Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև՝ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,
ցանկանալով փոխադարձության հիման վրա զարգացնել Կողմերի պետությունների միջև ավտոմոբիլային ուղևորային և բեռնատար հաղորդակցությունը և դրանց տարածքներով տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև ցանկանալով դյուրացնել այդ հաղորդակցությունը,
հաշվի առնելով 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթները,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ Կողմերի պե
տությունների միջև, ինչպես նաև դեպի երրորդ պետություններ (երրորդ պետություններից) բեռների և ուղևորների փոխադրումները և դրանց տարածքներով տարանցիկ փոխադրումները կատարվում են այն տրանսպորտային միջոցներով, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ իրենց պետությունների կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:
3. Սույն Համաձայնագրով սահմանված՝ Կողմերի պետությունների միջև և դրանց տարածքներով տարանցիկ փոխադրումների, ինչպես նաև դեպի երրորդ պետություններ (երրորդ պետություններից) բեռների փոխադրումների կատարման կարգը կիրառվում է այնքանով, որքանով չի հակասում Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին:
Հոդված 2
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.
1) «Կողմերի իրավասու մարմիններ»՝
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն,
11-րդ հոդվածի համար` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն:
Կողմերն իրենց իրավասու մարմինների և (կամ) դրանց անվանումների փոփոխման դեպքում այդ մասին միմյանց ծանուցում են դիվանագիտական ուղիներով:
2) «փոխադրող»` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Կողմերից մեկի պետության տարածքում և որին, այդ պետության օրենսդրությանը համաձայն, թույլատրվում է իրականացնել ուղևորների կամ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ.
3) «ավտոտրանսպորտային միջոց».
ուղևորների փոխադրման դեպքում՝ ավտոբուս, այսինքն՝ ուղևորների փոխադրման համար նախատեսված և ավելի քան ինը նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոց` ներառյալ վարորդի նստատեղը. հնարավոր է կցորդով՝ ուղեբեռի փոխադրման համար.
բեռների փոխադրման դեպքում՝ բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմոբիլային քարշակ կամ կիսակցորդով քարշակ.
4) «թույլտվություն»` փաստաթուղթ, որն իրավունք է տալիս մի Կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցին մյուս Կողմի պետության տարածքում իրականացնել փոխադրում.
5) «հատուկ թույլտվություն»`
մի Կողմի պետության տարածքից երրորդ պետության տարածք, ինչպես նաև երրորդ պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք միջազգային ավտոմոբիլային փոխադրման իրականացման համար մեկանգամյա թույլտվություն.
մյուս Կողմի պետության տարածքով կոնկրետ ծանրաքարշ տրանսպորտային միջոցի և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի կամ վտանգավոր բեռներով կոնկրետ տրանսպորտային միջոցի երթևեկության համար լրացուցիչ՝ մեկանգամյա կամ բազմակի թույլտվություն.
6) «տարանցիկ փոխադրում»` Կողմերից մեկի պետության տարածքով ուղևորների կամ բեռների փոխադրում, որի ընթացքում մեկնման և նշանակման կետերը գտնվում են այդ պետության տարածքից դուրս.
7) «կանոնավոր ուղևորային փոխադրում»` ավտոբուսով ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հետ համաձայնեցված երթուղիներով, չվացուցակով, սակագներով և կանգառների կետերով, որտեղ փոխադրողը պետք է կատարի ուղևորների նստեցումը և իջեցումը.
8) «ոչ կանոնավոր ուղևորային փոխադրում»` ավտոբուսով ուղևորների փոխադրում, որը չի ընկնում «կանոնավոր ուղևորային փոխադրում» հասկացության տակ.
