալանավորում» ընտրելու վերաբերյալ:
Դատարանը, քննության առնելով նշված միջնորդությունը և գնահատելով գործի հանգամանքները, գտնում է, որ այն հիմնավորված է, ենթակա է բավարարման (…)»:
3. Ա. Եդիգարյանին հայտնաբերելու կապակցությամբ Դատարանը 22.09.2010 թվականի թիվ ՇԴ/0224/06/10 որոշմամբ բավարարել է Ա. Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, նշելով հետևյալը. «(...) Նախաքննական մարմինը, նկատի ունենալով, որ մեղադրյալ Արսեն Եդիգարյանը կատարել է հանցագործություն, թաքնվել է քրեական վարույթ իրականացնող մարմնից, խուսափել է քննության ներկայանալուց, 18.09.2010թ. վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընտրվել է նրա բացակայության պայմաններում, բացի այդ, չեն վերացել վերջինիս կալանավորման հիմքերը, ուստի միջնորդություն է ներկայացվել` վերահաստատել Արսեն Լևոնի Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց «կալանավորումը»:
Դատարանը, քննության առնելով նշված միջնորդությունը և գնահատելով գործի հանգամանքները, գտնում է, որ այն հիմնավորված է, ենթակա է բավարարման (...)»:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ս.Մնացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ նույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Վերոնշյալ իրավական նորմերով ամրագրված է արդարադատության իրականացման կարևորագույն սկզբունքներից մեկը` անմեղության կանխավարկածը, որի առաջնահերթ նպատակներն են կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրական հնարավորությունն ապահովելը, արդար դատաքննությունը երաշխավորելը և անձին անհիմն մեղադրանքներից պաշտպանելը:
Անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման հիմնախնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Դակտարասն ընդդեմ Լիտվայի 2000թ. հոկտեմբերի 10-ի վճռում արձանագրել է. «Ոչ միայն դատարանները, այլև մյուս պետական մարմինները պարտավոր են հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»:
Անմեղության կանխավարկածի կապակցությամբ դիրքորոշում է արտահայտել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի վերաբերյալ թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ: Դրանում մասնավորապես նշվել է, որ ոչ ոք չի կարող մեղավոր համարվել, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ խելամիտ բնույթի կասկածներից վեր: Բացի այդ, անմեղության կանխավարկածը ենթադրում է անձի իրավունքը, որպեսզի իր նկատմամբ դատաքննությունն իրականացվի այդ սկզբունքին համապատասխան: Ուստի պետական իշխանության բոլոր մարմինները պարտավոր են զերծ մնալ դատաքննության ելքը կանխորոշելուց:
Անմեղության կանխավարկածի երաշխավորման վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը: Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշման մեջ անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում անձի մեղավորության հարցերի քննարկմանը և այդ կապակցությամբ անմեղության կանխավարկածի խախտմանը` արձանագրվել է հետևյալը.
«41. Վճռաբեկ դատարանն իր մտահոգությունն է արտահայտում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում, մասնավորապես Տ. Վահրադյանին կալանավորելու որոշման մեջ անձի մեղավորության հարցերի քննարկման կապակցությամբ (տե´ս նույն որոշման 9-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի խախտում է:
42. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը քննարկման առարկա դարձնելով` խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:
Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի` որպես խափանման միջոցի, կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից:
Այլ կերպ՝ կալանավորման նպատակն է նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությանը մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը, ոչ թե նրան պատժելը կատարած հանցանքի, քննության ընթացքում դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:
43. Խափանման միջոցի մասին որոշումն ընդունվում է, եթե գոյություն ունեն այդ որոշումը պարտադրող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), և եթե այդ հանգամանքները վերանում են, ապա քննիչը (դատարանը) մինչև գործն ըստ էության լուծելը պարտավոր է այդ որոշումը վերացնել: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա (տե´ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշման 20-րդ կետը):
Հակառակ դրան` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` անձի հանցագործությունը հիմնավորված ճանաչելը հիմք է պատիժ կիրառելու համար: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա՝ հանցագործության մեջ անձի մեղավորությունը պետք է հաստատվի «ողջամիտ ենթադրություններից» շատ ավելի բարձր ապացուցողական չափանիշով` վերաբերելի փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
44. Այսպիսով, Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար` Տ. Վահրադյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է» (ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ԼԴ/0197/06/08 որոշում):
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ անմեղության կանխավարկածի բովանդակությունը հանգում է հետևյալին.
- մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անձն անմեղ է, և նրա մեղավորության վերաբերյալ ոչ մի հետևություն իրավաբանական նշանակություն չունի.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անձն անմեղ է` չնայած նրա կողմից հանցագործություն կատարելու կասկածների կամ նրան առաջադրված մեղադրանքի առկայությանը.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անձին անմեղ համարելու և որպես անմեղ ներկայացնելու պարտականությունը կախված չէ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորության վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կարծիքից կամ ներքին համոզմունքից.
- արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է ելնի այն համոզմունքից, որ մեղադրյալը կատարել է հանցագործություն.
- հանցագործության համար մեղադրվելու կապակցությամբ անձի իրավունքների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին: Նման սահմանափակումները չեն կարող պարունակել պատժի տարրեր կամ համարժեք լինել քրեական պատժին:
Խորհուրդը արձանագրում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Ս.Մնացյան) իր 18.09.2010 թվականի և 22.09.2010 թվականի որոշումներում մեղադրյալ Ա.Եդիգարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը դիտարկելիս քննարկման առարկա է դարձրել առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը: Ավելին, հիմնվելով մեղադրյալի կողմից նրան մեղսագրվող հանցագործությունը կատարած լինելու վերաբերյալ նախաքննական մարմնի կարծիքի և ներքին համոզմունքի վրա` արձանագրել է, որ այն «հիմնավորված է»: Այսինքն` տվյալ պարագայում դատավորի կողմից ոչ միայն չի պահպանվել մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անձին անմեղ համարելու հիմնարար սկզբունքը, այլև դատավորը, Ա. Եդիգարյանի հանցանքը հիմնավորված ճանաչելով, խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, որով և խախտել է մեղադրյալի անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքը:
Ավելին, Դատարանը վերոնշյալ որոշումներով ընդունել է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու հանգամանքը, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածը 4-րդ մաս չունի, իսկ նկարագրված արարքն ըստ էության համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքին:
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, այլ էական հանգամանքներ:
Այնինչ Դատարանը 18.09.2010 թվականի և 22.09.2010 թվականի որոշումներով սահմանափակել է մեղադրյալի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքը` առանց հաշվի առնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված իմպերատիվ պահանջները:
Այս կապակցությամբ Խորհուրդը հարկ է համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ խափանման միջոցները ոչ մի դեպքում չեն կարող դիտվել որպես պատժամիջոց կատարված գործողության համար: Դրանք կրում են կանխարգելիչ բնույթ և պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ առկա է իրական մտավախություն այն մասին, որ մեղադրյալը կարող է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը ինչ-որ կերպ կարող է խոչընդոտել նախնական քննության և դատական քննության բնականոն գործընթացը: Ընդ որում, մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մնացյանը թույլ է տվել դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ |
Գ. Բադիրյան Տ. Բարսեղյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Մ. Մարտիրոսյան Ս. Օհանյան |