Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1184
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0007/11/09  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ


Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ
  ներկայացուցիչ՝

Ա. Զեյնալյանի

2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

 դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ Կարապետ Ռուբենի Ռուբինյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքի հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. 2008 թվականի մարտի 5-ին Կարապետ Ռուբինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով:

3. 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

4. Վիճարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը` Կ.Ռուբինյանը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին հիշյալ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել վերը նշված որոշումը և պարտավորեցնել դադարեցնելու իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2008 դեկտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

5. 2009 թվականի հունվարի 18-ին Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կ.Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը փոփոխելու, քրեական հետապնդման մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու, Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստերը ճանաչելու և Կ.Ռուբինյանին պատճառված վնասների հատուցման պահանջների մասին բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշմամբ`

1) ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի բողոքը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, Կ.Ռուբինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը փոփոխելու, քրեական հետապնդման մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասերով բողոքը մերժվել է,

2) Կ.Ռուբինյանին պատճառված վնասների հատուցման մասով բողոքը թողնվել է առանց քննության` նրան իրավունք վերապահելով հետագայում այն լուծել քաղաքացիական դատավարության կարգով,

3) Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների մասով թողնվել է առանց քննության:

6. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Կարապետ Ռուբինյանի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ Կ.Ռուբինյանը և նրա ներկայացուցիչը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ վերադարձվել է:

8. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի սահմանադրականությունը՝ քաղաքացիներ Ա.Սարգսյանը, Կ.Ռուբինյանը, Մ.Դանիելյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման 2-րդ կետով գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

9. Ելնելով այն բանից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար՝ Կ.Ռուբինյանի ներկայացուցիչները վճռաբեկ բողոք են բերել:

Վճռաբեկ դատարանն իր 2010 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:

2010 թվականի մայիսի 4-ին Կ.Ռուբինյանի ներկայացուցիչները կրկին վճռաբեկ բողոք են բերել:

10. Մինչ այդ, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը՝ քաղաքացիներ Ա.Սարգսյանը և Կ.Ռուբինյանը, դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման 1-ին կետով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման 2-րդ կետով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունիսի 4-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 

11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է «Քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով բողոքը նույնպես ենթակա է մերժման, քանի որ Կ.Ռուբինյանի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմնի ներողություն չհայցելու գործողությունը չի բողոքարկվել դատախազին» (տե´ս գործի նյութեր, հատոր 1, էջ 112):

12. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գրավոր ներողություն խնդրելու ձևով դրսևորած անգործությունը ներկայացրել է որպես գործողություն (տե´ս գործի նյութեր, հատոր 1, էջ 112):

13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Կ.Ռուբինյանը գործի քննության ընթացքում դատախազին չի բողոքարկել իր` վերաքննիչ բողոքում նշված իրավունքների և ազատությունների խախտումների մասին» (տե´ս գործի նյութեր, հատոր 2, էջ 111):

 

Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

14. Ելնելով այն բանից, որ դատարանները, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնք ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել` ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, խախտել են Կարապետ Ռուբինյանի դատական պաշտպանության և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքները, բողոք բերած անձինք խնդրել են`

1) հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման վարույթ,

2) վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը,

3) վարույթ ընդունել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ Կարապետ Ռուբինյանի անունից 2009 թվականի հունիսի 1-ին ներկայացված վճռաբեկ բողոքը,

4) բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշումները,

5) հաստատել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի բողոքը մերժելու մասին որոշման անվավեր լինելը,

6) ճանաչել`

ա) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների կողմից Կ.Ռուբինյանի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման փաստերը,

բ) Կարապետ Ռուբինյանի անձնական անձեռնմխելիության իրավունքի, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքի խախտման փաստերը,

գ) փոխել Կարապետ Ռուբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը,

դ) գրավոր ներողություն հայցել Կարապետ Ռուբինյանից:

15. Բողոք բերած անձինք, ի լրումն նախորդ բողոքի, նաև նշել են, որ իրենց` 2010 թվականի մարտի 4-ի վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելուց հետո, մինչ կլուծվեր դրա ընդունելության հարցը, ՀՀ սահմանադրական դատարանն Ա.Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Կ.Ռուբինյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով կիրառված մեկ այլ դրույթ: Խոսքը վերաբերում է ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմանը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

Բողոք բերած անձինք նշել են, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իմաստով նոր հանգամանք է:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնո՞ւմ է արդյոք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Կ.Ռուբինյանի ներկայացուցիչների բողոքը:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

18. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

Այլ կերպ` ՍԴՈ-844 որոշման հիման վրա` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի անգործությունը կարող է անմիջականորեն բողոքարկվել դատարան:

19. Ինչպես երևում է գործի նյութերից և բողոքների բովանդակությունից, քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն չհայցելը ստորադաս դատարանները դիտել են որպես գործողություն և ոչ թե անգործություն (տե´ս սույն որոշման 12-րդ կետը): Բողոքաբերների կարծիքով` դատարաններն այն դիտել են գործողություն, որպեսզի կիրառելի լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը և իրենց բողոքը մերժվի:

20. Քննության առարկա հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումները Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանն արտահայտել են, համապատասխանաբար, 2009թ. դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ և Ա. Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետի համաձայն` «անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում, պետք է ընկալվի որպես հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում»:

Ա. Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` (…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն (տե´ս, Արևիկ Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինը, Կ.Ռուբինյանի նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը, նրանից գրավոր ներողություն չի հայցել: Այլ կերպ` քրեական հետապնդման մարմինը, չկատարելով օրենքով իր վրա դրված պարտականությունը, դրսևորել է անգործություն:

22. Ելնելով վերոգրյալներից, ինչպես նաև հիմք ընդունելով Ա. Մողրովյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Կ.Ռուբինյանի ներկայացուցիչների բողոքը:

23. Սույն որոշման 14-20-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, Կ.Ռուբինյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

24. Բողոք բերած անձինք որպես նոր հանգամանք վկայակոչել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշումը: Այդ որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

 Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 21-րդ հոդվածին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը: Գործի նյութերից երևում է, որ Կ.Ռուբինյանի նկատմամբ կայացվել է ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու, այլ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում (տե´ս, սույն որոշման 3-րդ կետը): Այսինքն, նախաքննության մարմնի կիրառած նորմը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական չի ճանաչվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշումը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտը վերանայելու հիմք չէ:

25. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 290-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 9-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան