Հ Ա Մ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ց ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի Հանրապետությունը և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտը (Մալթայի ինքնիշխան ուխտ), այսուհետև միասին` Կողմեր,
հաշվի առնելով, որ Մալթայի ինքնիշխան ուխտն իր ստեղծման օրվանից ի վեր՝ ավելի քան 900 տարի, նվիրված է աշխարհում հիվանդներին և աղքատներին օգնելու առաքելությանը,
հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Կողմերի միջև ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները,
վկայակոչելով Կողմերի միջև համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում,
ցանկանալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը Կողմերի միջև և նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում,
նշելով, որ Մալթայի ինքնիշխան ուխտը վստահում է իր մարդասիրական առաքելությունների իրականացումը Նշանակված կազմակերպություններին, համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
ՆՊԱՏԱԿ
Սույն Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր Կողմերի միջև՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը՝ Կողմերի օրենքների, ներքին կանոնակարգերի, համապատասխան քաղաքականության համաձայն, հավասարության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 2
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ
Կողմերը, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
a) առողջապահություն.
b) պարենային անվտանգություն.
c) կամավորական գործունեություն.
d) աղետների ռիսկերի նվազեցում.
e) սոցիալական ծրագրերի իրականացում.
f) այլ ոլորտներում՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 3
ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն Համագործակցության համաձայնագրի նպատակներով Մալթայի ինքնիշխան ուխտը Հայաստանի Հանրապետությունում իր գործողություններն իրականացնում է անմիջականորեն կամ իր Նշանակված կազմակերպությունների միջոցով:
2. Նշանակված կազմակերպությունները Մալթայի ինքնիշխան ուխտին ենթակա կազմակերպություններ են, ինչպիսիք են հիմնադրամները, օգնության ծառայությունները, ազգային ընկերությունները կամ Մալթայի ինքնիշխան ուխտի հետ կապված և նրա գործունեության իրականացման համար ստեղծված այլ հաստատություն:
3. Սույն Համագործակցության համաձայնագրի հիման վրա աշխատանքների արդյունավետ կատարման համար Մալթայի ինքնիշխան ուխտը և իր Նշանակված կազմակերպությունները կհամագործակցեն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են նշված աշխատանքների կատարման մեջ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև երրորդ երկրներում՝ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:
4. Իրենց միջոցներին համապատասխան՝ Կողմերը կաջակցեն իրենց սոցիալական, հումանիտար և առողջապահական համագործակցությանը նպաստելուն, զարգացնելուն և բազմազանեցնելուն, ինչպես նաև մարդասիրական և բնական աղետների ժամանակ օգնություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը և կիրականացնեն այդպիսի միջոցառումներ:
5. Մալթայի ինքնիշխան ուխտը և իր Նշանակված կազմակերպություններն իրավունք ունեն աշխատանքի ընդունելու ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի՝ նախագծերի և ծրագրերի պատշաճ իրականացումն ապահովելու համար կամ փոխարինելու դրանց:
6. Հայաստանի Հանրապետությունը, ազգային օրենսդրության համաձայն, պարտավորվում է ազատել մաքսային վճարներից և հարկերից, ինչպես նաև այլ տեսակի վճարներից ու պարտավորություններից այն սարքավորումները (առաքելությունների իրականացման համար նախատեսված հիվանդանոցների, հաշմանդամների, շտապօգնության մեքենաների, դեղորայքի կամ բժշկական-վիրաբուժական գործիքների համար նյութերը, ներառյալ գեներատորները), որոնք Հայաստանի Հանրապետություն են բերվում բարեգործական նպատակներով, ներառյալ սույն Համագործակցության համաձայնագրում սահմանված սոցիալական, հումանիտար և առողջապահական նպատակները, Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից կամ նրա անունից ուղղակիորեն կամ իր Նշանակված կազմակերպությունների կողմից:
7. Մալթայի ինքնիշխան ուխտին պատկանող կամ որևէ իրավական հիմքով նրա կողմից տնօրինվող շինություններն անձեռնմխելի են: Նրանց ամբողջականությունն ու մուտք գործելու անվտանգությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից: Դրանց վրա տարբեր ձևերով կարող են տեղադրվել Մալթայի ինքնիշխան ուխտի խորհրդանիշերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդանիշի հետ միասին:
8. Մալթայի ինքնիշխան ուխտն իրավունք ունի համագործակցելու կրոնական կամ աշխարհիկ հաստատությունների հետ՝ սույն Համագործակցության համաձայնագրի շրջանակներում գործողություն կամ գործունեություն ամբողջապես կամ մասամբ կատարելիս:
9. Նշանակված կազմակերպությունների ցանկը Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի դիվանագիտական ուղիներով՝ հաստատման համար:
ՀՈԴՎԱԾ 4
ԾՐԱԳՐԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում, համագործակցության իրականացման համար Կողմերը կարող են մշակել առանձին փաստաթղթերով ձևակերպված նախագծեր և ծրագրեր:
