Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագիրն ստորագրած` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
Կողմերի տարածքներում հանցագործության դեմ արդյունավետ պայքարի ապահովման և քրեական դատավարության խնդիրների հաջող լուծման նպատակներով,
ձգտելով ապահովել այդ նպատակների իրականացմանն աջակցող անձանց օրինական իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանությունը,
համոզված լինելով, որ Կողմերի համաձայնեցված գործողությունները հանցագործության դեմ պայքարում անհրաժեշտություն են,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հասկացությունները.
ա) քրեական դատավարություն՝ քրեական գործով մինչդատական և դատական վարույթ, որն իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան.
բ) պաշտպանվող անձինք՝ քրեական դատավարության մասնակիցներ (տուժող, վկա, մասնավոր մեղադրող, կասկածյալ, մեղադրյալ, արդարացված, դատապարտյալ, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատապարտյալ, արդարացված, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը կամ քրեական հետապնդումը դադարեցված էր, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մանկավարժ և հոգեբան, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, օրինական ներկայացուցիչներ, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և անհատ մեղադրողի ներկայացուցիչներ), ինչպես նաև, հայցող Կողմի ազգային օրենսդրության համապատասխան, պաշտպանության ենթակա այլ անձինք.
գ) պաշտպանության միջոցներ՝ սույն Համաձայնագրով նախատեսված և դրան համապատասխան պաշտպանվող անձանց նկատմամբ կիրառվող պաշտպանության ապահովման միջոցներ.
դ) իրավասու մարմիններ՝ պետական մարմիններ, որոնք, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, ընդունում են սույն Համաձայնագրի շրջանակներում պաշտպանության միջոցների իրականացման մասին որոշում կամ իրականացնում են դրանք.
ե) հայցող Կողմ՝ պետություն, որի հարցման հիման վրա իրականացվում են պաշտպանության միջոցները.
զ) հայցվող Կողմ՝ պետություն, որի տարածքում իրականացվում են պաշտպանության միջոցները.
է) անչափահասներ՝ 18 տարին չլրացած անձինք:
Հոդված 2
1. Հայցվող կողմը, սույն Համաձայնագրի դրույթներին և իր օրենսդրությանը համապատասխան, հարցման հիման վրա հայցող Կողմին աջակցում է պաշտպանվող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ իրականացնելիս:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է այն դեպքերում, երբ պաշտպանվող անձանց նկատմամբ հայցող Կողմի կողմից նրա ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող պաշտպանության միջոցները չեն կարող ապահովել նրանց պատշաճ անվտանգությունը:
Հոդված 3
1. Պաշտպանության միջոցների կազմակերպման և իրականացման ամբողջ ընթացակարգը գաղտնի է:
2. Գաղտնիության աստիճանը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշվում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև` խորհդակցության միջոցով:
Հոդված 4
1. Պաշտպանվող անձանց նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել հետևյալ պաշտպանության միջոցներից մեկը կամ մի քանիսը.
ա) հայցվող Կողմի տարածքի անվտանգ վայրում պաշտպանվող անձի ժամանակավոր բնակեցում.
բ) պաշտպանվող անձի բնակեցում հայցվող Կողմի տարածքում.
գ) պաշտպանվող անձի փաստաթղթերի փոխարինում.
դ) պաշտպանվող անձի արտաքին տեսքի փոփոխում.
ե) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության, կապի և տեղեկացման հատուկ միջոցների տրամադրում.
զ) անձնական պաշտպանություն, բնակարանի և գույքի պաշտպանություն.
է) պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում.
ը) աշխատանքի (ծառայության) կամ ուսման վայրի փոփոխություն.
թ) կալանքի տակ պահվող կամ պատիժը կրելու վայրերում գտնվող պաշտպանվող անձի նկատմամբ լրացուցիչ պաշտպանության միջոցների կիրառում, այդ թվում՝ կալանքի տակ պահման կամ պատիժը կրելու մի վայրից մյուսի տեղափոխում:
2. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են իրականացնել նաև սույն Համաձայնագրով չնախատեսված պաշտպանության այլ միջոցներ:
Հոդված 5
1. Պաշտպանվող անձի ժամանակավոր տեղավորումը անվտանգ վայրում նախատեսում է նրա գտնվելը հայցվող Կողմի տարածքում անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում այն վայրում, որը որոշվում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ իրենց ազգային օրենսդրության համապատասխան:
2. Հայցող Կողմի տարածքում կալանքի տակ վերցված կամ ազատազրկման դատապարտված պաշտպանվող անձը կարող է, հայցվող Կողմի օրենսդրության պահանջները պահպանելով, ժամանակավորապես տեղավորվել վերջինիս համապատասխան հիմնարկ:
Հոդված 6
Պաշտպանության միջոցների իրականացման ժամանակահատվածում պաշտպանվող անձին հայցվող Կողմի տարածքում տրամադրվում է կացարան: Հայցող Կողմի հարցման հիման վրա պաշտպանվող անձին կարող է իր շարժական գույքը նոր բնակավայր տեղափոխելու հնարավորություն ընձեռվել:
Հոդված 7
Հայցվող Կողմի իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, փոխում են պաշտպանվող անձի փաստաթղթերը՝ փոխելով նրա ազգանունը, անունը, հայրանունը և նրա մասին այլ տեղեկությունները, որոնց ցանկը համաձայնեցվում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 8
Պաշտպանվող անձի արտաքին տեսքի փոփոխությունը նախատեսում է հայցվող Կողմի տարածքում անհրաժեշտ` բժշկական, կոսմետիկ ընթացակարգերի անցկացում ինչպես մասնագիտացված կլինիկաներում և այլ բժշկական հիմնարկներում, այնպես էլ դրանցից դուրս՝ մասնագետների ներգրավմամբ և անհրաժեշտ սանիտարական և այլ պայմանների ստեղծմամբ:
Հոդված 9
Հայցվող Կողմի իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, պաշտպանվող անձին տրամադրում են անձնական պաշտպանության, կապի և իրազեկման հատուկ միջոցներ: Նշված միջոցների տրամադրման և պաշտպանվող անձի կողմից դրանց կիրառման կարգը որոշվում է հայցվող Կողմի ազգային օրենսդրությամբ:
Հոդված 10
Պաշտպանվող անձի անձնական պաշտպանությունը, բնակարանի և գույքի պաշտպանությունը ապահովվում են հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 11
Պաշտպանության միջոցների իրականացման նպատակներով հայցվող Կողմի իրավասու մարմինները հայցվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հոդված 12
Հայցվող Կողմի կողմից պաշտպանվող անձի մասին տեղեկությունների գատնիությունը ապահովվում է պետական և այլ տեղեկատվական-ինֆորմացիոն հիմնադրամներից նրա անձի, բնակության վայրի և այլ տեղեկությունների տրամադրման սահմանափակմամբ: Հայցվող Կողմը որոշում է սահմանափակման մեխանիզմը:
Հոդված 13
Հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ պահվող կամ պատիժը կրելու վայրերում գտնվող պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովվում է պահելու պայմաններով, իսկ անհրաժեշտության դեպքում` հայցող Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով մի վայրից այլ վայր տեղափոխելով, առանձին կամ մեկուսի պահելով:
Հոդված 14
1. Հայցող Կողմի հարցման հիման վրա պաշտպանվող անձին ցուցաբերվում է աշխատանքի և/կամ ուսման տեղավորման աջակցություն:
2. Պաշտպանվող անչափահաս անձը կարող է ժամանակավորապես տեղավորվել մանկական նախադպրոցական հիմնարկում, իսկ չափահաս անաշխատունակ անձը՝ բնակչության սոցիալական պաշտպանության հիմնարկում:
Հոդված 15
1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները կիրառվում են պաշտպանվող անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
2. Սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` անչափահաս կամ չափահաս անգործունակ պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցներն իրականացվում են միայն նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:
Հոդված 16
1. Պաշտպանության միջոցների իրականացման մասին հարցումը պետք է պարունակի.
ա) հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները.
բ) քրեական գործի մասին տեղեկություններ, որի առնչությամբ պաշտպանվող անձի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պաշտպանության միջոցներ՝
քրեական գործի հարուցման համար հիմք եղած արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը.
հայցող Կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը ճանաչվում է որպես հանցագործություն.
տեղեկություններ հանցագործություն կատարած անձի կամ որևէ այլ անձի մասին, որից իրական վտանգ է սպառնում. ազգանուն, անուն, հայրանուն (փոփոխություններով), քաղաքացիություն, բնակության կամ գտնվելու վայր, դատվածություն, հաստատված կամ հնարավոր քրեական կապեր, արտաքինի նկարագրություն, լուսանկարներ, դակտիլային քարտեր և նրա անձի վերաբերյալ այլ տեղեկություններ (ըստ հնարավորության).
քրեական դատավարության մասնակիցների վկայությունների բովանդակությունը, որոնց հետ կապված` ընդունվել է պաշտպանության միջոցների իրականացման մասին որոշում.
գ) պաշտպանվող անձի մասին տեղեկություններ՝
ազգանուն, անուն, հայրանուն (փոփոխություններով), քաղաքացիություն, բնակության կամ ապրելու վայր, համապատասխան գործով քրեական դատավարության մասնակցի դատավարական կարգավիճակ (սույն կետի «բ» ենթակետ) կամ այլ անձի կարգավիճակ, որի նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման, դատվածության, արտաքին տեսքի նկարագրության, լուսանկարների վերաբերյալ հարցում է կատարվում.
դ) պաշտպանության միջոցների իրականացման անհրաժեշտության հիմնավորումը, վտանգի բնույթը.
ե) հայցվող պաշտպանության միջոցների ցանկը.
զ) պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված նյութական ծախսերի հատուցման ծավալի և կարգի մասին տեղեկություններ.
է) պաշտպանության միջոցների կիրառման հարցերով հաղորդակցման իրականացման համար լիազորված պաշտոնական անձի մասին տվյալներ, նրա հետ կապի կարգը և միջոցները:
2. Հայցող Կողմի իրավասու մարմինը հարցման մեջ կարող է նշել հարցման կատարման համար, իր կարծիքով, նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:
3. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցմանը պետք է կցվեն.
ա) պաշտպանվող անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների՝ պաշտպանության միջոցների կիրառման գրավոր համաձայնությունը.
բ) ձերբակալման ձևով խափանման միջոցի կիրառման մասին որոշման, դատավճռի (դրա` օրինական ուժի մեջ մտնելու մասին, պատժի ժամկետի հաշվառման մասին նշումով) պատճենը, եթե պաշտպանվող անձը մեղադրյալ է կամ դատապարտյալ.
գ) հայցող Կողմի օրենսդրության համապատասխան կայացված` պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցի իրականացման մասին պատճառաբանված որոշման պատճենը:
4. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցումը պետք է ստորագրված լինի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և կնքված լինի այդ մարմնի դրոշմակնիքով:
Հոդված 17
Եթե պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցումը չի պարունակում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել այնպիսի տվյալներ, մինչև որոնց ստանալը հարցումը կարող է թողնվել առանց քննության:
Հոդված 18
Սույն Համաձայնագրով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառումը կարող է մերժվել, եթե.
ա) պաշտպանության միջոցների իրականացումը կարող է շահերին վնաս պատճառել կամ հակասում է հայցվող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին.
բ) հայցվող Կողմի տարածքում պաշտպանվող անձի կողմից կատարվել է հանցագործություն.
գ) առկա է հայցվող Կողմի իրավասու մարմնի՝ պաշտպանվող անձի մուտքն այդ Կողմի տարածք արգելող որոշում:
Հոդված 19
1. Հայցվող Կողմի իրավասու մարմինը պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցման քննության արդյունքների մասին հարցումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
2. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցման բավարարման դեպքում հայցող Կողմի իրավասու մարմնին հաղորդվում են տվյալներ հայցվող Կողմի իրավասու մարմնի կամ այդ մարմնի պաշտոնատար անձի մասին, որն անմիջականորեն կիրականացնի պաշտպանության միջոցներ, ինչպես նաև` նրանց հետ հարաբերությունների կարգը:
3. Պաշտպանվող անձանց` հայցվող Կողմի տարածք ժամանելու ժամը, վայրը և պայմանները որոշվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 20
Հայցվող Կողմի իրավասու մարմինը՝
ա) հայցող Կողմի իրավասու մարմնին հաղորդում է վտանգի յուրաքանչյուր դեպքի, պաշտպանվող անձի նկատմամբ պատրաստվող կամ կատարված հակաիրավական գործողությունների մասին, ինչպես նաև սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ կամ այլ պաշտպանության միջոցների կիրառման մասին.
բ) օպերատիվ կարգով հայցող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է երրորդ անձանց կողմից պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ամեն փորձի մասին.
գ) հայցող Կողմի իրավասու մարմնի հարցման հիման վրա ընձեռում է պաշտպանվող անձի հետ հանդիպումների անցկացման հնարավորություն.
դ) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ հաղորդում է սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` պաշտպանվող անձի կողմից պարտականությունների չկատարման մասին:
Հոդված 21
Հայցող Կողմի իրավասու մարմինը՝
ա) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ հաղորդում է վտանգների, պաշտպանվող անձի նկատմամբ պատրաստվող կամ կատարված հակաիրավական գործողությունների մասին.
բ) հայցվող կողմի իրավասու մարմնին ուղարկում է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված` լրացուցիչ կամ այլ պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ հարցում.
գ) անհրաժեշտության դեպքում տրամադրում է պաշտպանության միջոցների իրականացման համար սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված միջոցներ.
դ) ժամանակին հայցվող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է այն քրեական գործով դատավարական որոշումների ընդունման մասին, որի հետ կապված` իրականացվում է պաշտպանություն.
ե) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ հաղորդում է պաշտպանության միջոցների կիրառումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հոդված 22
1. Պաշտպանվող անձը ունի իրավունք.
ա) ստանալու տեղեկություն իր նկատմամբ ձեռնարկվող պաշտպանության միջոցների բնույթի մասին.
բ) Կողմերի իրավասու մարմիններին դիմում ներկայացնելու սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված` լրացուցիչ կամ այլ պաշտպանության միջոցների փոփոխման կամ կիրառման վերաբերյալ.
գ) դիմելու Կողմերի իրավասու, այդ թվում՝ դատական մարմիններ պաշտպանության միջոցների ոչ պատշաճ իրականացման գանգատներով և հայցել դրանց իրականացմանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկել.
դ) դիմելու Կողմերի իրավասու մարմիններին պաշտպանության միջոցների կիրառումից հրաժարվելու վերաբերյալ հարցմամբ:
2. Պաշտպանվող անձը պարտավոր է.
ա) կատարել հայցվող Կողմի իրավասու մարմնի օրինական պահանջները.
բ) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ տեղեկացնել վտանգի ցանկացած դեպքի կամ իր կյանքի, առողջության կամ գույքի դեմ ուղղված ոտնձգության յուրաքանչյուր դեպքի կամ իր նկատմամբ այլ հակաիրավական գործողությունների մասին.
գ) զգուշաբար վարվել սույն Համաձայնագրի հիման վրա իրեն տրամադրվող գույքի, փաստաթղթերի, անհատական պաշտպանության, կապի և հաղորդակցության հատուկ միջոցների հետ.
դ) չհրապարակել իր նկատմամբ` ընձեռվող պաշտպանության միջոցների մասին տեղեկություններ:
Հոդված 23
1. Հայցվող Կողմի իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության միջոցների իրականացումը հետևյալ դեպքերում.
ա) հայցող Կողմի իրավասու մարմնի կողմից դրա մասին գրավոր հարցում ստանալու դեպքում.
բ) պաշտպանվող անձի` պաշտպանության միջոցների կիրառումից գրավոր հրաժարվելու դեպքում, եթե հայցող Կողմի իրավասու մարմինը տվել է դրա վերաբերյալ գրավոր համաձայնություն:
Սույն կետում նշված հարցմանը կամ համաձայնությանը կից ներկայացվում է հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան կայացված` պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման վերացման մասին պատճառաբանված որոշման պատճենը:
2. Հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է նաև դադարեցնել պաշտպանության միջոցների իրականացումը հայցվող Կողմի իրավասու մարմնի կամ պաշտպանվող անձի կողմից իրենց պարտավորությունների չկատարման դեպքերում:
Այդպիսի որոշման ընդունման մասին հայցվող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է պաշտպանվող անձին և հայցող Կողմի իրավասու մարմնին:
3. Հայցվող կողմի իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության միջոցների իրականացումը 10 օրվա ընթացքում` հաշված.
ա) սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցման կամ համաձայնության ստացման օրվանից.
բ) սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշման ընդունման օրվանից:
Հայցվող Կողմի իրավասու մարմինը, հայցող Կողմի իրավասու մարմնի պատճառաբանված գրավոր հարցման հիման վրա, կարող է հետաձգել պաշտպանության միջոցների իրականացման դադարեցումը:
Հոդված 24
Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնության տրամադրման հարցերը:
Հոդված 25
Պաշտպանության միջոցների իրականացումը պաշտպանվող անձի կողմից հայցվող Կողմի տարածքում հանցագործություն կատարվելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հիմք չի համարվում:
Հոդված 26
Կողմերը և նրանց իրավասու մարմինները բոլոր վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ իրենց միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված, լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 27
1. Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է անմիջականորեն Կողմերի իրավասու մարմինների միջև:
2. Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և տրամադրվում է սույն Համաձայնագիրն ստորագրելիս կամ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելիս, որը այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմերին:
3. Կողմերից յուրաքանչյուրը իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնում է ավանդապահին:
Հոդված 28
1. Պաշտպանության միջոցների հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը:
2. Պաշտպանության միջոցների իրականացման համար ծախսերի հատուցման հետ կապված հարկման հարցերը լուծվում են այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում դրանք իրականացվում են:
3. Սույն Համաձայնագրի կիրառման նպատակներով հայցվող Կողմը կարող է անհատույց օգնություն տրամադրել հայցող Կողմին:
Հոդված 29
Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում այլ միջազգային պայմանագրերով, որոնց Կողմերը մասնակից են, ստանձնված իրավունքների ու պարտականությունների վրա:
Հոդված 30
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերը որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:
Հոդված 31
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից: Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, այն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու օրվանից:
Հոդված 32
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով, եթե Կողմերն այլ բան չեն նախատեսում:
Հոդված 33
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ դրանից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելով:
2. Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու պահին համապատասխան Կողմը պետք է կատարած լինի բոլոր այն ֆինանսական պարտավորությունները, որոնք ծագել են սույն Համաձայնագրում նրա մասնակցության ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 34
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է այն չստորագրած` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միանալու համար, ինչպես նաև այն պետությունների համար, որոնք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցներ չեն, այդ մասին ավանդապահին համապատասխան փաստաթուղթ փոխանցելու միջոցով:
Անկախ Պետությունների Համագործակցության` միացած մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության՝ սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցումն ավանդապահի ստանալու դեպքում ավանդապահը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Կողմերին: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո, եթե այդ ժամանակահատվածի ընթացքում Կողմերից ոչ մեկը չի հայտնում այդպիսի միանալու դեմ իր առարկությունների մասին:
Կատարված է Մինսկ քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 28-ին, ռուսերեն, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի իր վավերացրած պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
(ԱԳՆ նոտա առ 2012 թվականի մայիսի 18-ի հմ. 5/11-1056/03/12)
«Բացառությամբ Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերության:
Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի օկուպացիայի հետ կապված` Համաձայնագրի դրույթները չեն կիրառվելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում մինչև Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված բոլոր տարածքների ազատագրումը և ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը»:
Հայաստանի Հանրապետության առարկություն
«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիր վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» Հանաձայնագրի վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքին ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 9-ին