9) «սանիտարական հսկողություն»` սանիտարական, անասնաբուժական, ինչպես նաև ֆիտոսանիտարական հսկողություն:
Հոդված 3
1. Կանոնավոր ուղևորային փոխադրումները կազմակերպվում են Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնեցված երթուղիների հատվածներով, որոնք անցնում են Կողմերի պետությունների տարածքներով:
2. Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են առաջարկություններ կանոնավոր ուղևորային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Այդ առաջարկությունները պետք է պարունակեն տվյալներ փոխադրողի անվանման, երթուղու ընթացուղու, շարժման չվացուցակի, սակագների և այն կանգառների կետերի վերաբերյալ, որտեղ փոխադրողը պետք է կատարի ուղևորների նստեցումը և իջեցումը, ինչպես նաև փոխադրումների իրականացման նախատեսվող ժամանակահատվածի և հաճախականության վերաբերյալ: Նշված առաջարկությունների քննարկման արդյունքների մասին Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տեղեկացնեն գրավոր:
Հոդված 4
Կողմերի պետությունների միջև ոչ կանոնավոր ուղևորային փոխադրումների կամ նրանց պետությունների տարածքներով ուղևորային տարանցիկ փոխադրումների իրականացման համար, բացառությամբ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, պահանջվում է թույլտվություն, որը տրվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար իրենց պետությունների տարածքներով երթևեկության համար: Յուրաքանչյուր թույլտվություն իրավունք է տալիս իրականացնելու մեկ ուղևորություն՝ հետադարձով:
Հոդված 5
Թույլտվություն չի պահանջվում անսարք ավտոբուսը այլ ավտոբուսով փոխարինելու դեպքում:
Հոդված 6
Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորային փոխադրումներ իրականացնելու համար փոխադրողը պետք է պետական տեղեկատվական ռեսուրսների օպերատորի հետ նախապես կնքի համաձայնագիր, որը կհաստատի փոխադրողի կողմից տրանսպորտային միջոցների ուղևորների և աշխատակազմի (անձնակազմի) վերաբերյալ տեղեկությունների փոխանցման ապահովումը անձնական տվյալների ավտոմատացված կենտրոնացված բազա, եթե դա նախատեսված է Կողմերից այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվեն Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորային փոխադրումներ:
Հոդված 7
Մի Կողմի պետության փոխադրողին չի թույլատրվում իրականացնել ուղևորների և բեռների փոխադրում մյուս Կողմի պետության տարածքում գտնվող կետերի միջև՝ բացառությամբ Կողմերի պետությունների տարածքներում գրանցված փոխադրողներին պատկանող բեռնատար տրանսպորտային միջոցներով բեռների ավտոմոբիլային փոխադրումների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների համար սահմանված պայմանների պահպանմամբ:
Հոդված 8
1. Մի Կողմի պետության փոխադրողը կարող է իրականացնել բեռների և ուղևորների փոխադրումներ մյուս Կողմի պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մասնակից չհանդիսացող երրորդ պետության տարածք, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երրորդ պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք, եթե դրա համար նա ստացել է մյուս Կողմի պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվություն:
2. Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց հետ համաձայնեցնում են հատուկ թույլտվությունների ձևաթղթերի փոխանակման կարգը: Այդ ձևաթղթերը պետք է ունենան թույլտվությունը տված պատասխանատու անձի ստորագրությունը և Կողմի իրավասու մարմնի կնիքը:
Հոդված 9
Փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան իրենց պետությունների գրանցման և տարբերակիչ նշաններ: Կցորդները և կիսակցորդները կարող են ունենալ այլ պետությունների գրանցման և տարբերակիչ նշաններ՝ պայմանով, որ բեռնատար ավտոմեքենաները և ավտոմոբիլային քարշակներն ունենան Կողմերի պետությունների գրանցման և տարբերակիչ նշաններ:
Հոդված 10
1. Եթե մի Կողմի պետության փոխադրողի ավտոտրանսպորտային միջոցի եզրաչափերը կամ քաշային պարամետրերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են մյուս Կողմի պետության օրենսդրությամբ սահմանված նորմերը, այդ փոխադրողը պետք է նախապես ստանա մյուս Կողմի պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվությունը՝ այդ Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների հիման վրա:
2. Կողմերի պետությունների տարածքներով վտանգավոր բեռների փոխադրումը կատարվում է 1957 թ. սեպտեմբերի 30-ի՝ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին եվրոպական համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև Կողմերի պետությունների՝ այդպիսի փոխադրումները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
3. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված թույլտվությունը նախատեսում է ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունը սահմանված երթուղով, փոխադրումը պետք է կատարվի միայն այդ երթուղով:
Հոդված 11
1. Փոխադրումներ կատարելիս վարորդները պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական վկայականներ և ավտոտրանսպորտային միջոցի գրանցման համար ազգային փաստաթղթեր:
2. Ազգային կամ միջազգային վարորդական վկայականները պետք է համապատասխանեն 1968 թ. նոյեմբերի 8-ի՝ Ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով հաստատված նմուշին:
3. Սույն Համաձայնագրին համապատասխան պահանջվող թույլտվությունը և այլ փաստաթղթերը պետք է լինեն ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մոտ և ներկայացվեն Կողմերի՝ իրավասու վերահսկող մարմինների պահանջի դեպքում:
Հոդված 12
1. Մի Կողմի պետության փոխադրողները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում բեռների և ուղևորների փոխադրումներ են կատարում, փոխադարձության հիմքով ազատվում են այն հարկերից, տուրքերից և վճարումներից, որոնք մյուս Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան կապված են տրանսպորտային միջոցների տիրապետման և դրանց օգտագործման հետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ազատումը չի վերաբերում այն տուրքերին և վճարումներին, որոնք Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան և ոչ խտրական հիմքով գանձվում են ավտոմոբիլային ճանապարհներին տրանսպորտային միջոցներով պատճառվող վնասի փոխհատուցման հաշվին, ինչպես նաև՝ վճարովի հիմունքներով ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար:
Հոդված 13
Ուղևորների և բեռների փոխադրումները իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ երրորդ անձանց պատճառած վնասի համար քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանով: Փոխադրողը պարտավոր է նախապես ապահովագրել նշված փոխադրումները կատարող յուրաքանչյուր տրանսպորտային միջոց:
Հոդված 14
Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց կանոնավոր ուղևորային փոխադրումների, ինչպես նաև կենդանիների և արագ փչացող բեռների փոխադրումների սահմանային և սանիտարական հսկողությունը և մաքսային ձևակերպումները կկատարվեն առաջնահերթության կարգով:
Հոդված 15
1. Փոխադրողները պարտավոր են պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև այն Կողմի պետության օրենսդրությունը, այդ թվում` ճանապարհային երթևեկության կանոնները, որի տարածքում գտնվում է ավտոտրանսպորտային միջոցը:
2. Այն Կողմի պետության իրավասու մարմինները, որի տարածքում գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, կարող են մյուս Կողմի պետության տարածքում փոխադրողի կողմից այդ Կողմի պետության օրենսդրության կրկնվող խախտումներ կատարվելու դեպքում և մյուս Կողմի պետության իրավասու մարմնի պահանջով ձեռնարկել հետևյալ միջոցները.
ա) խախտող փոխադրողին տալ նախազգուշացում,
բ) որոշ ժամանակով չեղյալ հայտարարել թույլտվությունը կամ արգելել մուտքը մյուս Կողմի պետության տարածք, որտեղ կատարվել է խախտումը:
Մյուս Կողմի իրավասու մարմինները պետք է ծանուցվեն ձեռնարկված միջոցների մասին:
3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում փոխադրողների նկատմամբ այնպիսի պատժամիջոցների կիրառում, որոնք նախատեսված են այն Կողմի պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է խախտումը:
Հոդված 16
1. Սույն Համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերի միջև հակասություններ առաջանալու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերը:
2. Սույն Համաձայնագրով, ինչպես նաև երկու Կողմերի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով չկարգավորված հարցերը կլուծվեն Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրության համաձայն:
Հոդված 17
1. Կողմերի իրավասու մարմիններն ստեղծում են խառը հանձնաժողով, որը քննարկում է սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ իրականացման հետ կապված բոլոր հարցերը:
2. Բոլոր վիճելի հարցերը, որոնք կարող են ծագել Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կատարման հետ կապված, Կողմերը լուծում են խորհրդակցությունների միջոցով:
3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ:
Հոդված 18
1. Սույն Համաձայնագիրը, բացառությամբ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 365 օրը լրանալուց հետո:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև 6 ամիս լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով ստանում է մյուս Կողմի գրավոր ծանուցումը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու նրա մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրը բացառությամբ 6-րդ հոդվածի ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 27-ին, իսկ հոդվածը 6-ը 2019թ. մարտի 28-ից
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|