2. Այդպիսի նախագծեր և ծրագրեր նախատեսող փաստաթղթերը կնքվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Մալթայի ինքնիշխան ուխտի Նշանակված կազմակերպության միջև՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
3. Նախագծերով և ծրագրերով սահմանված հատուկ կարգավորումների շրջանակներում դրանց վրա տարածվում են սույն Համագործակցության համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածներում սահմանված անձեռնմխելիությունն ու արտոնությունները:
ՀՈԴՎԱԾ 5
ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՈՒԽՏԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԻՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1. Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով դիվանագիտական գործակալներին տրված առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված՝ Մալթայի ինքնիշխան ուխտի դեսպանության դիվանագիտական անձնակազմի նկատմամբ, ովքեր ներգրավված են սույն Համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերում:
2. Հայաստանի Հանրապետությունը, իր ազգային օրենսդրության համաձայն, կցուցաբերի աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքում սույն Համագործակցության համաձայնագրի շրջանակներում Մալթայի ինքնիշխան ուխտի ծրագրերի, նախագծերի կամ գործողությունների իրականացման մեջ ներգրավված՝ Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից նշանակված անձնակազմին և իր Նշանակված կազմակերպությունների անձնակազմին:
3. Հայաստանի Հանրապետությունը, ազգային օրենսդրության համաձայն կդյուրացնի Մալթայի ինքնիշխան ուխտի կամ իր Նշանակված կազմակերպությունների կողմից նշանակված ողջ անձնակազմին, որը ներգրավված է սույն Համագործակցության համաձայնագրով սահմանված՝ սոցիալական, առողջապահական, հումանիտար գործունեության իրականացման մեջ, ինչպես նաև անձնակազմի անդամների ընտանիքների անդամներին մուտքի արտոնագրերի և կացության թույլտվության տրամադրումը:
4. Մալթայի ինքնիշխան ուխտը, իր Նշանակված կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ռեզիդենտներին աշխատանքի ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքային և սոցիալական ապահովությանը վերաբերող օրենսդրության համաձայն:
5. 3-րդ հոդվածում սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը չեն տարածվում Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վրա:
ՀՈԴՎԱԾ 6
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կողմերը, համաձայն միջազգային իրավունքի, պարտավորվում են իրենց անունների, խորհրդանշանների, զինանշանների, դրոշների և ինքնիշխանության այլ խորհրդանիշների գործածումը փոխադարձաբար պաշտպանել չարաշահումից կամ խախտումից և երաշխավորել դրանց պաշտպանությունը ցանկացած կրկնօրինակումից:
ՀՈԴՎԱԾ 7
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1. Համագործակցության իրականացումը պատշաճորեն ապահովելու նպատակով Կողմերը կձևավորեն Գնահատման հանձնաժողով՝ սույն Համագործակցության համաձայնագրի իրականացումը մշտադիտարկելու և նոր համագործակցության ծրագրերը քննարկելու նպատակով:
2. Գնահատման հանձնաժողովը բաղկացած կլինի յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր Կողմի անդամների ցանկը կփոխանցվի սույն Համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ուղիներով։
3. Հանձնաժողովը կպատրաստի տարեկան հաշվետվություններ և կսահմանի համագործակցության հետագա ծրագրերն ու ուղղությունները։
4. Հանձնաժողովի հանդիպումները կկայանան առնվազն տարին մեկ անգամ՝ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ:
ՀՈԴՎԱԾ 8
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Սույն Համագործակցության համաձայնագրի դրույթների կիրարկման ընթացքում Կողմերի միջև առաջացած վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ սույն Համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն (30) օր հետո:
2. Կողմերի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համագործակցության համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կդառնան նրա անբաժանելի մասը:
3. Սույն Համագործակցության համաձայնագիրը կնքվում է տասը (10) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա տասը (10) տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը մյուսին դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի սույն Համագործակցության համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դադարեցման ամսաթվից առնվազն վեց (6) ամիս առաջ: Համագործակցության համաձայնագրի գործողությունը կդադարի դադարեցման մասին գրավոր ծանուցումը Կողմերից մեկի ստանալու ամսաթվից երեսուն (30) օր հետո։
4. Սույն Համագործակցության համաձայնագրի գործողության դադարեցումը կամ ավարտը չպետք է ազդի այն նախագծերի և ծրագրերի վրա, որոնք ընթացքի մեջ են, եթե Կողմերը հստակորեն այլ պայմանավորվածություն ձեռք չեն բերել:
Կատարված է Հռոմում 2018 թվականի ապրիլի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: