ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2003/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2003/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Ավանեսյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում քննելով Արմեն Մադաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերության) լիազորված ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ընդդեմ Արմեն Մաթադյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին, և Արմեն Մադաթյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ իրավահարաբերությունը դադարեցնելու և իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջների մասին.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արմեն Մադաթյանին 60.605.000 ՀՀ դրամով օտարել սեփականության իրավունքով նրան պատկանող Երևանի Տերյան 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեներում գտնվող 119.8քմ և 30.2քմ մակերեսներով շինությունները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմեն Մադաթյանը պահանջել է դադարեցնել Ընկերության հետ ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի թիվ 347-Ն որոշման հիմքով ծագած` սեփականությամբ իրեն պատկանող Երևանի Տերյան 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեներում գտնվող 119.8քմ և 30,2քմ մակերեսներով շինությունները հասարակության և պետության կարիքների համար օտարման կապակցությամբ իրավահարաբերությունները և կանխել Ընկերության ու ՀՀ կառավարության կողմից վերը նշված ՀՀ կառավարության որոշումից բխող Արմեն Մադաթյանին պատկանող շինությունները հասարակության և պետության կարիքների համար օտարման կապակցությամբ իրականացվող բոլոր գործողությունները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.12.2008 թվականի որոշմամբ Արմեն Մադաթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 07.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մադաթյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության լիազորված ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 1-ին մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 132-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, «Հասարակական և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը և 16-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Օրենքի 13-րդ հոդվածի կիրառումը պետք է դիտարկել որպես դատարանի կողմից սեփականատիրոջ կամքին հակառակ կատարվող օտարում: Դատարանի վճռով կատարվող օտարումը չի կարող պայմանավորված լինել սեփականատիրոջ` վճռից բխող պարտավորություններով, առավել ևս՝ բխել նրա կամքից: Վերաքննիչ դատարանը չպետք է անտեսեր այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը պետք է հակընդդեմ հայցվորի համար լիներ իրավադադարեցնող, այլ ոչ թե` իրավաստեղծող դատական ակտ և արձանագրեր, որ սեփականության հարկադիր օտարման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգերին և կանոնակարգերին ոչ համապատասխան:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը չի պահպանել Օրենքի 13-րդ հոդվածում նշված օտարման հայցով դատարան դիմելու ժամկետները, ուստի Օրենքի 16-րդ հոդվածի ուժով վերջինս հրաժարվել է սեփականությունը ձեռք բերելուց և այդ մասով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր: Փաստորեն, Ընկերությունն օտարման հայցով դատարան է դիմել օրենքով դատարան դիմելու սահմանված ժամկետից շուրջ մեկ ամիս ու կես հետո, այսինքն՝ չի պահպանվել Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված օտարման հայցով դատարան դիմելու ժամկետները, որի իրավական հետևանքները սահմանված են Օրենքի 16-րդ հոդվածով:
Ձեռքբերողն Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում սեփականության օտարման հայցով դատարան չի դիմել: Բացի այդ, ժամկետի խախտումը կազմում է ոչ թե երկու օր, այլ շուրջ մեկ ու կես ամիս, ինչը սակայն, սույն գործով արդեն իսկ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի նորմը հստակ սահմանել է մեկամսյա ժամկետ դատարան դիմելու պարտականության կատարման համար, որը ձեռք բերողը չի կատարել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն փաստին, որ 14.05.2008 թվականին «Հայցադիմում» վերնագրված փաստաթուղթը չի կարող հավաստել Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատարան դիմելու պարտականությունը մեկամսյա ժամկետում կատարված լինելու փաստը, քանի որ դատավարության մասնակցած բոլոր սուբյեկտներն ընդունել են, որ այդ հայցադիմումը Դատարանի կողմից վերադարձվել է, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը նույնպես վերադարձվել է: Վերաքննիչ դատարանը, չբեկանելով Դատարանի վճիռը, ըստ էության Արմեն Մադաթյանին պարտավորեցրել է կնքել սեփականության օտարման պայմանագիր՝ դրանով իսկ խախտելով վերջինիս սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հակընդդեմ հայցի մերժման փաստարկներին, ինչպես նաև վիճելի գույքի իրական արժեքի վերաբերյալ Արմեն Մադաթյանի դիրքորոշմանը:
Վերաքննիչ դատարանն ապացույցները գնահատելիս հաշվի չի առել Արմեն Մադաթյանի դիրքորոշումները, ապացույցները չեն գնահատվել գործի նյութերում առկա մյուս բոլոր ապացույցների համակցության մեջ` դրանով իսկ խախտելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջը: Մասնավորապես չեն գնահատվել 57-րդ և 58-րդ վճարման հանձնարարագրերը, որոնցով հաստատվում է, որ դատարանի դեպոզիտ հաշվին գումարը փոխանցվել է 02.04.2008 թվականին, Ընկերության 24.06.2008 թվականի հայցադիմումը, որով հաստատվում է, որ Ընկերությունն օտարման հայցով Դատարան է դիմել օրենքով դատարան դիմելու համար սահմանված ժամկետից շուրջ մեկ ամիս ու կես հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ Արմեն Մադաթյանի հակընդդեմ հայցը բավարարել:
2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Արմեն Մադաթյանի սեփականության օտարման դիմաց նախատեսված փոխհատուցման գումարը թիվ 57 և 58 վճարման հանձնարարականներով 02.04.2008 թվականին փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարանի դեպոզիտ հաշվին, պատասխանողն այդ մասին պատշաճ կարգով ծանուցվել է: Ընկերության կողմից 14.05.2008 թվականին դատարան դիմելը չի կարող գնահատվել որպես ձեռքբերողի կողմից սեփականությունը ձեռքբերելու հրաժարում: Ընկերության կողմից պահպանվել են դատարան հայցադիմում ներկայացնելու համար սահմանված օրենսդրական կարգն ու պայմանները, սեփականության օտարման գործառույթն իրականացվել է բացառիկ` գերակա հանրային շահի նպատակով, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, օրենքով սահմանված համարժեք փոխհատուցման հիման վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման համաձայն` Երևանի Տերյան փողոցի թիվ 127 բազմաբնակարանային շենքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Նշված որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն` դրա վերաբերյալ ձեռք բերող է ճանաչվել Ընկերությունը, իսկ նույն կետի 3-րդ ենթակետով, սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 01.01.2009 թվականը (հատոր առաջին, գ.թ. 24-30):
2) Արմեն Մադաթյանը Երևանի Տերյան փողոցի 127 շենքի թիվ 21 և 21/1 բնակարանների սեփականատերն է (հատոր առաջին գ.թ. 143-148):
3) ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի թիվ 108-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ի և 2-րդ կետերի համաձայն՝ լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է գալիս «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը) կողմից 2007 թվականի օգոստոսի 6-ին կազմվել է վերը նշված անշարժ գույքի նկարագրության արձանագրություն (հատոր առաջին գ.թ. 31-35):
4) Արմեն Մադաթյանը հրաժարվել է ստորագրել նկարագրության արձանագրությունը, որի վերաբերյալ 06.08.2007 թվականին կազմվել է համապատասխան ակտ, որից հետո նշված արձանագրությունը և ակտը 06.08.2007 թվականի թիվ 28/01-952ել գրությամբ փոստով առաքվել է Արմեն Մադաթյանին (հատոր առաջին, գ.թ. 36-37):
5) Երևանի Տերյան 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեների անշարժ գույքի շուկայական արժեքը 13.11.2007 թվականի դրությամբ անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատվել է համապատասխանաբար 42.450.000 ՀՀ դրամ և 9.600.000 ՀՀ դրամ:
6) 24.12.2007 թվականի թիվ 38/01-1598ել գրությամբ Ընկերությունն Արմեն Մադաթյանին ներկայացրել է սեփականության օտարման մասին պայմանագրերի նախագծերը, որոնք սեփականատիրոջ կողմից չեն ընդունվել:
