ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),
ղեկավարվելով պետությունների ինքնիշխանության, հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով,
ցանկանալով ավելի զարգացնել իրենց համագործակցությունը քրեական իրավունքի ոլորտում՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը,
հաշվի առնելով, որ դատապարտյալի՝ իր պետությունում պատիժը կրելը, կնպաստի արդարադատության նպատակների իրագործմանը, դատապարտյալների սոցիալական վերականգնմանը և հասարակության կազմում նրանց բնականոն կյանք վերադառնալուն,
ղեկավարվելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով,
հարգելով միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,
համաձայնեցին հետևյալի մասին:
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար՝
«Դատապարտող պետություն» նշանակում է՝ այն Կողմը, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռ՝ անձի նկատմամբ ազատազրկում կամ ազատազրկման հետ կապված այլ պատիժ նշանակելու մասին:
«Կատարող պետություն» նշանակում է՝ այն Կողմը, որին փոխանցվում է ազատազրկում կամ ազատազրկման հետ կապված այլ պատիժ կրող անձը՝ պատժի մնացած մասը կրելու համար:
«Պատիժ» նշանակում է՝ քրեական հանցագործության առնչությամբ դատարանի կողմից որոշակի կամ անսահմանափակ ժամանակահատվածով նշանակված ազատազրկում ենթադրող ցանկացած պատիժ կամ միջոց:
«Դատավճիռ» նշանակում է՝ դատապարտում իրականացնող դատարանի որոշում կամ վճիռ:
«Դատապարտյալ» նշանակում է՝ Կողմերից մեկի այն քաղաքացին, ով հանցագործություն կատարելու համար մյուս Կողմի դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման կամ դրա հետ կապված այլ պատժի:
«Մերձավոր ազգականներ» հասկացությունը մեկնաբանվում է Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համաձայն:
«Օրինական ներկայացուցիչներ» հասկացությունը մեկնաբանվում է Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
«Իրավասու մարմիններ» նշանակում է՝ սույն Համաձայնագրում նախատեսված մարմիններ։
Հոդված 2
Ընդհանուր սկզբունքներ
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ Կողմերը հարցման հիման վրա միմյանց փոխանցում են մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալներին՝ նրանց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Կողմին՝ դատապարտյալին փոխանցելու հնարավորությունը քննարկելու խնդրանքով:
3. Կողմերը պարտավորվում են փոխանցված դատապարտյալին վերաբերվել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան:
4. Կատարող պետությունը դատապարտյալի կողմից Դատապարտող պետության միջազգային պարտավորությունները միջազգային ատյաններում վիճարկելու դեպքում հնարավորինս աջակցում է Դատապարտող պետությանը այդ առնչությամբ:
5. Կողմերը պարտավորվում են միմյանց միջև ծավալել հնարավորինս լայն համագործակցություն դատապարտյալի փոխանցման առնչությամբ՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։
Հոդված 3
Իրավասու մարմիններ
1. Սույն Համաձայնագիրն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ անմիջականորեն կամ դիվանագիտական ուղիներով։
2. Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության դատական կոմիտեն:
Հոդված 4
Փոխանցման հարցում
1. Փոխանցման գործընթացն սկսելու հիմք է հանդիսանում դատապարտյալի, նրա մերձավոր ազգականների կամ օրինական ներկայացուցիչների, ինչպես նաև Կողմերից մեկի իրավասու մարմնի հարցումը՝ հասցեագրված մյուս Կողմի իրավասու մարմնին։
2. Փոխանցման հարցումները և դրանց պատասխանները պետք է կատարվեն գրավոր կերպով։
Հոդված 5
Փոխանցման հարցման վերաբերյալ որոշումը
1. Փոխանցման հարցումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը պետք է կայացվի սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերը ստանալու օրվանից հետո առավելագույնը վաթսուն օրվա ընթացքում: Դատապարտված անձը, ում վերաբերյալ որոշում է ընդունվում, նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները, եթե այդպիսիք կան, ինչպես նաև հայցող Կողմը պետք է գրավոր տեղեկացվեն ընդունված որոշման մասին։
2. Փոխանցման հարցումը մերժելու դեպքում մերժման պատճառները պետք է ներկայացվեն գրավոր։
Հոդված 6
Փոխանցման պայմաններ
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմաններով.
1.1. Դատապարտյալը Կատարող պետության քաղաքացի է և չի հանդիսանում Դատապարտող պետության քաղաքացի:
1.2. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
1.3. Փոխանցման հարցումը ստանալու պահին դատապարտյալի պատժի չկրած մասը նվազագույնը վեց ամսից է:
1.4. Դատապարտյալը կամ, հաշվի առնելով նրա տարիքը, ֆիզիկական և մտավոր վիճակը, նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները համաձայն են փոխանցմանը:
1.5. Այն գործողությունները կամ անգործությունները, որոնց համար անձը դատապարտվել է, համարվում են հանցագործություն՝ Կատարող պետության օրենսդրության համաձայն:
1.6. Քրեական հանցագործության հետևանքով պատճառված վնասները փոխհատուցվել են:
1.7. Կողմերից երկուսն էլ համաձայն են փոխանցմանը:
2. Բացառիկ դեպքերում Կողմերը կարող են համաձայնություն տալ այն դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, որոնց պատժի չկրած մասը վեց ամսից պակաս է, կամ պատճառված վնասը ամբողջությամբ չի փոխհատուցվել:
Հոդված 7
Փոխանցման հարցումը մերժելը
Դատապարտյալը չի կարող փոխանցվել, եթե.
1. Չեն բավարարվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի պայմանները:
2. Հայցող Կողմը չի կատարել սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի պահանջները:
3. Փոխանցումը կարող է վնասել որևէ Կողմի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը և հասարակական կարգին կամ հակասում է Կողմերի սահմանադրություններին:
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
Կողմերը ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
1. Իրավասու մարմինների միջոցով միմյանց տեղեկացնել մյուս Կողմի քաղաքացու նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր դեպքի մասին։ Տեղեկատվությունը պետք է ներառի.
1.1. Դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան վայրը և ամսաթիվը:
1.2.Դատապարտող պետությունում նրա հասցեն, եթե այդպիսին առկա է:
1.3. Տեղեկանք այն փաստերի մասին, որոնց հիման վրա կայացվել է դատավճիռը:
1.4. Պատժի բովանդակությունը, տևողությունը և սկիզբը։
2. Տեղեկացնել մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալին, նրա մերձավոր ազգականներին կամ օրինական ներկայացուցիչներին սույն Համաձայնագրի դրույթների, նրա փոխանցման հնարավորության և դրա իրավական հետևանքների մասին։
Հոդված 9
Փոխանցման հարցում և անհրաժեշտ փաստաթղթեր
1. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ գրավոր հարցմանը պետք է կցվեն.
1.1. Կատարող պետության իրավասու մարմնի կողմից՝
ա) դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ` անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր,
բ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կամ վկայական,
գ)Կատարող պետության համապատասխան օրենքի պատճենը, որը սահմանում է, որ այն գործողությունները կամ անգործությունները, որոնց կապակցությամբ պատիժ է նշանակվել Դատապարտող պետությունում, հանդիսանում են քրեական հանցագործություն՝ Կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
1.2. Դատապարտող պետության իրավասու մարմնի կողմից,
ա) դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ` անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր,
բ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է,
գ) դատավճռի և այն օրենքի պատճենը, որի վրա հիմնված է դատավճիռը, և իրավասու մարմնի որոշումը այն մասին, որ դատավճիռը իրավաբանորեն հարկադրելի է, եթե այդպիսին առկա է,
դ) դատապարտյալի կամ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց գրավոր դիմումը,
ե) տեղեկանք առ այն, թե տվյալ անձը պատժի որ մասն է արդեն կրել, այդ թվում` նախքան դատավարությունը կալանքի ժամկետը, և պատիժը կրելու հետ կապված ցանկացած այլ գործոն,
զ) անհրաժեշտության դեպքում՝ դատապարտյալի մասին ցանկացած բժշկական կամ սոցիալական զեկույց, տեղեկություններ Դատապարտող պետությունում նրա բուժման վերաբերյալ և ցանկացած խորհրդատվություն Կատարող պետությունում նրա հետագա բուժումն իրականացնելու համար, ինչպես նաև՝ տեղեկություններ վարքագծի առանձնահատուկ դրսևորումների վերաբերյալ,
է) տեղեկություններ քրեական հանցագործությամբ պատճառված վնասի առկայության և դրա փոխհատուցման վերաբերյալ։
2. Եթե Կողմերից մեկին անհրաժեշտ է լրացուցիչ որևէ այլ տեղեկություն կամ պարզաբանում, նա կարող է մյուս Կողմից հայցել, որ տրամադրվի անհրաժեշտ տեղեկությունը կամ պարզաբանումը։
3. Սույն հոդվածում թվարկված բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրվեն լիազորված անձի կողմից և անհրաժեշտության դեպքում հաստատվեն պաշտոնական կնիքով։
Հոդված 10
Լեզուն
Փոխանցման հարցումը և դրան կից փաստաթղթերը պետք է ներկայացնել հայցող Կողմի լեզվով՝ կցելով մյուս Կողմի լեզվով կամ անգլերեն թարգմանություն։
Հոդված 11
Համաձայնության ստուգումը
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է հավաստիանա, որ այն անձը, ով, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան, տալիս է համաձայնություն փոխանցմանը, անում է դա կամովին և գիտակցում է դրա հետևանքները։
2. Դատապարտող պետությունը պետք է թույլ տա Կատարող պետության կողմից նշանակած պաշտոնյային մինչև փոխանցումն անձամբ ստուգել, որ դատապարտյալի՝ փոխանցման որոշումը ինքնակամ է ընդունվել, և նա իրազեկ է դրա հետևանքների մասին:
Հոդված 12
Փոխանցման գործընթացը
Կողմերի իրավասու մարմինները որոշում են դատապարտյալի փոխանցման վայրը, ժամանակը և պայմանները։
Հոդված 13
Ծախսերը
Դատապարտյալի փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Կատարող պետությունը՝ այն պահից սկսած, երբ դատապարտյալը փոխանցվում է Կատարող պետությանը։
Հոդված 14
Դատավճռի կատարում
1. Կատարող պետությունը պարտավոր է ապահովել դատավճռի ամբողջական կատարումը` առաջնորդվելով իր ազգային օրենսդրությամբ:
2. Կատարող պետությունը պետք է ապահովի, որ դատապարտյալի պայմանները չվատթարանա փոխանցումից հետո։
3. Կատարող պետությունը պետք է սահմանափակված լինի պատժի իրավական էությամբ և տևողությամբ, որը սահմանել է Դատապարտող պետությունը: Կատարող պետության դատարանը Դատապարտող պետության դատարանի դատավճիռը կատարելու որոշում է կայացնում:
4. Եթե Կատարող պետության օրենսդրության համաձայն՝ ազատազրկման համար ավելի քիչ ժամկետ է նախատեսված, քան այն սահմանված է դատավճռով, ապա Կատարող պետության դատարանը սահմանում է տվյալ հանցագործության համար իր օրենսդրությամբ նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:
5. Այն դեպքերում, երբ պատիժն իր էությամբ կամ տևողությամբ անհամատեղելի է Կատարող պետության օրենսդրության հետ, կամ վերջինիս օրենսդրության պահանջով, տվյալ պետությունը կարող է իր իրավասու մարմնի միջոցով համապատասխանեցնել դատավճիռը նմանատիպ հանցագործության համար իր օրենսդրությամբ սահմանված պատժին:
6. Կատարող պետությունը չի կարող փոխարինել դատապարտյալի նկատմամբ Դատապարտող պետության կայացրած ազատազրկման դատավճիռը այլ պատժատեսակով, ինչպես նաև կրճատել ազատազրկման տևողությունը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 15
Ներում, համաներում կամ պատժաչափի կրճատում
Յուրաքանչյուր Կողմ կարող է ներում շնորհել, համաներում կամ պատժաչափի կրճատում կիրառել նույն պայմաններով և կարգով, ինչ որ կիրառում է իր դատարանների կողմից դատապարտյալների նկատմամբ:
Հոդված 16
Դատարանների իրավասությունը
1. Փոխանցված դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավասություն ունի միայն Դատապարտող պետության դատարանը:
2. Դատավճռի վերանայման դեպքում Դատապարտող պետությունը անմիջապես Կատարող պետությանն է ուղարկում դատարանի կողմից վերանայված այն որոշման պատճեն, որով դատավճիռը վերացվել կամ փոփոխվել է:
3. Եթե դատապարտյալի փոխանցումից հետո դատավճիռը Դատապարտող պետությունում վերացվել է, և նախատեսվել է նոր քննություն կամ դատ, ապա որոշման պատճենը, ինչպես նաև քրեական գործի այն նյութերը և այլ ապացույցները, որոնք հավաքվել են դատապարտյալի բացակայության ժամանակ, ուղարկվում են Կատարող պետություն՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: Նոր դատավճռի ի կատար ածելիս Կատարող պետությունը պետք է հաշվի առնի նոր դատավճռի կատարումից առաջ կրած ազատազրկման կամ կալանավորման ժամանակահատվածը:
4. Վերանայման կամ դատարանի կողմից նոր դատավճիռ ընդունվելու արդյունքում դատավճիռը վերացնելու դեպքում դատապարտյալին նախորդ պատժի հետևանքով պատճառված վնասները պետք է փոխհատուցվեն այն Կողմի կողմից, որի դատարանը կայացրել է նախորդ դատավճիռը:
Հոդված 17
Փոխանցման իրավական հետևանքները
1. Պատժի մնացած մասը կրելու համար Կատարող պետությանը փոխանցված դատապարտյալը ենթակա է դատապարտման նույն իրավական հետևանքներին, որոնց ենթակա են նույն հանցագործությունը կատարելու համար տվյալ պետության մյուս դատապարտյալները:
2. Պատժի մնացած մասը կրելու համար Կատարող պետությանը փոխանցված դատապարտյալը չի կարող նույն հանցագործության համար տվյալ պետությունում մեկ անգամ ևս քրեական հետապնդման ենթարկվել:
Հոդված 18
Տարանցում
1. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի հարցման հիման վրա պետք է աջակցի դատապարտյալին իր տարածքով երրորդ պետություն տեղափոխելու կամ երրորդ պետությունից մյուս Կողմ տեղափոխելու հարցում` երրորդ պետության և մյուս Կողմի միջև եղած փոխանցման պայմանագրի հիման վրա:
2. Դատապարտյալին երրորդ պետության տարածքով տարանցիկ տեղափոխման ծախսերը հոգում է հայցող Կողմը:
Հոդված 19
Հետադարձ ուժը
Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև Կողմերի դատարանների կողմից մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ:
Հոդված 20
Փոփոխություններ
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ փոփոխությունները կամ լրացուցիչ փաստաթղթերը հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Հոդված 21
Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրի մեկնաբանումից կամ իրականացումից բխող տարաձայնությունները Կողմերը լուծում են անմիջական բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
Հոդված 22
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիը կարող է չեղյալ հայտարարվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարելը չի ազդում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում նախաձեռնված որևէ հարցման վրա։
Սույն Համաձայնագիրը կազմված է նախաբանից և 22 հոդվածից, ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, որը համապատասխանում է իրանական օրացույցի 1391 թվականի աբանի 22-ին Թեհրան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. օգոստոսի 15-ին