7) 22.04.2008 թվականին, Օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով, կատարվել է անշարժ գույքի շուկայական արժեքի վերագնահատում՝ հաշվի առնելով, որ Արմեն Մադաթյանն ակնհայտորեն խուսափում է պայմանագիր կնքելուց: Վերագնահատման արդյունքում անշարժ գույքի շուկայական արժեքը և 15 տոկոս հավելումը Երևանի Տերյան փողոցի 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեների նկատմամբ կազմել են համապատասխանաբար 49.450.000 և 11.155.000 ՀՀ դրամ (հատոր առաջին գ.թ. 55-68):
8) Ընկերությունը վերոհիշյալ գումարները 23.04.2008 թվականին փոխանցել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին, որի մասին Արմեն Մադաթյանը տեղեկացվել է 28.04.2008 թվականի թիվ 38/01-368 Ել գրությամբ (հատոր առաջին, գ.թ. 38):
9) Ընկերության լիազորված ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 14.05.2008 թվականին դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմեն Մադաթյանի՝ հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի վերաբերյալ հայցով (հատոր առաջին, գ.թ. 114, 115):
Հայցադիմումը վերադարձվել է 16.05.2008 թվականին այն հիմնավորմամբ, որ տվյալ գործն ընդդատյա չէ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին, այլ ընդդատյա է Երևանի քաղաքացիական դատարանին (հատոր առաջին, գ.թ. 112):
Հիշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր առաջին, գ.թ. 112):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հասարակական և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ձեռքբերողը նույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ նույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:
Տվյալ դեպքում Ընկերությունը վերոհիշյալ գումարները 23.04.2008 թվականին փոխանցել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին, որի մասին 28.04.2008 թվականի թիվ 38/01-368 Ել գրությամբ Արմեն Մադաթյանը տեղեկացվել է, ինչից հետո 14.05.2008 թվականին դիմել է դատարան: Ընկերությունը չի հրաժարվել Երևանի Տերյան 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեներում գտնվող Արմեն Մադաթյանին պատկանող սեփականությունը ձեռք բերելուց, քանի որ օրենքով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը մուտք է եղել Երևանի քաղաքացիական դատարանի դեպոզիտ հաշվին՝ համոզմունք ունենալով, որ տվյալ հայցը ենթակա է Երևանի քաղաքացիական դատարանի քննությանը: Այնուհետ, երբ պարզ է դարձել, որ հայցը ենթակա է ընդհանուր իրավասության դատարանին, հայցվորն այն ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հետևաբար, Ընկերության կողմից 14.05.2008 թվականին դատարան դիմելը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքից հրաժարում, իսկ բողոք բերած անձի պատճառաբանությունները, Օրենքի 16 հոդվածի 1-ին կետի համաձայն, սեփականությունը ձեռք բերելուց հրաժարվելու հիմք:
Բացի այդ, հայցադիմումը վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Նշված որոշման դեմ հայցվորը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ դատարանի 16.06.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է` թույլ տրված խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացնելու համար: Սակայն, հայցվորը 24.06.2008 թվականին կրկին հայցը ներկայացրել է Դատարան և վերաքննիչ բողոքին ընթացք չի տրվել:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը` մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշվել է, որ «Պատասխանողի մյուս պատճառաբանությունը, որ հայցվորի կողմից պետք է փոխհատուցվի ինչպես շենքի տակի հողը, այնպես էլ նկուղների արժեքը, նույնպես անհիմն է, քանի որ նկարագրության արձանագրությամբ, ինչպես նաև հետագայում գույքը գնահատելիս որպես գույքային միավոր վերցվել է սեփականության վկայականում առկա գույքը և պատասխանողի կողմից որևէ այլ ապացույց չի ներկայացվել դատարանին, որ իրեն սեփականությամբ գույք է պատկանում»:
Մինչդեռ սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցի բովանդակությունից և էությունից հետևում է, որ Արմեն Մադաթյանը Երևանի Տերյան 127 շենքի թիվ 21 և 21/1 հասցեների անշարժ գույքի գնահատման վերաբերյալ պահանջ չի ներկայացրել, նրա կողմից չի վիճարկվել իրեն առաջարկված փոխհատուցման չափի հարցը: Հետևաբար, նման պահանջի բացակայության պայմաններում այն Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող քննարկման առարկա դառնալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Վ. Աբելյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |